
«Եթե կպած ես քո գաղափարից, հնարավոր է մարդկանց վարակել դրանով»
Դավիթ Խաչատրյանը Իսրայելից Հայաստան է տեղափոխվել 2012 թ.-ի ամռանը: Այնտեղ աշխատել է որպես բիզնես վերլուծաբան: Ապրելակերպից դժգոհ չէր, բայց խոստովանում է, որ «Հայաստանում տանն է», հարմար է մշակույթի և մենթալիտետի տեսանկյունից:
Որոշել է Հայաստանում իրականություն դարձնել ՏՏ ոլորտի իր գաղափարները:
«Ժամանակը եկավ, որ ես որոշեմ իմ սահմանները, ոչ թե ուրիշի սահմաններում աշխատեմ: Պետք է ոչ թե ուղղակի փող աշխատես, այլև կարողանաս մարդկանց օգնել, - ասում է Դավիթը: - Փորձ հավաքեցի, բայց հետո ազատություն էի ուզում, ստեղծել իմը, այդ ժամանակվանից փորձերի մեջ եմ»:
Վերջինս որոշել է կյանքի կոչել իր «Trade Santa» ծրագիրը, որի միջոցով մարդիկ կարողանան փող չծախսելով ապրանքներ ձեռք բերել: Նա ուզում է ստեղծել հարթակ, որը միավորելու է վեբ-կայքն ու սոցիալական ցանցը, օրինակ`e-bay-ի և facebook-ի միավորումը: Այդ հարթակում օգտատերերը ներկայացնելու են այն ապրանքները, որոնք նրանք պատրաստ են փոխանակել մեկ այլ ապրանքի հետ: Այնուհետև միմյանց հետ կապ հաստատելուց հետո կարող են պայմանավորվել՝ ինչպես կատարել ապրանքափոխանակությունը: Հիմա Դավիթը իր գաղափարի իրականացման համար փնտրում է տեխնիկական մասն ապահովող գործընկեր:
«Ուզում եմ լինի մի նախագիծ, որի միջոցով հնարավորինս մեծ թվով մարդկանց օգտակար լինենք, Հայաստանում էլ այս շուկան զարգանա: Հիմա աշխարհը փողն է շարժում, մտածում էի՝ ոնց անեմ մի բան, որ փողի էֆեկտը քիչ լինի, - ասում է Դավիթը: - Բայց պետք է գաս այն մտքից, որ ուզում ես փոփոխություն անել: Եթե կպած ես քո գաղափարից, հնարավոր է մարդկանց վարակել դրանով»:
Այն մտքի հետ, որ ՏՏ ոլորտում գաղափարներ իրականացնելով հնարավոր է փոփոխություններ կատարել, համամիտ է նաև Դավիթի ընկերը՝ Մինաս Քեշիշյանը: Վերջինս նույնպես ՏՏ ոլորտի մասնագետ է: Նրանք երկուսով իրենց համատեղ նախագիծն են ուզում ներկայացնել «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի» ստարտափերի ծրագրին: Մտածում են ստեղծել հեռախոսի այնպիսի հավելվածներ, որոնք կօգնեն ավելի հեշտ օգտվել համացանցից: Այժմ Մինասն աշխատում է մի հավելվածի վրա, որի միջոցով հնարավոր է կարդալ կայքի լրահոսը թե տեքստային ավելի հարմար`խոշոր և էկրանով մեկ տարբերակով, թե առանց կայքի գովազդների, որոնք կարծես թե պարտադրվում են ընթերցողին: Հեռախոսից որևէ բրաուզերի միջոցով մտնելիս ընթերցողը «բախվում է» կայքի գովազդներին, պաստառներին, տարբեր հղումների: Այս հավելվածի միջոցով հնարավոր է միանգամից բացել կայքի միայն լրահոսը: Մյուս հավելվածը, որ Մինասը ցանկանում է ստեղծել հեռախոսի համար, նախատեսված է օտար բառերի թարգմանության համար: Հավելվածի դեպքում տեքստը կարդալիս ցանկացած անծանոթի բառի սեղմելու դեպքում կհայտնվի բառի թարգմանությունը:
Մինասը որպես ծրագրավորող աշխատել է տարբեր կազմակերպությունների հետ: Դրանց մեծ մասը հիմնականում պատվերներ է կատարում ԱՄՆ-ի եւ Կանադայի ընկերությունների համար:
«Դրանք իրենց նախագծերն են: Նրանք մեզ չնչին գումար են տալիս, որը գուցե հայերի համար մեծ գումար է, մենք գործը անում ենք, հետո դա նրանց համար դառնում է մեծ նախագիծ ու մեծ գումարներ են աշխատում, - ասում է Մինասը: - Պետք է այնպես անել, որ Հայաստանում իրենց ստարտափերը ստեղծեն, իրենց գաղափարներով ծրագրեր իրականացնեն, ոչ թե պարզապես ուրիշի պատվերը կատարեն»:
Դավիթն ու Մինասը նկատում են, որ վերջին երկու տարիների ընթացքում ՏՏ ոլորտը զարգացել է Հայաստանում: Բայց հետագա զարգացման համար քիչ է այն, որ արևմտյան կազմակերպությունները օգտագործում են տեղի մարդկային ռեսուրսները:
«Մեծ զարգացում ապահովելու համար անհրաժեշտ է ստեղծել և զարգացնել տեղական կազմակերպությունները, հանդես գալ սեփական նախագծերով: Այս ոլորտում ամենամեծ խնդիրը փողը չէ: ՏՏ տարբեր ծրագրերի ժամանակ տարբեր թիմեր ներկայացնում են իրենց ծրագրերը, բայց շատ քչերն են, որ փորձում են իրենց գաղափարներն իրականացնել», - ասում է Մինասը:
Մինասը Հայաստանում աշխատել է ՏՏ ոլորտի որակավորված մասնագետների հետ: Սակայն անընդհատ աշխատանքը փոխել է: Նա խոստովանում է, որ չի կարողանում աշխատել այն մարդկանց հետ, ովքեր կարող են տարիներով անել նույն գործը, նույն բնույթի պատվերներ, բայց այդպես էլ համարձակություն չունենան որևէ բան փոխել, սեփական նախագիծն իրականացնել: Այժմ էլ Մինասը աշխատանքի առաջարկություներ է ստանում արտերկրից: Վերջերս աշխատանքի հրավեր է ստացել նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցից: Բայց դեռ որևէ առաջարկ չի ընդունել:
«Հիմա ուզում եմ թեկուզ փոքր, բայց սեփական ծրագիրն անել», - ասում է Մինասը:
Դավիթն էլ համոզված է, որ Հայաստանում ՏՏ ոլորտում կարելի է բազմաթիվ նորարություններ ու նախագծեր իրականացնել, որովհետև շուկան երիտասարդ է, դաշտը բաց է, իսկ մարդկային ռեսուրսները մեծ պոտենցիալ ունեն:
Լուս.` Դավիթ Խաչատրյանի եւ Մինաս Քեշիշյանի ֆեյսբուք էջերից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել