HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շինեիդ Օ’Քոնըր. նա գտել է ութ առիթ՝ կյանքից ամուր բռնվելու համար

Նաիրա Հայրապետյան

2014թ. օգոստոսի 11-ին մահացավ ամերիկացի հայտնի դերասան Ռոբին Ուիլիամսը: Ոստիկանության նախնական վարկածով նա ինքնասպան էր եղել, ինչը հաստատվեց հետաքննության արդյունքում:  63- ամյա տաղանդավոր դերասանը սիրելի էր հանդիսատեսին՝ շնորհիվ իր բազմազան դերերի, «Օսկարի», կրկնակի «Էմիի», վեց անգամ «Ոսկե գլոբուսի», «Գրեմի»-ի հնգակի մրցանակակիր էր: Նրա մահվան լուրը արագորեն տարածվեց  աշխարհում՝ անակնկալի բերելով երկրպագուներին: Նույն օրը թողարկվեց իռլանդացի երգչուհի Շինեիդ Օ’ Քոնըրի «I'm Not Bossy, I'm the Boss» ալբոմը, որի երգերից մեկը՝ «8 Good Reasons» խորագրով, նա օրեր անց նվիրեց Ռոբին Ուիլիամսի հիշատակին: Այս անգամ բազմաթիվ  դառնությունների միջով անցած ու միայնության զգացումը հաղթահարած երգչուհին մարդկանց փորձում է հետ պահել կյանքի հետ հաշիվներն այս ճանապարհով մաքրելու որոշումից: Երգը մենախոսության է նման, որտեղ անձնական ապրումների մասին պատմելով՝ նա ասես կիսվում է ունկնդրի հետ իր փորձով ու սովորեցնում սթափ հայացքով դատել:

Իր սկանդալներով լի կյանքում Շինեիդը շատ առիթներ է ունեցել ընկճվելու և տարվելու ինքնասպանության մտքով: Սակայն միշտ հաղթանակած է դուրս եկել, և դրա վառ ապացույցը  «8 Good Reasons»-ն է. երբ կարողանում ես հետ կանգնել մեռնելն ապրելուց գերադասելու մտքից և հասկանալ, որ  դրա համար գոնե ութ առիթ հնարավոր է գտնել: Գուցեև արդեն ինը՞… ուրեմն արժե կյանքից ամուր բռնվել: Երբ 1992թ. նա «Saturday Night Live » շոուի եթերում պատռեց Հռոմի պապի լուսանկարը, իբրև բողոքի խորհրդանշան, երգչուհու կյանքը սկսեց ընթանալ քննադատությունների մեծ տարափով, հաջողությունները ստվերող լուրջ ձախողումների միջով, և այս ամենը լրջորեն ազդեց նրա առողջության վրա: Ճիշտ է, ամեն ինչ վերջացած չէր, որովհետև երկրպագուների մի հսկա բանակ, որոնց մեջ էին հեղինակավոր երաժիշտներ, Շինեիդի երաժշտական տաղանդը վեր էին դասում այդ պատմություններից և նրանց հանդեպ հասարակության արձագանքից:

Անհատականություն. մի բան, որը քչերին է տրված ունենալ: Այստեղ միայն կարելի է հիշել Մադոննայի միակ և բացահայտ արձագանքը՝ սեփական դիրքերն ամրապնդելու թաքնված ցանկությամբ:

Այն, ի դեպ, «The New York Times»-ը մեկնաբանեց որպես «մասնագիտական նախանձ»:

Մադոննան դժվար թե անհանգստացներ այլ արժեքների դավանող Շինեիդին, բայց չմարող կրքերն իրենց հետևանքներն ունեցան նրա կյանքում: Ժամանակ առ ժամանակ կրկին ճաշակելով դառնությունները, զգալով չհասկացվածության և մեկուսացված լինելու ծանրությունը՝  նա որոշեց վերադառնալ Դուբլին՝ փորձելով ծննդավայրում կյանքը նոր հետաքրքրությամբ լցնել: Շինեիդը որդու խնամքն ու օպերային արվեստը նախընտրեց:  Շուտով «Համլետ» ներկայացման մեջ նա մարմնավորեց Օֆելյային: Հետո մի շարք համագործակցություններ ծնվեցին տարբեր երաժիշտների հետ՝ ներառյալ Փիթեր Գեբրիելի հետ համերգային շրջագայությունները:

Բայց, այս ամենով հանդերձ, կյանքը փոխվել էր նրա համար, ինչ-որ բան պակասում էր: 26-ամյա Շինեիդն իրեն միայնակ ու մերժված էր զգում, նույնիսկ լուրեր էին պտտվում, թե նա տառապում էր սուր ներվային խանգարումից և փորձել էր ինքնասպան լինել: 1994թ. թողարկված «Universal Mother» ալբոմը նախկին հաջողությունը չունեցավ. թվում էր՝ Շինեիդի աստղը վերջնականապես մարում էր:  Մեկ տարի անց նա հրապարակավ հայտարարեց, որ այլևս ոչ մի շփում չի ունենալու լրագրողների հետ, իսկ 1997թ. մամուլը սկսեց քննարկել նոր պատմություն՝ երգչուհին թողնում է երաժշտությունը և անցնում հոգևոր ծառայության: 

Եվ միայն 2000թ. կոտրվեց այդ լռությունն ու Շինեիդ Օ’ Քոնըրը հետ վերադարձավ: 2003թ. ևս մեկ ընդհատում, որից հետո՝ մինչ օրս, նա կրկին բեմում է՝ նոր երգեր, նոր ժանրեր և նոր ալբոմներ՝ կելտական, իռլանդական ֆոլքի մոտիվներով, ռոքի ու ռեգիի  հարազատ մեկնաբանություններով: Ինչպես միշտ՝ նոր, հետաքրքիր, յուրօրինակ և, անպայման, բոլորից տարբերվող:

Թվում էր, թե այլևս վերջ սկանդալային պատմություններին, և տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունները՝ իրենց անջնջելի հետևանքներով, այնուամենայնիվ, արտիստի՝ նրա տեսակը ամբողջացնող շտրիխներն էին: Սակայն 2013թ.-ին համացանցում հայտնվեց մի նոր պատմություն՝ Շինեիդ O’Քոնըրի բաց նամակը ամերիկացի փոփ երգչուհի Մայլի Սայրուսին: Շոու բիզնեսի նոր՝ առևտրային իրականության մեջ թաթախված երիտասարդ երգչուհին հարցազրույցներից մեկում ասել էր, որ իր «Wrekcking Ball» երգի տեսահոլովակը ստեղծելիս ոգեշնչվել էր «Nothing Compares 2U» երգի տեսահոլովակից: Այս համեմատությունը զայրացրել էր Շինեիդին։

« …Ես խորապես անհանգստացած եմ Ձեզ համար, որովհետև Ձեզ շրջապատող մարդիկ ջանում են հավատացնել, որ այն, ինչ անում եք ճիշտ է՝  տեսահոլովակներում մերկանալը անհրաժեշտություն է - գրում է նամակում,- … Դուք բավականաչափ տաղանդավոր եք և թույլ մի տվեք, որ երաժշտական բիզնեսը Ձեզ մարմնավաճառի վերածի: Ոչ մի րոպե չմտածեք, թե նրանք Ձեր շահերից ելնելով են դա անում. նրանք այնտեղ են հանուն փողի, մենք այնտեղ ենք հանուն երաժշտության… այդպես եղել է և կլինի միշտ »: Այս նամակին հաջորդեց Մ. Սայրուսի պատասխանը, ինչպես ակնկալվում էր, շոու-բիզնեսային չափանիշներին բնորոշ թամաշա սարքելու հոգեբանությամբ, հետո Շինեիդը «խոսեց»՝ ավելի խիստ ու ավելի մերկացնող հարվածներով՝ դրանք իրականում ուղղելով երաժշտության  առևտրականների ճիշտ դեմքին:

Կհասնե՞ն նրա խորհուրդներն ու մտահոգությունները բազմաթիվ մայլիսայրուսներին, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա, իսկ մինչ այդ երաժշտասեր հանրությունը դեռևս հնարավորություն ունի լսելու և վայելելու նրանց, ովքեր ստեղծագործում են հանուն երաժշտության: Ահա ևս մեկ առիթ, ուրեմն արդեն ինը կամ տասը, կյանքը վերագնահատելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter