
Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դատաքննությունը լարված մթնոլորտում է անցել
Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ախթալայի «Մեթըլ Փրինս» կորպորացիայի նախագահ, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի դատական նիստը լարված էր ընթանում: Դատարանը լսեց 2 վկայի ցուցմունքներ:
Վկաներից մեկը զինծառայող էր: Դատաքննությունը լարված ընթացք էր ստացել Սերոբ Տեր-Պողոսյանի` մանկապղծությամբ զբաղվելու մասին ազգային անվտանգության ծառայությանը հայտարարություն տված վկայի` Վահրամ Փարսադանյանի հարցաքննության ժամանակ:
Դատարանի սպասասրահում դատական նիստի ավարտին սպասող լրագրողները լսում և քննարկում էին վկայի ցուցմունքների շուրջ մեղադրող Արամ Ամիրզադյանի և Տեր-Պողոսյանի պաշտպանների բախումները: «Լարված նիստեր միշտ են լինում: Ես ձեզ ասեմ, որ այսօր հերթական լարված նիստն էր»,- ասաց մեղադրողը:
«Ձեր բարձր ու վրդովված ձայնից մենք հասկանում էինք, որ դուք ուղղակի մարտնչում էիք այսօր: Ճի՞շտ ենք նկատել»,- «Հետքի» հարցին Արամ Ամիրզադյանը պատասխանեց. «Իմ հրավիրած վկան էր, և ես աշխատում էի, որ օբյեկտիվությունը պահպանվի: Քանի որ հարցեր էին տրվում պաշտպանական կողմից, ես պահանջում էի՝ օբյեկտիվությունը պահպանելու համար ճիշտ հարցեր տրվեին, և այդ հարցերի պատասխանները հնչելուց հետո մեկնաբանություններ տարբեր չլինեն»:
Վահրամ Փարսադանյանը ներկայում աշխատում է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում: Արդյոք այդ հանգամանքը չի՞ազդում վկայի ցուցմունքների վրա, և դա չի՞ մտահոգում մեղադրող դատախազին: Լրագրողների այս հարցին Արամ Ամիրզադյանը պատասխանեց. «Իսկ ինչի՞ պետք է կասկած առաջանա իմ մեջ: Ես կարծում եմ, որ ցանկացած անձ կարող է ինչ-որ ճնշվածություն զգալ, և վկան ինքն էլ ճնշվածություն կզգար, որ աշխատելով լեռնահարստացման կոմբինատում, գալիս է փաստացի ցուցմունք է տալիս այն մարդու դեմ, ով լեռնահարստացման կոմբինատի սեփաականատերն է: Այսօրվա դատական նիստը ես գնահատում եմ հերթական անգամ մեր մեղադրանքի ապացուցողական բազան հիմնավորող նիստ»:
Դատարանի դահլիճից լրագրողները լսել են վկայի այն ցուցմունքը, թե Ախթալայում նախկինում ևս եղել էլ տղամարդկանց միասեռականության դրսևորումներ: Դրա հետ կապված լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է նոր մարդիկ հրավիրվեն դատարան, Արամ Ամիրզադյանը պատասխանեց. «Ես կարծում եմ` դա լոկ հայտարարություն է, որովհետև նման բաների մենք չենք տիրապետում: Չկան այդպիսի հստակ տեղեկություններ, որոնք հետաքրքրություն ներկայացնեն իրավապահ մարմինների համար: Եթե կլինեն, եթե դուք էլ գիտեք այդպիսի ինչ-որ փաստ, խնդրում եմ տեղեկացրեք: Բացի այս տուժողներից, բացի այս քրեական գործից` մենք այլ անձանց վերաբերյալ ոչինչ չունենք: Իր 50 էջանոց ցուցմունքում, այո, նման հայտարարություն արել է նաև Տեր-Պողոսյանը, սակայն որևէ փաստ կամ օրինակ նա չի հայտնել: Դրանք կարող են լինել մերկապարանոց հայտարարություններ` ապացուցողական հիմք չունենալով»:
Դատական նիստի ավարտից հետ վկա Վահրամ Փարսադանյանը «Հետքին» հայտնեց իր մտահոգությունը լեռնահարստացման կոմբինատի ղեկավարության կողմից իրեն աշխատանքից ազատելու մասին. «Դատավորն էլ ասաց՝ եթե քեզ գործից կհանեն, դատի կտաս»:
Մեր հարցին, թե հարցաքննության ընթացքում Տեր-Պողոսյանը իրեն մեղադրո՞ւմ էր կատարվածի համար, վկան պատասխանեց. «Հա, բա ինչ էր անում: Ասեր էսա փաստերը կբերեմ, էսա կլսենք: «Արա,- ասի,- էս եղնիկ ես բռնում»: Այդ նյութը ձեռքս ընկնելն է հետաքրքրել, թե ինչ ճամփով ա ձեռքս ընկել, դա ինձ հետաքրքիր չէր»:
Ըստ վկայի` Տեր-Պողոսյանը նաև իրեն հարցրել է, թե «որտե՞ղ է չիպից նյութերը դիսկեր գցել»: ««Արա,- ասի,- ես ամեն կամպյուտրանոցի հետ էլ գործ եմ ունեցել»: Սերոբը ինձ վերջում հարցրեց. «Ունես էլի չիպ»: Ասի` չունեմ ոչ մի չիպ»:
«Հետքի» հարցին, թե ճի՞շտ է, որ զանգահարել է Տեր-Պողոսյանին, իր ձեռքի տակ եղած տեսանյութի դիմաց 30 հազար դոլար է պահանջել, Վահրամ Փարսադանյանը պատասխանեց. «Չէ, էսօր էլ դատարանում Սերոբն ասեց` 1500 դոլար ես ինձնից պահանջել: Դե, թող դատարանում հիմնավորեր: Զանգել եմ իրանից փող ուզել, ինքն էլ չի՞ ձայնագրել: Դատարանում Սերոբն ասաց` մենք ձայնագրություն ունենք, որ դու ինձնից փող ես ուզել: Ասի` միացրու: Որ էդպիսի բան չի եղել, նա ոնց կարա ձայնագրություն միացնել, դե թող միացներ էլի»:
Վահրամը նաև «Հետքին» պատմեց, որ դատարանում նաև ասել է, որ «էդ նյութերը իրա հմա է արել` մտածելով, որ էգուց էլոր կարող ա Սերոբը իրեն աշխատանքից դուրս անելու բան խնդիր ունենա, դա հանի ցույց տա»:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել