HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւանի քաղաքապետարանը պատասխանում է «ՍՊՍ Սիգարոն»-ին

«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունն այսօր հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը խոչընդոտում է իրենց գործունեությանը: Երեւանի քաղաքապետարանը պատասխանել է ընկերությանը, որը ներկայացնում ենք ստորեւ. 

«Վերը նշվածի կապակցությամբ նախ հարկ ենք համարում տեղեկացնել, որ  Երևան քաղաքում գովազդային դաշտը կարգավորվում է «Գովազդի մասին»,  «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքներով,  ինչպես նաև Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի 37-Ն որոշմամբ ու համապատասխան այլ օրենսդրական ակտերով։ Ըստ այդմ. «Գովազդի մասին» ՀՀ օրենքի հոդված 2-ի համաձայն, գովազդը տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն է անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ։

Օրենքը նաև որոշակի  սահմանափակումներ է նախատեսում գովազդի որոշ տեսակների, մասնավորապես  ծխախոտի վերաբերյալ, որի գովազդն  արգելված է ՀՀ–ում։

«Գովազդի մասին»  ՀՀ օրենքով սահմանված է նաև «հովանոցային գովազդ» հասկացությունը, որն այս պարագայում նույնպես արգելվում է։

Նշենք, որ «Հովանոցային» գովազդը այն գովազդն է, որում գովազդվող ապրանքների և ծառայությունների համար օգտագործվող ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը նույնական է կամ շփոթելու աստիճանի նման է այն ապրանքների և ծառայությունների ապրանքային նշանին կամ դրանք արտադրող կամ առաջարկող իրավաբանական անձանց ֆիրմային անվանմանը, որոնց գովազդի նկատմամբ «Գովազդի մասին»  ՀՀ օրենքով նախատեսված են սահմանափակումներ։

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ «ՍՊՍ Սիգարոն» ՍՊ ընկերության տնօրինությունը Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը բազմիցս բանավոր հարցում է կատարել «Սիգարոն»  բովանդակությամբ գովազդ տեղադրելու հետ կապված և մերժվել է ՝ ստանալով մանրամասն պարզաբանումներ մերժման հիմքերի մասին։ Որպես մերժման հիմք ներկայացվել է նաև հանգամանքը, որ «ՍՊՍ Սիգարոն» անվանումը շփոթելու աստիճանի նման է «Սիգարոն» ծխախոտի անվանմանը և, ըստ էության, հանդիսանում է հովանոցային գովազդի դասական օրինակ։ Ընկերության տրամաբանությամբ առաջնորդվելու պարագայում  ստացվում է, որ պետք է թույլատրել նաև ասենք «Մարլբորո» անվանումով ցանկացած խանութ, որտեղ ծխախոտից բացի կարող է վաճառվել ցանկացած այլ ապրանք ևս։ Օրենքը  հենց այս դեպքերը հաշվի առնելով էլ  սահմանել է հովանոցային գովազդ հասկացությունը:

Ավելորդ չենք համարում նաև տեղեկացնել, որ Երևանի ավագանու 2009թ. նոյեմբերի 18-ի 37-Ն որոշմամբ սահմանվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գովազդ տեղադրելու կարգը։ Որոշման մեջ հստակ նշված է, որ արտաքին գովազդ տեղադրելուց առաջ տնտեսվարողները համապատասխան վարչական շրջանի ղեկավարից պետք է ստանան  թույլտվություն ։ «ՍՊՍ Սիգարոն» ՍՊՆ–ն փոստացի անտեսել է նաև ավագանու որոշման այս պահանջը և առանց համապատասխան թույտվության տեղադրել է արտաքին գովազդ, ուստի  այս հիմքով նույնպես տեղադրված գովազդն ապօրինի է ճանաչվել։

Նշենք, որ ապօրինի տեղադրված գովազդային միջոցի հայտնաբերման դեպքում կազմվում է վարչական արձանագրություն և  օրենքով սահմանված կարգով այն ապամոնտաժվում է:  Ի դեպ, նախկինում նույն վայրում տեղադրված «Սիգարոն» գովազդն ապամոնտաժելու համար ընկերությունը գրավոր ծանուցվել է, որի արդյունքում հին գովազդային միջոցը ընկերության իսկ ուժերով ապամոնտաժվել է։ Այնուհետ, սակայն,  «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը,  հաշվի չառնելով ծանուցման մեջ նշված հիմնավորումները, առանց համապատասխան թույլտվության հին գովազդային միջոցի փոխարեն տեղադրել է նորը՝ իր քայլը հիմնավորելով որպես ՀՀ կառավարության 217-Ն որոշմամբ սահմանված ցուցանակի տեղադրում։ Վերոնշյալ արարքը դիտարկելով որպես օրենքը շրջանցելու միջոց , այն կանխվել է Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանումների  աշխատակիցների ուժերով։ Նույն օրը ընկերությունը  ծանուցվել է վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ, որի շրջանակում ընկերության ներկայացուցիչները կարող են տալ պարզաբանումներ իրենց կատարած գործողությունների վերաբերյալ։ Վարչական վարույթի արդյունքում կկազմվի վարչական ակտ, որը ենթակա է կատարման: Այն  վերադասության կարգով կարող է բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ վարչական դատարանում։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն»:

Մեկնաբանություններ (8)

փաստաբան
մաս 3 Ի դեպ վարչարարության մասին. Հայտարարության հեղինակի հայտարարությունը՝ վարչական վարույթի, ինչ-որ արձանագրության մասին, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում, քանի որ այդ մասին ընկերությունը ծանուցված չէ: Ի գիտություն հայտարարության հեղինակին և «պետի հրամանով» ապօրինի գործողություն իրականացնողների. ոչ թե՝ ապօրինաբար ապամոնտաժում են իրականացնում ու դրանից հետո մտածում արձանագրություն կազմելու, վարչական վարույթ հարուցելու և համապատասխան որոշում կայացնելու մասին, այլ հակառակը՝ կազմում են արձանագրություն, որով ենթադրյալ իրավախախտման փաստն է արձանագրվում, հարուցվում է վարչական վարույթ, հրավիրվում է ընկերության ներկայացուցիչը, ով ներկայացնում է իր հնարավոր հակափաստարկները, որից հետո միայն Երևանի քաղաքապետը համապատասխան որոշում է կայացնում, և եթե այդ որոշման մեջ «ապամոնտաժելու» մասին խոսք լինի, այդ որոշումը չբողոքարկվի, ընկերությունն իր հաշվին չիրականացնի ապամոնտաժումը, ապա այդ ժամանակ որոշումը հարկադիր կատարելու խնդիր կառաջանա:
Kos
Սիգարոնի սիգարետները միշտ դուրս ենք տարել, քանիոր շատ լավ նվեր է: Չեմ հասկանում ինչեք ուզում այդ խանութից. Սիգարոնի խանութն է, գրածա սիգարոն, իսկ ինչ գրեն? ?
Կարեն
Ամեն ինչ շատ հարթ է շարադրված, բացի մի մտքի. “Նշենք, որ ապօրինի տեղադրված գովազդային միջոցի հայտնաբերման դեպքում կազմվում է վարչական արձանագրություն և օրենքով սահմանված կարգով այն ապամոնտաժվում է”: Մինչդեռ, այդ «օրենքներ»-ի անգամ ամենամանրամասն ուսումնասիրությունը, էդպես էլ, չբացահայտեց «օրենքի» որևէ դրույթ, որը քաղաքապետարանի աշխատակցին ինչ-որ բան “ապամոնտաժելու” իրավունք կնախատեսեր: Հավանաբար, նման դրույթ չկա էլ, քան որ, առկայության դեպքում, հաստատ կնշվեր հոդվածում: Իսկ էս դեպքում, մի վերացական ձևակերպում է կատարվել “օրենքով սահմանված կարգով այն ապամոնտաժվում է”: Կարծես թե, կատարվել է մի գործողություն, որի իրավունքը պաշտոնատար անձը, պարզապես, չի ունեցել: ՀՀ քրեական օրենսգիրքը (309-րդ հոդված) նախատեսում է պաշտոնական լիազորություններն անցնելու հանցակազմը հետևյալ ձևակերպմամբ. «Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը):»:
Միշա
Հանգիստ թողեք Սիգարոնին, հազիվ նորից բացվել է: Քաղաքաետարան, բա ինչես է լինում, որ Դավիդովին հանգիստ թողում եք Սարյան փողոցի վրա գովազդ փակցնել, իսկ Սիգարոնին ուզում եք արգելել?Թե դավիդովի հետ ուրիշ հարաբերությունների մեջ եք?
Փաստաբան
Հարգելի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն հայտարարության» հեղինակ, Ձեր այդ հայտարարությամբ փաստում եք այն մասին, որ՝ վերը նշված վարչությունում « «Գովազդի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքներից, ինչպես նաև Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի 37-Ն որոշումից» բացի այլ իրավական ակտերի մասին կամ տեղեկացված չեք, մասնավորապես, իրավահարաբերությունը կարգավորող «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ-ի, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2002թ. մարտի 19-ի հ. 270 որոշման, Երևանի քաղաքապետի` 27.04.2006թ. N 640-Ն որոշման մասին անգամ պատկերացում չունեք, կամ էլ՝ դիտավորյալ հանրությանը մոլորության մեջ եք գցում: Ի դեպ հայտարարությա մեջ նշված «ՀՀ կառավարության 217-Ն որոշում»-ը չփնտրեք, դա՝ հայտարարության հեղինակի ապատեղեկատվությունն է: Նմանապես ապատեղեկատվություն է նաև այն, որ իբր, « «ՍՊՍ Սիգարոն» ՍՊ ընկերության տնօրինությունը Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը բազմիցս բանավոր հարցում է կատարել «Սիգարոն» բովանդակությամբ գովազդ տեղադրելու հետ կապված և մերժվել է՝ ստանալով մանրամասն պարզաբանումներ մերժման հիմքերի մասին։ Որպես մերժման հիմք ներկայացվել է նաև հանգամանքը, որ… »: Ինքներդ դատեք, ինչպես կարելի է բանավոր դիմել և ստանալ մերժում:
փաստաբան
մաս 2 Ինչ վերաբերում է իրավական դիրքորոշմանն, ապա՝ տվյալ դեպքում կիրառելի են ոչ թե Ձեր կողմից նշված իրավական ակտերը, այլ՝ իմ կողմից վեր վկայակոչած իրավական ակտերը: Մասնավորապես, «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի ֆիրմային խանութի ճակատային մասում զետեղված « «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ» և «ֆիրմային խանութ» գրառումները ոչ թե գովազդ են, այլ` «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ պարբերությունների, ՀՀ կառավարության 2002թ. մարտի 19-իհ. 270 որոշման իմաստով, օրենսդրական պահանջի կատարում, այն է՝ այդ անշարժ գույքի տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տարածքի սեփականտեր իրավաբանական անձի մասին, ինչպես նաև՝ անշարժ գույքի նպատակային օգտագործման վերաբերյալ տեղեկություններ, ընդ որում՝ «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի ֆիրմային խանութում վաճառվում են ոչ միայն «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի արտադրանքը: Իսկ Երևանի քաղաքապետի` 27.04.2006թ. N 640-Ն որոշման հավելված 1-ի 2-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` «ՀՀ կառավարության 2002թ. մարտի 19-ի հ. 270 որոշման պահանջներին համապատասխան տեղադրվող ցուցանակների վրա զետեղվող տեղեկատվությունը արտաքին գովազդ չի համարվում: Արտաքին գովազդ են համարվում «Երևան քաղաքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) չափորոշիչներով» (այսուհետ՝ Չափորոշիչներ) սահմանված մակերեսից ավելի մակերեսով տեղադրվող ֆիրմային նշանները և գովազդվող ապրանքանշանները»: Այսինքն, «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի ֆիրմային խանութի ճակատային մասում առկա գրառումները միտված են ապահովելու «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջների կատարումը:
Կարեն
Տվյալ դեպքում, եթե չլինի օրենքի հստակ դրույթ, որը կնախատեսի պաշտոնատար անձի իրավունքը «ապամոնտաժելու», ապա, կարծում եմ, կատարված արարքը լրիվ կհամապատասխանի վերընշված հոդվածի բովանդակությանը: Ընկերության տարածած մամլո հաղորդագրության մեջ նշված էր, որ ընկերության աշխատակիցները զանգահարել են Ոստիկանություն, և Ոստիկանության աշխատակիցների կողմից արձանագրություն է կազմվել: Հետաքրքիր է, թե Ոստիկանությունը ի՞նչ գնահատական կտա տվյալ անձանց գործողություններին. Էլի աշխատելու է պետական վարչակագրգի ուժը և այդ անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու ե՞ն, թե` այս անգամ կլինի «օրենքով»: Սպասենք զարգացումներին…
Նվեր Սարգսյան
Հովանոցային գովազդ հասկացությունը օրենքի ուժ է ստացել 2007 թվականից:Փաստորեն վերջին 7 տարիներին Սիգարոնի ֆիրմային խանութի ցուցանակը համապատասխանում էր գավազդի մասին օրենքին, իսկ այսօր նույն այդ օրենքին չի համապատասխանում:Օրենքն այդ ընթացքւմ չի փոխվել:Պարզապես օրենքը մեկնաբանողներն ու նրանց շահերն են փոխվել...ՍՊՍ Սիգարոն ըկերությունը Հայաստանի այն բացառիկ արտադրողներից է,որին ճանաչում և գնահատում ե միջազգային շուկայում:Նման ընկերությանը օգնելու փոխարեն խանգարելը ուղղակի ահասկանալի է:Հասկանալի էր, երբ ժամանակին սիգարետ արտադրող միջազգային հայտնի ընկերություններից մեկը փորձում էր Սիգարոնին Բենիլյուքսի երկրներից դուրս մղել,ինչը չստացվեց:Բայց սեփական երկրում և պետական մարմինների կողմից??????????????

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter