
Արա Շիրինյան. «Քո ֆիլմը պիտի ակտուալ լինի հասարակության համար»
Հարցազրույց ռեժիսոր Արա Շիրինյանի հետ
-Պարոն Շիրինյան, հայաստանյան հեռուստաընկերություններում իրականության անաչառ վավերագրումը հիմնականում քարոզչության է վերածվել: Շատ վավերագրական ֆիլմեր դիտելիս միանգամից հասկանում ես, թե հասարակության որ շերտի շահերով է արված: Սա այսօրվա՞ խնդիր է, թե՞ միշտ եղել է:
-Այդ խնդիրը միշտ եղել է, բայց այսօր ավելի սրված է: Այսօր կան ավելի կատարյալ գործիքներ մանիպուլյացիայի համար: Ընդհանրապես, իրականությունը վավերագրվում է ամենօրյա տեղեկատվության, ռեպորտաժների, հարցազրույցների միջոցով, սակայն մենք պետք է հասկանանք, որ դա իրականության մեկնաբանություն է, ոչ թե վավերագրում: Հեռուստատեսությունը միշտ վերստեղծում է իրականությունը ինչ-որ շահերի տեսանկյունից:
Ինչ վերաբերում է վավերագրական ֆիլմերին, ապա վավերագրությունը, որպես ճանաչողության աղբյուր, հավաստիանում է ժամանակի մեջ: Ժամանակ է պետք` կարեւորը առօրյայից զատելու եւ խորությամբ մեկնաբանելու համար: Այս դեպքում մեկնաբանությունը տեղի է ունենում պատմական եւ էթիկական կոնտեքստի մեջ: Դրանով էլ արժևորվում է վավերագրությունը:
-Հայաստանյան կինոէկրաններին գրեթե չեն ցուցադրվում վավերագրական ֆիլմեր, հեռուստատեսությամբ ցուցադրվածներն էլ հիմնականում քարոզչական նպատակներ են հետապնդում: Ինչո՞ւ:
-Լավագույն վավերագրական ֆիլմերը ստեղծվում են զարգացած դեմոկրատական երկրներում: Ավտորիտար ռեժիմները չեն սիրում վավերագրական կինո: Իսկական վավերագրությունն իր բնույթով բացահայտում է այն, ինչ իշխանությունները փորձում են թաքցնել ամենօրյա քարոզչությամբ:
Իսկ հեռուստատեսությունն ընդհանրապես քարոզչության գործիք է… նույնիսկ երբ լռում է: Հայաստանում բազմաթիվ իրադարձություններ երբեւէ չեն լուսաբանվում հեռուստատեսությամբ: Այս պայմաններում հեռուստացույց միացնելը ծխելու պես վատ սովորություն է: Մտածող քաղաքացին հիմնականում օգտվում է համացանցի աղբյուրներից:
-Իսկ ի՞նչ դեր ունեն համացանցն ու նոր մեդիաները մեր իրականության մեջ, ի՞նչ նորություն են բերում տեղեկատվական դաշտ:
-Նոր մեդիաները հնարավորություն են տալիս վավերագրել ավելի բարդ իրականություն, վերհանել ավելի խորը իմաստներ: Այսինքն, բերում են նոր բովանդակություն:
Իսկ թվանշային մեդիա գործիքները թույլ են տալիս արձանագրել իրականության այնպիսի շերտեր, որոնք նախկինում արձանագրել տեխնիկապես հնարավոր չէր: Օրինակ՝ ճանապարհային ոստիկանության աշխատանքը նախկինում հնարավոր էր լուսաբանել միայն ոստիկանության հետ համագործակցելով: Հիմա մեքենաների մեջ հայտնվել են տեսագրանցող սարքեր (օրենքով թույլատրված), եւ մենք սոցիալական ցանցերում տեսնում ենք, թե ինչպես են շարքային վարորդները, չլինելով լրագրող, բացահայտում տարբեր օրինախախտումներ՝ հիմնականում հենց ոստիկանների գործողություններում: Սա «քաղաքացիական լրագրություն է», որը ծառայում է պրոֆեսիոնալ լրագրության բուն նպատակին՝ պաշտպանել քաղաքացուն պետությունից:
Բայց իրականությունն էլ իր հերթին հարմարվել է մեդիային: Կյանքն արդեն ռեպորտաժի ձևաչափ ունի. այն պատրաստ է նույնությամբ ցուցադրվելու: Նույնիսկ ստեղծվում են ներքաղաքական իրադարձություններ հատուկ մեդիաներին զբաղեցնելու համար: Օրինակ՝ ոչ վաղ անցյալում ունեցել ենք կուսակցության ղեկավարներ, որոնց ամբողջ գործունեությունը տեղավորվում էր հարցազրույցի ժանրում: Իրականությունն ու նրա մեդիա-արտացոլումն արդեն խառնվել են իրար. հայտնի չէ՝ որն է սկզբնաղբյուրը:
-Իսկ ինչպե՞ս են նոր մեդիաները ազդում լրագրողի աշխատանքի վրա, ի՞նչ պահանջներ են դնում լրատվամիջոցների առաջ:
-Նախկինում լրագրողը երկար ուսումնասիրում էր նյութը, հրապարակում, որից հետո թեման փակվում էր: Առցանց լրատվամիջոցներում հակառակն է տեղի ունենում. բուն խնդիրը բացահայտվում է հրապարակումից հետո, երբ ընթերցողների մեկնաբանություններն ավելի ամբողջական եւ հասկանալի են դարձնում դիտարկվող նյութը: Ընթերցողը պասիվ սպառողից դառնում է ակտիվ օգտատեր, եւ արդեն նա է թելադրում օրակարգը: Բրիտանական "The Guardian" առցանցը նախապես հրապարակում է առաջիկա նյութերի ցանկը, որին ընթերցողներն արձագանքում են, վկայկոչում են փաստեր, տալիս են անուններ… Մի խոսքով, հետաքննում են թեման լրագրողի հետ հավասար: Սա կոլեկտիվ լրագրություն է:
Դասական մեդիաները, որոնք տեղափոխվել են առցանց, պետք է գտնեն ինքնարտահայտման նոր եղանակներ՝ պահպանելով իրենց լավագույն ավանդույթները եւ պրոֆեսիոնալիզմը:
-Արդյո՞ք կարծում եք, որ նոր մեդիաների պայմաններում անհրաժեշտ է վերանայել դասական լրագրության կանոնները:
-Կարծում եմ՝ շուտով դրա անհրաժեշտությունը կառաջանա: Անշուշտ, լրագրության դասական կանոնները դեռեւս աշխատում են եւ գուցե միշտ կմնան, բայց առանձին շեշտադրումներ կարելի է փոփոխել արդեն այսօր: Օրինակ՝ բազմակողմանի եւ օբյեկտիվ փաստեր ներկայացնելու անհրաժեշտությունն այլեւս բավարար չէ: Ինչի՞ համար են բազմազան կարծիքները, եթե մարդկանց անհրաժեշտ է արդեն ճշտված գիտելիքը, որի հետեւից լրագրողը ժամանակ չունի գնալու: Կա մի հատկանիշ, որ այսօր պակաս կարեւոր չէ, քան օբյեկտիվությունը: Դա աղբյուրի աուտենտիկությունն է (իսկությունը): Դա այն է, օրինակ, երբ բուժման արդյունավետության մասին խոսում է հիվանդը, ոչ թե բժիշկը: Հակառակ դեպքում դա գովազդ է, ոչ թե լրատվություն:
-Մենք խոսեցինք նոր մեդիայի առավելությունների մասին, իսկ ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք այդ ոլորտում:
-Այսօր տեղեկատվության աղբյուրներն ու փաստեր հավաքելու հնարավորություններն անհամեմատ շատացել են: Ընթերցողն էլ գիտի դրանց տեղը եւ պակաս տեղեկացված չէ: Ուրեմն, լրագրողի առաջ կանգնած է ավելի արագ եւ բազմաթիվ աղբյուրներ մշակելու անհրաժեշտությունը: Պարզ ասած՝ լրագրողները չեն հասցնում յուրացնել եւ մշակել փաստերի ամբողջ ծավալը կամ ավելի ճիշտ՝ ամբողջ խորությունը: Լրագրողական նյութի որակը պայմանավորված է իմաստների վերհանումով, որի ժամանակը, երբեմն նաեւ մասնագիտական կարողությունը, նրանք չունեն: Բազմաթիվ լրատվամիջոցներում կարելի է տեսնել, որ լրագրողները չեն կարողանում ճիշտ հարց տալ ճիշտ մարդկանց:
Բայց այս ամենի կողքին մի դրական երեւույթ է նկատվում: Այսօր լրագրություն է վերադառնում հեղինակն իր սուբյեկտիվ կարծիքով: Վերադառնում է ոչ թե որպես հերոս, «գուրու» կամ ուղեղների տիրակալ, այլ որպես հանրային ծառայող, կոլեկտիվ գիտակցության արտահայտող: Նրա անունը ընթերցողը նույնիսկ կարող է չհիշել, բայց նրա ասելիքը մխրճվում է գիտակցության մեջ:
-Եվ դա մեր ժամանակների՞ հատկանիշն է:
-Այո, դա 21-րդ դարի ֆենոմենն է: Ոչ թե հեղինակությունն է իշխում ուղեղներին, այլ կոլեկտիվ գիտելիքն է ձևավորում անհատին: Այսօր ընթերցողն իր առցանց գիտելիքներով ավելի խելոք է, քան ցանկացած հեղինակ:
-Պարոն Շիրինյան, ինչպիսի՞ն են Ձեր` որպես վավերագրողի և մեր իրականության հարաբերությունները: Ինչպե՞ս եք հաշտվում մեր ժամանակներին:
-Իրականությունը բազմաթիվ շերտեր ունի, որոնցից յուրաքանչյուրն արժանի է ֆիլմի վերածվելու: Բայց նկարահանելն ու ինքնադրսեւորվելը բավարար չէ… Քո ֆիլմը պիտի ակտուալ լինի հասարակության համար, հանդիսատես ունենա: Հիմա ես չեմ էլ հասցնում ինչ-որ բան մտածել՝ կյանքը թելադրում է իր թեմաները, մնում է միայն նկարահանել: Այդպես ծնվեց, օրինակ, իմ վերջին ֆիլմը Վարդան Պետրոսյանի դատավարության մասին, որը, ի դեպ, կոլեկտիվ լրագրության արդյունք է, քանի որ հատուկ նյութ չեմ հավաքել որպես վավերագրող, այլ օգտվել եմ համացանցից որպես օգտատեր: Ես միայն մեկնաբանել եմ այն, ինչ արդեն վավերագրել էին բազմաթիվ լրագրողներ իրենց ամենօրյա աշխատանքում:
-Իսկ հեղինակային իրավունքի խնդիր չե՞ք ունեցել:
-Ոչ, որովհետեւ լրագրողները նաեւ այս երկրի քաղաքացի են եւ շատ դեպքերում պատրաստ են անհատույց ծառայել հասարակության շահին: Նրանց անունները ես սիրով նշել եմ ֆիլմի վերջում:
Որքան շատ նկարվեն վավերագրական ֆիլմեր, այնքան հեշտ մեր հասարակությունը կկողմնորոշվի, թե ինչ իրականության մեջ է ապրում: Հավաստի վավերագրված եւ իմաստավորված իրականությունը հնարավորություն է տալիս մարդուն կարգավորել իր կյանքը, հաշտ ապրել իր եւ իրականության հետ:
Մեկնաբանել