
Օֆշորի գործով առայսօր չեն հարցաքննվել ո́չ Տիգրան Սարգսյանը, ո́չ Նավասարդ Կճոյանը
Այս լուսանկարում հնարավոր է հայտնի «Բենթլին» է, չէ` Սամվել (Նավաասաարդ) Կճոյանն է` հայտնի «Բենթլիով»: Կճոյանն ասում է, թե նվեր ստացած «Բենթլին» չկա, արդեն վաճառել է: Սամվել Կճոյանը չի ասում, թե ով էր իրեն նվիրել թանկարժեք մեքենան եւ ինչի համար: Իսկ գործարանից ձեռք բերված «Բենթլին» Սամվել Կճոյանին նվիրել էր գործարար Աշոտ Սուքիասյանը: Իսկ Ա. Սուքիասյանը «Բենթլին» ձեռք է բերել գործարար Փայլակ Հայրապետյանի` «Ամերիա» բանկում գրավադրված գույքի դիմաց ստացած վարկային միջոցներով:
«Օֆշորային գործը» տեղից չի շարժվում: Աշոտ Սուքիասյանը շարունակում է մնալ կալանքի տակ: Հիշեցնենք, որ նա կալնավորվել է այս տարվա հունիսի 19-ին: Թե ի՞նչ է արել քննություն իրականացնող մարմինը, անհայտ է: Սակայն հայտնի է, որ առայսօր չեն հարցաքննվել ո՛չ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ո՛չ էլ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը: Իսկ սա նշանակում է` քննչական մարմինը գործում «Բենթլիի» պատմությունը չի ներառել, եթե չի հարցաքննել Սամվել Կճոյանին:
«Ես հանդիսացել եմ Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու ջրօրհնեքի խաչքավորը, ատենապետը հանդիսանում է Տիգրան Սարգսյանը, իսկ թեմի առաջնորդը՝ սրբազան Կճոյանը: Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը՝ WLISPERA HOLDINGS LIMITED: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ և ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով՝ առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության: Դա արել եմ նրա համար, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետևանքներ ունենալ»: Այս տողերի հեղինակը ադամանդագործ Աշոտ Սուքիասյանն է: Այս մասին Ա. Սուքիասյանը նշել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ «Հետքին» գրած նամակում:
Սամվել Կճոյանը հայտարարել է, որ Աշոտ Սուքիասյանի հետ մի անգամ եղել է Կիպրոսում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը «Հետքի» հրապարակումից հետո հայտարարեց, որ ինքը կապ չունի այդ ընկերության հետ, նույնը հայտարարեց Ս. Կճոյանը: Նրանք հայտարարեցին նաեւ, որ չգիտեն՝ ինչպես են իրենց անունները հայտնվել WLISPERA HOLDINGS LIMITED ընկերության բաժնետերերի ցանկում: Հետեւելով Աշոտ Սուքիասյանի փաստաբանի` լրատվամիջոցներով արված հայտարարություններին, կարելի է ենթադրել, որ քննչական մարմինը քննությունը տանում է Կիպրոսում գրանցված միայն մեկ՝ WLISPERA HOLDINGS LIMITED ընկերության շուրջ:
Մինչդեռ խոսքը երկու ընկերությունների մասին է, ընդ որում՝ հիմնական գործարքները կատարվել են երկրորդ ընկերության` «A.B.S. GLOBAL LIMITED»-ի միջոցով: Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից ստացված վարկային գումարից Աշոտ Սուքիասյանը 9 մլն 370 հազար 450 ԱՄՆ դոլար փոխանցել է «HELLENIC BANK PUBLIK COMPANY»-ում օֆշորային երեք ընկերությունների հաշվեհամարներին: Այդ ընկերություններն են`
- «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ին` 7 մլն 20 հազար 450 դոլար,
- «WLISPERA HOLDINGS LIMITED» ՍՊԸ-ին՝ 350 հազար դոլար,
- «STR EMERALD LIMITED» ՍՊԸ-ին՝ 2 մլն դոլար:
«A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ի հաշվեհամարին Ա. Սուքիասյանը «Ամերիաբանկից» փոխանցել է 7 մլն 20 հազար 450 դոլար: Իսկ այդ ընկերության 66 տոկոս բաժնետերը եղել է WLISPERA HOLDINGS LIMITED-ը: Այսինքն՝ Աշոտ Սուքիասյանը, Տիգրան Սարգսյանը եւ Սամվել Կճոյանը:
«A.B.S. GLOBAL LIMITED»-ը, պարզվում է, գործարքներ է իրականացրել նաեւ այլ երկրների ընկերությունների հետ: Այնպես որ, քննության ավարտին սպասում են ոչ միայն Հայաստանում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել