HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

9 երեխաների մայր. «Ամեն երեխայից հետո ասում էինք՝ վերջինն է, հիմա էլ ենք ասել՝ վերջինն է»

Պոդոսյանների ընտանիքի 9-րդ երեխան՝ Միքայելը, ծնվել է այս տարվա հոկտեմբերի 29–ին: Ընտանիքի բոլոր երեխաները դեռևս անչափահաս են: Ավագ դստեր՝ Եսթերի 18 տարին լրանալու է մի քանի ամսից:

Արմեն Պոդոսյանը և նրա կինը՝ Վարդուհի Ղազարյանը, իրենց երախաների հետ ապրում են Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում: Վարդուհին չի հասցրել աշխատել. ամուսնացել է, այնուհետև զբաղվել երեխաների խնամքով և իր տան տնտեսությամբ: Նա հերթով ներկայացնում է իր երեխաներին` 9-ից 3-ը աղջիկ են, 6-ը՝ տղա:

«Դե, 1997թ.-ից սկսվում է մինչև 2014 թ.», - ժպտալով ասում է Վարդուհին: Մի պահ նա շփոթում է երեխաների ծննդյան թվերը ու սկզբից սկսում հաշվել:

«Իրար հետ կռիվ են անում, ժամանակն անցնում է: Ամենակռվարարը Գրիգորն է», - ծիծաղելով ասում է Վարդուհին: Բայց Գրիգորը խոստովանում է, որ այսօր դեռ չի հասցրել որևէ մեկի հետ կռվել:  

Այնուհետև տղաների խումբը դուրս է գալիս փողոց, որովհետև դասերից հետո վերջապես կարող են բակում խաղալ: Միայն 10-ամյա Վահանն է դժգոհ: «Լավ չի, ինչ սարքում եմ, իրանք քանդում են», - բողոքում է Վահանն ու դուրս վազում:

Արմենը ձմերուկ է մշակում: Ձմերուկը հիմնականում վաճառում է Դալարիկ գյուղում: Այս տարի էլ մոտ 2 մլն դրամի ներդրում էր արել, սակայն տարին հաջող չէր, ոռոգումը նորմալ չէր, և բերքի մի մասը փչացել էր: Արմենն ուզում է այս անգամ ավելի բերրի հող վերցնել՝ հույս ունենալով, որ բերքը լավ կլինի ու կկարողանա այլ գյուղերում էլ վաճառել: Չնայած հիմնական ծանրաբեռնվածությունն Արմենի վրա է, սակայն երեխաները՝ ամեն մեկն իր կարողության չափով, օգնում են հորը: Ավագ տղան՝ Սամվելը, 9-րդ դասարանում թողել է դպրոցը և զվաղվում է այգիների մշակմամբ:

«Սամվելն իմ թև ու թիկնունքն է,- ասում է Արմենը:- Բայց մնացած երեխաներն էլ են ինձ շատ օգնում»:

Այժմ Սամվելը պատրաստվում է հորեղբոր տղայի մոտ արհեստ սովորել` երկաթե իրերի ձուլում, որպեսզի հետագայում այդ արհեստով կարողանա գումար վաստակել: Եսթերը Արմավիրում վարսավիրության դասընթացների է գնացել: Չնայած վարձատրվող աշխատանք չունի, բայց նա էլ մոր «աջ ձեռքն է»: Վարդուհին չի դժգոհում, ուրախ է, որ ավագ դուստրն արդեն այնքան մեծ է, որ կարողանում է իրեն օգնել: Նա համոզված է, որ առաջ կանանց համար ավելի դժվար է եղել, հիմա ինքը գոնե լվացքի մեքենա ունի, այդքան չի դժվարանում: Մորն ու քրոջն օգնում է նաև մյուս քույրը` Շողիկը: Նա ավելի շատ տարված է իր ռուսերենի դասերով, որովհետև ցանկանում է ռուսաց լեզվի ուսուցչուհի դառնալ: 

Տան պատերից կախված են երեխաների տարբեր տարիների «աշխատանքները». գունավոր մատիտներով նրանցից ամեն մեկն իր նկարն է պատկերել: Ննջասենյակներից մեկում, որը հատկացված է տան փոքրերին, տեղադրված են երկհարկանի մահճակալներ: Փոքրերից 5-ամյա Լիդիային պետք է վիրահատեն` մի ոտքը մյուսից կարճ է: Բժիշկներն ասել են, որ 6 տարին լրանալուց հետո պետք է արվի: Որպես բազմազավակ ընտանիք Պոդոսյանները ստանում են ամսական 77 հազար դրամ: Իրենց ապրուստից չեն դժգոհում. դժվարությամբ, բայց կարողանում են վաստակել:

Ամուսինները խոսոտվանում են, որ չէին նախատեսել այսքան երեխա ունենալ, բայց այժմ նրանք իրենց տան ուրախությունն են:

«Երեխան Աստծո պարգևն է, մենք էլ Աստծուց ընդունում ենք այդ բարի պարգևը, - ասում է Արմենը: - Չնայած այսօր շատ դժվարություններ կան, բայց մենք ամեն ջանք անում ենք, որ գոնե նվազագույն պայմանները հասցնենք ապահովել»:

Այն հարցին, թե արդյոք նախատեսում են ունենալ նաև 10-րդ երեխան, Վարդուհին պատասխանում է, որ վերջին երեխային դժվարությամբ է ունեցել:

«Միքայելից հետո աչքս վախեցած է,- խոստովանում է նա:- Ամեն երեխայից հետո ասում էինք՝ սա վերջինն է, հիմա էլ ենք ասել՝ վերջինն է»:  

Արմենն էլ ժպտալով հավելում է. «Երևի վերջացնենք 9-րդով»:

Արմենն ու Վարդուհին չգիտեն, թե հետագայում իրենց երեխաներից ով ինչ կաշխատի կամ որտեղ, բայց նրանց համար կարևոր է, որ ուսում, մասնագիտություն ստանան, որպեսզի կարողանան իրենց գործում հաջողել:

«Ես իմ երեխաների համար ոչինչ չեմ խնայի: Ով ինչ կարողություն ունի, կամ ով ինչ ուզում է սովորի, առաջանա, այդ ընթացքը մենք մեր հնարավորության չափով մեր երեխաների համար կստեղծենք,- ասում է Արմենը:- Որ դժգոհենք, ի՞նչը պետք է փոխվի, եղած վիճակի մեջ աշխատում ենք հարմարվել, ինչ-որ բան էլ անել, ստեղծել»:  

Մեկնաբանություններ (4)

Lianna
Թող աստված ձեզ ուժ ու կարողություն տա,որ կարողանաք ձեր երեխաներին պահել,ու հպարտ եղեք ձեր երեխաներով,նրանցից ամեն մեկը մի հրաշք է,իսկ դուք իսկական հերոս եք,որովհետև ամեն ինչով ապահովված մարդիկ անգամ 2-ից ավելի երեխա չեն ունենում,իսկ դուք ուղղակի հերոս եք,թող աստված ձեր երեխաներին առողջություն ու հաջողություն տա
GB
May God bless them all. We need more Armenian kids than ever before!
Եվա Թաթոսյան
Ինչ պայծառ, ժպտերես, կենսուրախ, պոզիտիվ և ԳԵՂԵՑԻԿ ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ: ԱՍՏՎԱԾ ՊԱՀԻ ՆՄԱՆ ԼՈՒՍԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ: Մայր - հերոսուհի : ԱՊՐԵՔ ԴՈՒՔ, ՇԱՏ ԱՊՐԵՔ!!!!
Հասմիկ
Կեցցեք: Աստված օրհնի ձեր հիանալի ընտանիքը: :)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter