Հարսի տարազը ամենամեծ պահանջարկն ունի
«Տերյան մշակութային կենտրոնը» վերջին 5-6 տարիների ընթացքում զբաղվում է հայկական ազգային հագուստի՝ տարազի ստեղծմամբ: Կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը համոզված է, որ հայկական տարազը կարելի է դարձնել նաև միջազգային բրենդ:
«Եթե լինի գրագետ ոճավորված հագուստ, հաշվի առնվեն ժամանակակից միտումները, դա կաշխատի, որովհետև տարազը շատ սիրուն հագուստ է, - ասում է Լ. Մելիքյանը: - Բայց ոչ թե այն ուղղակի ներկայացնես որպես քոնը, այլ պետք է հաշվի առնել, թե ինչ են հիմա գերադասում մարդիկ, ինչ է հնարավոր ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան»:
«Մարաշլեան» ֆոտոատելիեի» կողմից արված լուսանկարներում, ինչպես նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվող «Լավաշ» (#Lavash) ֆլեշմոբի և ազգային հագուստով մի շարք այլ նախաձեռնությունների ֆոտոշարքերում ներկայացված են «Տերյան մշակութային կենտրոնի» ստեղծած տարազները: Կենտրոնում ներկայացված են թե թանգարանային նմուշների օրինակով ստեղծված տարազները, թե դրանց ոճավորված տարբերակները:
«Մեր տարազաներն այնքան լավն են եղել, որ իրականում այժմ ոճավորելու քիչ բան կա», - համոզված է Լիլիթ Մելիքյանը, ով մասնագիտությամբ նկարիչ-դիզայներ է:
Կենտրոնի փոքրիկ արվեստանոցում աշխատում են դերձակները, նկարիչները, տիկնիկագործը, գորգագործը: Այնտեղ կարելի տեսնել թե դեռ նոր ձևվող, թե արդեն պատրաստի նմուշներ՝ ազգայի նախշերով պայուսակներ, գլխարկներ, տարազներով տիկնիկներ և այլն:
Լիլիթը հիշում է, որ երբ նոր էին սկսել զբաղվել տարազների ստեղծմամբ, շատերն էին հարցնում, թե ում է հետաքրքրելու տարազը կամ ովքեր են լինելու պատվիրատուները: Բայց աստիճանաբար տարազի շնորհիվ ավելացավ կենտրոնի այցելուների թիվը, ի հայտ եկան նաև այնպիսի պատվիրատուներ, ովքեր տարազը պատվիրում են ոչ միայն բեմում ելույթ ունենալու համար, այլև որպես ամենօրյա հագուստ:
«Մենք ստեղծում ենք իրական նմուշ ու կշարունակենք դա ստեղծել: Շատ հաճելի է դա ներկայացնել: Հայաստանում պետք է լինեն իսկական տարազի գրագետ պատրաստված նմուշներ: Դրանք չպետք է լինեն թանգարանում ցուցափեղկերի տակ դրված, այլ հագուստ, որը հագնում են, հյուր են դիմավորում, երկիր են ներկայացնում: Պետք է լինի ժամանակակից հավաքածու, որը շատ հեռացված չլինի իրականից», - ասում է Լ. Մելիքյանը:
Նկարիչ-դիզայները կարծում է, որ տարազը բրենդ դարձնելու լավագույն տարբերակներից մեկը կլինի այն, որ արդեն իսկ նորաձևության ոլորտում հայտնի էթնիկ հագուստների ցուցադրությունների ժամանակ ներկայացնի նաև հայկական տարազը: Միաժամանակ, անհրաժեշտ է, որ լինի տարազի արտադրություն, որպեսզի ապահովեն նաև հագուստի քանակը: Կենտրոնն այժմ կարողանում է ստեղծել միայն առանձին նմուշներ: Քանակ ապահովելու համար հավելյալ ռեսուրսներ են անհրաժեշտ:
Կենտրոնում առկա հագուստներից ամենամեծ պահանջարկն ունեցողը հարսի շորն է: Աստիճանաբար մեծանում է այն հարսնացուների թիվը, ովքեր նախընտրում են իրենց հարսանիքին հագնել տարազ՝ թե դրա դասական, թե ոճավորված տարբերակով:
Լիլիթ Մելիքյանը համամիտ չէ այն կարծիքի հետ, թե տարազի մասին քիչ գրականություն կամ տեղեկատվություն կա: Իրականում կան բազմաթիվ սկզբնաղբյուրներ, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի տարբեր շրջաններին բնորոշ տարազներն ու դրանց առանձնահատկությունները: Առավել մեծ հնարավորություններ են տալիս թանգարանային նմուշները: Կենտրոնը որդեգրել է տարազների ստեղծման երկու հիմնական ուղղություն: Նախ, ստեղծել տարազի բնօրինակին մոտ՝ թանգարանային նմուշը, որից հետո դրա հիման վրա ստեղծել ոճավորված տարբերակները: Պարզապես այդ ոճավորված տարբերակը գրագետ մատուցելու համար պետք է խորքային ուսումնասիրել տեսական նյութը և ճիշտ պատկերացում ունենալ տարազի իրական տեսքի մասին:
Հայկական տարազն այնքան հարուստ է տարբեր գույներով, նախշերով, ձևով, որ ստեղծագործելու լավ հիմք է հանդիսանում: Սակայն եթե հագուստի և զարդերի դեպքում բազմաթիվ նմուշներ կարելի է կրել իրենց դասական տարբերակով՝ առանց ոճավորման, ապա նույնը չի կարելի ասել կոշիկի դեպքում:
Կենտրոնում պահպանվում է դասական տրեխի մի նմուշ, որն ավելի շատ դիտարկվում է որպես հուշանվեր: Նկարիչ-դիզայների կարծիքով՝ կոնկրետ տրեխի պարագայում դժվար է այն դարձնել ժամանակակից, որովհետև կենցաղային պայմանները բավականին փոխվել են: Այն տրեխը, որ հագել են մեր նախնիները, հարմար է եղել հողի վրա քայլելու համար, բայց ոչ այսօրվա ասֆալտի, բետոնի կամ կաֆելի համար: Դրա այլընտրանքային տարբերակը կարող են հանդիսանալ այն կոշիկները, որոնք իրենց ձևով նման են տրեխին, բայց ավելի հարմարավետ են:
«Աշխարհում ինչով պետք է առանձնանաս, եթե ոչ քո մշակույթով: Այդ մշակույթի մի մասն էլ կազմում է ազգային հագուստը՝ տարազը: Եթե մերը չպահպանենք, չզարգացնենք, օտարը մեր փոխարեն դա չի անի», - համոզված է Լիլիթ Մելիքյանը:
Դիզայների կարծիքով՝ հայկական տարազի դեպքում պետք է հատուկ ուշադրություն դարձնել ասեղնագործության ու ժանյակների վրա: Կենտրոնում պահպանվում է Վան-Վասպուրականի շրջանի հայկական տարազ, որը ստեղծվել է ընդօրինակելով բնօրինակը: Դրա ստեղծման համար պահանջվել է մոտ մեկ տարի, որովհետև հատկապես ժամանակատար էր տարազի մաս կազմող ասեղնագործությունների հատվածը: Այն թե բազմագույն է, թե հագեցած է տարբեր նախշերով: Ոճավորման միջոցով նրանք աշխատում են ստեղծել ավելի մատչելի միջոցներով, բայց և դասական տարբերակին մոտ հագուստներ:
«Տարազների հետ կապված բազան շատ է: Եթե անգամ մի դար ազգային հագուստը ոճավորելով զբաղվես, չես կարող ասել՝ այլևս անելու բան չկա: Այստեղ միշտ շատ գործ կա, ամեն օր կարող ես նոր բան գտնել, - ասում է Լիլիթ Մելիքյանը: - Հիմա Հայաստանում կան այլ դիզայներներ ևս, ովքեր զբաղվում են տարազով հավաքածուի ստեղծմամբ: Բայց եթե անգամ բոլոր հայ դիզայները զբաղվեն տարազով, միմյանց չեն կրկնօրինակի»:
Կենտրոնում պարբերաբար անց են կացնում հայկական տարազի մասին դասախոսություններ և ազգային պարերի և երգերի երեկոներ: Չնայած կենտրոնն ի սկզբանե ստեղծվել է Վահան Տերյանի թողած ժառանգությունը հասարակությանը ներկայացնելու և տարածելու նպատակով, սակայն վերջին տարիներին այստեղ զարգացել է տարազների ստեղծման մշակույթը: Լիլիթ Մելիքյանի համոզմամբ՝ հայրենիքը ճանաչելու միջոցներից մեկը մշակույթն է, որն ազգի դիմագիծն է: Իսկ դրա վառ տարրերից մեկն ազգային հագուստն է՝ տարազը: Չնայած հիմա քչերը կհագնեն տարազի դասական տարբերակը, բայց հնարավոր է ոճավորման միջոցով ստանալ ժամանակակից տարբերակներ: Դրանք կարող են տարածվել հասարակության ավելի լայն շրջաններում, որպեսզի տարազը չլինի միայն բեմից երևացող հագուստ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել