HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի երգի պատմություն. Englishman in New York

Նաիրա Հայրապետյան

1985թ. անգլիացի երաժիշտ, երգիչ և երգահան Սթինգը նկարահանվեց ռեժիսոր Ֆրանկ Ռոդամի «Հարսնացուն» (“The Bride”) ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր հերոսին՝ բարոն Չարլզ Ֆրանկենշտեյնին: Այս դերը նրան մեծ հաջողություններ և փառք չբերեց դերասանական ասպարեզում, բայց ֆիլմի շնորհիվ նա ծանոթացավ  մի դերասանի հետ, ով դարձավ իր ամենահայտնի երգերից մեկի հերոսը: Անգլիացի գրող և դերասան Քվենտին Քրիսպը (իսկական անունը Դենիս Չարլզ Փրատ) համարվում է 70-ականների անգլիական մշակույթի «գեյ-կուռքը»: Նա առավելապես հայտնի դարձավ իր «The Naked Civil Servant» հուշագրության հրապարակումից հետո, որտեղ նկարագրում է իր կյանքի մանրամասները՝ հոմոֆոբ բրիտանական հասարակությունում: Սթինգի «Englishman in New York» երգը ծնվել է հենց այս մարդու շնորհիվ: Նրանք ընկերացան և շարունակեցին կապ պահել նամակագրությամբ:

1987թ. թողարկվեց Սթինգի «Nothing like the sun» ալբոմը: Նախապատրաստական աշխատանքներն իրականացնելիս` երգիչը ժամանակավորապես տեղափոխվել էր Նյու-Յորք: Այստեղ էլ նա կրկին հանդիպեց Քրիսպին, ով արդեն ապրում էր Միացյալ Նահանգներում: Մոտ երեք օր հյուրընկալվելով նրա տանը՝ մտերմիկ զրույցների ընթացքում Սթինգը լսեց տխուր պատմություններ ընկերոջ անցյալից, դժվարին ու դառը զգացողություններով լի մի կյանք, որն այդպես էլ չէր տեղավորվել միասեռականների հանդեպ խտրականություն դրսևորող անգլիական հասարակությունում: Այս մեկուսացումն ու անհանդուրժողականությունը խորապես ազդեցին երաժշտի վրա, որի արդյունքում ծնվեց «Englishman in New York» երգը: Այն պարզապես Նյու-Յորքում հայտնված մի անգլիացու մասին չէ, ոչ էլ ամերիկացու և անգլիացու միջև առանձնահատուկ տարբերության:

Երգն ինչ-որ առումով կոչ է՝ հավաքել ներսի քաջությունն ու մնալ հավատարիմ սեփական տեսակին՝ մարտահրավեր նետելով շրջապատող իրականությանը: Այս կոմպոզիցիան, պատկերելով Քրիսպի քաջությունն ընդդեմ հոմոֆոբիայի, Սթինգի համար ևս փոխաբերական իմաստ ստացավ, քանի որ միաժամանակ արտահայտում էր երգչի սեփական զգացումները՝ մեկ այլ երկրում, մեկ այլ քաղաքում մեկուսացված կամ օտար լինելու զգացողությամբ:

… If “manners maketh man” as someone said
Then he’s the hero of the day
It takes a man to suffer ignorance and smile
Be yourself  no matter what they say …

«Նա շատ բարեկիրթ է,- ասել է Քվենթին Քրիսպը,- չեմ ուզում, որ այս միտքն իբրև ամպագոռգոռ հնչի, սակայն ես իսկապես չէի պատկերացնում, որ փոփ-աստղը կարող է այսքան ջենթլմեն լինել»: 

Երգը ներկայացավ « Nothing like the sun» ալբոմի կազմում, իսկ մեկ տարի անց՝ 1988թ., այն առանձին թողարկվեց՝ որպես ալբոմի 3-րդ սինգլ: Չնայած բրիտանական և ամերիկյան հիթ-շքերթներում աննշան հաջողություններին՝ այնուամենայնիվ,  «Englishman in New York»-ը հիթային կյանք ունեցավ՝  եվրոպական որոշ երկրներում (Ֆրանսիա, Իռլանդիա, Բելգիա) հասնելով մինչև 20-րդ հորիզանականին: 1990թ. Սթինգի 3-րդ ստուդիական ալբոմի՝  «The Soul CagesA&M»-ի թողարկման նախաշեմին դանիացի դիջեյ Բեն Լիբրանդը ձայնագրող ընկերությունից թույլտվություն ստացավ «Englishman in New York» երգի ռեմիքսային տարբերակը ստեղծելու և նոր սինգլ թողարկելու համար: Երգի նոր տարբերակը, չնայած ոչ մեծ փոփոխություններին, կոմերցիոն ավելի մեծ հաջողություններ ունեցավ և բրիտանական երաժշտական չարթերում հասավ մինչև 15-րդ հորիզոնականին: Երգի հիման վրա տեսահոլովակը նկարել է հայտնի ռեժիսոր Դեյվիդ Ֆինչերը, այն դիտելիս կհանդիպեք նաև Քրիսպին: Սև-սպիտակ քաղաքային պատկերներ՝ գլխավոր հերոսների՝ Սթինգի, Քվենտին Քրիսպի ու Բրենֆորդ Մարսալիսի սաքսաֆոնային հասարակ պատմությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter