HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Քարահունջ» ֆոլկ-ռոք խումբը նոր շունչ է տալիս ազգային երգերին

Այս տարվա դեկտեմբերին լրանում է «Քարահունջ» ֆոլկ-ռոք խմբի ստեղծման երկու տարին: Խմբի երգացանկի հիմնական մասը կազմում են Կոմիտասի երգերի վերամշակումները, ներառված են նաև հայկական ազգային այլ երգեր, ինչպես նաև` իռլանդական ֆոլկի նմուշներ: Խումբը ստեղծել է Տիգրան Կուչատյանը, ով նաև խմբի կիթառահարն ու վոկալիստն է: Մյուս վոկալիստը Սիրոն Շեկոյանն է, բլուլ նվագողը` Աննա Հովհաննիսյանը, իսկ հարվածային գործիքները նվագում է Նիկոլ Գույումջյանը:

Տիգրանը հիշում է, որ խմբի ձևաչափի՝ ռոքի և ֆոլկի միաձուլման մասին վաղուց էր մտածել: Նա ժամանակին շատ է լսել ռոք՝ ավելի ծանր ժանրերում: Դրան զուգահեռ սիրել է նաև ֆոլկ երաժշտությունը: Եվ արդեն խմբի ձևավորման ժամանակ չնայած ռոքը մնաց, բայց ֆոլկը գերակշռեց:

«Երբ ավելի երիտասարդ ես, ռոքը շատ էներգիա է տալիս, բայց դա էլ է անցնում: Աստիճանաբար սկսեց հետաքրքրել այն երաժշտությունը, որը տանում է դեպի արմատներ, իր մեջ ինֆորմացիա է կրում: Որքան էլ ռոքը ժամանակակից է, բայց ինձ սկսեց հետաքրքրել այն երաժշտությունը, որը հնում են կատարել, հին գործիքներով»,- ասում է Տիգրանը:

Նա ունի նաև հեղինակային երգեր, որոնք, սակայն, կատարում է առանց խմբի: Տարիներ առաջ, երբ կիթառով ելույթներ էր ունենում փաբերում, ծանոթանում է խմբի աղջիկների՝ Սիրունի և Աննայի հետ: Սիրունը անգլերենի մասնագետ է, Աննան՝ պրոֆեսիոնալ երաժիշտ, ելույթ է ունենում այլ խմբերում ևս: Նիկոլը պրոֆեսիոնալ լուսանկարիչ է: Վերջինս խմբին է միացել մի քանի ամիս առաջ, երբ խմբի հարվածային գործիքներ նվագող Հարութ Փանոսյանը զինվորական ծառայության է անցել:  

«Այս նախագծի շրջանակում մեր նպատակն է արդեն եղած ազգային երգերը վեր հանել, նոր շունչ տալ դրանց: Դեռ այնքան երգեր կան, որոնք պետք է վերամշակել: Իրականում շատ աշխատանք կա անելու», - ասում է Տիգրանը:

Խմբի անդամները ցանկանում են շրջել Հայաստանի տարբեր համայնքներում, լինել Արևմտյան Հայաստանում և կարողանալ տեղացիների շուրթերից լսել և հավաքել ազգային հին երգերը, այնուհետև այդ նյութի հիման վրա կատարել իրենց վերամշակումները:

«Մատուցման ձևը փոխվում է, բնականաբար: Որքան էլ ես սիրում եմ ազգային երաժշտությունը, բայց ինքս էլ չեմ կարող շատ երկար լսել ներկայացման հին տարբերակը, որովհետև, ամեն դեպքում, մեր ականջը սովորել է ժամանակակից ռիթմերին: Իմ մեջ երկուսն էլ կա, խմբի դեպքում դա սինթեզվեց»,- ասում է Տիգրանը:

Վերջինիս կարծիքով՝ ազգային երգերի դեպքում պետք է հնչի թե́ դրա դասական տարբերակը, թե́ լինեն այլընտրանքային վերամշակումներ: Վերամշակումների դեպքում ազգային երգերի լսարանը մեծանում է, ոմանք, լսելով այս տարբերակը, որոշում են լսել նաև դասականը:

Իրենք էլ ունեցել են անհաջող մշակումներ, որոնք ինքնըստինքյան դուրս են մղվել երգացանկից: Տիգրանի համոզմամբ` պետք է փորձել նորարարություններ անել, տարբեր ձևերով ներկայացնել երգը:

«Ինչը որ արժեք ունի, դա մնալու է»,- ասում է նա:

«Քարահունջ» խումբը չունի պրոդյուսեր, այդ պատճառով էլ դժվարանում են սեփական նախաձեռնություններով հանդես գալ: Խմբի անդամների համար դժվար է իրականացնել միաժամանակ թե́ ստեղծագործական, թե́ կազմակերպչական գործունեություն: Նրանց համար ավելի հեշտ է համերգի մասնակցության հրավեր ընդունել: Գուցե պրոդյուսերի աշխատանքի արդյունքում խմբի գործունեության մասին ավելի շատ մարդիկ իմանային, բայց Տիգրանի կարծիքով`սա էլ բնական ճանապարհ է, արհեստական միջամտություն չկա, իրենց լսարանի կողմից էլ պարբերաբար դրական արձագանքներ են հնչում: 

Խումբը ձայնասկավառակի մասին դեռևս չի մտածում, բայց ցանկանում է ունենալ որակյալ ձայանգրություններ, որոնք կտարածվեն համացանցում: Այժմ ունեն միայն երկու պրոֆեսիոնալ ձայանգրություն`«Սարի սիրուն յար» և «Կաքավիկ»: 2015թ. նախատեսում են ավելացնել ձայնագրությունների թիվը, ունենալ որակյալ տեսահոլովակ, ինչպես նաև ավարտին հասցնել խմբի վեբ-կայքը:

«Ընդհանուր հետաքրքրությունը ֆոլկի նկատմամբ մեծացել է: Մենք կոմերցիոն դաշտում չենք, հեռուստացույցով մեզ ցույց չեն տալիս, բայց խմբի նկատմամբ հետաքրքրություն կա այն կազմակերպությունների կողմից, ովքեր ազգային մշակույթ են ներկայացնում: Դիմում են նաև տուրիստական կազմակերպությունները, և դա առիթ է` ազգային երաժշտությունը ներկայացնելու նաև օտարազգիներին», - ասում է Տիգրանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter