HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջնորդները

Հայաստան-Ադրբեջան - 2011. կարծիքներ ու մեկնաբանություններ  

Ղարաբաղյան կարգավորման միջնորդների գործունեության, բախման գծում կայուն անդորրի պահպանման համար ջանքերի ու եղած իրավասությունների, հակամարտության կողմերի արանքում տեղավորված միջազգային առաքելության մասին են հայ քաղաքագետներ Ռուբեն Հակոբյանի եւ Կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի, Ադրբեջանից` Շահին Հաջիեւի (Թուրան գործակալություն, խմբագիր) եւ Ուզեիր Ջաֆարովի (ռազմական փորձագետ, պահեստի գնդապետ-լեյտենանտ) հետ մեր զրույցները: 

Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուվագծող մեր հարցումները (20 թեմաներով 40 տարբեր մասնագետների հետ զույգ հարցազրույցների շարք) «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն է:

Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Հետք» եւ Ադրբեջանում «Նովոյե Վրեմյա» թերթերում:

Ադրբեջանում հարցազրույցներն անց է կացնում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:

Միջնորդները

Ռուբեն Հակոբյան, քաղաքագետ

Հայաստանում բավարարվա՞ծ են Ղարաբաղյան կարգավորման միջնորդներով` Մինսկի խմբով եւ համանախագահներով: Ի՞նչ բացթողումներ եւ ձեռքբերումներ են նրանք ունեցել իրենց գործունեության ողջ ընթացքում:

Առաջին հայացքից պետք է ասել` ոչ: Իրականությունն այն է, որ հակամարտությունն առայժմ լուծված չէ: Բայց այդպես է առաջին հայացքից, որովհետեւ քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Ես կարծում եմ, որ Մինսկի խումբն անում է այն, ինչ հնարավոր է` նկատի ունենալով համանախագահների մանդատի լիազորությունների սահմանները եւ հակամարտող կողմերի` ծայրահեղ բեւեռներում գտնվող դիրքորոշումները:

Այն, որ Մինսկի խմբի գործունեության ընթացքում պատերազմը  չի վերսկսվել, արդեն կարելի է դիտել որպես հաջողություն: Ես նաեւ իրենց գործունեությանն եմ սա վերագրում: Ի վերջո, Մինսկի խումբն այս հակամարտությունը պահում է աշխարհի ուշադրության կենտրոնում, եւ յուրաքանչյուր շարժում անցնում է Մինսկի խմբի գործունեության պրիզմայով: Իհարկե, սա չի նշանակում, որ Մինսկի խմբի գոյության պայմաններում պատերազմը բացառվում է, բայց այն զսպող գործոն է, առայժմ:

Հարցն այնքան է միջազգայնացված  եւ գտնվում է գերտերությունների ուշադրության եւ շահերի կենտրոնում, որ միայն արկածախնդիր իշխանությունը կարող է պատերազմ նախաձեռնել: Կարծում եմ` հակամարտող կողմերից որեւէ իշխանություն պատերազմ կարող է նախաձեռնել միայն այն դեպքում, երբ վտանգված է իր կամ իր թիմի իշխանությունը, ինչը կարող է կործանարար լինել տվյալ պետության եւ ժողովրդի համար: Չեմ կարծում, որ Հայաստանի որեւէ իշխանություն կարող է նման արկածախնդրության դիմել:

Որպես թերություն ասեմ, որ Մինսկի խումբը, ելնելով ինչ-ինչ սկզբունքներից, գնահատականները շատ լղոզված է ներկայացնում: Ինձ համար միշտ անընդունելի է եղել, երբ զոհին եւ դահճին նույն հարթության վրա են դրել, եւ հստակ գնահատական չի տրվել կողմերից յուրաքանչյուրի արած քայլերին: Դրա անհրաժեշտությունը կա, որովհետեւ եթե նախահարձակ եղողին գնահատական չի տրվում, նա դրանից ոգեւորվում եւ ավելի ագրեսիվ գործողությունների է դիմում, ինչը խանգարում է հակամարտության կարգավորման գործընթացին: Բոլոր հիմնական հանդիպումներից առաջ ադրբեջանական կողմից պրովոկացիաներ են լինում, ինչը, կարծում եմ, համանախագահների կողմից համարժեք գնահատականի չի արժանանում:

Եւ Ադրբեջանում եւ Հայաստանում համոզված են, որ եթե Արցախը որեւէ կարգավիճակով մնա Ադրբեջանի կազմում, ապա շատ կարճ ժամանակ անց այնտեղ հայի հետք չի մնա: Նախիջեւանի օրինակը դրա վառ ապացույցն է:

Ի՞նչ մեխանիզմով կարող է փոփոխվել համանախագահության ձեւաչափը: Արդյո՞ք նման բան տեղի կունենա տեսանելի ապագայում:

Օրինակ` Թուրքիան շատ է շահագրգռված Մինսկի խմբում լինելու կամ ինչ-որ ձեւով մասնակցելու բանակցություններին: Դա պետք է բացառել, որովհետեւ Թուրքիան այս ընթացքում ցույց տվեց, որ ինքը  ոչ միայն չի նպաստում հակամարտության կարգավորմանը (նկատի ունեմ նրա հայտարարությունները եւ կեցվածքը հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված), այլ իր բացահայտ կողմնակալությամբ ավելի է նպաստում Ադրբեջանի ագրեսիվ եւ ծայրահեղ կեցվածքին: Գուցե հնարավոր է նոր պետություն ներգրավել, բայց դրանից էությունը չի փոխվի, որովհետեւ աշխարհակենտրոնի հիմնական ներկայացուցիչներն ընդգրկված են` Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ:  Աշխարհը փոխվել է, եւ միջազգային նորմերի համատեքստում որեւէ մեկը հարց լուծելու իմպերատիվ մանդատ չունի: Այժմ մենք ականատես ենք այն իրականությանը, որ իմպերատիվ  մանդատով հանդես են գալիս այն պետությունները, ովքեր չեն հարցնում աշխարհի կարծիքը, անում են այն, ինչ ցանկանում են` «ուժն է ծնում իրավունքը» սկզբունքով:

Շատ եմ ուզում հասկանալ, թե Արցախն ինչով է տարբերվում Կոսովոյից կամ Սուդանից: Այստեղ, անկեղծ ասած, ոչ թե իմ չհասկանալու պրոբլեմն է, այլ աշխարհակենտրոնների կողմից երկակի մոտեցումը: Կան աշխարհաքաղաքական շահեր, եւ այդ շահերով էլ հենց պայմանավորված է տվյալ միջազգային նորմի իրականացումը` տարածքի ամբողջականությո՞ւն, թե՞ ազգերի ինքնորոշում: Եվ եթե ուսումնասիրեք, թե ինչ սկզբունքներով ճանաչվեցին Կոսովոն եւ Սուդանը, կտեսնեք, որ Արցախը շատ ավելի կայացած պետություն է եւ առավել է համապատասխանում այդ սկզբունքներին, քան նշված երկրները: Այս դեպքում ակնհայտ է կենտրոնների կողմից երկակի մոտեցումը:

Միեւնույն ժամանակ անհասկանալի է, թե ինչպես կարող է Արցախը մասնակից չլինել իր ճակատագիրը որոշող բանակցություններին: Կողմերը պետք է գիտակցեն, որ այս հակամարտությունում վճռորոշը Արցախի ժողովրդի խոսքն է: Արցախի իշխանությունը պետք է պատասխանատվություն ստանձնի, իսկ դրա համար նրան պետք է պատասխանատվության դաշտ բերել` բանակցային սեղան: Կարծում եմ` առաջիկայում Արցախը կընդգրկվի բանակցությունների ձեւաչափում: 

Սերգեյ Մինասյան, Կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն

Որքանո՞վ են արդյունավետ ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող մոնիթորինգները: Ի՞նչ դեր ունեն միջազգային միջնորդները կրակի դադարեցման ռեժիմի պահպանման գործում:

Ես չեմ կարող ասել, թե կա հարյուր տոկոսանոց արդյունավետություն, բայց միեւնույն ժամանակ մոնիթորինգը լիովին համապատասխանում է իր նպատակներին եւ դրված խնդիրներին: Ինչ վերաբերում է միջնորդների դերին հակամարտության գոտում խաղաղության պահպանման գործում, ապա այն մեծ է: Մեծ է նրանց ոչ միայն որպես Մինսկի խմբի համանախագահների, այլեւ որպես միջազգային հսկա հեղինակություն ունեցող եւ նախեւառաջ միջուկային տերություններ համարվող երկրների (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) ներկայացուցիչների դերը: Ընդհանրապես, կրակի գծում փխրուն խաղաղությունը պահպանվում է շնորհիվ երկու կարեւորագույն գործոնների: Դրանք են` հակամարտող կողմերի միջեւ առկա ռազմական եւ ռազմատեխնիկական հավասարակշռությունը, ինչպես նաեւ միջազգային հանրության (առաջին հերթին` երեք միջնորդների) դիրքորոշումը, որոնք բոլոր մնացած հարցերում կարող են ունենալ տարբեր հայացքներ, բայց միակարծիք են ամենակարեւոր հարցում. Լեռնային Ղարաբաղի գոտում ռազմական գործողությունները չպետք է վերսկսվեն: Բնականաբար, դա իր դերը խաղում է:

Համապատասխանո՞ւմ է ԵԱՀԿ-ի` որպես եվրոպական մայրցամաքում անվտանգության կազմակերպության ներկա մանդատը բաժանարար գծում ռազմական գործողությունների ծավալումը կանխելու խնդրին:

Իհարկե, համապատասխանում է. արդեն 17 տարի պատերազմ չկա եւ չի լինի առաջիկա տարիներին: Ուրեմն, այո, համապատասխանում է: ԵԱՀԿ Մինսկի խմբի արդյունավետության աղբյուրը ոչ միայն եւ ոչ այնքան այն է, որ խումբը գործում է ԵԱՀԿ շրջանակում, այլեւ այն, որ համանախագահների եռյակը արտահայտում է երեք առաջատար տերությունների դիրքորոշումը: Եւ այս առումով, կարելի է ասել, որ խումբը պատվով է կատարում իր առաջադրանքը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ հակամարտությունը կարգավորված չէ, ապա չպետք է մոռանալ, որ Մինսկի խումբը բացարձակապես չի զբաղվում դրանով, այլ հակամարտության գոտու վերահսկողությամբ: Անհնար է հասնել փոխզիջման, եթե հակամարտող կողմերը պատրաստ չեն դրան, եթե նրանց դիրքորոշումները տրամագծորեն հակառակ են, հակասում են իրար: Եւ ելնելով սրանից` Մինսկի խումբը խաղում է բոլորովին այլ դեր. գլոբալ մոնիթորինգ առաջատար տերությունների կողմից, որոնք անում են ամեն ինչ, որպեսզի չվերսկսվեն ռազմական գործողությունները: Անհրաժեշտության դեպքում` սպառնալիքներով եւ ուժի ցուցադրությամբ, մեկ այլ պարագայում` համոզելով եւ այլն: Չի կարելի սպասել, որ համանախագահները ճնշում կգործադրեն հատկապես կողմերից մեկի վրա այն դեպքում, երբ կողմերն ամեն ինչ անում են հաշտության չհասնելու համար: Չէ՞ որ հասարակությունները եւ հակամարտող կողմերը դեռեւս շատ հեռու են ինչ-ինչ զիջումների գնալուց:

Կարելի է ասել, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները ռազմական գործողությունների անթույլատրելիության մասին դառնում են ավելի խիստ եւ ավելի հստակ: Բացի այդ, պետք է հասկանալ, որ դիվանագիտությունը միշտ չէ, որ հրապարակային բնույթ է ունենում, եւ ես վստահ եմ, որ ինչքան նրանք խոսում են ռազմական գործողությունների վերսկսման անթույլատրելիության մասին իրենց պաշտոնական հայտարարություններում, այդքան էլ (ուրիշ տերմիններով եւ ուրիշ լեզվով) խոսում են կողմերի հետ: Երբ կողմերից մեկը սկսեց ավելի հաճախ խոսել իր պատրաստության մասին` վերսկսելու պատերազմը, դա չէր կարող չունենալ իր հետեւանքները, եւ վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք տեսնում ենք, որ համանախագահների արձագանքն ավելի խիստ է, քան առաջ: Բարձրացել է ռազմական շանտաժի, ռազմական հռետորության մակարդակը: Կարծում եմ, որ այժմ նրանց արձագանքը լիովին տեղին է: Միաժամանակ պետք է հասկանալ, որ այն տեղավորվում է որոշակի դիվանագիտական շրջանակում:

Շահին Հաջիեւ, «Թուրան» գործակալության խմբագիր

Ադրբեջանում բավարարվա՞ծ են Ղարաբաղյան կարգավորման միջնորդներով` Մինսկի խմբով եւ համանախագահներով: Ի՞նչ բացթողումներ եւ ձեռքբերումներ են նրանք ունեցել իրենց գործունեության ողջ ընթացքում:

Մինսկի խմբի միջնորդների գործունեության գնահատականը փոփոխվում է` կախված այն բանից, թե ով եւ ինչ իրավիճակում է գնահատում: Ասենք, հարկ է տարբերակել պաշտոնական կառույցների եւ հասարակայնության` ի դեմս փորձագետների եւ վերլուծաբանների, կողմից տրվող գնահատականները: Բանն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ի սկզբանե ունի որոշակի մանդատ, որի շրջանակից չի կարող դուրս գալ: Գործնականում դա նշանակում է, որ ՄԽ-ը կարող է միայն առաջարկել կարգավորման զանազան տարբերակներ, մշակել դրանք եւ փնտրել նորերը, եթե կողմերը մերժում են առաջարկվածները:

Այսպիսի մանդատը ենթադրում է, որ լուծում կարող է գտնվել միայն կոնսենսուսի, այսինքն` կողմերի համաձայնության ձեռքբերման դեպքում: Եթե կողմերից մեկին ինչ-որ բան ձեռք է տալիս կամ ցանկանում է հրահրել միջնորդներին, նա հայտարարում է միջնորդների մեծ դերի, նրանց ծառայությունների ու ջանքերի կարեւորության մասին: Ընդ որում` արտահայտվում է կարծիք այն մասին, թե այդ կողմը (Բաքուն կամ Երեւանը) տեսնում է կարգավորումը միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Իսկ երբ միջնորդների գործողությունները կամ առաջարկները ձեռք չեն տալիս մի կողմին կամ կողմերին, միջնորդները եւ նրանց աշխատանքը ենթարկվում է քննադատության: Միջնորդներին կոչ են անում դրսեւորել արդարություն, ողջամտություն եւ նույնիսկ խիղճ: Ընդ որում` այդպիսի հայտարարություններն ու գնահատականները տրվում են ավելի շատ ներքին, քան միջազգային հանրության համար:

Իրենց հերթին, անկախ փորձագետները եւ վերլուծաբաններն ավելի օբյեկտիվորեն են գնահատում համանախագահների աշխատանքը` միաժամանակ ընդգծելով, որ նրանք` ՄԽ-ի համանախագահները, ոչինչ չեն որոշում, եւ վերապահումները (եթե կան) պետք է ուղղվեն Մոսկվային, Փարիզին եւ Վաշինգտոնին, այլ ոչ թե իրենց մայրաքաղաքներից հանձնարարություններ ստացող դիվանագետներին:

Համանախագահների վիճակն այնպիսին է, որ նրանք անկարող են խուսափել կողմերի (առավելապես Ադրբեջանի) քննադատությունից հակամարտության կարգավորման ունիվերսալ բանաձեւ չգտնելու կամ այն բանի համար, որ նրանք չեն կարողանում կամ չեն ուզում պարտադրել կողմերից մեկին` ընդունել խաղաղ համաձայնության պայմանները: Նման մեղադրանքներ ներկայացնողները շատ լավ գիտակցում են, որ միջնորդները չունեն եւ չեն կարող ունենալ լիազորություններ` պարտադրելու որեւէ մեկին ընդունել այս կամ այն պայմանը:

Այս ամենով հանդերձ, միջնորդների ձեռքբերումը կարելի է համարել այն, որ նրանք մշակեցին մեծ թվով առաջարկներ ու տարբերակներ, որոնք երկար տարիներ բանակցությունների սեղանին են եւ կողմերին թույլ են տալիս երկխոսել: Միջնորդների բացթողումը կարելի է համարել այն, որ ամենաչնչին նվաճումը կամ համաձայնությունը նրանց կողմից մեկնաբանվում է որպես ճեղքում կամ էական առաջընթաց:

Ի՞նչ մեխանիզմով կարող է փոփոխվել համանախագահության ձեւաչափը: Արդյո՞ք նման բան տեղի կունենա տեսանելի ապագայում:

Համանախագահների կազմի փոփոխություն կարող է կատարվել այն դեպքում, երբ անդամներից որեւէ մեկը հրաժարվի իր հետագա մասնակցությունից միջնորդական գործունեությանը: Գործնականում դա կնշանակի Մոսկվայի, Փարիզի եւ Վաշինգտոնի խոստովանությունը տարածաշրջանում ազդեցությունը կորցնելու մասին: Ուստի, կազմի փոփոխության հավանականությունը փոքր է:

Ուզեիր Ջաֆարով, ռազմական փորձագետ, պահեստի գնդապետ-լեյտենանտ

Որքանո՞վ են արդյունավետ ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող մոնիթորինգները: Ի՞նչ դեր ունեն միջազգային միջնորդները կրակի դադարեցման ռեժիմի պահպանման գործում:

Կարծում եմ, որ սահմանամերձ շրջաններում ԵԱՀԿ մոնիթորինգների արդյունավետությունը վերջին շրջանում հավասար է զրոյի: Իսկ ի՞նչ է փոխվել այդ մոնիթորինգներից հետո: Ինչպես դիրքերը գնդակոծվել են երկու կողմից, այնպես էլ այդ վիճակը շարունակվում է մինչեւ օրս: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը վերջերս հրապարակեց տվյալներ զորքերի շփման գծում կրակի դադարեցման ռեժիմի խախտման վերաբերյալ: Նա նշեց, որ երկու կողմերից իրականացված հրաձգության արդյունքում զոհվել է 20 եւ վիրավորվել 36 մարդ: Անցած տարիների համեմատությամբ, 1994 թ. մայիսի 12-ին կրակի դադարեցման ռեժիմի մասին կողմերի համաձայնության կնքման պահից ի վեր, սա ամենամեծ թիվն է:

Սրանից կարելի է եզրակացնել, որ իրադրությունն օրեցօր շիկանում է, եւ ամեն ինչ սպասելի է: Այսինքն` զինված հակամարտություն կարող է բռնկվել ամեն պահի: Բնականաբար, այս պատկերը տեսնելով` միջազգային միջնորդները չեն կարող թույլ տալ, որ կողմերը նրանց անօգնական մարդկանց տեղ դնեն: Ուստի, վերջին ամիսների ընթացքում մոնիթորինգները սկսել են անցկացվել ավելի հաճախ: Դա երեւում է անցկացված մոնիթորինգների մասին պաշտոնական հաղորդումներից: Ես հաստատ համոզված եմ, որ այդ ոչ անհրաժեշտ, ես կասեի` անարդյունավետ մոնիթորինգներով անհնար է հասնել գործերի վիճակի որեւէ բարելավման: Ռազմաճակատային գծի վրա անցկացվող բոլոր այդ մոնիթորինգները միջազգային միջնորդներին պետք են միմիայն հաշվետվության, ավելին` զուտ ցուցադրության համար: Ինչպես մինչեւ հիմա երկու կողմից էլ զոհվել են զինվորականներ ու խաղաղ մարդիկ, այնպես էլ շարունակում են զոհվել: Փաստորեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անօգնական են ստեղծված ծանր իրավիճակի առաջ:

Համապատասխանո՞ւմ է ԵԱՀԿ-ի` որպես եվրոպական մայրցամաքում անվտանգության կազմակերպության ներկա մանդատը բաժանարար գծում ռազմական գործողությունների ծավալումը կանխելու խնդրին:

Սկզբունքորեն, ինչ որ ասվեց ԵԱՀԿ մոնիթորինգների արդյունավետության մասին, կարելի է հասցեագրել հենց կազմակերպությանը: ԵԱՀԿ-ի տրամադրության տակ չկա կողմերից որեւէ մեկի վրա գործնական ազդեցություն թողնելու արդյունավետ աշխատանքային մեխանիզմ: Խոսքը Հայաստանի մասին է, որը կոպտորեն ոտնահարում է միջազգային օրենքները, մինչեւ այժմ չի կատարել եւ չի պատրաստվում կատարել Լեռնային Ղարաբաղի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս որոշումները: Իր ձեռքին ունենալով անգամ այդ լուրջ եւ անվիճելի փաստաթղթերը` ԵԱՀԿ-ն առայժմ անկարող է եղել ինչ-որ չափով ազդելու ագրեսոր երկրի` Հայաստանի վրա: Հարց է առաջանում` ուրիշ էլ ի՞նչ է պետք, որպեսզի ագրեսոր երկիրը ազատի ուրիշից զավթած տարածքները` Լեռնային Ղարաբաղը եւ յոթ հարակից շրջանները: Կարծում եմ, որ այս վառ օրինակը վկայում է հենց այն մասին, որ ԵԱՀԿ-ի` որպես եվրոպական մայրցամաքում անվտանգության պահպանմամբ զբաղվող կազմակերպության ներկա մանդատը բաժանարար գծում ռազմական գործողությունները կանխելու իմաստով չի համապատասխանում իր նշանակությանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter