HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Ով չի հավատում, արժանի չէ այս պատմությունը լսելուն»․ Յունասսոնի վեպը թարգմանվել է հայերեն

«Սեղանի շուրջ նստած էին ինքը՝ ընկեր Ստալինը, Ալան Կառլսոնը Իքսհուլթից, ատոմային ֆիզիկոս Յուլի Բորիսովիչ Պոպովը, Խորհրդային Միության անվտանգության ղեկավար մարշալ Լավրենտի Պավլովիչ Բերիան եւ մի փոքր–մոքր երիտասարդ, գրեթե անտեսանելի մարդ` առանց անվան եւ առանց ուտելիքի կամ խմելիքի։ Նա թարգմանիչն էր, եւ բոլորը ձեւացնում էին, թե նա այնտեղ չէ»այս հատվածը շվեդ գրող Յունաս Յունասսոնի վեպից է։ 

«Հարյուրամյա ծերուկը, ով բարձրացավ պատուհանին եւ անհետացավ». նախորդ դարի աշխարհաքաղաքական շատ կարևոր իրադարձությունների ներկան եւ անմիջապես մասնակիցը հենց այս ծերուկն է՝ Ալան Կառլսոնը, ով որոշում է իր հարյուրամյակի օրը փախչել ծերանոցից։

Վեպը շվեդերենով լույս է տեսել 2009-ին, այնուհետեւ թարգմանվել ավելի քան 30 լեզուներով։ Այս տարի վեպը լույս տեսավ նաեւ հայերեն («Զանգակ» հրատարակչություն)՝ թարգմանիչներ Արծվի եւ Աշխեն Բախչինյանների շնորհիվ։

Յունասսոնի յուրահատուկ վեպի եւ թարգմանության դժվարությունների մասին զրուցեցի հայագետ, կինոգետ, վեպի թարգմանիչ Արծվի Բախչինյանի հետ։ 

Ալանը՝ վեպի հերոսը, ծնվել է 1905թ-ին եւ հարյուրամյակի օրը ծերանոցից փախչում է՝ մեզ մտցնելով իր անհավանական արկածներով լի պատմության մեջ։ Այս համատեքստում, եթե դիտարկենք Յունասսոնի վեպը, ի՞նչ առանձնահատկություններով է աչքի ընկնում։ 

Նախեւառաջ, հեղինակին հաջողվել է ստեղծել մի ճշմարտանման հորինվածք՝ նախապես նախազգուշացնելով պատմություններ անող պապիկի բառերով, որ, ով չի հավատում, արժանի չէ պատմությունը լսելուն։ Ապա, կարծում եմ, աննախադեպ է համաշխարհային գրականության մեջ, որ արկածային-թրիլեր ժանրն այսպես հաջողապես համադրվի պատմական դեպքերի եւ դեմքերի հետ։ Եվ այս ամենը՝ երբեք չթուլացող լարվածությամբ ու գրեթե ամեն էջում առկա մե՛րթ մեղմ, մե՛րթ սուր, մե՛րթ աբսուրդի ու ֆարսի հասնող հումորով։ Հիրավի, գրական հաջողված հնարանք է՝ հարյուրամյա կտրվածքով ներկայացնել մեկդարյա համաշխարհային պատմության որոշ կարեւոր հանգվանները եւ մեկ անձին (այն էլ՝ աննշան մեկի) դարձնել մասնակից (այն էլ՝ ակտիվ մասնակից) այդ դարակազմիկ իրադարձություններին։

Նաեւ վեպի ողջ հետապնդումների, սպանությունների, հավանական ու անհավանական արկածների հետ մեկտեղ հեղինակի մտահոգությունը սոսկ ընթերցողին ժամանց ապահովելը չէր, այլ մղելը նրան կարեւոր եզրակացությունների հանգել։ Փորձել իմաստավորել անցած ժամանակաշրջանը, որ արտահայտվում են իր եւ իր՝ ինչ-որ տեղ մանկամիտ հերոսի մտքերում ու խոսքերում, օրինակ՝ «Վրեժը նման է քաղաքականությանը. մի բան մշտապես հանգեցնում է մի այլ բանի, մինչեւ որ վատը դառնում է ավելի վատ եւ ավելի վատը՝ ամենավատ» եւ կամ «Ոչինչ հավերժ չէ, միայն թերևս մարդկային հիմարությունը»։ 

Թարգմանչի առնչությունը տեքստին միշտ հետաքրքիր ձեւով է ստացվում։ Թարգմանչական գործի ընթացքում միջամտությունը ինչի՞ց է սկսվում եւ ավարտվու՞մ։ Այս դեպքում՝ կցանկանայի նաեւ թարգմանիչների մտքերի համատեղելիությունը իմանալ (ինչպես արդեն տեղեկացրել էի՝ վեպի թարգմանիչները ամուսններ Աշխեն եւ Արծվի Բաչինյաններն են)։ 

Միջամտության հարց չկա, եւ թարգմանչական գործի բանաձեւն էլ շատ պարզ է՝ առավելագույնս հավատարիմ մնալ բնագրին եւ ոճին ու թարգմանվող լեզվով գրագետ ու հստակ շարադրել։ Այս հարցում բացարձակապես անհամաձայն ենք ռուսական թարգմանական դպրոցի հետ, որոնք թարգմանում են բավական ազատ, անգամ կամայական, հաճախ հեռանում են բնագրից, կատարում հարկի եւ անհարկի միջամտություններ, անգամ բաց թողնում առանձին նախադասություններ։ Օրինակ, այս վեպը թարգմանելիս վերնագրից սկսած կամայական մոտեցում են ցուցաբերել՝ այն դարձնելով, չգիտես` ինչու «Հարյուր տարի եւ ճամպրուկը ձեռքերին»։

Ինչ վերաբերում է համաթարգմանիչների մտքերի համատեղելիությանը, ապա մեր պարագայում որեւէ խնդիր չեղավ, քանի որ աշխատանքը կատարողները 20 տարի համատեղ կյանքով ապրող ամուսիններ են, որոնք միասին են սովորել շվեդերենը, հաճախ աշխատել են գրավոր տեքստերի հետ, ուստիեւ տարիների ընթացքում առաջացել է համախոհություն գրական-թարգմանչական խնդիրների եւ մոտեցումների հանդեպ։ 

Վեպում իրադարձություններն այնպիսի դինամիկությամբ են աչքի ընկնում, որ դրանց ճշմարտության մասին ընթացքում հարց անգամ չի առաջանում։ Սա, իհարկե, ընթերցողի տեսանկյունից։ Որպես թարգմանիչ, ով այս տեքստի հետ բազմակի առնչություն է ունեցել, կայի՞ն պատմական կերպարներ, պատմություններ, որոնք, ըստ Ձեզ, այլ տեսանկյունից պետք է դրսեւորվեին կամ հերոսին այլ կերպ պետք է ներկայացվեր։ 

Յունաս Յունասսոնը, ճիշտ բարոն Մյունխհաուզենի պես, այնքան ճշմարտացիորեն, համով-հոտով է գեղարվեստական խոսքի վերածում հնարված պատմությունը՝ անգամ պատմական հերոսներով հանդերձ, որ այլ դրսեւորումների մասին չես էլ մտածում։ Իսկապես, թեկուզ պատմական իրադարձությունների հետ կապված, արդեն էական էլ չէ, թե իրականում, օրինակ, Վլադիվոստոկը ենթարկվել է արդյո՞ք հրկիզման կամ իսկապես Ալբերտ Էյնշտեյնն ունեցե՞լ է թուլամիտ խորթ եղբայր։

Չեմ կարծում, թե որեւէ պատմական հերոսի պատկերելիս հեղինակը անհարազատություն է դրսեւորել. այլապես կերպարներն այսքան համոզիչ չէին կարող լինել… 

Հետաքրքիր է հումորային նուրբ շերտը, որը ապահովում է վեպի ենթատեքստային մասերը։

«- Ես մի բան էի մտածում,-ասաց Ալանը։

- Ի՞նչ,- բարկացած ասաց Ստալինը։

-Ինչո՞ւ ձեր բեղերը չեք սափրում։

Դրանով ճաշն ավարտվեց, որովհետև թարգմանչի ուշքը գնաց»։

Հումորային շերտը տեղայնացնելու, մեր հասարակությանը մատչելի դարձնելու համար հատուկ աշխատանք պահանջվու՞մ էր։

Ոչ այնքան, քանի որ թե՛ իրավիճակային, թե՛ խոսքային սրամտությունները, որքան էլ բնորոշ շվեդական, նույնքան էլ համամարդկային էին։ Միայն թերեւս որոշ դեպքում էր անհրաժեշտ հատուկ մտածել, թե ինչպես հայոց լեզվով առավելագույնս պահպանել այդ հումորային շերտը, որ արդեն նուրբ չէր։ Օրինակ, այն հատվածը, երբ իսպանացի հերոսը ուզում է գործարանատիրոջից կրած վիրավորանքների համար նրանից վրեժ լուծել՝ իր բնական պետքը հոգալով նրա կաթի սափորի մեջ, եւ Ալանը փորձում է նրան հետ պահել այդ քայլից։ Էստեբանը պնդեց։

Միայն այն, որ մարդ մի քիչ մազոտ է ու չի տիրապետում ձուլարանի տիրոջ լեզվին, նրան կապիկ չի դարձնում, չէ՞։ Ալանը համաձայնվեց, եւ այդպիսով ընկերները եկան ողջամիտ փոխզիջման։ Էստեբանը կաթով սափորի մեջ միայն շռեց, բայց չքաքեց։

Կարծում եմ՝ վերջին երկու բայերը, եթե գրական լեզվով թարգմանեինք, խոսքն ու իրավիճակը պակաս անհեթեթ եւ զվարճալի կհնչեր…

Յունասսոնի այս վեպը (եզրակացնելով հեղինակի մի քանի հարցազրույցներից) նրա երկար տարիների լրագրողական աշխատանքին, 2003թ-ից սկսած լուրջ սթրեսներին եւ հիվանդությանը, անհաջող ամուսնությանը հաջորդած գրություն է։ Որքանո՞վ է ըստ Ձեզ հեղինակի կենսագրությունն ազդել վեպի ստեղծման վրա։ 

Կեցության աբսուրդը եւ դարի գնահատականը հումորով գեղարվեստականացնելու համար թերեւս կարիք կա, որ մարդ սեփական մաշկի վրա զգա որոշակի ցնցումներ։ Դե իսկ բազմամյա լրագրողությունը պիտի որ նպաստեր համաշխարհային իրականությունը լավագույնս ճանաչելու գործում ու նաեւ ամուր հիմք հանդիսանար տեւական ժամանակ գրչի աշխատանքին տրվելու համար։ 

Միջազգային մամուլում լրագրողներն ու քննադատները հաճախ Յունասսոնի վեպը համեմատում են Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենության» հետ։ Դուք  համեմատության եզրեր գտե՞լ եք։ 

Այդ համեմատության պատճառը սոսկ վերնագրում եղած հարյուր տարվա հիշատակումն է։ Իրականում ո՛չ ժանրով, ո՛չ սյուժեով, ո՛չ գրական հնարքներով այս վեպերը նման չեն։ Գարսիա Մարկեսի մոգական ռեալիզմը, ըստ իս, այնքան էլ չի առնչակցվում Յունասսոնի աբսուրդի փիլիսոփայությանը եւ սկանդինավյան տիպիկ հումորին։ Անշուշտ, երկուսում էլ առկա են ֆանտաստիկայի տարրեր, սակայն դրանք բխում են տարբեր աղբյուրներից։ Գարսիա Մարկեսը կոլումբական իրականությունը ցուցադրել է՝ այն օժտելով իր երեւակայած անհնարին իրողություններով, մինչդեռ Յունասսոնի հորինվածքները չեն մոտենում ֆանտաստիկայի աստիճանին։ Ի վերջո, Ռեմեդիոս Գեղեցկուհու պես ոչ ոք չի կարող օդ համբառնալ, սակայն պատահական մի շվեդ թերեւս կարողանար մասնակից լինել ատոմային ռումբի ստեղծմանը… 

Եվ երկու հարց զուտ ընթերցողի համար։ Ինչո՞վ է առանձնահատուկ այս բեսթսելերը եւ ինչո՞վ է պայմանավորված ընթերցելու նախապայմանը։ 

Բեսթսելերներն առհասարակ հետեւում են որոշակի կաղապարի, սակայն Յունասսոնի վեպը որեւէ կաղապարի մեջ չի մտնում։ Այն առանձնահատուկ է գրեթե ամեն ինչով՝ դիպաշարով, զարգացման դինամիզմով, մեկը մյուսից գունեղ կերպարներով, լեզվով, ոճով։ Կարեւոր արժանիք է լուրջ բաների մասին թեթև պատմելու վարպետությունը։ Այս ամենը կազմում է մի անսովոր համուհոտ, որի շնորհիվ վեպն ընթերցելը դառնում է հոգեկան վայելք, այլեւս չեմ ասում՝ թարգմանելը։ 

ՀԳ Յունաս Յունասսոնը շվեդ գրող է, ծնվել է 1961թ-ին։ Ստանալով լրագրողի մասնագիտական կրթություն՝ երկար տարիներ աշխատել է որպես լրագրող, մեդիա-խորհրդատու, հեռուստատեսային պրոդյուսեր: Այնուհետեւ Յունասսոնը, տեղափոխվել է շվեդ-իտալական սահմանին մոտ գտնվող մի փոքրիկ գյուղ, որտեղ սկսել է գրել վեպը։ 2010թ․-ին վեպը շվեդական գրական շուկայում ճանաչվել է որպես ամենավաճառվող գիրք եւ թարգմանվել բազմաթիվ լեզուներով։ 

Լուսանկարը տրամադրել է Արծվի Բախչինյանը

Մեկնաբանություններ (1)

Levon
շվեդ-իտալական սահման

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter