
Գլխավոր հյուպատոսը կկառուցի «Հին Երևանը»
«Հին Երևան» նախագծի կառուցման համար ներդրում է անելու Ֆրանսիայիում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեշը (նստավայրը՝ Մարսել):
Երեկ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գևորգ Մաչանյանը ստորագրել են «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը:
Ինչպես տեղեկացնում է քաղաքաշինության նախարարությունը, Գևորգ Մաչանյանը ներկայացրել է շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսին (Վարդան Սիրմաքեշ):
«Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն գրանցված է Լոնդոնում: Մեծ Բրիտանիայի ընկերությունների գրանցման ռեգիստրից մեր ձեռք բերած փաստաթղթի համաձայն՝ դրա 100 % բաժնեմասի սեփականատերը Chrono Star International Participations Groupe Franck Muller S.A.-n է: Այս ընկերությունը հանրահայտ ժամացույցների՝ Franck Muller բրենդի խմբից է, որի հիմնադիր-սեփականատերը Վարտան Սիրմաքեսն է: Նա նաև «Արցախբանկի» խոշոր և «Արմսվիսբանկի» միակ բաժնետերն է:
Կառուցապատումն իրականացնելու է նորաստեղծ «Օլդ Սիթի» ՓԲԸ-ն: Նախագիծն ի սկզբանե իրականացնելու էին «Գլենդել հիլզ» և «Ի Էմ Սի» ընկերությունները, սակայն կառավարության նոյեմբերի 6-ին կայացրած որոշմամբ «Գլենդել Հիլզ» և «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ներին առաջարկվել է հողամասերն օտարել նույն բաժնետերն ունեցող «Օլդ Սիթի» ընկերությանը: «Օլդ Սիթի» ընկերության բաժնետոմսերի 100 %-ի սեփականատերը Վահե-Վասկեն Յաքուբյանն է:
Այդ հողամասերն ընդգրկում են Երևանի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Բուզանդ, Կողբացու և Արամի փողոցներով պարփակված և Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքները՝ ավելի քան 100 հասցե:
Կառավարության նույն որոշմամբ՝ քաղաքաշինության նախարարությունը պետք է ապահովի Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում «Հին Երևան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը՝ նախատեսելով ստորգետնյա երկու և վերգետնյա առավելագույնը երեք լրիվ և մեկ մանսարդային հարկերով սակավահարկ կառուցապատում, ինչպես նաև նախատեսելով «Հին Երևան» համալիրի կազմից դուրս միջին հարկայնությամբ հյուրանոցի կառուցում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում այս ծրագրի իրականացման համար 120-130 մլն դոլարի ներդրման հնարավորության մասին է խոսել:
Քաղաքաշինության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ այս գումարի շրջանակներում պետք է իրականացվի և՛ կառուցապատումը, և՛ իրացումը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել