HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Feeling Good. Երբ աշխարհն արթնանում է ազատության լույսով

Նաիրա Հայրապետյան

1965թ. Նինա Սիմոնը իր «I Put a Spell on You»  ալբոմի համար ձայնագրեց «Feeling Good» երգը:

Այս կատարումը մեծ ոգևորությամբ ընդունվեց երաժշտասերների և քննադատների մոտ, որից հետո այն մեծ իմաստով վերածվեց ստանդարտի: Երգը այնուհետև կատարվեց և մինչ օրս էլ կատարվում է տարբեր արտիստների կողմից, որոնց մեջ առանձնանում են նախ՝ անգլիական «Muse» ռոք խմբի, այնուհետև Ջորջ Մայքլի, Ռենդի Քրոուֆորդի, Մայքլ Բուբլեի, Ջո Բոնամասայի և այլ արտիստների կատարումներ: Շատերը համոզված են, որ այս բոլոր արտիստները երգել կամ նվագել են Նինա Սիմոնի հանրահայտ երգն ու հերթական անգամ փաստել լավագույն ստեղծագործությունների հաղթանակը ժամանակի և տարածության հանդեպ: Ամեն ինչ թերևս ճշմարիտ է և արդարացի, բացի երկու կարևոր հանգամանքից. երգի հեղինակը Նինա Սիմոնը չէ, ոչ էլ առաջին կատարողը:

Լեսլի Բրիկաս՝ անգլիացի պոետ, դրամատուրգ և կոմպոզիտոր. Էնթոնի Նյուլի՝ անգլիացի երգիչ, կինոդերասան և երգահան, ահա նրանք՝ «Feeling Good» երգի հեղինակները: 1964թ. ստեղծելով «The Roar of the Greasepaint – The Smell of the Crowd» մյուզիքլը, նրանք գրեցին մի շարք երգեր, և «Feeling Good»-ը մյուզիքլի 2-րդ գործողության երգերից մեկն էր:  Այն հանրությանն առաջին անգամ ներկայացավ 1964թ. օգոստոսի 3-ին, Նոթինգըմում՝ մյուզիքլի պրեմիերայի ժամանակ, երգիչ և դերասան Սայ Գրանտի կատարմամբ: Այնուհետև բեմադրությունը շրջեց անգլիայի տարբեր շրջաններում, գավառական թատրոններում և վերջապես հասավ նաև Բրոդվեյ: 1965թ. մայիսի 16-ին նյույորքյան «Shubert Theatre»–ում կայացավ մյուզիքլի ամերիկյան պրեմիերան: Այս անգամ «Feeling Good»-ը հնչեց ամերիկացի օպերային երգիչ և դերասան Գիլբերտ Փրայսի կատարմամբ: Թե նա, թե Սայ Գրանտը մարմնավորում էին սևամորթ տղայի կերպար, ով դեմ էր դուրս եկել գլխավոր հերոսներից մեկի սահմանած «խաղի կանոններին»` որպես կյանքի չափանիշ: Նա մերժում է դրանք`«խաղից» հեռանալով արժանապատվորեն, հաղթանակած և իր հաղթանակն ամրագրում է հենց այս երգով:  Գ. Փրայսի կատարումը մեծ արձագանքներ ունեցավ մասնագետների շրջանում՝ բնորոշվելով որպես ազատագրման երգ-պոռթկում:

Գիլբերտ Փրայսի կատարումը

   

1965թ. ընթացքում «Feeling Good»-ը  հայտնվեց մի քանի նոր ձայնագրություններով, որոնք բոլորն էլ տարբերվում էին ոճային և ժանրային առումներով: Նախ՝ արդեն առավել ջազային մեկնաբանությամբ ընդգրկվեց Սայ Գրանտի «Cy & I» խորագրով ալբոմում, ապա  համահեղինակներից Էնթոնի Նյուլին, ով երաժշտության հեղինակն էր, մյուզիքլի մի քանի այլ երգերի հետ այս մեկն էլ ձայնագրեց և ընդգրկեց իր «Who Can I Turn To» ալբոմի կազմում: Նույն թվականին «Feeling Good»-ը  կատարեց և իր ալբոմներից մեկի համար ձայնագրեց հայտնի սաքսոֆոնահար Ջոն Քոլթրեյնը:

Եվ այնուամենայնիվ, երգը բոլորովին այլ շունչ ստացավ, երբ հնչեց Նինա Սիմոնի կատարումը: Չնայած մեծ արձագանքներին՝ երգը սինգլ տարբերակով չթողարկվեց և մինչև 1987թ. այն մնաց «I Put a Spell on You» ալբոմին հավատարիմ: Երգի այս cover-ին ուղղված արձագանքների ալիքը նոր ուժգնությամբ բարձրացավ այն բանից հետո, երբ բրիտանական հեռուստաընկերություններից մեկը Նինա Սիմոնի «Feeling Good»-ն օգտագործեց գովազդում: Եվ 1987թ.  կտորեղենի ինչ-որ օդորակիչի գովազդը երգը հանրաճանաչության առավել լայն դաշտ դուրս բերեց, որի արդյունքում թողարկվեց սինգլը: Երգչուհու կատարմամբ այս երգը համարվում է նրա լավագույններից մեկը, ինչպես նաև ամենաճանաչված երգերից մեկը նրա երգացանկում:

Այս կատարումը և ընդհանրապես «Feeling Good» երգը օգտագործվել են տարբեր ֆիլմերում, տեսանյութերում և գովազդային հոլովակներում բազմաթիվ անգամ: 2001թ. երգը նոր մեկնաբանությամբ հնչեց նաև անգլիական «Muse» ռոք խմբի կատարմամբ, որը հայտնի և երաժշտական աշխարհում հեղինակավոր «NME» ամսագիրը ճանաչեց որպես լավագույն cover-կատարում:

«Feeling Good»  երգի մեկնաբանությունների կամ cover-ների թիվը մի քանի տասնյակից ավել է, բավական է ընդամենը աչքի անցկացնել ինտերնետային հանրագիտարանի անգլերեն բաժինը. սկսնակներից  մինչև հայտնի անուններ կատարել և կատարում են այն, սակայն նրանց մեծ մասի համար որպես ստանդարտ մնում է Նինա Սիմոնի կատարումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter