
Եվրասիական թակարդ, կամ նոր ԽՍՀՄ-ի տեսիլքը
Հոկտեմբերի 3-ին «Իզվեստիա» թերթում հրապարակած իր «Նոր ինտեգրացիոն գործընթաց Եվրասիայի համար. ապագա, որը ծնվում է այսօր» հոդվածում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն առաջ քաշեց Եվրասիական միություն ստեղծելու նոր գաղափար:
Ռուսաստանի ապագա նախագահն, այսպիսով, բացահայտում է, որ հենց այս նախագծի կենսագործումն է լինելու իր արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունը: Այդ միության ձեւավորման հիմքը համարվում է Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի միջեւ ստեղծված մաքսային միությունը, ինչպես նաեւ 2012-ից նույն պետությունների շրջանակում այսպես կոչված միասնական տնտեսական գոտու կամ տարածության գործունեության մեկնարկը, որին մաս կազմելու ցանկություն են հայտնել նաեւ Տաջիկստանը եւ Ղրղզստանը:
Այս ձեւաչափը մասնակից երկրների միջեւ կապիտալի, մարդկանց ազատ տեղաշարժի, բիզնես ծավալելու սահմանափակումների վերացման հնարավորություն է տալու, քաղաքացիները հնարավորություն կունենան բնակվելու, կրթություն ստանալու եւ աշխատելու անդամ ցանկացած երկրում:
Ահա ձեւավորված այս նախնական բազայի վրա էլ Պուտինն առաջարկում է ստեղծել Եվրասիական միությունը` մի կողմից հիմք ընդունելով ԱՊՀ տարածքում ձեւավորված ինտեգրացիոն հարաբերությունները, մյուս կողմից` Եվրամիության փորձը, ձեռքբերումները: Նրա պատկերացրած միությունը վերազգային մի համակարգ է, որտեղ իրականացվելու է միասնական տնտեսական քաղաքականություն, որտեղ գործելու է միասնական տարադրամ եւ Կենտրոնական բանկ: Թեեւ ակնհայտ է, որ Պուտինը փաստացի առաջարկում է նոր միավորումը ստեղծել Եվրամիության օրինակով, սակայն հավաստիացնում է, թե այն ոչ թե հակադրվելու է վերջինիս, այլ կապող օղակ է լինելու միասնական Եվրոպայի եւ ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միջեւ: Եվ որպեսզի իր այս տեսլականն ավելի համոզիչ լինի, Պուտինը պնդում է, թե Եվրասիական միությունը բաց է լինելու անդամակցության համար, եւ որ դա խոչընդոտ չի կարող լինել այն երկրների համար, որոնք ԵՄ-ի հետ ներկայումս իրականացնում են ինտեգրացիոն ծրագրեր:
Ակնարկն ակնհայտորեն վերաբերում է այն վեց երկրներին, որոնք ԵՄ-ի Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում այս պահին ոչ միայն ներքին բարեփոխումներ են սկսել, այլեւ Ասոցացման շուրջ բանակցություններ են վարում ազատ առեւտրի գոտում ընդգրկվելու եւ վիզային ռեժիմի դյուրացման հեռանկարների շուրջ:
Թե կոնկրետ այս հանգամանքը եւ թե այն փաստը, որ Պուտինն իր հոդվածը հրապարակեց սեպտեմբերի վերջին Վարշավայում կայացած ԵՄ Արեւելյան գործընկերության` արդյունավետությամբ աչքի ընկած երկրորդ համաժողովից ընդամենը երեք օր հետո, ցույց է տալիս, որ այս գաղափարն իրականում ուղղված է Եվրամիության եւ նրա` դեպի արեւելք շարժվելու եւ Ռուսաստանի անմիջական ազդեցության գոտի ներթափանցելու անթաքույց քաղաքականության դեմ:
Հակազդեցության նման միջոցներին դիմելը, ինչպես նաեւ նոր քաղաքական միավորում ստեղծելու այս նախաձեռնությունը ցույց են տալիս, որ Մոսկվան այնքան էլ վստահ չէ հետխորհրդային տարածքում իր հովանու ներքո ստեղծված եւ գործող կառույցների, կազմակերպությունների կենսունակության հարցում, եւ որ դրանք իրապես եղել են ընդամենը ռուսական շահերը սպասարկելու միջոցներ: Եվ հենց այս հանգամանքն էլ թույլ է տալիս ենթադրելու, որ պուտինյան Ռուսաստանն այս նախագիծը փորձելու է կենսագործել` կիրառելով ռուսական ավանդական, ռեպրեսիվ գործիքակազմը` այդպիսով Եվրասիական միության ծխածածկույթի տակ փորձելով ստեղծել մի նոր, մոդեռնիզացված, «մինի» Խորհրդային Միություն:
Խնդիրն այն է, որ ներկայիս Ռուսաստանն ուղղակի ի վիճակի չէ նոր «Եվրամիություն» ստեղծել: Եվ պատճառը միայն այն չէ, որ միասնական Եվրոպան մի քանի առաջատար երկրների համատեղ նախաձեռնության եւ ամենակարեւորը` ազատ կամարտահայտման արդյունքում է ստեղծվել, մինչդեռ Ռուսաստանը փորձում կամ փորձելու է Եվրասիական միությունը ձեւավորել` ԱՊՀ երկրների նկատմամբ ունեցած ազդեցության լծակներն օգտագործելու միջոցով:
Այսինքն` այն նույն մոտիվացիաներով ու մեթոդաբանությամբ, ինչպես մինչեւ հիմա իրականացված նմանատիպ բոլոր նախագծերում: Ռուսաստանն այդ երկրներին առաջարկելու նոր բան չունի, քան այն, ինչ նա տալիս կամ պարտադրում է ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵՎՐԱԶԵՍ-ի եւ նմանատիպ այլ կազմակերպությունների շրջանակներում: Իսկ ունեցած տնտեսական ազատությունների անմխիթար վիճակով, համակարգային բնույթ ունեցող կոռուպցիայի մասշտաբներով, ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության մակարդակով այդ երկիրը նույնիսկ շատ ավելի վատ վիճակում է, քան մի քանի այլ հետխորհրդային երկրներ: Այսինքն` այն արժեհամակարգը, քաղաքական, սոցիալական, տնտեսական ենթակառուցվածքները, որոնք ունի Ռուսաստանը, պարզապես անհնարին են դարձնում անգամ տեսականորեն Եվրամիության հետ մրցակցող կենսունակ նոր կազմակերպության ստեղծումը: Այն, ինչ առաջարկում է Ռուսաստանը, լինելու է քաղաքական շարժառիթներով ստեղծվող մի կազմակերպություն, որը ղեկավարվելու է Մոսկվայից, եւ որի համար անդամ երկրների ազգային շահերը լինելու են երկրորդական:
Եթե այս իրողությունները չլինեին, եւ եթե Ռուսաստանն ունակ լիներ ավելին առաջարկելու, քան փաստացի նոր տիպի ԽՍՀՄ-ը, որի վերականգնումն, ի դեպ, ամբողջությամբ տեղավորվում է Մոսկվայի ամբողջատիրական նկրտումների համատեքստում, Հայաստանի համար Եվրասիական միությունը կարող էր շատ ավելի նախընտրելի լինել: Որովհետեւ տնտեսական բաղադրիչից բացի, այն ունի նաեւ անվտանգության, ստրատեգիական լուրջ նշանակություն: Բայց նոր ԽՍՀՄ-ի վերականգնումն առաջին հերթին Հայաստանին զրկելու է ինքնիշխանությունից: Դա պայմանավորված է լինելու երկու հանգամանքով: Նախ` ակնհայտ է, որ միայն Բելառուսով եւ Ղազախստանով Եվրամիությանը հակակշռող ձեւաչափ հնարավոր չէ ստեղծել եւ Մոսկվային անհրաժեշտ է լինելու այդ գործընթացում ներգրավել հնարավորինս ավելի շատ երկրների:
Երկրորդ` ակնհայտ է, որ այս նախագիծը ծնվել է հենց ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրից բխող այն ռիսկերից, որոնք իր համար տեսնում է Ռուսաստանը: Իսկ այդ ծրագրի հիմնական նպատակը Հարավային Կովկասի եւ Եվրոպայի արեւելյան սահմանագծին հարակից երկրներին կլանելն ու Ռուսաստանի ազդեցությունից հանելն է: Այսինքն` ակնհայտ է դառնում, որ Մոսկվան ձգտելու է առաջնահերթորեն հենց այս գոտիների երկրներին ներգրավել եվրասիական նախագծում` այդպիսով տապալելով ԵՄ-ի հեռահար ծրագրերը:
Ուկրաինան, Վրաստանը, Ադրբեջանը եւ Մոլդովան կարողացել են համեմատաբար անկախ քաղաքականություն իրականացնել եւ ունեն Ռուսաստանի ճնշումներին դիմագրավելու ներքին ռեսուրսներ: Այս շղթայում միակ երկիրը, որ նման պոտենցիալ չունի, Հայաստանն է: Այս փոքր երկիրը, որի էներգետիկ ու տնտեսական ողջ համակարգը ռուսական սեփականությունն է, որի իշխանություններն իրենց լեգիտիմությունը գտնում են ոչ թե սեփական հասարակության, այլ Մոսկվայի «դաբրոն» ստանալու միջոցով, որը Ռուսաստանը համարում է իր անվտանգության հիմնական երաշխավորը եւ դա վավերացնում միջազգային պայմանագրերով, որի տնտեսությունը դեռեւս շնչում է բացառապես Ռուսաստանից եկող տրանսֆերտների շնորհիվ, կարող է դառնալ այն մանրադրամը, որ վճարվելու է Եվրասիական միության գաղափարի կենսագործման համար:
Հայաստանն իր անկախության դեմ ուղղված այս նախաձեռնությանը դիմակայելու ոչ մի ռեսուրս այսօր չունի: Եվ եթե Պուտինը, վերադառնալուց հետո, իսկապես ձեռնամուխ լինի այս նոր միության ձեւավորմանը, առաջիններից մեկը, որին կդիմի, լինելու է նրա «ստրատեգիական» գործընկեր Հայաստանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել