
«Երևույթները կրում են կարճաժամկետ բնույթ»,- Կենտրոնական բանկ
Ներքին արժութային տատանումների մասին ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Վերջին մի քանի օրվա ընթացքում միջազգային շուկաներում և տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, այդ թվում արտարժութային շուկաների մեծ տատանումները, նպաստել են ներքին արժութային շուկայում որոշակի սպասումների ձևավորմանը և փոխարժեքի տատանողականության աճին: Կենտրոնական բանկը գնահատում է, որ այս երևույթները կրում են կարճաժամկետ բնույթ և հաստատում է իր պատրաստակամությունը` կայունացնելու շուկայում իրավիճակն իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքների միջոցով:
Կենտրոնական բանկն այս պահին կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից, քանի որ, փոխարժեքի նման տատանողական վարքագծի պարագայում, դրանք իրենց մեջ կրում են բարձր ռիսկեր և ակնկալվող օգուտի փոխարեն կարող են հանգեցնել զգալի վնասների: Կենտրոնական բանկը հավաստիացնում է, որ հաշվի առնելով այս տատանումների կարճաժամկետ բնույթը և արտարժութային պահուստների բավարար մակարդակը, գների կայունության և ֆինանսական կայունության զգալի ռիսկեր չկան»:
Մեկնաբանել