HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ պայմանական ազատությունից` հավերժական ազատությունում գտնվող Մհեր Ենոքյանին

Կարդալով «Հետքում» քո «Սրտատրոփ փնտրում էի գոնե մի աստղ» հոդվածը կամ նամակը, ինչպես կուզես, անվանիր, ցանկացա ասել քեզ.
-Իմ ազատ պատուհանից նույնպես երբեմն աստղերը տեսանելի չեն:
Չգիտես ինչու, ցանակացա պատասխանել նամակիդ ու ասել, որ գոնե ինձ համար խիստ կասկածելի է` ով է մեզանից ազատ՝ ես՞, թե՞ դու:
Գիտես, միանգամից ասեմ, որ իմ կարծիքով այդ 4 պատերի մեջ ապրող ցանկացած մարդ երկու ճանապարհով է գնում ՝ կամ ինքնամաքրման, կամ ոչնչացման, բարեբախտաբար, դու ընտրել ես առաջին ճանապարհը: Ասեմ նաև, որ փակ տարածությունն ազատություն տանող ճանապարհին ավելի մոտ է, քան հավերժական թվացող այս անծայրածիր աշխարհը:
Ոչ ես գիտեմ, թե ինչ ասել է չոր ու ցամաք պատեր, ոչ էլ դու՝ գոնե վերջին 19 տարվա ազատության բերկրանքը, բայց ես ու դու գիտակցում ենք, որ այս անիծյալ կյանքում գոյություն ունի ներքին ազատության զգացում:

Մի բան, որ պակասում է յուրաքանչյուրիս: Գիտես, երբեմն այդ 4 պատերի մեջ գուցե ավելի հեշտ է հաղթահարել կյանքի նետած մարտահրավերները, քան թե այն զգացումը, որ դու ազատ ես, բայց այդ ազատությունը, ուր որ է, օձի պես կփաթաթվի ու կխեղդի քեզ:
Ես չգիտեմ` ինչ է ազատությունը, ինչպես նաև չգիտեմ, թե ինչ է նշանակում լինել 4 պատերի մեջ, բայց ես գիտեմ, որ երկու երևույթից էլ մարդն իրեն վատ է զգում:

Անազատությունից դեպի ազատություն տանող ճանապարհի համար պայքարող մարդն ամեն առավոտ արթնանում է վաղը դրսում հայտնվելու երազանքով ու ամեն օր ինքն իր վրա աշխատելով՝ փորձում է այդ 4 պատերի մեջ «կռիսի» չվերածվել ու ամեն ինչ անում է իր սև ու սպիտակ իրականությունը գույնով լցնել: Իսկ գիտես, ավելի զզվելի է, երբ շուրջդ ամեն բան գունավոր է, բայց քո աչքերին այն միանգամայն անգույն է թվում: Եթե քո սև ու սպիտակ խցում դու գոնե պղպեղ-տերևների միջոցով գույն ես լցնում, այստեղ անգամ դա հնարավոր չէ: Խցում առնետ որսալն ավելի դյուրին է, քան ազատության մեջ. այստեղ առնետներն ամենուր են ու այստեղ անկյուններն են բացակայում, որպեսզի կարողանաս նրան մի անկյունում սատկացնես:

Մարդը մենակ ծնվում է ու մենակ էլ մեռնում է` 4 պատերի մեջ, թե 12 սենյականոց բնակարանում: Մխիթարել քեզ բնավ չեմ էլ ցանկանում և ոչ էլ դատել՝ Աստծո գործերին երբեք խառնվել չեմ սիրել, բայց ցանակնում եմ որ իմանաս.
-Շատ հաճախ իմ` առանց ճաղավանդակների պատուհանից անգամ ես չեմ կարողանում տեսնել պայծառ արևի շողերը ու երեկոյան հաշվել աստղերը, քանի որ երբեմն ես ինքս կորցնում եմ իմ ներքին ազատությունը: Այնպես որ, երբեք մի հանձնվիր, քանի որ մեկ է՝ բոլորիս դատավորը մեկն է :
Շնորհավորում եմ, մաղթում, որ չկորցնես ներքին ազատությունդ:

Սուրեն Արենց

Մեկնաբանություններ (3)

Անթիկ
Այս կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում,այնպես որ կյանքը ինքնին պայքար է
Լեվոն Բաղդասարյան
Ինձ բռնեցի էն գիտակցության մեջ,որ շուտով Մհերը դուրցս է գալու ազատազրկումից ու հանրությանը ներկայացնելու է իր դեղատոմսը՝երձանկության մասին...Իսկ դու,հարգելի ընթերցող հավատում ես ?հրաշքներին...Լեվոն Բաղդասարյան ոոո.լեվգռօւպ.ամ
ՀԱՅՈՒՀԻ
Տղաներ ջան, ես ձեր ցավը տանեմ, ախր ինչի՞ պիտի ստիպվծա լինեք նման բաներ գրեք, մեկ Մհերը, մեկ էլ էս Սուրենը, երկու հրաշք հայ տղա, ո՞ր մեղքի համար մեր ազգի լավ տղաները նման մտքեր են ունենում, մեկը ներքին բանտում, մյուսը արտաքին բանտում, բա արժանապատիվ կյանք չունենայի՞նք, հայրենիք կերտեինք ձեռք ձեռքի տված, ոչ թե էսպես ամեն օր քյալլա տայինք չինական պարիսպների դեմ, որ թուրքը չի դրել, ռուսը չի դրել, այլ մեր իսկ ,,հայրենակիցներն,, են դրել իրենց ու մեր մեջ։ Գրում եմ ու արցունքներս հոսում են անզորությունից, Մհեր ջան, Սուրեն ջան, տղաներս, պինդ մնացեք, այո, ներքին ազատությունը չկորցնեք, էս բորենիները ինչքան էլ ուզեն հենց դա մեռցնել մեր մեջ, պինդ մնանք, քիչ ենք, ավելի ենք քչանում, իրար պահենք, իրար սիրենք, սերը կհաղթի, սիրով ու համառությամբ կհաղթենք, ձեր ցավը տանեմ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter