Վ.Պետրոսյան. «Այն ողբերգությունը, որ ապրում են ծնողները, բարձր է որևէ դատավարական պրոցեսից»
«Այս մեկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ հանդիպել եմ հանգուցյալ երեխաների ծնողների հետ: Ինքս էլ խնդրել եմ, որ հաշտություն տեղի ունենա: Ինչքան հնարավոր է կարողացել եմ տուժող կողմին բացատրել, խնդրել, որ կողմերը գտնեն դեպի հաշտություն տանող ելքեր»,-Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին հայտարարեց տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը:
Վարդան Պետրոսյանը, արձագանքելով Ռուբեն Բալոյանի հայտարարությանը, ողջունեց դեպի հաշտեցում տանող ցանկացած քայլ:
«Տուժած կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյան առաջին անգամ դատարանում հրապարակավ խոսեց այն մասին, որ հանդիպել է տուժած ընտանիքների հետ, երկար զրուցել է նրանց հետ, և իր աշխատանքը բերել է դրական արդյունք՝ կապված հաշտեցման հետ: Ինձ համար դա մնում է որպես կարևորագույն հարց այս դատական պրոցեսում: Ամբողջ դատավարության ընթացքում փորձեր արվել են հաշտեցման, բայց չի ստացվել: Թե ինչու, ես չեմ մեկնաբանել, և ոչ ոք թող չմեկնաբանի: Բայց ես չեմ կարող չողջունել այն, ինչ ասաց քաղաքացի Բալոյանը: Եթե այնուամենայնիվ, փնտրվում են հաշտության եզրեր, անկախ ամեն ինչից՝ լինի փորձաքննություն, չլինի փորձաքննություն, փորձաքննությունը կապացուցի սա, կամ չի ապացուցի, ես դա գնահատում եմ շատ դրական քայլ… ճիշտ հասկացեք, իմ ձեռքերը կապված են, ես բանտում եմ, բայց ինչքան հնարավոր է, ես պատրաստ եմ գնալ յուրաքանչյուր քայլի, որը կտանի մեր հաշտեցմանը: Ես միշտ մտածում եմ, որ այն ողբերգությունը, որ ապրում են ծնողները և նրանց հարազատները, բարձր է որևէ փաստաթղթային, որևէ դատավարական, որևէ փորձաքննական պրոցեսներից»:
Համալիր ու կրկնակի փորձաքննություն չի նշանակվի
Պաշտպանական կողմը նախորդ դատական նիստին միջնորդել էր նշանակել համալիր հանձնաժողովային և կրկնակի դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական, դատաբժշկական փորձաքննություն: Փորձագետներին առաջադրվել էր հնարավոր 17 հարց, իսկ այսօր միջնորդությունը լրացվեց ևս 2 հարցով: Ըստ պաշտպանական կողմի, այդ հարցերի պատասխանները մինչ օրս չեն տրվել գործում առկա փորձաքննություններով և այլ ապացույցներով: Օրինակ՝ ըստ Նիկոլայ Բաղդասարյանի ամենակարևոր հարցի պատասխանը, թե որտեղ է տեղի ունեցել վթարը, փորձաքննությամբ չի պարզվել, այլ այն որոշել է քննիչը, ինչպես իր ցուցմունքում նշեց դատաավտոտեխնիկ փորձագետը, ով նաև ասաց, որ դեպքի վայրում չի եղել: Ավելին՝ փորձագետ Խորեն Զաքարյանը դատարանին հայտնել էր, որ իրենք չեն պարզել վթարի տեղը, քանի որ իրենց նման հարց առաջադրված չի եղել։ Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրել էր, որ անցկացված դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության մեջ գրված է, որ արագությունը պարզելու մեթոդիկա չկա, սակայն առաջադեմ աշխարհում PC Crash համակարգչային ծրագրի միջոցով 20 տարի մոդելավորում են վթարի մեխանիզմը՝ այդպիսով որոշելով մեքենաների արագությունները։ Հիշեցնենք, որ այդ միջնորդությանը կից պաշտպանական կողմը ներկայացրել էր ավելի քան 16.000 ստորագրություն:
«Մի հանգամանք հաշվի առնենք, որ Վարդան Պետրոսյանին որևէ հնարավորություն չի տրվել նախաքննության փուլում միջնորդություն ներկայացնելու, հարցեր տալու, փորձաքննություններին մասնակցելու, այնինչ տուժող կողմին տրվել է այդ իրավունքը, այլ հարց է՝ նրանք օգտվել են այդ իրավունքից, թե ոչ: Հարգելի դատարան, վստահ եմ՝ Դուք դատարանում շարադրել եք Վարդան Պետրոսյանի իրավունքները, իսկ ե՞րբ է նա օգտվելու իր իրավունքներից»,- ասաց Վարդան Պետրոսյանի մյուս պաշտպան Սամվել Ջաղինյանը:
Պետական մեղադրող Արթուր Սարգսյանը և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը գրավոր առարկություններ ներկայացրեցին դատարանին: Ըստ դատախազի, կրկնակի փորձաքննություն նշանակելու համար բավարար հիմքեր չկան: Ինչ վերաբերում է մեքենաների արագությունը PC Crash համակարգչային ծրագրի միջոցով որոշելուն, ապա դատախազը նշեց, որ Հայաստանում մեքենաների արագությունը պարզելու համար նման երաշխավորված մեթոդիկա չկա: Անդրադառնալով «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայի մեջ տեղադրված գազի բալոնի թեմային՝ Արթուր Սարգսյանը նշեց, որ այն ոչ մի կերպ չէր կարող ուղիղ, պատճառական կապի մեջ լինել երեխաների մահվան հետ:
«Եթե անգամ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի մեջ գազի բալոնի տեղադրումը անթույլատրելի է եղել, միևնույն է, որևէ պատճառական կապ չկա: Բալոնը ինքնուրույն չի շարժվել առաջ, այն չէր կարող մահվան պատճառ դառնալ»,- ասաց մեղադրող դատախազը:
Փաստաբան Ռուբեն Բալոյանն իր առարկություններում նշեց, որ բախման վայրը որոշելու համար նոր փորձաքննություն հարկավոր չէ: Նա կետ առ կետ անդրադարձավ պաշտպանական կողմի բարձրացրած բոլոր 17, ապա և 19 հարցերին՝ կարծիք հայտնելով, որ այդ հարցերի պատասխանները կան քրեական գործով ձեռք բերված ապացույցներում և կրկնակի ու համալիր փորձաքննության կարիք ամենևին չկա:
«Իսկ Գազի բալոնի վարկածն ինձ ակամա հիշեցրեց Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» ստեղծագործության հերոսներին, երբ ըստ Վոլանդի, մահվան ելքով վթարի պատճառ էր Աննայի յուղը»,- ասաց Ռուբեն Բալոյանը:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, ապա վերադառբալով՝ մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը։ Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 5-ին,ժամը 14:00-ին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել