HY RU EN

«Եթե Հիսուս Քրիստոսը հիմա էլ ապրեր, կխաչեին նրան»

Հարցազրույց նկարչուհի Սևան Նագգաշյանի հետ

-Սևանը միջնադարյան բանաստեղծ, նկարիչ, աշուղ Նաղաշ Հովնաթանի տոհմից է: Հարցազրույցից առաջ ասում է, որ չի սիրում երևալ, ես միացնում եմ ձայնագրիչը, Սևանը ժպտում է:

-Սևան, ասացիր՝ չես սիրում երևալ, ինչո՞ւ:

-Ուշադրություն գրավել չեմ սիրում, որովհետև ուշադրություն գրավելն` ըստ իս, պարծենկոտության հետ կապ ունի: Նաև չգիտեմ, դպրոցից եկած բարդույթ է: Դպրոցում ինչ կատարվում էր, դրա համար մեղավորը ես էի լինում: Քանի որ մատնություն չէի սիրում, ստիպված բոլորի համար կրում էի այդ բեռը:

-Վառ անհատականությո՞ւնից է:

-Հիմա հասկանում եմ, որ գուցե դա է պատճառը, որովհետև շիտակությունը մարդկանց խանգարում է: Դա ամենուր է:

-Արվեստագետին խանգարո՞ւմ է դա:

-Խանգարում է, որովհետև սպունգի նման ներծծում ես մեջդ այն ամենը, ինչ կատարվում է շուրջդ: Նեղվում ես, ո՞նց չնեղվես:

-Հետո հասնո՞ւմ է կտավին:

-Չգիտեմ, ինքն իր ճանապարհ ունի՝ բյուրեղանալու, դուրս գալու:

-Քանի՞ տարի է՝ Հայաստանում ես (մինչ այս Սևանն ապրում էր Լիբանանում):

-20 տարուց ավելի է, կարող եմ ասել կյանքիս երեք քառորդն անցկացրել եմ էստեղ (ժպտում է- հեղ.): Եթե նույնիսկ Հայաստանից դուրս եմ գտնվում, մտքով էստեղ եմ լինում: Իմ կյանքում միայն մի ժամանակ է եղել, երբ լրիվ կտրել եմ ինձ էստեղից՝ դա մարտի 1-ից հետո էր: Շատ ծանր վիրավորվեցի կատարվածից, թեև որևէ առնչություն չուներ ինձ հետ, չէի մասնակցում այդ ցույցերին, շատ հեռու էի այդ ամեն ինչից, բայց քաղաքի կենտրոնում կատարվածը մի տեսակ տրորեց սիրտս: Հիմա էլ պատմելիս կոկորդս սեղմվում է: Չափանիշներ կան, որոնք պիտի պահպանվեն, էդպիսի բան պիտի չլիներ քաղաքում:

-Նկարիչներ կային, ովքեր արտահայտեցին իրենց այդ օրվա զգացածը կտավին: Ինչպե՞ս դրսևորվեց քեզ մոտ:

-Չեմ սիրում հատուկ թեմաների մասին նկարել: Օրինակ, չեմ կարող նկարել Ցեղասպանության թեմայով, դա էնպիսի բան է, որի մասին նույնիսկ խոսելը դժվար է: Երկրաշարժի թեմայով ցուցահանդեսներ էին անում, ես չկարողացա նկարել այդ թեմայով, որովհետև չէի հասկանում, թե ինչպես կարելի է այդքան հեշտությամբ մտնել թեմայի մեջ, պատկերներ սարքել ու նկարել, դա էնքան ցավոտ բան է: Նույն կերպ չեմ հասկանում, թե ինչպես են Արարատ նկարում: Բաներ կան, որոնք մի տեսակ չեն նկարվում, կամ այնպես պետք է անես, որ ուժեղ ստացվի այդ երևույթներից, ինչը մենք հաստատ չենք կարող անել: Ցավն էլ սրբության մասնիկ ունի իր մեջ: Եթե ավելի ուժեղ չես արտահայտելու, ավելի լավ է չնկարել այդ մասին, իսկ ի՞նչը կարող է ավելի ուժեղ լինել, քան այդ ահավոր դեպքերը կամ, ասենք, Արարատը: Ո՞նց կարելի է մրցել դրանց հետ, ինչքան էլ չես մրցում, բայց մրցելու նման է ստացվում:

-Քո նկարներում հեքիաթային տարրեր կան, կապույտն է շատ, այդ իրականությունը տարբեր է մեր իրականությունից: Ո՞ր իրականությունում ես դու:

-Չեմ կարծում, թե տարբերվում է: Այդ գեղեցկությունն առկա է ամեն երևույթի մեջ, պետք է տեսնել, ակնառու պետք է դարձնել դա, որ ավելի հեշտ լինի այս կյանքը: Եթե միայն վատի մասին խոսենք, ո՞ւր կհասնենք, նույնիսկ աղբի մեջ կարելի է տեսնել գեղեցկություն: Օրինակ, մամուռն ի՞նչ է, բայց ինչքան սիրուն է, չէ՞: Չեմ ասում, թե ամեն բան հեքիաթային է, բայց եղածը կարելի է տեսնել այնպես, ոնց կա: Իսկ «ոնց կա»-ի մեջ ամեն ինչ կա: Այ, հենց էդ ժամանակ գեղեցկությունն էլ կտեսնենք:

-Քո որոշ գործերում առանձնանում են ձիերն ու աղոտ, լուսե գունդը, որը ոչ արև է, ոչ լուսին: Սրանք ի՞նչ խորհրդանիշներ են քեզ համար:

-Միշտ չէ, որ ձիեր եմ նկարում, դա պարզապես ինչ-որ փուլ է: Ձիերը առեղծվածային գեղեցկություն ունեն, որոնք հազար ու մի խորհրդանիշ են պարունակում: Ձին համարվում է հավատարմության խորհրդանիշը, չէ՞: Իսկ գնդերը... Իմ ամենահին հուշերը կլորներով են եղել: Նույնիսկ քայլելուց առաջ, մի քանի ամսական եղած ժամանակ հիշում եմ այդ գնդերը՝ գունավոր, կիսաթափանցիկ: Չգիտեմ, ինչո՞ւ էին այդպիսի պատկերներ գալիս աչքիս առաջ այդ հասակում: Մերոնք ասում են, որ շատ խելոք, լուռ երեխա եմ եղել, ոչ մեկին չեմ խանգարել, չեմ լացել, ուշադրություն չեմ պահանջել: Հիշում եմ, որ զբաղվում էի գունավոր գնդերով՝ կանաչ, կարմիր, ոսկեգույն, կիսամութ սենյակի մեջ, որովհետև քնելու ժամանակ էի պատկերացնում: Երևի դրանք մնացել են իմ մեջ մինչև հիմա: Կլորն ունիվերսալ բան է ինձ համար, ավելի ազդեցիկ, քան, օրինակ, քառակուսին:

-Ինչպե՞ս ստացվեց, որ աշխատանքի ընդունվեցիր մուլտֆիլմերի աշխարհ:

-Պատահական ստացվեց: Հախվերդյան Ռուբիկենց տանն էի, իր ընկերներից մեկը եկավ, Ռուբիկի կինը՝ Նանան, ճարտարապետ է, առաջարկեց Նանային աշխատել «Հայֆիլմ» ստուդիայում: Ես էլ ուսանող էի, ոգևորվեցի, ասացի, որ ես էլ կուզեի աշխատել, եթե էլի մարդ է պետք աշխատանքի համար: Միշտ սիրել եմ աշխատել՝ նաև ֆինանսապես անկախ լինելու համար: Ասացին՝ հա, դու էլ արի: Էդպես գնացի «Հայֆիլմ», մինչ այդ ոչ մի բան չգիտեի մուլտի մասին, բայց շատ հետաքրքիր, արտիստիկ մթնոլորտ էր: Մուլտի սկզբունքները սովորեցի, միջին շարժումները գտնելը: Շրջանակների մեջ չէին դնում՝ ազատ էին թողնում:

Ճիշտ է՝ մուլտը արվեստին մոտ է, բայց այն գումար աշխատելու միջոց էր ինձ համար: Ես միայն դրա համար շարունակեցի՝ հետո աշխատելով Մոնրեալում: Մուլտը էներգիա քամող է, շատ դժվար է: Կանադայում տարբեր ստուդիաներում աշխատեցի, որտեղ շատ հետաքրքիր մթնոլորտ կար, բայց մուլտը երբեք չեմ փոխել նկարչության հետ: Մեկը մոտ է իմ աշխարհին, մյուսն իմ աշխարհն է: 

2000-2007 թթ. ընդհանրապես չեմ եկել Հայաստան: Այդ ժամանակ զբաղված էի և՛ ստուդիաներում աշխատելով, և՛ հասկացել էի, որ էդքան կարևորություն պետք է չտալ աշխատանքին: Կանադայում նկարիչների խումբ կար՝ «The art's club»-ը: 2001 թ.-ին առաջին ցուցահանդեսին մասնակցեցի Կանադայում: Այդ ակումբը գտնվում էր շատ լավ պողոտայում, տարեկան մի քանի ցուցահանդեսներ էին կազմակերպվում, հետո դատարկ էր մնում այդ տեղը: Երբ ինձ արդեն ընդգրկել էին իրենց խորհրդի կազմում, առաջարկեցի ստուդիայի վերածել ակումբը՝ նատյուրմորտ, բնորդ դնել, որպեսզի մարդիկ գային նկարեին: Իրենք ողջունեցին այդ գաղափարը, ասացին, որ ինքս էլ իրականացնեմ այդ գաղափարը: Այդպես հիմնեցի ստուդիան, որը դարձավ մի վայր, որտեղ հավաքվում էինք առնվազն շաբաթը երկու-երեք օր, նստում նկարում պրոֆեսիոնալ նկարիչներով:

Այդ ընթացքում աշխատում էի փաստագրական ֆիլմի վրա, 2007 թ.-ին եկել էի Երևան, հետո` 2008 թ.-ին, նույնպես հրավիրեցին: Փետրվարին եկել էինք Երևան` ֆիլմի նախապատրաստական աշխատանքներն անելու, ու մարտի 1-ը եղավ: Շատ ծանր էի տարել էն փաստը, որ Հայաստանում էլ կարող է լինել էդպիսի բան՝ էն իմաստով, որ չարիքն ամեն տեղ էլ կարող է լինել, իսկ Հայաստանն էլ աշխարհում է, և այդ իմաստով չեմ առանձնացնում, բայց այստեղ ընտանեկան տեղ է, մի տեսակ տարօրինակ է, որ այս վայրում է կատարվել դա: Դժվար է բացատրելը (դրանից հետո Սևանը երկու տարով Եվրոպա էր մեկնել՝ աշխատելու, նաև ինքնակրթությամբ զբաղվելու համար- հեղ.):

-Մի առիթով ասել էիր, որ դու քեզ գտել ես Հայաստանում, իսկ այսօր քիչ չեն արվեստագետները, ովքեր դժգոհում են երկրի վիճակից, ուզում են թողնել-գնալ: Ի՞նչն է ուժ տալիս քեզ այստեղ:

-Բնությունն է ուժ տալիս ինձ: Դա, ճիշտն ասած, ամենակարևոր բանն է ինձ համար: Էն մարդկանցից չեմ, որ ասում են՝ վայ հայրենիքս, այսպես ասեմ, միայն էն բանի համար, որ սա համարվում է հայրենիք, այստեղ չեմ ապրի, որովհետև ոչ մի կեղծ բան, ոչ մի սուտ բան չեմ սիրում. դա պիտի կամ զգաս կամ չզգաս: Ու էստեղ շատ տարօրինակ տեղ է, այս բնությունն ամեն մարդու համար չէ, ամեն մարդու համար հեշտ չէ, դրա համար ով չի դիմանում, հասկանում եմ: Ես ինձ լավ եմ զգում այստեղ, իմ գնացած երկրներից բնությունն ամենաշատն այստեղ է պահպանվել: Եվ նաև ինձ դուր է գալիս, որ այստեղ ամեն բան ջրի երեսին է, մարդիկ գիտեն ամեն ինչի մասին: Կարծում եմ՝ շատերը, ովքեր գնում են այստեղից, աշխարհը բավարար չեն ճանաչում: Էն երկրներում, որտեղ շատերը ձգտում են գնալ, աշխատող լավ համակարգ կա, որը մենք չունենք այստեղ, բայց այդտեղ մարդիկ այնքան զբաղված են, օրինակ, ոչ մեկին չի հուզում, թե, ասենք, այդ երկիրը տարեկան քանի տոննա աղբ է լցրել օվկիանոս: Միայն այն փաստը, որ աչքիցդ հեռու է, չի նշանակում, որ լավ է: Ամեն տեղ խնդիրներ կան:

Մեկ-մեկ ինձ նեղացնում է այն, որ իրենք առանց ճանաչելու են դատողություններ անում և թողնում-գնում ու ընդհանրապես քիչ են պայքարում, որ մի բան դեպի լավը գնա: Մենք ընդհանրապես էսպիսի մի մոտեցւոմ ունենք՝ «հա, դե լավ»:

-Երբ կանգնում ես կտավի սպիտակ տարածության դիմաց՝ ի՞նչ երկխոսություն է սկսվում:

-Մեծամասամբ գիտեմ, թե ինչ եմ նկարելու: Մինչև կտավին մոտենալը, իմ մտքում նկարում եմ: Իմ հասկանալու, մտածելու ձևը շատ վիզուալ է: Երբ մեկը խոսում է ինձ հետ, բառերը ոչ թե պարզապես լսում եմ, այլ պատկերներն եմ տեսնում: Ի՞նչ երկխոսություն է տեղի ունենում... Նայած ինչքան ես նկարում: Երբ սկսում ես երկար նկարել՝ 2-3 ժամ, մի տեսակ ոնց որ ուրիշ տեղ մտնես, շուրջդ, կարծես, մի շրջան է գոյանում, որի վերևը բաց է, իսկ ներսում դու և կտավն եք, և վերևի հետ մենակ ես մնում:

-Վերևի հետ էլ է սկսո՞ւմ երկխոսություն:

-Հա, անպայման, ոնց որ աղոթք լինի: Էն, որ համարվում է աստված, ժամանակը շատ ուժեղ զգում եմ, այսինքն՝ այդ էներգիան կա, որը ամեն մարդ կարող է բացատրել տարբեր ձևերով, բայց այն, որ ընդհանուր տիեզերական մի բան կա, որի հետ կապի մեջ ես, հաստատ է: Շատ մտքեր են գալիս, երկխոսություն ինքդ քեզ հետ, Աստծու հետ, տիեզերքի հետ... Չգիտեմ, հետաքրքիր բան է: Իսկ այդ կապը կորում է, երբ ընկնում ես սարքած բաների հետևից, անում ես այն, ինչ պատվիրել են, ինչ պիտի գնեն: Ցավալի է, բայց նկարիչներ կան, որոնք հարմարեցնում են իրենց նկարածն այն ամենի հետ, ինչ պատվիրել են:

-Սևան, ի՞նչն է պակասում այսօր մարդկանց կյանքում:

-Կարծում եմ՝ միշտ էլ նույնն է եղել: Ամեն ժամանակ իր խնդիրն ունի, որը գուցե ձևով տարբեր է, բայց էությամբ՝ ոչ: Չէի ասի, որ որևէ բան պակասում է, ամեն ինչ նորմալ է, մնում է` մարդը մի քիչ արթնանա և իրեն նշանակություն տա, որ ինքն էլ է կարևոր, ինքն էլ ունի դեր, հենց այնպես չապրի՝ մտածելով՝ տունս մաքրեցի, ի՞նչ անեմ, թե դուրսը կեղտոտ է: Ցավալի բան է, բայց, կարծում եմ, որ եթե Հիսուս Քրիստոսը հիմա էլ ապրեր, կխաչեին նրան: Այդ առումով՝ ոչ մի բան տարբեր չէ, ի վերջո, էությունն ինչո՞վ է տարբեր: Հա, ես էլ կուզեի ապրել մի ժամանակահատվածում, երբ չկային էսքան շատ հեռախոսներ, երբ տարիքով մեծ տատիկներն ու պապիկները պատմում էին հեքիաթներ, նույնիսկ պատկերացնում եմ` ձմռանը ոնց էր լինում, ասենք, գորգին նստած, վառարանի մոտ… Հրաշք բան է:

-Էսօր քո ծննդյան օրն է, հետաքրքիր է՝ ի՞նչ է հրաշքը քեզ համար, կա՞ն հրաշքներ (հարցազրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին):

-Դժվար հարց է (մի որոշ ժամանակ լռում է- հեղ.): Երևի կյանքն է հրաշք, մենք, որ ապրում ենք, որ ամեն րոպե հնարավորություն ունենք փոխելու ամեն ինչ: Դու միշտ ընտրության հնարավորություն ունես, դու միշտ կարող ես դուրս գալ այդ վիճակից, ու դա էլ է հրաշք: Ըմբոստությունն էն չի, որ մարդիկ վեր կենան, գոռան, ինչ-որ բաներ պահանջեն հրապարակներից, ըմբոստություն է, երբ մտածում ես, որ կարող ես փոխել կյանքդ, և ամեն ինչում չէ, որ ուրիշն է մեղավոր: Այ, դա էլ է հրաշք: Ձնծաղիկը, որ դուրս է գալիս ձյան տակից, հրաշք չէ՞: Էնքան բաներ կան, որոնք նույնիսկ անտեսում ենք, տրորում: