HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչու Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում

Բազելում ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առանձին-առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Դատելով հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրություններից, ինչպես նաև դրանց հիման վրա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ընդունած համատեղ հայտարարությունից` բանակցությունների հիմնական թեման եղել է նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ ՊԲ ՌՕՈւ-ին պատկանող մարտական ուղղաթիռը խոցելուց հետո ստեղծված դրությունը: Մինսկի խմբի համար ստեղծվել է մի իրավիճակ, երբ բանակցային գործընթացը ձախողումից փրկելու և ռազմական առճակատումը կանխելու համար նրանք ստիպված են ամեն ինչ սկսել նույնիսկ ոչ թե զրոյից, այլ մինուսից` հաշվի առնելով, որ կողմերը վերջնականապես սպառել են նույնիսկ փոխադարձ ձևական վստահության բոլոր ռեսուրսները:

Համանախագահները հայտարարել էին, որ Բազելում հանդիպելու են արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը: ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր թվիթերյան հերթական գրառման մեջ հույս էր հայտնել, թե նախարարների այդ հանդիպումից հետո հնարավոր կդառնա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումը: Արտգործնախարարների հանդիպման հիմնական նպատակը, փաստորեն, նախագահների հերթական հանդիպման հնարավորությունը պարզելն էր լինելու: Սակայն, այդ հանդիպումը կարծես թե չի կայացել, ու պետք է հուսալ, որ դա եղել է ոչ թե Մամեդյարովի, այլ Նալբանդյանի պատճառով:   

Որպես կանոն, նման դեպքերում հայկական կողմը մշտապես հանդես է եկել բանակցություններն ամենաբարձր մակարդակով շարունակելու դիրքերից` առաջնորդվելով «թեկուզ անիմաստ, բայց կայացող բանակցությունները պատերազմից ավելի նախընտրելի են» տրամաբանությամբ: Մինչև հիմա այս մոտեցումը եղել է արդարացված, քանի որ դա առկա ստատուս քվոն պահպանելու, թերևս, ամենագործուն մեխանիզմն է համարվել: Սակայն, Ադրբեջանի կողմից ուղղաթիռի խոցումից հետո իրավիճակը գլխիվայր շրջվել է` ի հայտ բերելով բանակցությունների հարցում ճշգրտումներ կատարելու խնդիր:

Նախ` ուղղաթիռի խոցումն անպատասխան թողնել չի կարելի: Դրա մասին հայտարարել են թե́ ՀՀ ու ԼՂՀ պաշտպանության նախարարները, թե́ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Բայց ուժային եղանակով այդ պատասխանը հայկական կողմը դեռևս չի տվել: Նման պայմաններում Մամեդյարովի հետ բանակցությունների սեղանին նստելը, այն էլ` նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու հարցը լուծելու համար, անուղղակի նշանակելու էր, որ Հայաստանը ներում է Ադրբեջանի կատարած աննախադեպ սադրիչ, երեք երիտասարդի կյանք խլած արարքը: Սա ավելի է ազատելու Ալիևի ռեժիմի ձեռքերը` նմանատիպ նորանոր սադրանքների դիմելու համար: Կասկած չկա, որ Բաքուն դա ընկալելու է որպես վախվորածության, իսկ պատժելու մասին հայտարարությունները` պարզապես «օդ ճոճելու» նշաններ: Սա հստակ ազդակ է լինելու նաև միջնորդների համար, որ ինչ իրավիճակում էլ հայկական կողմը հայտնվի, որքան էլ դրությունը նրա համար վատթարանա, և նույնիսկ եթե Ադրբեջանը հայկական կողմի ողջ ռազմաօդային պոտենցիալը ոչնչացնի, միևնույնն է` կարողանալու են Նալբանդյանին և Սարգսյանին բերել, նստեցնել բանակցությունների սեղանին:

Երկրորդ` որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա` ուղղաթիռի խոցումից հիմա փորձում է օգտվել Ադրբեջանը: Բազելում Էլմար Մեմդյարովը հայտարարել է, թե «Ադրբեջանի օկուպացված տարածքներում Հայաստանի զինուժերի սադրիչ լայնածավալ զորավարժությունները ի չիք դարձրին կողմերի միջև վստահության մթնոլորտ ստեղծելու` համանախագահների փորձերը»: Սա ոչ թե պարզապես ԼՂ-ն Ադրբեջանի տարածք ներկայացնելու հերթական փորձ է, այլև ուղղակի քայլ` ԼՂՀ-ից հայկական զինված ուժերի դուրսհանումը և հետագայում զորավարժությունների անցկացման բացառումը որպես բանակցությունները շարունակելու նախապայման առաջադրելու ուղղությամբ: Բաքուն փորձում է հասնել նրան, որ իրավիճակի լարման պատճառ համարվի ոչ թե իր երկրի զինուժի կողմից ուղղաթիռի խոցումը, հետո էլ 10 օր շարունակ ուղղաթիռի անկման վայրին մոտենալու հնարավորությունից բոլորին զրկելը, այլ զորավարժությունների անցկացումը և դրանց շրջանակներում ուղղաթիռների թռիչքը: Նման մոտեցում Բաքուն նախկինում երբեք չի ցուցաբերել`մշտապես ստիպված լինելով համակերպվել ԼՂՀ-ի տարածքում հայկական զինուժի կողմից բազմիցս զորավարժություններ և ուղղաթիռների ուսոմնավարժական թռիչքներ անցկացնելու փաստի հետ:

Սա միջազգային հանրության մոտ հայկական ուղղաթիռը խոցելու իր քայլն արդարացնելու և լեգիտիմացնելու ձև է: ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի քաղաքական հարցերի ու անվտանգության հանձնաժողովի ադրբեջանցի տեղակալ Ազայ Գուլիևը, անդրադառնալով Ուկրաինայում Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների նկատմամբ սանկցիա կիրառելու` արևմտյան երկրների որոշմանը` զուգահեռ է անցկացրել ԼՂՀ-ի հետ և հայտարարել, թե նմանատիպ պատժամիջոցներ պետք է սահմանվեն նաև «Լեռնային Ղարաբաղի անջատողական ռեժիմի» նկատմամբ: Այսինքն, եթե Ուկրաինայի զինուժին իրավունք է վերապահված ոչնչացնել իր տարածքում ստեղծված միավորումների ռազմական պոտենցիալը, ապա նույնն անելու իրավունքը պետք է ունենա նաև Ադրբեջանը, քանի որ այնպես, ինչպես միջազգային հանրությունը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, նույն կերպ ճանաչում է նաև Ադրբեջանինը` ԼՂ-ով հանդերձ: Ադրբեջանը հետևողական և շատ ագրեսիվ կերպով հասնում է նրան, որ բացարձակապես և վերջնականապես օրակարգից հանվի այն իրավական բազան, որի հենքի վրա ԼՂՀ-ն ինքնորոշվել է, և որի առկայությունն այս հիմնահարցն առանձնացնում է աշխարհի մնացած բոլոր այլ հակամարտություններից: Սա չի արվում  միայն բանակցություններին ԼՂՀ-ի հնարավոր մասնակցության հեռանկարը խափանելու նպատակով, այլև ԼՂ-ից հայկական ուժերի անվերապահ հեռացումը բանակցությունների հիմնական, իսկ եթե հնարավոր է` միակ առարկան դարձնելն է:

Որքան էլ սա մեզանում աբսուրդային և անհեռանկար թվացող մտասևեռում համարվի, այն տալիս է արդյունք` առաջին հերթին այն պատճառով, որ համարժեք դիվանագիտական հակազդեցության չի հանդիպում հայկական կողմից: Բազելում արտգործնախարար Նալբանդյանը շատ կրակոտ ելույթ է ունեցել` մերկացնելով Ադրբեջանի կողմից վարվող վերջին շրջանի գերագրեսիվ քաղաքականությունն ու դրա նպատակները: Բայց Նալբանդյանը նորից չի ասել այն, ինչ արդեն տևական ժամանակ Հայաստանում սպասում են նրանից:

Մինսկի խումբը շարունակում է իրավիճակի լարման համար հայկական և ադրբեջանական կողմերին համապատասխանատու ներկայացնելու և նրանց միջև հավասարություն դնելու իր պրակտիկան: Բազելում նրանց արած հայտարարությունը առաջին բառից մինչև վերջինը կրկին ներշնչված է այդ մոտեցմամբ: Աբսուրդը հասել է նույնիսկ նրան, որ ՄԽ համանախագահներն ուղաթիռի կործանման և հայ օդաչուների մահվան ողբերգությունն են փորձում «կիսել» հայկական և ադրբեջանական կողմերի միջև` հայտարարելով, թե դա ողբերգություն էր երկու կողմերի համար էլ: Դա այն դեպքում, երբ իր աչքի առաջ ուղղաթիռը խոցած զինվորին Ադրբեջանում ազգային հերոս են դարձնում:

Արդեն պարզ է, որ այս ձեռագիրը ոչ միայն չի փոխվելու, այլև ավելի է ընդգծվելու, քանի դեռ հայկական կողմը շարունակում է  դրան մատների արանքով նայել: Թերևս, վաղուց արդեն հասունացել է գոնե մի քիչ նախապայմանների լեզվով խոսելու և միջազգային հանրությունից հստակ և միարժեք գնահատականներ պահանջելու ժամանակը: Ու հենց սա է, որ Նալբանդյանը չի անում` շարունակելով դրոշակի նման ծածանել միջազգային հանրության հետ հայկական կողմի լիակատար համաձայնության մասին իր շաբլոնային դարձած ու անօգուտ տեսակետները: ՄԽ-ից, միջազգային հանրությանը պահանջներ ներկայացնելը սեփական ուժերի նկատմամբ անվստահության դրսևորում չէ: Սա դիվանագիտություն է, որն անհրաժեշտ է Ադրբեջանի սանձերը քաշելու և, ի վերջո,  նրա լկտիացման հենքի վրա հասունացող պատերազմը կանխելու համար:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter