HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանգչիր խաղաղությամբ, Ջո...

Նաիրա Հայրապետյան

1944թ. Շեֆիլդում` պետական ծառայող Հարոլդ Քոքերի ընտանիքում, ծնվեց կրտսեր որդին՝ Ջո Ռոբերտ Քոքերը: Տարիներ անց անգլիական այդ քաղաքի բնակիչները, մեծից փոքր, հպարտությամբ պետք է հիշեցնեն օտարերկրացիներին, որ աշխարհի ամենաինքնատիպ ձայներից  մեկը  շեֆիլդցի է, և դա հնչելու է իբրև այցեքարտ, որի վրա գրված է՝ Ջո Քոքեր:

Դեկտեմբերի 22-ին համացանցը և համաշխարհային մամուլի էջերը ողողված էին մերօրյա լեգենդներից մեկի՝ Ջո Քոքերի մահվան լուրով: Այդ օրը բազմաթիվ ցավակցական խոսքեր գրվեցին և հնչեցին երգչի մտերիմների կողմից, անվանի երաժիշտներից, երկրպագուներից, որոնք կորստի ափսոսանքից բացի` հավաստում էին, որ աշխարհում ապրել են արտիստներ, ում մահով չի ավարտվում նրանց կյանքը: Նրանք հեռանում են բեմից՝ հավիտյանս այնտեղ թողնելով իրենց ձայնը:

«Ջո Քոքերը ռոք և բլյուզ երաժշտության պատմության լեգենդ է, միևնույն ժամանակ, ինձ երբևէ հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկը»,- ասել է «Sony Music Entertainment International» ընկերության նախագահ Էդգար Բերգերը:

Դժվար է հստակ բնորոշել Քոքերի երաժշտական ոճը, թե ինչ ժանրում կարելի էր նրան առանձնացնել՝ ռո՞ք, բլյու՞զ, սոու՞լ… նա ամենի մեջ կար և կարողանում էր ռոքից սոուլ ստանալ, սոուլից՝ բլյուզ: Ինչևէ, նա Ջո Քոքերն էր՝ անգլիացի երգիչ, երաժիշտ և երգահան, ով հայտնի է առավելապես իր յուրահատուկ ձայնով և հանրահայտ երգերի քավըր կատարումներով, որոնք շատ հաճախ առավել սիրված կամ ճանաչված են, քան բնօրինակները: Այս արտիստը հանդիսատեսի հիշողության մեջ տպավորվում էր նաև նրանով, որ կատարումը զուտ վոկալ լավագույն մեկնաբանություն չէր, այլ զգացական մեկ այլ դաշտ: Երգը զուգակցվում էր մարմնի հետ երկխոսությամբ՝ ջղաձիգ շարժումներով, ասես երգի միտքն ու հոգին այդ պահին դուրս էին գալիս արտիստի մարմնի միջով, որը ուր որ է պիտի պայթի էմոցիոնալ մեծ բռնկումներից: Նրա ձայնի խռպոտ հնչյունները նաև վճռականություն էին արտահայտում:

Երաժշտի կարիերան Ջ. Քոքերը սկսել էր 1960թ-ից՝ հանդես գալով շեֆիլդյան փոքրիկ փաբերում: Մեկ տարի անց երեք ընկերների հետ հիմնեց իր առաջին խումբը՝ «Cavaliers» անվամբ: Շուտով ստիպված եղավ հրաժարվել խմբից, ապա` դպրոցից, քանի որ ընտանիքում ֆինանսական խնդիրներ կային, և Ջոն ստիպված էր աշխատել:  Շատերի կյանքում հայտնվող ժամանակավոր այս փորձությանը չհաջողվեց սկսնակ երաժշտին այլ ճանապարհով տանել: Արդեն 1961թ. փականագործի աշակերտը ցերեկային աշխատանքից հետո ամեն գիշեր շտապում էր շեֆիլդյան փաբերից մեկը հասնել, որտեղ  Vance Arnold բեմական կեղծանունով  երգում էր «The Avengers» խմբի հետ: Երգացանկում Ռեյ Չարլզի, Չաք Բերիի երգերն էին, թեև Ջոն խորապես հետաքրքրված էր նաև բլյուզով: Խմբի համար մեծ նշանակություն ունեցավ 1963թ. Շեֆիլդում կայացած «Rolling Stones»-ի համերգներից մեկը, որի ընթացքում նրանք ելույթ ունեցան խմբից առաջ:  Ջոյի հետագա ծրագրերն արդեն իրականություն դարձան «Joe Cocker's Big Blues» և, առավելապես, «The Grease Band» խմբերի հետ:

Հանրության լայն շրջանակներին Ջո Քոքեր անունը ճանաչելի դարձավ հատկապես 1960-ականների վերջերին, հայտնի երգերի քավըր կատարումներով, որոնց մեջ առանձնահատուկ էր մեկը՝ «Բիթլզի» «With a Little Help from My Friends»-ը: 1968թ. Քոքերի կատարմամբ այս երգը առավել մեծ արձագանք ունեցավ, քան լիվերպուլյան քառյակի: Հենց այս կատարումն էլ երգչին ուղեկցեց դեպի աստղային բարձունքը: Բրիտանական հիթ-շքերթներում այն առաջատար դիրքերում մնաց 13 շաբաթ շարունակ, որից հետո հաստատվեց առաջին հորիզոնականում:

Մեկ տարի անց, երբ Քոքերը ելույթ ունեցավ Վուդսթոքի հեղինակավոր երաժշտական փառատոնում, մեկընդմիշտ պարզ դարձավ, որ  «With a Little Help from My Friends»-ը իր ճանաչումը քոքերյան ստորագրությամբ հաստատեց:  Անդրադառնալով այս կատարմանը՝ Փոլ Մըքքարթնին ասել է, որ այն հիմնովին փոխեց երգը՝ վերածելով սոուլ-հիմներգի, որի համար ընդմիշտ երախտապարտ է Ջո Քոքերին: Իսկ երգչի ընկերներից Ռիկ Ուեյքմենի («Yes»  խմբի անդամ, ստեղնաշարային գործիքներ) կարծիքով՝ այդ մեկնաբանությունը «սենսացիոն» էր:  

Վուդսթոքյան հաղթանակից հետո Ջ. Քոքերն անցավ համերգային մի մեծ շրջագայության ԱՄՆ-ում, որը ևս իր կնիքը դրոշմեց այս երաժշտի ստեղծագործական կյանքում: Այն համարվում է ռոքի դարաշրջանի ամենանշանավոր նախագծերից մեկը: 56 օրվա ընթացքում Քոքերը շուրջ 40 երաժիշտներից բաղկացած խմբով հանդես եկավ 48 քաղաքում` ունենալով 52 համերգ: Այս պատմական շրջագայությունը դրական արձագանքներ ստացավ երաժշտական մեկնաբանների հոդվածներում: Արդյունքում նաև թողարկվեց «Mad Dogs & Englishmen» ալբոմը:

Քոքերի երգացանկում ամենասիրված երգերի թվում են  «Delta Lady», «You Are So Beautiful»,   «Up Where We Belong»,  «You Can Leave Your Hat On», «My Father’s Son», «Unchain My Heart», «N`oubliez jamais» և ուրիշներ: 1982թ. նրա «Up Where We Belong» դուետը Ջենիֆեր  Ուորնսի հետ բացահայտեց նոր Քոքերին՝ այս անգամ մեղմ բալլադային ոճում: Երգը մեծ արձագանքներ ունեցավ ամերիկյան լսարանում, իսկ երգչին նվիրեց իր առաջին «Գրեմի» և «Օսկար» մրցանակները:

Նա բազմաթիվ պարգևներ և մրցանակներ ուներ, Բրիտանական կայսրության բարձրագույն շքանշանակիր էր: Իր ստեղծագործական ուղին անցել է այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են լեգենդար Ջիմի Հենդրիքսը, Ջանիս Ջոփլինը, «Rolling Stones»-ը, Ջիմի Փեյջը, Ռոդ Ստյուարտը, Ջեֆ Բեքը, Էրիկ Քլեփթոնը և այլք: Շուրջ քառասունամյա գործունեության ընթացքում Ջ. Քոքերը թողարկել է ավելի քան 23 ստուդիական ալբոմ, բազմաթիվ համերգներ, որոնցից յուրաքանչյուրը հսկայական համաշխարհային շրջագայություններ էին՝ տարբեր մայրցամաքներում: «Նա, անկասկած, մեծագույն ռոք-սոուլ երգիչ էր, պարզապես եզակի երևույթ»,- իր ցավակցական խոսքում ասել է երաժշտի մենեջեր Բարրի Մարշալը:

90-ականների սկզբին երգիչը հաստատվեց ԱՄՆ-ում՝ Կոլորադոյում, որտեղ1998թ. կնոջ հետ հիմնեց «Cocker Kids Foundation» բարեգործական հիմնադրամը, որն իրականացնում է կրթական, սպորտային և մշակութային ծրագրեր երիտասարդների համար: 70-ամյա երգիչը մահացավ Կոլորադոյում` թոքի քաղցկեղից: Երգչի մահից րոպեներ անց համացանցը ողողվեց ցավակցական խոսքերով, նրա երկրպագուների  թվում էին հայտնի երաժիշտներ Ռինգո Սթարը, Սթիվ Թայլերը, Բրայն Ադամսը և ուրիշներ:

«Հանգչիր խաղաղությամբ իմ լավ ընկեր, դու երբևէ ծնված լավագույն ռոք երգիչներից մեկն էիր,- գրել է Բրայն Ադամսը իր թվիթերյան էջում:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter