HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ ազգ, քանի՞ մշակութային ոլորտ. հայկական բազմազանություն

Նարեկ Սէֆէրեան

Վերջերս «էլ-փոստային կռիվ» ունեցա մի անծանոթի հետ:

Դրան «կռիվ» կոչելը չափազանցություն կլինի: Ավելի ճիշտ, բուռն քննարկում ունեցանք էլ-փոստեր ստանալով ու ուղարկելով: Իրար գտել էինք ընդհանուր ծանոթի միջոցով, ով խոհեմ գտնվեց ու խոսակցությունից զերծ մնաց:

Խնդիրը Արեւելահայերենի ու Արեւմտահայերենի շուրջ էր, մասնավորապես՝ եթե կան երկու առանձին Հայերեն լեզուներ, կամ եթե երկուսն էլ մի լեզվի մասնիկներն են: Ուրիշ տարբերակներ էլ կան, եւ նաեւ կարելի է, որ մարդ Արեւելահայերենին ու Արեւմտահայերենին միառժամանակ տարբեր բնորոշումներ տա: Նամակակիցս ինքնավստահորեն պնդում էր, որ կա միայն մեկ Հայոց Լեզու: Իմ դիրքորոշումն այն է, որ դրանք «քույր լեզուներ» են:

Հիմա, պատմականորեն, քաղաքականորեն, փիլիսոփայորեն, գաղափարախոսականորեն, կարելի է պնդել, որ՝ հիրավի, կա մեկ, յուրահատուկ լեզվական ժառանգություն, որը հայ ժողովրդին կապում է իրար: Կան լավ, ողջամիտ փաստարկներ այդ ուղղությամբ: Գործնականում, սակայն, հեշտ է մատնանշել, որ Արեւելահայերենն ու Արեւմտահայերենը տարբերվում են իրարից հնչյունների առումով (ինքս էլ կարճ, տարբերությունները բացատրող տեսանյութեր եմ պատրաստել Անգլերենով, Արեւելահայերենով, ու Արեւմտահայերենով), բառապաշարի ու քերականության առումով, եւ նաեւ ուղղագրության առումով. Հայոց Լեզվին Խորհրդային Միությունում փոխել տրվեց իր գրելու ձեւը 1922 թվականին եւ մի անգամ եւս 1940 թվականին: Իրանում օգտագործվող Հայերենը շարունակում է մնալ Արեւելահայերեն, սակայն ավանդական ուղղագրությամբ գրված, նույն ուղղագրությունը, որ դեռ օգտագործվում է Արեւմտահայերենում, ինչպես եւ միշտ էլ եղել է Գրաբարում:

Այս ամենը բավականին գիտնական դարձավ, այո, գուցեեւ մի քիչ ձանձրացուցիչ: Սակայն կարեւոր է հաշվի առնել, օրինակ, երբ բանը հասնի դասավանդելու եւ սովորելու լեզուն: Եթե ես Հայերենի դասընթացի արձանագրվեմ, ուրեմն ստիպված եմ որոշում կատարելու, կամ երկու կամ երեք որոշումներ, ուզած-չուզած: Ավելին, եթե որոշեմ Հայերենի դաս վարել, ապա կրկնակի պետք է վստահ լինեմ, որ քույր լեզուներից մեկը պիտի ընտրեմ: Կամ գուցե երկուսն էլ կդասավանդեմ՝ Գրաբարի հետ միասին, եթե ժամանակ լինի: Սա պարզ, գործնական իրականություն է:

Այս տեսակի գործնական իրականության հետ Հայաստանում գրեթե ամեն օր առնչություն են ունենում Հայաստանից դրսի հայերը: Հիշում եմ երկար ժամանակ Երեւանում ապրող մի սփյուռքահայ, ով նշում էր, որ Լոս Անջելեսից բազմազանությունն է կարոտում: Համաձայն եմ: Երազանքի իրականություն է հայկական հայրենիք ունենալը, բայց՝ կոպիտ օրինակ բերեմ, այստեղ դժվար է որակավոր, իսկական կորեական ճաշարան հաճախել: Քիչ կոպիտ, ավելի դիպուկ՝ Հայաստանի հասարակության ազգային, կրոնական, եւ լեզվական միատարրությունը տարածվում է ոչ միայն փողոցում սեւամորթների վրա աչք տնկողների վրա, այլ նաեւ հայկական բազմազանությունը գնահատելու պակասի:

Այո, հայկական բազմազանություն: Ծիծաղելի է հնչում այդ բառակապակցությունը, բայց ես պնդում եմ, որ հայերի բնութագրումն իսկ որպես ազգ գոյություն ունի այն փաստով, որ շատ բազմազանություն կա բոլոր իրենց հայ համարող անձանց մեջ: Թե չէ, հայերը կմնային սոսկ մի համայնք կամ պարզապես մի ցեղախումբ:

Հայերի մեջ լեզվական բազմազանություն կա, ինչպես վերը նշվեց: Մեր բոլոր գրի չառնված բառբարները թանկագին են՝ շատերը, ի դեպ, զոհ գնացած Հայոց Ցեղասպանությանը: Բառբարներից բացի, Արեւելահայերենն ու Արեւմտահայերենը՝ յուրաքանչյուրը, կրում է հարուստ գրական ժառանգություն՝ չանտեսելով նաեւ Միջին Հայերենի գրականությունը կամ Գրաբարը, ինչը հազարամյակ ու կես օրինաչափն էր: Իսկապես ափսոս է, որ Հայաստանի հայերը բացառապես ծանոթ են Արեւելահայերենի հետ՝ խորհրդային ուղղագրությամբ: Մեր դպրոցները ինչո՞ւ չեն կարող գոնե ներածական դասընթացներ ունենալ Արեւմտահայերենի, Գրաբարի, կամ առ նվազն ավանդական ուղղագրության մասին:

Հայերի մեջ կրոնական բազմազանություն կա: Հազվագյուտ է գտնել հայեր, ովքեր գոնե անունով քրիստոնյա չեն՝ թեեւ կան բազմաթիվ աթեիստ հայեր, նաեւ պատմություններ մահմեդական կամ իսլամացված հայերի մասին քիչ չեն դուրս գալիս Թուրքիայից վերջին տարիներում: Բայց անգամ հայկական քրիստոնեությունը մեծ հարստություն ունի, որից շատերը Հայաստանում տեղյակ չեն: Էջմիածինը անկասկած հավատքին կենտրոնն է, բայց Սիսի Կաթողիկոսի՝ այժմ Անթիլիասում, Լիբանանում, եւ Կոստանդնուպոլսի (Ստամբուլ) եւ Երուսաղեմի պատրիարքների նշանակությունն ու դերը հազիվ թե քննարկվում են Հայաստանում:

Ավելին, բազմադարյա Հայ Կաթողիկե (Կաթոլիկ) ավանդություն գոյություն ունի, ամենից հայտնի Վենետիկում ու Վիեննայում գործող Մխիթարյան Միաբանության միջոցով, դրա անհավատալի տպագրական եւ կրթական գործունեությամբ 18-րդ, 19-րդ, եւ 20-րդ դարերում, մինչեւ այսօր: Արդյոք Հայաստանում շատերը գիտե՞ն, որ Մխիթարյան դպրոց կա Երեւանում: Գիտե՞ն Հայ Կաթողիկե Քույրերի (մայրապետների) մասին, ովքեր այնքան գնահատելի աշխատանք են կատարում պատանիների հետ Գյումրիում:

Բողոքական հայերը համեմատաբար նոր երեւույթ են՝ հաստատվելով 19-րդ դարում Օսմանյան Կայսրությունում ամերիկյան միսիոնարների հետ: Ներկայիս Հայ Ավետարանական շարժումը առաջ մղեց արդիական կրթությունը եւ գիտությունը այն ժամանակվա հայերի մեջ: Լուսավորության կարեւոր աղբյուր էր դա մասնավորապես օսմանահայ գավառներում, ներքին շրջաններում:

Գիտեմ, որ շատերը սա կարդալով վրդովված կլինեն Հայ Ավետարանականների եւ Հայ Կաթողիկեների համադրությամբ Հայաստանյայց Եկեղեցու հետ: Բայց եթե Օսմանյան Կայսրության իշխանությունները թքած ունեին դրանց միջեւ տարբերակումներ դնելու երբ մեր նախնիներին ջարդում էին հարյուր տարի առաջ, ուրեմն ես էլ կանտեսեմ որեւէ սահմանագծեր դնել երբ հպարտանամ մեր ժառանգության բազմազանությամբ այսօր:

Հայկական բազմազանության մեկ այլ ոլորտ խոհանոցն է: Պարսկահայերը յուրահատուկ ուտեստներ ունեն իրենց ավանդությամբ, մինչդեռ օսմանահայ ժառանգները՝ արաբական աշխարհում, Թուրքիայում, Բուլղարիայում, Հունաստանում ու Կիպրոսում (նաեւ իրենց սերունդները այլուր), իրենց նախընտրություններն ունեն: Հայաստանի համար, սակայն, Ռուսական Կայսրությունը հավանաբար այնքան էլ հարմար չէր ինչ-որ խոհանոցային ավանդություններ առաջ բերելու համար. Խորհրդային Միությունը որ այդպիսին չէր վստահ, գոնե մինչեւ 1940-ականներին եւ հետո ներգաղթի ալիքները չեղան: Հաճելի է տեսնել անկախությունից ի վեր Երեւանում այսպես ասած «օսմանահայ ճաշարանների» բացումը, նաեւ՝ վերջերս Սիրիայից ներհոսքից ելնելով: Բայց դեռ տարօրինակ է հնչում շատ սփյուռքահայերի համար, ասենք, փաթաթված խաղողի տերեւներին «տոլմա» անվանելը, եւ ոչ «սարմա»: Վերջինս նշանակում է «փաթաթված» թուրքերենով, մինչդեռ առաջինը նշանակում է «լցոնված»: Ուրեմն, օսմանահայերի համար միայն լցոնված բանջարեղենները կարող են «տոլմա» կոչվել: Սա, իհարկե, փոքր, բավականին աննշանակալի մի բան է, սակայն արտացոլում է հայկական հանրապետությունում՝ ավելի լայն վերցրած հայ ազգի մասին տեղեկության ընդհանուր պակասը:

Այդ տեղեկության պակասի գլխավոր պատճառը պարզ է. շատ քիչ են արեւմտահայախոսները, հայ կաթողիկեները եւ ավետարանականները Հայաստանում, գրեթե չկա ավանդական ուղղագրությամբ գրված հանրային գրություն կամ ցուցանակ: Բայց մտահոգությունս այն է, որ շատերի մոտ Հայաստանում բաց լինելու ընդհանուր սակավություն կա այն բաների նկատմամբ, որոնք տարբեր են, նոր են, արտասովոր են: Սա բնորոշ է բոլոր փոքր, փակ հասարակությունների: Հայաստանի Հանրապետությունը համեմատաբար փոքր հասարակություն է, այո, սակայն համեմատաբար մի մեծ ազգի մաս է կազմում: Պետք է բացություն լինի հանրապետությունում ազգի զանազան մշակութային արտահայտությունների նկատմամբ: Վստահ, օրինակ, համասեռության լայնածավալ մերժումը Հայաստանում հասկանալի է որպես արեւմտյան բազմազանության, արեւմտյան կոսմոպոլիտության հակազդեցություն: Բայց արդյոք Հայաստանի Հանրապետությունը պետք չէ՞ ընդգրկի հայկական բազմազանությունը, հայկական կոսմոպոլիտությունը: Մենք համաշխարհային մի ժողովուրդ ենք, ուզած-չուզած: Հայերի գոյատեւման գաղտնիքը շատ ու շատ դարեր հենց այդ կոսմոպոլիտությունն է եղել, ցանկանան կամ գնահատեն դա որոշ հայեր, կամ ոչ:

Մեր մոլորակի միակ աշխարհագրական տարածքը, որը հաջողությամբ է արտացոլում հայկական բազմազանությունը, Հարավային Կալիֆորնիան է՝ Լոս Անջելեսի շրջանը, ուր աշխարհի ամեն անկյունից հայեր են տեղափոխվել վերջին շատ տասնամյակների ընթացքում: Արդյունքում ծիծաղելի բաներ են տեղի ունենում, ինչպես օրինակ մի պատմություն, որ ծանոթս պատմեց: Իր կողքի տանը տեղափոխվեցին հայեր եւ նա՝ որպես արեւելահայախոս, ուրիշներին ներկայացրեց նրանց որպես «հարեւան»: Սակայն նրանք արեւմտահայախոս էին, եւ քույր լեզվով այդ բառը ավելի շուտ «դրացի» է: Նեղվեցին, որով հետեւ կարծեցին, որ իրենք «հայվան» էին անվանվում: Իրոնիան նրանում է, որ այս բառը ոչ թե հայկական է, այլ արաբերենով, պարսկերենով, թուրքերենով «անասուն» է նշանակում. հայհոյանք է: Ըստ երեւույթին մեր արմատները Միջին Արեւելքից մեզ կանչում են, ինչքան էլ հեռու գնանք:

Գուցե Հայերենի ապագան Ամերիկայում հարցականի տակ է, բայց հայ ինքնությունը բավականին ամուր դիրքերում է գտնվում այնտեղ: Ես կասեի, որ հայկական ինքնությունը ինքն իրեն վտանգի տակ չէ, թեեւ այդ ինքնությունը ճիշտ ինչ կներառի տարբեր կլինի տարբեր տեղերում, տարբեր ժամանակներում: Պատճառը, որ հայ ինքնությունը վտանգված չէ գոնե մասամբ նրա համար է, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի որպես կենտրոնական, համընդհանուր ներքաշող հանգամանք ամբողջ ազգին համար:

Քաջալերելի կլիներ եթե գտնվեին ավելի լավ պայմաններ երկրում հայկական բազմազանության բոլոր տարրերի արտահայտման, նաեւ՝ նորերի զարգացման համար: Պետք է ճանաչենք, ընդունենք, եւ գնահատենք մեր բազմազանությունը որպես իսկապես հարուստ, հնագույն ազգային ժառանգության փոխանցում, եւ որպես աղբյուր մեր ապագա զարգացման համար՝ բազմազան ուղղություններով:

Նարեկ Սէֆէրեանն իր կրթությունը ստացել է Հնդկաստանում, Հայաստանում, Միացյալ Նահանգներում, եւ Ավստրիայում: Նրա գրությունները հասանելի են naregseferian.com կայքի միջոցով:

 

Մեկնաբանություններ (16)

Վեհարի
Մեր տարածքները թշնամուն մենք չենք վաճառել և ետ գնելն էլ այսօր իմաստ չունի: Եթե մեր հայրենիքը նվեր տված լինեինք կամ պատերազմի հետևանքով կորցրած ապա միջազգային իրավաբանական կամ մարդկային օրենքներով մենք մեր երկիրը ետ բերելու համար մեծ ջանքեր պիտի թափեինք: Իսկ այդ օրենքները միևնույնն է ուշ թե շուտ Երկիր մոլորակում անպատճառ գործելու են և Հայաստանը մեկն է լինելու, այնպես ինչպես այսօր արևելյան և արևմտյան Գերմանիան է մեկ պետություն առանց բաժանարար պատերի:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ԱրևմտաԱնգլերեն ու ԱրևելաԱնգլերեն (կամ արևմտաXերեն ու արևելաXերեն) չկա ու չի՛ կարող լինել. սա ուղղակի աբսուրդ է: Նույն ձևի՝ կա միայն մե՛կ հայերեն. դա հայերենն է:
H.
Yes, Southern California is one of the few places where Eastern and Western Armenians intermingle. But within a larger melting pot with a multitude of cultural influences. And within a country with a proven record of rapid assimilation. In a way, Yerevan was never meant to appreciate Armenian cosmopolitanism. A century ago, it was largely a backwater within the Russian empire and was made capital of the first republic, which was actually declared in Tiflis (now there's a city that appreciated--or at least used to appreciate--cosmopolitanism). It was only when it became capital of the Armenian Soviet republic that it actually became (ore re-emerged as?) a proper city. But again, one of Stalinism's tenets was anti-cosmopolitanism, and most of the post-WWII repatriates still have horror stories about their experiences there.
Վեհարի
Ներկայիս Հայերենը, լինի այն ՀՀ պետական, արևմտահայերեն կամ որևէ բարբառ, նման չէ շատ դարեր առաջ երբեմնի կատարյալ այն հայերենին, որով խոսում էին մեր` ուրիշների կողմից որպես աստված համարվող նախնիները: Մեր դրածո իշխանությունները ստրկաբար ծառայել, և շարունակում են են ծառայել այլոց: Այդ պատճառով, շատ հարգելի մեկնաբանողներ, ինչ եք կարծում, ենթադրենք սփյուռքի հայությունը համախմբվի և արդար ընտրությունների մեխանիզմով ասենք ստեղծի ոչ թե այլոց, այլ ազգին ծառայող արտագնա կառավարություն և ենթադրենք նրանց /նույնն է թե մեզ/ հաջողվի հասնել մեր օրինական պահանջներին,` և ետ ստանալ մեր Արևմտյան Հայաստանը, ինչ է, այդ դեպքում նույնպես կպնդեք թե նրանք իրավունք չունեն պետական լեզուն արևմտահաերենը հռչակել:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Թող սկզբից Արևմտյան Հայաստանը «ետ ստանան», հետո «լեզվի» հարցը կորոշեն: Դրանք սկի արդե՛ն ազատագրված տարածքներ ետ չեն գնում. միայն խոսում են:
Վահան
Ի տեղեկութիւն բոլորին ; ՀՀ սահմանադրութեան Հոդված 12 - Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
«1,600 տարի մեր նախնիները կարողացան այդ ուղղագրութեամբ գոհարներ արարել»:............................ Հետո՞. միշտ անցյալու՛մ ապրե՞նք: Հին անգլերենով,գերմաներենով, ֆրանսերենով ու X-երենով էլ դարերո՜վ գոհարներ են ստեղծել. ուրե՞մն՝ անգլերենի ներկա ուղղագրությունն ու քերականությունը թողնեն ու շարունակեն գրել 14-րդ դարի Geoffrey Chaucer-ի նման: Լեզուն էլ պիտի՛ հղկվի ու զարգանա. ու ինչու չէ,նաև փոփոխությունների ենթարկվի:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Արեւմտահայերենը նկարագրել որպէս «լեզու՞»; Սրանից ավելի ապուշ պնդում դժվար որ լսել եմ: Միայն տգետը կարող է այսպիսի վարկած հրապարակել: ...............................................Սարսափելի ու խայտառակ բնաջնջման ենթարկված «արևմտահայը» ամեն ինչ կորցնեց ու կառչել է իր «լեզվին»՝ «արևմտահայերենին» (identity crisis?): Այդ նույնն է, որ Ղարաբաղի/Սյունիքի բարբառը գրես հին/գրաբար կամ միջնադարյան հայերենով ու այն կոչես «հարավային հայերեն»: Նորից՝ կա ՄԻԱՅՆ ՄԵԿ հայերեն. դա ՀՀ/ԼՂՀ-ի պետական լեզուն է՝ իր արդի ու շատ ավելի լավ ուղղագրությամբ:
Ռազմիկ
Ներկայիս Հայսատնի գրեթէ 40% արմատով «արեւմտահայկական» է: Հետեւաբար,այդ լեզուն այսօր չխօսելը կնշանակի ուռանալ մեր արմատները: Կոչ եմ ուղղում բոլոր նրանց ովքեր գիտեն մեր նախնեաց լեզուն թող այն արտասանեն ամէնուրէք:
Թորգոմ
Արեւմտահայերէնը նկարագրել որպէս «բարբա՞ռ»; Սրանից աւելի ապուշ պնդում դժուար որ լսել եմ: Միայն տգէտը կարող է այսպիսի վարկած հրապարակել: Իսկ միայն անմտակարողը կասի որ դասական ուղղագրութիւնը «ծանր» է ու «խրթին»: Այ՛ քեզ բան: 1,600 տարի մեր նախնիները կարողացան այդ ուղղագրութեամբ գոհարներ արարել: Այսօր, ըստ ոմանց, հայերը այնքան են տգիտացել որ այլեւս ատակ չեն նոյնը անելու: Դէ գնա ու հացկացի՛ր:
Մինաս
Գալով լեզուի հարցին՝ այո ունինք երկու քոյր լեզու: Արեւմտասհայերէնը կը գտնուի անհետացման եզրին, իսկ արեւելահայերէնը, հակառակ որ պետականօրէն կը գործածուի, տանուլ է տալիս հենց Հայաստանի Հանրապետութեան մէջ: Գրական լեզուն կ՛իջնէ խօսակցականին մակարդակին: Չեմ ալ խօսիր ռուսերէնի ազդեցութեան տակ իր հետզհետէ աղճատմանը մասին: Մարդիկ հայաստանում նոյնիսկ այբուբենը դժուարութեամբ կ՛արտասանեն:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Նախ՝ Հայ է նա,ով իրեն հայ է զգու՛մ ու (թեկուզ մի փոքր) հետաքրքրվում է իր հայրենիքով: Ուստի՝ օրինակ՝ Թուրքիայում ապրող, հայերեն չիմացող,թուրքական անուն ունեցող ու մահմեդական հայը երբեմն շատ ավելի շատ հայ կարող է լինել, քան Ռուսաստանում (ու թեկուզ հենց Հայաստանում) ապրող,ուղղափառ ու հայախոս հայը: .................................................Երկրորդ՝ Թող ՈՉ ՈՔ չասի,որ՝ «հազվագյուտ է գտնել հայեր, ովքեր գոնե անունով քրիստոնյա չեն»: Բնավ էլ հազվագյուտ չէ, բարեբախտաբար. օրինակ՝ ես ինքս քրիստոնյա չեն, չեմ եղել ու չեմ էլ պատրաստվում լինել. անունով էլ քրիստոնյա չեմ: Ես անկրոն եմ (բայց աթեիստ չեմ):
Գեւորգ
Ինչու միայն, «գրաբարը», «արեւելահայերենը» եւ «արեւմտահայերենը»? Հայերս, փաստացի, ունենք ահռելի քանակությամբ անկրկնելի ու խիստ յուրահատուկ գործածվող բառբառներ ու խոսակցական ձեւեր: Օրինակ՝ Ղարաբաղի, Լոռվա, Արտաշատի, Ջավախքի, Թիֆլիսի, Համշենի, Քեսաբի եւ քանի-քանի այլն բառբառները, որոնք այնքան տարբեր են, որ հաճախ մեկը մյուսի համար կատարելապես անհասկանալի են թվում: Ինչ պետք է անել - փորձել արգելել, արմատախիլ անել մայրական լեզուն եւ բոլորին պարտադրել միակը? Որ մեկն ընտրել այդ դեպքում, ինչ իրավունքով? Կամ ինչքանով է դա իրական? Իմ համեստ կարծիքով, պետք է ընդունել իրականությունն այնպես ինչպես որ կա եւ արհեստական ու անլուծելի նոր խնդիրներ չստեղծել: Ճաշակն ու Չափը պիտի որոշեն թե որ արժեքն ինչպես եւ որտեղ օգտագործվեն, եւ ոչ թե չինովնիկների որոշումներն ու պարտադրանքները: Իսկ պայքարն անհարկի օտարամոլության, լեզվի խառնակման, ժարգոնի դեմ միշտ էլ արդարացված ու անհրաժեշտ է:
Սուրեն
Ճիշտ է ասված.- բաժանիր որ տիրես Բոլորիս հայացքը պիտի ուղղենք դեպի Հայաստան: Վենետիկի կաթոլիկ լինի թե Ստամբուլի կամ Իրանի հայ, բոլորս էլ մեր ինչքերը հավաքենք ու գնանք Հայաստան ու էնտեղ «կռիվ» տանք հայոց լեզվի ուղղագրության կամ ձևի ու չափի վերաբերյալ: Սփյուռքը հիմա անչափ վտանգավոր վիճակի մեջ է հայտնվելու ու համահարթեցումը կստիպի հայերին սիրիահայերի ու իրաքահայերի նման ցաք ու ցրիվ լինելու: Մի քանի ամիս հետո հերթը կգա արաբական աշխարհի այլ համայնքներին: Հերթը հասնելու է նաև Լոս Անջելոսին նույնպես: ՀԱՅԵՐԸ ՇՏԱՊ ՊՒՏԻ ԻՐԵՆՑ ՈՒՆԵՑՎԱՑՔԸ ԾԱԽԵՆ ՈՒԳՆԱն ՀԱՅԱՍՏԱՆ
Մինաս
Ափսոս, բայց գնալով Երեւանը աւելի կը նմանի գիւղաքաղաք մը քան Հայութեան մայրաքաղաք: Նոր խանութներ եւ Հիւսիսային Պողոտաներ մէկ դի, մարդկանց մտահորիզոնները կարծես կը փոքրանան քան թէ մեծանան: Ճնշիչ մթնոլորտ է:
Վեհարի
,,Բաժանիր որպեսզի տիրես,, արտահայտությունը մեր և այլ երկրներին տիրելու պատրաստ ուժերն են ստեղծել: Կար ժամանակ երբ ռուսն և ուկրաինացին որպես մեկ ազգ` մեկ լեզվով էին խոսում, իսկ այսօր նրանք իրար են ռմբակոծում հանուն ,,ազգային,, շահերի: Մեր այբուբենում և /յէվ/, ո /վո/ տառերը մտցնողները և բոլոր նրանք ովքեր դեմ են մեր այբուբենը վերականգնելուն, դեմ են տարբեր բառբարներ ձեռք բերած հայերին հայ կոչելուն, նրանք կողմնակիցն են ,,Բաժանիր որ տիրես,, ասող ուժերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter