
«Թոռս 3 տարեկան էր, որ ծնողների հետ գնաց արտերկիր, ու արդեն 20 տարի չեմ տեսել նրանց»
Առավոտ էր:
Արմավիրի մարզի Դալարիկ համայնքի տարեց տղամարդիկ գյուղի կենտրոնում կանգնած «որսում» էին ամպերի տակից դուրս եկող արեւի առաջին շողերը:
Մոտենալով ներկայացա, որ լրագրող եմ, իսկ նրանք անմիջապես հետաքրքրվեցին, թե որ կուսակցությունն եմ ներկայացնում: «Անկուսակցական եմ»,- պատասխանը լսելուց հետո գյուղացիներից մեկը արձագանքեց. «Հանրապետական լինեիր, ձեռքներիցս չէիր պրծնելու»:
Նրանցից Ռաֆիկ Բադալյանը զարմացավ, որ լրագրողներն իրենցով հետաքրքրվում են, երկար ճանապարհ անցնում, գալիս են գյուղ, նյութեր հրապարակում, բայց պատկան մարմիններից իրենցով հետաքրքրվողներ չկան:
«Մենք մարդ չենք տեսել, որ գան մեր հետ խոսեն, հարցուփորձ անեն, թե ոնց եք ապրում, ինչով եք ապրում: Հեռուստաէկրաններից խաբում են, ժողովրդին կերակրում են ստերով, թե դեմքով շրջվել ենք գյուղացու կողմը»,- ասում է Ռ. Բադալյանը:
Նա խոսքը դեռ չէր ավարտել, կառավարությունից դժգոհելու իր չափաբաժինն ավելացրեց համագյուղացի Թելման Գեւորգյանը:
«Ոչ մի լավ բան չկա, որ ժողովուրդն ասի՝ այս մի բանը լավ է: Կառավարությունը մենակ լավ խոսել ու ժողովուդին խաբել գիտի, ուրիշ բան չկա կառավարության մեջ: Այնտեղ նստածները բոլորը օլիգարխներ են, ինչ անում են իրենց համար են անում: Այդքան օրենք են մշակում, ո՞ր մեկն է ժողովրդի օգտին եղել, ինչ ընդունում են իրենց համար է, որ իրենց տեղը ամրապնդեն: Եթե իմ համար, ժողովրդի համար են աշխատում, ինչի՞ պիտի հաց չըլներ ուտեի նոր տնից դուրս գայի: Ի՞նչ են արել մեր համար, մի բան էլ մեր բանկերի փողերը կերան, հիմա էլ դարձել են միլիարդատեր, մարզերն էլ բաժանել են դեպուտատների մեջ ու քաշվել են մի կողմ: Ո՞վ կարող է այստեղ բիզնես դնել, թաթով կխփեն գլխին: Իրար մեջ կիսել են ամեն ինչ»,- ասում է Թելման Գեւորգյանը եւ հորդորում շարժվել մի քանի մետր հեռավորության վրա գտնվող մշակույթի տան կողմ:
Քայլելու ընթացքում Թելման Գեւորգյանը պատմում էր, որ գյուղում գրեթե չկա ընտանիք, որ արտագնա աշխատանքի մեկնող չունենա: Օրինակ, իր երկու որդիներն էլ «խոպան» են գնացել, սակայն այս տարի գործերն այնքան էլ բարեհաջող չեն:
«Բա ինչի՞ մի պաշտոնյա, մի պատգամավոր չի գալիս մեր հալ ու քեֆը հարցնի: Նրանց տեսնում ենք ընտրությունից ընտրություն, միայն ձայն փախցնելու համար,- ավելացնում է Թ. Գեւորգյանը եւ, կանգնելով մշակույթի տան շենքի առաջ, ասում է. «Էս էլ մեր ավերակ կուլտուրայի տունը, որ սովետի քանդվելուց հետո չի գործել»:
Ոչ մի բանով մշակույթի տուն չհիշեցնող շենքի ներսից տղամարդկանց ձայներ էին լսվում: Շարժվելով աղմուկի ուղղությամբ եւ բացելով դուռը` նկատեցինք սեղանի շուրջ հավաքված մի քանի տղամարդկանց, ովքեր նարդի էին խաղում:
Մամիկոն Գալստյանը եւս նարդի խաղացողների մեջ էր: Նա խորհուրդ տվեց իրենց լուսանկարել ու լուռ հեռանալ, հակառակ դեպքում իրենց բողոքը կարող է ավարտ չունենալ:
«Լույսը բացվում է, գալիս ենք ստեղ կարտ ու նարդի ենք խաղում, հենց սովածանում ենք, գնում ենք տուն: Ստեղ նստածները բոլորն էլ վարկի տակ ճռռում են, գնում են խոպան հետ են գալիս ու վարկ են վերցնում: Էս ա մեր հալը, էլ ի՞նչ ես ուզում պատմեմ»,-ավելացնում է Մ. Գալստյանը:
Ըստ նրա՝ այս տարի դալարիկցիների համար տարին հաջող չի եղել: Ոռոգման ջրի սակավության, դիզելային վառելիքի ու պարարտանյութի բարձր գների պատճառով չեն կարողացել նույնիսկ իրենց ընտանիքների կարիքների համար հող մշակել, էլ ուր մնաց վաճառքի մասին մտածեին:
«Քարերի վրա նստած կարտ են խաղում ջահելները, էլ ինչով պիտի զբաղվեն: Ոչ մի աշխատատեղ չկա, որ գնան աշխատեն բերեն իրենց ընտանիքները պահեն»,- ասում է Մամիկոն Գալստյանը:
Շտապում էինք դուրս գալ մշակույթի տնից, երբ մեր առջեւ հայտնվեց դալարիկցի Ավետիք Ղազարյանը: Նա ասաց, որ ուշադիր լսել է գյուղացիների բողոքը, եւ ինքը կարող է ամփոփել բոլոր կարծիքներն ու դժգոհությունները:
«Մի պետություն, որ չի կարողանում թոշակառու պահել, էլ ինչպես սիրես, հարգես այդ պետության ղեկավարությանը: Հայաստանում սոցիալական խնդիրները անսահման են, եթե սկսեմ թվարկել՝ այսօր չեմ ավարտի: Կարոտը ինձ խեղդում է, բոլորին է խեղդում: Տուն չկա, որ կարոտ չունենա, բալես…թոռս 3 տարեկան էր, որ ծնողների հետ գնաց արտերկիր ու արդեն 20 տարի է չեմ տեսել նրան: Դրսում ծնված թոռ ունեմ, արդեն 18 տարեկան է, չեմ տեսել… Ծնող եմ, պապ եմ, սիրտ, հոգի ունեմ, էլ ո՞նց դիմանամ, ո՞նց գոհ լինեմ»,- ասում է Ավետիք Ղազարյանը:
Նրա խոսքերով՝ կառավարության աշխատանքը գնահատվում է այն ժամանակ, երբ մարդը սոցիալապես ապահովված է, իսկ Դալարիկում շատերը նույնիսկ ձմռան վառելիք չունեն:
«74 տարեկան մարդ եմ, բայց արդեն իմ ապրելը անիմաստ եմ համարում, ջահելներն էլ են հիասթափվում այս կյանքից, սա շատ վտանգավոր միտում է: Մեր թշնամին հենց այս վիճակին է սպասում»,- ավելացնում է Ավետիք Ղազարյանը:
Դալարիկի համայնքապետ Պարգեւ Սաղաթելյանն ավելի մեղմ ներկայացրեց գյուղի վիճակը՝ նշելով, որ իրենց գյուղը առանձնահատուկ խնդիրներ չունի: Նրա խոսքերով` ամառվա սեզոնին դաշտերում բանվորի «դեֆիցիտ» կա, նույնիսկ հարեւան գյուղերից են մարդ հրավիրում, որ գան օրը 5000 դրամով աշխատեն:
«Դա աշխատանք չի՞: Բոլորն ուզում են գյուղապետ կամ գյուղապետի տեղակալ դառնալ, բայց այդ պաշտոնների համար թափուր տեղ չկա»,- ավելացրեց համայնքապետը:
Անդրադառնալով գյուղի մշակույթի տան ոչ բարվող վիճակին` Պարգեւ Սաղաթելյանը նշեց, թե համայնքը չի կարող իր միջոցներով մշակույթի տուն վերանորոգել, քանի որ լուրջ գումարների ու ներդրումների մասին է խոսքը:
«Խնդիրը ներկայացրել ենք կառավարությանը, նախագիծն արված է, գումար լինելու դեպքում կվերանորոգեն: Մոտ 130 մլն դրամ գումար է անհրաժեշտ: Անձամբ հանրապետության նախագահն էլ է զբաղվում այս հարցով»,- նշում է համայնքապետ Սաղաթելյանը եւ հավելում, որ հաջորդ լուրջ ներդրում պահանջող ոլորտը ճանապարհաշինությունն է:
«Եթե մեկ տարվա համայնքային բյուջեն էլ դնեմ, չեմ կարողանա 500 մետր ճանապարհ ասֆալտապատել, սա մեր ուժերից վեր է»,-ավելացնում է համայնքապետը:
Մինչ գյուղացիները դրսում կանգնած բողոքում էին, ոմանք էլ արդեն տեղավորվել էին քարերի վրա, նրանց հարեւանությամբ վեր էին խոյանում գյուղի եկեղեցու պատերը: Այն կառուցում է գյուղի մեծահարուստներից մեկը: Դալարիկցիները թեեւ դրական էին արձագանքում եկեղեցու կառուցումը, սակայն այն առաջնային չէին համարում:
«Ժողովուրդը հաց չունի ուտելու, եկեղեցի են կառուցում, խելքի աշեցեք»,- իր խոսքերը Ջիվանու խոսքերին խառնելով` ամփոփեց Ռաֆիկ Բադալյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել