«Կարևորը տանիք ունենք». կիսավեր հանրակացարանի շենքում 7 ընտանիք է ապրում
Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի նախկին ուսումնարանի և հանրակացարանի՝ միմյանց կողք գտնվող կիսավեր շենքերում ապրում է 7 ընտանիք:
Շենքի գրեթե բոլոր պատուհանները փշրված են, դռները բացակայում են, պատերը կիսաքանդ են, նախկինում որպես սենյակ ծառայած տարածքները լցված են աղբով:
Քանի որ հանրակացարանի շենքը գտնվում է գյուղապետարանի ենթակայության տակ, գյուղի բնակիչները դիմել են գյուղապետարան, որպեսզի ժամանակավոր իրենց այստեղ սենյակ հատկացնեն: Սակայն տարիների ընթացքում նրանք չեն կարողացել այլ տուն տեղափոխվել: Միաժամանակ, տարիներով օգտագործվող սենյակները նրանց սեփականությունը չեն համարվում:
Լեռնագոգի գյուղապետի տեղակալ Գոռ Գալստյանը դժվարանում է ասել՝ արդյոք շենքերը վթարային են, որովհետև փորձաքննություն չի կատարվել: 1980-ական թթ.-ի վերջից այստեղ սկսել են ապրել փախստական ընտանիքներ, որոնք հետագայում հեռացել են: 1990-ական թթ.-ին այս շենքերի դռները, պատուհանները և այն, ինչ պիտանի են համարել, գողացել են:
Արթուր Սուքիասյանի 5-հոգանոց ընտանիքը այստեղ զբաղեցնում է 5 սենյակ: Սենյակերի մի մասը գտնվում է շենքի մի հատվածում, մյուսները՝ մեկ այլ թևի վրա: Արթուրի կինը՝ Քնար Սարգսյանը, ցույց է տալիս իրենց այն սենյակները, որոնք բարեկարգել են: Սակայն չեն կարողացել վերանորոգել սանհանգույցը: Կոյուղին չի աշխատում, որովհետև տարիներ առաջ խողովակները կտրել, գողացել են:
Շենքից որոշակի հեռավորության վրա գտնվում է զուգարանը, որը նախատեսված է տարածքի բոլոր բնակիչների օգտագործման համար: Սակայն հեռավորության պատճառով դրանից քչերն են օգտվում: Այստեղ իրենց սենյակներում զուգարանին փոխարինում են դույլերը:
Մինչ Քնարը ցույց էր տալիս իրենց կենցաղային պայմանները, շենքի ընդհանուր տարածք է դուրս գալիս նրա հարևանուհին, ով խիստ վրդովվում է, որ իրենց պայմանները տեսնում են նաև կողմնակի մարդիկ:
«Էստեղ մի նկարեք,- ասում է նա, հետո դիմում Քնարին:- Որ ի՞նչ ես ցույց տալիս, մեկ ա էստեղ ոչինչ չի փոխվելու»:
«Նկարում են, որ ցույց տան՝ ժողովուրդը ինչ վիճակում է ապրում:- ասում է Քնարը հարևանուհուն, այնուհետև ցույց է տալիս այդ տարածքի բաց պատերը: Դրանցից մի քանիսը նրանք փորձել են փակել փայտով կամ շորերով, որպեսզի քամին քիչ փչի:
«Քամիները որ խփում են, հիվանդության բուն է»,- ասում է Քնարը:
Այդ տարածքի մեկ այլ սենյակ Քնարի մառանն է, մեկ ուրիշը՝ ամուսնու արհեստանոցը: Կնոջ ասելով՝ ամուսինը «լավ ձեռք» ունի, գյուղում եթե մեկին պետք է որևէ իր վերանորոգել, դիմում է Արթուրին: Վերջինս բանվոր է աշխատում Էռնեկյանի այգիներում: Նրանց տղան՝ 17-ամյա Սամվելը, դպրոցից դուրս է եկել և բեռնակիր է աշխատում Բաղրամյանի ալրաղացում:
«Հիմա չեմ դժգոհում, հերիքում է,- ասում է Քնարը:- Ընտանիք կա՝ 10 հազար է մտնում, 20 հազար է մտնում, չի հերիքում, ինձի հերիքում է: Ամենակարևորը՝ ես դպրոցի հարցերը հասցնում եմ լուծել»:
Նրա երկու աղջիկները դպրոց են հաճախում: Իրենց սոցիալական պայմաններից Քնարը ավելի էր խոսում իր երեխաների կրթության մասին, ներկայացնում դպրոցում ունեցած հաջողությունները: Սրտնեղում էր, որ որդին` Սամվելը, ստիպված է եղել դպրոցը թողնել:
Նրանց սենյակները նկարելիս Քնարը խնդրում է, որ նկարում անպայման երևա իր ավագ տղայի լուսանկարը, ով մահացել է 3 տարի առաջ: Նախքան նրա մահը Քնարը անասուններ էր պահում, բայց տղայի մահից հետո ամբողջը վաճառել է:
«Էստեղ ամենադաժան հարցը ջրի հարցն է: Էստեղի ջրերը ժանգաջուր է: Սրանք մաքուր բաչոնկեք են եղել, նայի գույնը,- ասում է Քնարը և ցույց տալիս պղտոր ջրով չի տարաները:- Երկու օրվա ջուր է: Լցնում եմ, ինքը նստում է, լվացք, աման-չաման սրանով եմ լվանում: Նույնիսկ էս ջրից իմ տղեն ալերգիա ընկավ»:
Շենքի բակում ծորակ կա, որտեղից բնակիչները լցնում են այդ ջուրը: Ծորակի ջուրն օգտագործում են միայն կենցաղային նպատակներով: Ինչպես այս շենքի բնակիչները, այնպես էլ գյուղի բոլոր բնակիչները խմելու ջուրը գնում են` 40 լ-ն արժե 250 դրամ:
Երբ Քնարը դրսում ցույց էր տալիս ծորակի ջուրը, պատշգամբից կրկին դուրս է գալիս նրա դժգոհ հարևանուհին:
«Տեսնում են՝ ինչ ձև ենք ապրում: Բա էս մարդը հարցնում ա, չասե՞նք, տենան վիճակը ոնց ա»,- ասում է Քնարը:
«Քանի հոգի են եկել, բա՞ն ա փոխվել»,- հակադարձում է հարևանուհին:
Քնարը խնդրում է չնեղանալ հարևանուհուց, որովհետև թե նա, թե մյուսները «լավ օրից չէ, որ այստեղ են»:
«Գուցե մի բարերար դուրս գա, տեսնի մարդկանց ապրելակերպը, տեսնի որտեղ են ապրում: Էստեղ ոչ մեկ ռիսկ չի անի գա ապրի,- ասում է Քնարը:- Էստեղ ապրելու տեղ չի: Ոնց են ասում՝ ոնց որ վայնաճար, էլի: Կարևորը կռիշ կա, անձրևը չի կաթում էրեխեքիս վրա: Տեղ կա, էս էլ չունեն: Երկրներ կան՝ մարդիկ բաց երկնքի տակ են, համաճարակների մեջ են: Փառք Աստծուն, ճիշտ ա՝ դժվար ա, բայց կարևորը տանիք ունենք»:
Մեկնաբանել