HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Արմեն Մարտիրոսյան. «Դուք այն եք, ինչ ներկայանում եք, ուրեմն՝ գնացեք ձեր գյուղ, ոչխար կառավարեք»

«Պատկերացրե՛ք, օրինակ, թղթի գինը 20%-ով թանկանա Մաքսային միություն մտնելու եւ եւս 20% տոկոսով՝ դրամի արժեզրկման պատճառով. եթե գրքի համար չէին վճարում 3000 դրամ, ապա ինչի՞ պետք վճարեն 6000 դրամ։

Բայց խնդիրը Պուտինի մեջ չի․ գոնե այս անգամ։ Խնդիրը մեր «ստրուկների» մեջ է․ եթե դու մշակութապես բավականին կոփված չես, բավականաչափ քանակությամբ գրքեր չես կարդացել, եթե գիտելիքներ չունես, գնում ես Ռուսաստան, օրինակ, եւ քեզ հետ տնտեսական հարցերով բանակցողը զեկույցի ընթացքում Շեքսպիրից կամ Ջոյսից է մեջբերումներ անում, իսկ դու՝ որպես հայ կոլեգա, բանակցող կողմ, «բոբիկ» ես, տնտեսական մրցակցային պայմանների մասին խոսք անգամ գնալ չի կարող․․․ Սա այն դեպքում, երբ համոզվեցի, որ Տնտեսական միության պայմաններում պետությունների միջեւ հավասարության նշան է դրված»․ Արմեն Մարտիրոսյան։ 

Դեկտեմբերի 10-ին «Անտարես» մեդիա հոլդինգում միջադեպ էր գրանցվելհրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրել էր, որ 3 հոգի եկել են հրատարակչության գրասենյակ եւ առանց պատշաճ հանձնարարագիր ներկայացնելու՝ «ստուգման նպատակով» փաստաթղթեր են պահանջել։

Քաշքշուկի վերածված «հանդիպումը» ավարտվել էր նրանով, որ հաջորդ իսկ օրը «Անտարես» ներկայացած տեսուչները ավելի «պատկառելի» տեսքով էին եկել եւ նույնիսկ խոսել գրականությունից։

Այս միջադեպին անդրադառնալու նպատակով հանդիպեցի հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ, ով հաստատեց տեղի ունեցածի իսկությունը եւ ցանկություն հայտնեց խոսել նաեւ դեկտեմբերի 4-5-ը Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած «Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարները» խորագրով կոնֆերանսի մասին, որին ինքը մասնակցել է մյուս պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ներկայացուցիչների հետ։

Զրուցակցիս մեկնաբանություններից կարելի է եզրակացնել, որ Տնտեսական միությունը փորձում է տրամադրել հավասար տնտեսական գործունեության հնարավոր դաշտ, այնինչ հայկական բանակցային կողմը, «դրսեւորելով ոչ գրագետ եւ խելամիտ մոտեցում, խոսելով ավելի ցածր մակարդակից, հերթական անգամ տնտեսությունն սպանելու եւ ոչնչացնելու փորձեր է անում» (մեջբերված հատվածը՝ զրույցից)։

Թե ինչի մասին է մասնավորապես խոսքը, եւ ինչ հիմքերի վրա է հոլդինգի տնօրենը նման եզրակացության եկել, մանրամասները՝ հարցազրույցում։ 

-Կոնֆերանսի առիթով մի քանի անակնկալներ ունեմ, քանի որ շատ ավելի վատ պատկերացումներով եւ կանխատեսումներով էի մեկնել։ Մասնակցելու ընթացքում եւ հետո՝ վերլուծելու արդյունքում, հասկացա, որ համագործակցության հետաքրքիր տեղ է, եւ, ինչպես ցանկացած համագործակցություն, եթե շահերդ չես պաշտպանում, թանկ ես վճարում, եթե խելամտորեն սակարկում ես, ստացվում է։

Շատ կարեւոր մի բացահայտում արեցի․իսկապես հավասարների միություն է։ Մի հետաքրքիր արտահայտություն դրա ապացույցն է․ երբ խոսք էր գնում հեղինակային իրավունքի մասին, հանձնաժողովի անդամներից մեկը շեշտեց, որ, ցավո՛ք, այստեղ մշակութային տարրեր քննարկվել չեն կարող, որովհետեւ զուտ տնտեսական հարցերի քննարկման դաշտ է։ Սա արդեն, մեզ համար, կարող եմ ասել՝ բարեբախտաբար։

Ես հարցրեցի՝ այդ դեպքում ինչի է՝ բոլոր պարամետրերով կամ գրեթե բոլոր պարամետրերով  ապրանքների անվանացանկում դրվել հավասարություն տուրքերի մասով, երբ  մենք գնման ծավալներով զիչում ենք մնացած պետություններին, եւ ներկրված ապրանքը ավելի է թանկանում բարդ ճանապարհների հաշվին, այն դեպքում, երբ մեր շուկայում հայտնված ապրանքը իր գնի թանկ լինելու պատճառով չի սպառնում, չի խանգարում մնացած շուկաներին։ Նրանց պատասխանը հետեւյալն էր՝ «մենք պաշտպանում ենք մեր շուկան»։ Հետո ավելացրին, որ իրենք բանակցել են մեր ղեկավարների հետ, եւ շատ ապրանքատեսակներ այլ դրույքաչափով են հարկվելու։

-Որպեսզի ավելի մասնավորեցնեք տնտեսական մրցակցության եւ շուկայում տիրող իրավիճակի հետագա ճակատագրի մասին շրջանառվող բանակցային գործընթացը, պետք է խնդրեմ՝ նկարագրությունը հիմնված լինի որեւէ օրինակով։

-Ուրեմն շատ ապրանքատեսակներ կան, որ Հայաստան ներմուծելու կամ Հայաստանից արտահանելու համար մաքսատուրքը 0-ական էր, ինչ-որ ապրանքատեսակների համար 5-10% -ի չափով սահմանված մաքսատուրք կար։

Թուղթը, օրինակ, Ռուսաստան հասնում է էապես ավելի էժան, քան Հայաստան․ երկու պատճառով,  քանի որ Ռուսաստան ներկրվում է թղթի ավելի մեծ քանակություն՝ ռուսական շուկայի մեծության պատճառով, երկրորդ՝ ճանապարհները շատ ավելի շատ են եւ դյուրին։ Հայաստանում մի քանի պատճառներով թղթի ներկրումը թանկ է արժենում․ նախ ծովային ճանապարհ չունենք՝ ապրանքն ստանում ենք Վրաստանի կամ Իրանի միջոցով, ապա լեռնային ճանապարհն էլ ավելի է թանկացնում պրոցեսը, էլ չասած՝ Կովկասյան երկաթգծի գործոնի մասին, որը, որպես հետամնաց մոնոպոլիստ, եւս ազդում է այս պրոցեսի վրա (այնինչ՝ ժամանակակից տեղափոխման միջոցներով անհամեմատ ավելի մատչելի կստացվեր)։

Վերոնշյալ պատճառներով, եթե Ռուսաստանում, օրինակ, թուղթը ստանում են 1 դոլարով (պայմանական գին), մենք ստանում ենք, 1,3 դոլարով։

Այնուհետեւ մինչ Մաքսային միություն (Տնտեսական միություն) մտնելը մենք վճարում էինք 0%, ռուսները՝ 20% մաքսատուրք (քանի որ իրենք թուղթ արտադրող են եւ ուզում են իրենց ներքին շուկան պաշտպանեն՝  նախ տեղական շուկայում սպառեն իրենց արտադրությունը)։

Այնուհետեւ 2 երկրներում էլ կիրառվում է ավելացված արժեքի հարկը, եւ ստացվում է այնպես, որ Ռուսաստանը թուղթը ստաանում է 1,41 դոլարով, իսկ մենք՝ 1,56 դոլարով, բայց քանի որ մաքսատուրքերը պետք է հավասարեցվեն, 1,56 դոլարի վրա մենք պետք է ավելացնենք եւս 20%։

Ստացվում է՝ Ռուսաստանում թղթի արժեքը, օրինակ, այսուհետ կլինի՝ 1,41 դոլար, իսկ մեզ մոտ՝ 1,87 (ինֆոգրաֆիկան՝ ստորեւ)։

Նորից եմ կրկնում` մաքսատուրքը նախատեսված է շուկան պաշտպանելու համար, եթե, օրինակ, ունես տեղական արտադրանք, ուզում ես գործը խթանել՝ նախեւառաջ վաճառել քո ապրանքը, ներկրվողի համար սահմանում ես հավելյալ տուրքեր։

Մաքսատուրքը երբեք չունի շուկան սպանելու, շուկան ոչնչացնելու խնդիր․ այն կարգավորող գործիք է․ լուցկին ստեղծված չի հրդեհ առաջացնելու համար, բայց կարող է առաջացնել․․․ Հիմա մաքսատուրքը ստեղծված չի տնտեսությունը քայքայելու համար, բայց ոչ խելամիտ կիրառման դեպքում հենց նշված գործառույթն էլ իրականացնում է։

Մեր կողմի բանակցողները չեն բացատրել այս նրբությունները, որ գիտեք՝ Հայաստանը փոքր երկիր է, եւ ապրանքները քիչ քանակով են գալիս, թանկ են գալիս, մենք լավ ճանապարհներ չունենք,  եւ արդյունքում՝ մեր ապրանքներն ավելի թանկ են արժենում, քան ձեր սահմանած տուրքի չափն է: Չեն զգուշացրել, որ մեր ապրանքն առանց տուրքի ավելի թանկ է, քան իրենց ապրանքը՝ տուրքով, չեն ասել, որ, պարոնա՛յք, մեր շուկան չի սպառնում ձեր շուկային, եկեք չբարդացնենք մեր շուկայի վիճակը։

Սա էր պետք ասել ընդամենը։ Եվ, երբ ես այս հարցերը բարձրացրեցի կոնֆերանսի ընթացքում, կողմերն արձագանքեցին՝ ասելով՝ բացատրեցիր, հասկացանք, բայց «ձերոնք» լռում են։ Հասկանու՞մ եք՝ դա իրենց մտածելու խնդիրը չի, իրենք ուղղակի հարցնում են՝ ինչի է ձեր բանակցողը «ստրուկի» նման ներկայացել այստեղ, մենք գործընկեր էինք փնտրում։

Հիմա ես չգիտեմ՝ այդ բանակցողն ով է եղել, բայց Էկոնոմիկայի նախարարության տիրույթում է քննարվել այս ամենը։ Սա միայն թղթի մասին ասեցի․․․ Գուցե բանակցողները փորձել են թթվասերի գինը պահպանել, որպեսզի սոցիալական վրդովմունք չառաջանա․․․ Բա՞ տնտեսությունը, բա՞ մշակույթը, բա՞ գիրքը։

Մենք տուժել չենք ուզում, բայց «ապաշնորհ», «ստրուկ» մտածողությամբ բանակցողները մեզ սահմանափակում են։ Այս կոնֆերանսին ունեցած առնչությունից հետո հասկացա, որ մյուս կողմը պատրաստ է մեզ լսել եւ բանակցել։ Սխալը մեզնից է սկսվել։ 

-Իսկ Ղազախստանի եւ Բելառուսի Ձեր գործընկերները ի՞նչ դրության մեջ են։ Նրանց բանակցողները կարողացե՞լ են պաշտպանել իրենց շուկայի շահերը։ 

-Բոլորը գոհ են ներկայիս վիճակից։ Սա ստիպողաբար միություն չէ․ միգուցե ստիպողաբար միայն Հայաստանի համար է, այն էլ այն մասով, որ մենք «խաղեր» էինք տալիս Եվրոպայի հետ․ միությունը մեր կարիքը չուներ․ մենք խանգարող կույրաղիք ենք։

Ուրիշ բան, որ մենք կարող ենք այս միության բարիքներից օգտվել, դրա համար իմ նշած խնդիրները պետք է լուծվեն։ Ներմուծման ժամանակ, երբ որ կա տուրք + ԱԱՀ, երբ որ դու արդեն վերջնական ապրանքը պատրաստում ես եւ արտահանում, այդ ավելացրած արժեքի հարկը պետությունը քեզ վերադարձնում է, բայց, պարոնա՛յք, ա՛յ այստեղ, թույլ տվեք ասել, որ դուք խաբում եք, ձեր վերադարձրածը միայն ԱԱՀ-ն է, մաքսատուրքը չի վերադարձվում։ Գուցե Ձեզ հարմար է բյուջե լցնել այսկերպ, բայց առանց այն էլ թունավորված տնտեսությունը այսպես շատ ավելի արագ կսպանեք՝ լրացուցիչ թույն ներարկելով։ 

-Իսկ չե՞ք կարծում, որ մեր երկիրը ներկայացնող բանակցողները, շրջանցելով Ձեր նշած հնարավորությունները, այնուամենայնիվ, այդ գործարքին գնացել են հենց ռուսական շուկայի ապրանքատեսակները ներմուծելու նպատակով։ 

-Ռուսաստանի արտադրած թուղթը, օրինակ, չի բավարարում նույնիսկ իրենց։ Ռուսաստանը թղթի արտահանում շատ քիչ է կազմակերպում։ Այս առումով բացառիկ դեպք է, օրինակ, Իրանը, որը թուղթ է գնում Ռուսաստանից, ընդ որում՝ բավականին թանկ։ Եվ պատճառն ամենեւին էլ բարենպաստ պայմանները չեն, այլ այն, որ Իրանին այլ պետություններ թուղթ չեն վաճառում, եւ վերջինս այլ ելք չունի։ Երկրորդը՝ Ռուսաստանի հումքը եվրոպական հումքից տարբերվում է այնչափ, ինչքան ռուսական ժիգուլին տարբերվում է եվրոպական արտադրության մեքենայից։ Եվ մենք 25 տարի շարունակ եվրոպական միջազգային որակին համապատասխանող թուղթը չենք պատրաստվում փոխարինել ռուսական անհամեմատ անորակ թղթով։ 

-Կցանկանայի անդրադառնաք նաեւ դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած միջադեպին: Այն մտահոգությունները, որոնք ներկայացրիք հարցազրույցի ընթացքում, արդեն հայտնե՞լ էիք, որեւէ կապ տեսնու՞մ եք դրանց եւ տեսուչների այցի նպատակի միջեւ։ 

-Ո՛չ, չեմ կապում այս երկուսն իրար, որովհետեւ ես այսօր չեմ սկսել խոսել։ Ես, եթե նկատում եմ թերությունը, որպես տանտեր, փորձում եմ մսի մեջ եղած ճարպագունդը հանել, որպեսզի կերակուրն առանց ճարպագնդի պատրաստվի։ Ի՜նչ որակի խոհարար ուզում ես եղիր՝ վատ մսից լավ բորշ չես սարքի։

Միշտ էլ խոսել եմ, երբ առիթ է եղել։ Հիմա, երբ տեսնում եմ, որ իմ պետության մեջ աղբ կա, փորձում եմ ազատվել այդ աղբից, երբ տեսնում եմ իմ պետության ծառայողը լավ չի ծառայում, փորձում եմ ուշադրություն հրավիրել՝ սկզբից նրա ղեկավարին եմ տեղեկացնում, հետո ղեկավարի ղեկավարին, հետո հանրությանը։ Բայց ունենք այն, ինչ ունենք։

Բոլոր խնդիրները նախ մշակութային են։ Հարկայինի հետ ունեցած միջադեպը ցույց տվեց նրանց ոչ մաշկութային կեցվածքը, գիրք չկարդալը, երաժշտություն չլսելը։ Միգուցե նրանք լողանում են, բայց մտավոր կեղտն ավելի վտանգավոր է։ Մենք մտավոր գարշահոտության, աղետի մեջ ենք․․․Ինչի՞ պիտի ինձ այցելած ոչ մի տեսուչ «Խաչագողի հիշատակարան»-ից այն կողմ գիրք կարդացած չլինի․․․ Սա՞ է մեր գրականության գագաթնակետը։ Մենք միայն մեր ոջիլների՞ մասին պետք է խոսենք, մե՞ր յուղով տապակվենք։ Մենք աշխարհի քաղաքացի ենք, ՄԱԿ-ում գրանցված պետություն, ու, տղե՛րք, եթե, Դուք այն եք, ինչ ներկայանում եք, ուրեմն՝ գնացե՛ք ձեր գյուղ, ոչխար կառավարեք, ոչ թե կառույցներ, որոնք մշակութային, կրթական լուրջ դաշտ են ներկայացնում։ Սա ձեր խելքի բանը չի․ ո՛չ հոգեւոր պատրաստվածություն ունեք, ո՛չ մտավոր․․․ Գնացե՛ք, տղե՛րք։ 

-Ի՞նչ զարգացումներ կունենա գրահրատարակչական գործը այս դեպքում։ 

-Լավ կանխատեսումներ չունեմ՝ չնայած որ միշտ լույսը տեսնող մարդ եմ։ Եթե մենք կարողացանք Տնտեսական միության պայմաններում մեկ ամսվա մեջ լուրջ բանակցություններ վերսկսել, ասել՝ կներե՛ք, մեր բանակցողները այդ գիտելիքները չունեին, «ղալաթ» ենք արել, նորմալ մարդ չենք ուղարկել, մի անգամ էլ տվեք այդ հավասարների շուկայում քննարկել մեր դիրքերն ու մեր շահերը, ապա այդ դեպքում էապես լավ կլինի, եւ մեծ շուկա դուրս գալու հնարավորություններ կունենանք։ Հարցեր շատ կան․ օրինակ՝ ինչպես պետք է անենք, որ Հայաստանի մաքսավորն ու բրոկերը պատշաճ միջամտություն ցուցաբերեն, չկոռումպացնեն գործընթացը։

-Հակառակ դեպքում․․․

-Գահավիժումը շարունակվելու է։ Ասում են՝ «բնականոն զարգացում»․ այն լինում է ինչ-որ պայմաններում․ հին Եգիպտոսից, ացտեկներից, Ուրարտուից ի՞նչ է մնացել։ Դեգրադացիան ի վերջո կերավ այդ քաղաքակրթությունները։ Հին հույները, գիտե՞ք՝ ինչ էին անվանում այն մարդկանց, ովքեր հասարակական կյանքով չէին հետաքրքրվում, քաղաքական պրոցեսներում չկային․«իդեոտուս» (հին հուն․՝ ἰδιώτης, idiōtēs )․․․ Եթե մենք այդ բառը թարգմանում ենք «ապուշ», ապա այս «ապուշությունից» դու՛րս գանք, զբաղվե՛նք քաղաքականությամբ, հակառակ դեպքում՝ զոհն ենք այդ նույն քաղաքականության։ Ու չօգտագործենք «մի՛ քաղաք-ականացրու» արտահայտությունը, որի  հոմանիշը «մի գեղ-ականացրու»-ն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter