HY RU EN

Անի Հովհաննիսյան

Բախտագուշակ Վարսիկի որդին ձերբակալվել է ծնողներին ծեծելու համար

Գավառի ոստիկանությունը մի քանի օր առաջ ձերբակալել էր Սարգիս Հակոբյանին՝ ծնողներին ծեծելու, նրանցից գումար շորթելու եւ տունը հրկիզելու փորձ կատարելու համար։ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել, քննիչը երկամսյա կալանքի որոշում է կայացրել։ Քրեական գործի մանրամասները դեռ հայտնի չեն։ 

Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում էր կնոջը խոշտանգելու մեջ, եւ օրեր առաջ դատավոր Աղվան Պետրոսյանի վճռով ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Սարգիսի կինը՝ Հասմիկ Խաչատրյանը, «Հետքին» պատմեց, որ մոտ 4 օր առաջ նա գնացել է տուն, փող պահանջել մորից, վերջինս չի տվել։ Սարգիսը ծեծել եւ հայհոյել է սեփական հորն ու մորը, այնուհետեւ փորձել հրկիզել տունը։

«Հայրը գոռացել է, ասել թողեք ես դրան խփեմ, պրծնեմ դրանից։ Զանգել են ոստիկանություն, մայրն ասել է տարեք, երեսը չտեսնեմ։ Տարել են, գույքի ոչնչացման, գումարի շորթման հոդվածով քրեական գործ հարուցել»,- պատմում է Հասմիկը։

Հիշեցնենք, որ դատավարության ժամանակ Սարգիս Հակոբյանի ծնողները փորձում էին ամեն կերպ արդարացնել եւ սատարել որդու արարքը։ Հայրը՝ Համլետ Հակոբյանը, դատարանի դահլիճում երբեմն վրդովվում էր տղայի դեմ վկայություններից, իսկ մայրը՝ Վարսիկ Հակոբյանը (բախտագուշակ Վարսիկը), ամիսներ առաջ մի շարք նամակներ էր ուղարկել «Հետքի» խմբագրություն՝ սպառնալով դատի տալ՝ որդու վերաբերյալ հրապարակումներ ունենալու համար։ 

Չնայած դատաբժշկի կրկնակի փորձաքննության եզրակացությանը, որ Հասմիկ Խաչատրյանի ձեռքերին կան ծխախոտի այրվածքի հետքեր, իսկ գլխի շրջանում՝ հարվածից առաջացած վնասվածքներ, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը խոշտանգման մասին քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածը վերաորակել է 117-ի` դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը:

Նշենք նաեւ, որ Հասմիկ Խաչատրյանը Սարգիս Հակոբյանի բռնության միակ զոհը չէր։ Նա ծեծել եւ խոշտանգել էր նաեւ իր հետ արտաամուսնական կապ ունեցող Վիկա Թովմասյանին։