
Գնված ապրանքը միշտ էլ հետ է ընդունվում
Խանութներում հաճախ կարելի է տեսնել «Գնված ապրանքը հետ չի ընդունվում» գրությունը։ Առաջին հայացքից սովորական թվացող այս արտահայտությունն օրենքի խախտում է։ Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքը հստակ ամրագրում է մեր իրավունքները։ Մասնավորապես՝ այն սահմանում է, որ սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում (չհաշված գնման օրը) պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը հետ հանձնել, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի սահմանել։
Իսկ ոչ պատշաճ որակի ապրանքը չընդունելու մասին խոսք անգամ լինել չի կարող։
Հագուստը հետ է ընդունվում՝ անկախ զեղչերից
Պարզելու համար, թե ինչպես է գործում օրենքը, գնեցինք 10-20 հազար դրամ արժողությամբ երկու զգեստ` մեկը՝ Հյուսիսային պողոտայի X, մյուսը՝ «Երևան Սիթիի» հագուստի Yվաճառակետից։ «Երևան Սիթի» համապատասխան վաճառակետում փակցված գրություն կար` «Գնված ապրանքը ետ չի ընդունվում», իսկ Հյուսիսային պողոտայում գտնվող խանութի պարագայում այդ գրությունը նշված է ներքին հաշվարկի կտրոնի վրա։ Չսպասելով 14 օրվա լրանալուն՝ 2 զգեստներն էլ հենց հաջորդ օրը տարանք վերադարձնելու։ Սկզբում վաճառողները մերժեցին այն ընդունել՝ ասելով, որ ունեն «իրենց խանութի ներքին օրենքները», իսկ երբ վկայակոչեցինք գործող օրենքը, նշեցին, որ դրանից տեղյակ են, սակայն հետ վերցնել, միևնույն է, չեն կարող։ Մեր պնդումը, որ Հայաստանում աշխատելը ենթադրում է գործող օրենքներին ենթարկվել, ստիպեց մեկ այլ ապրանքի հետ փոխարինելու առաջարկ անել։ Չհամաձայնվեցինք՝ պահանջելով գումարը։ Իրենց «չուզել»-ով և մեր՝ օրենքի կետերը մեջբերելով՝ ի վերջո հաջողվեց վերադարձնել ապրանքը և ստանալ գումարը։
Մեկ այլ դեպքում էլ բրենդային խանութներից մեկում մեզ ասացին, որ իրենց մոտ օրենքը գործում է և վերադարձման 14-օրյա ժամկետն ուժի մեջ է, եթե ձեռք բերված ապրանքը զեղչված չէ, այլապես 14-ը դառնում է 3։ Իրականում օրենքը «ճկուն» չէ, և 14-ը մաթեմատիկական ոչ մի բանաձևով 3-ի վերածվել չի կարող։ Եվ զեղչերի դեպքում էլ կարելի է օգտվել օրենքով նախատեսված 14 օրվանից։
Պատշաճ և ոչ պատշաճ որակի տեխնիկայի հետհանձնումը
Սպառողն իրավունք ունի վերադարձնել ոչ մի թերություն չունեցող տեխնիկան, եթե այն չի օգտագործվել և պահպանված է դրա «ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները» և, բնականաբար, առկա է «առուծախի» մասին փաստող ՀԴՄ կտրոնը։
Ոչ պատշաճ տեխնիկա գնելիս սպառողն իրավունք ունի ոչ միայն պահանջել «թերությունների անհատույց վերացում», «գնի համաչափ իջեցում» կամ «նմանօրինակ նմուշով փոխարինում», այլև սահմանված ժամանակահատվածում պահանջը չկատարելու դեպքում փոխհատուցում ստանալ՝ ապրանքի գնի 1%-ի չափով ուշացման յուրաքանչյուր օրվա համար։ Ապրանքում հայտնաբերված թերություննրը պետք է վերացվեն «թերությունների վերաբերյալ սպառողի պահանջների ներկայացման օրից՝ 20 օրվա ընթացքում»։ Նորոգման ընթացքում էլ՝ 7-օրյա ժամկետում սպառողին «անհատույց պետք է տրամադրվի նմանօրինակ ապրանք»։ Եթե առաջացել է ապրանքի ոչ պատշաճ որակը ստուգելու փորձաքննության պահանջ, ապա այն կատարվում է տվյալ վաճառակետի միջոցներով։
Երբ ապրանքի թերությունն առաջացել է սպառողի մեղքով, ապա ապրանքի փոխարինումը, առավել ևս՝հետհանձնումը հնարավոր չէ։
Ե՞րբ կարելի է վերադարձնել սննդամթերքը
Սննդամթերքը կարելի է վերադարձնել, եթե այն ժամկետանց է։ Եթե ապրանքը ժամկետի մեջ է, սակայն չեն պահպանվել որակական հատկանիշները, այն կարելի է փոխանակել պատշաճ որակի համարժեք սննդամթերքով կամ պահանջել գումարը։
Պատշաճ որակի սննդամթերքը կարելի է ետ վերադարձնել, եթե նրա վրա նշված չեն այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են՝ բաղադրությունը, ծավալը, կալորիականությունը, պիտանելության ժամկետը։ Բացի այդ, ցանկացած տեսակի սննդամթերք պետք է ունենա հայերեն մակնշում՝ անկախ արտադրման երկրից։
Եթե խանութը հրաժարվում է երաշխիք տրամադրելուց
Վերջերս երևանյան խանութներից մեկում, որը զբաղվում է մանր կենցաղային տեխնիկայի առևտրով, մեզ հայտնեցին, որ իրենք երաշխիք չեն տրամադրում, քանի որ «Հայաստանում հաճախ լույսերի տատանում է լինում»։ Բայց երաշխիք չտրամադրելը դեռևս չի նշանակում, որ դուք պատշաճ կամ ոչ պատշաճ որակի ապրանքը վերադարձնելու, թերությունները շտկելու կամ համարժեք ապրանքով փոխարինելու իրավունք չեք ունենա։ Գնման ժամանակ ՀԴՄ կտրոնը վկայում է ձեր և խանութի միջև «կնքված փաստացի գործարքի մասին» և արդեն իսկ երաշխիք է։ Սա ևս ամրագրված է օրենքով․ «Սպառողի պահանջները քննարկվում են, եթե նա ներկայացնում է ապրանքային կամ դրամարկղային չեկ»։ Բացի այդ, էլեկտրաէներգիայի տատանման հետևանքով առաջացած վնասը կարող եք փոխհատուցել՝ դիմելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին։
Ու՞մ դիմել
Հայաստանում չկա այնպիսի մարմին, որը կվերահսկի խանութներում այս և նմանատիպ գրությունների բացակայությունը։ Բայց եթե որպես սպառող խախտվել են ձեր իրավունքները, անհրաժեշտ է դիմել Էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչություն կամ զանգահարել 010 235600 թեժ գծին։
Եթե գնել եք անորակ սնունդ կամ կասկածներ ունեք դրա պատշաճ որակի վերաբերյալ, ապա կարող եք համապատասխան փորձաքննության համար դիմել գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայություն, թեժ գծի համարն է՝ 010 20 60 40 ։
Մեկնաբանություններ (21)
Մեկնաբանել