
Փողոց մաքրողների մի մասը գործազուրկ է դարձել. նրանք բողոքի ակցիա են անում
Տոնական օրերից հետո առաջին աշխատանքային օրը կառավարության շենքի դիմաց մարդաշատ էր: Բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի փողոցները մաքրողները, որոնց նոր տարվա «անակնկալ» էր սպասվում: Բողոքավորների գերակշիռ մասը կանայք էին:
Լիանա Ալոյանը «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ իրենց գործատուն` «Սանիտեք» ընկերությունը, իր իրավունքները չարաշահում է, և մարդկանց աշխատեցնելով՝ գումարները չի տալիս, իսկ հունվարի 1-ից աշխատողների մի մասին հեռացրել է աշխատանքից:
«Մեկ ամիս աշխատեցինք և հավաքարար, և աղբ հավաքող: Դեկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը տնօրենը բերեց մեզ ծրարով տվեց աշխատավարձի կեսից էլ պակաս գումար: Չենք կարողացել նույնիսկ Նոր տարվա պատրաստություն տեսնել: 1 քմ տարածք մաքրելն, ըստ պայմանավորվածության, արժե 20 դրամ, իմ տարածքի գումարը կազմում է 210.000 դրամ, բայց ստացել եմ 105.000 դրամ: Կին եմ, գիշերվա կեսին գնում փողոց եմ մաքրում, որ սոված չմնամ: Իրենց ասած բոլոր պայմաններին համաձայնվեցինք, բայց նույնիսկ բանվորության գումարը չեն տալիս»,-ասում է Լ. Ալոյանը:
Նրա խոսքերով՝ ընկերության տնօրենը որոշել է կրճատել մոտ 150 աշխատողի և այն տարածքները, որ նախկինում 10 հոգով էին մաքրում, այժմ պետք է մաքրեն երկուսը:
«Ամսի 1-ից չենք աշխատում, մեզ չի ընդունում: Պայման է դնում, որ հսկայական տարածքներ մաքրենք չնչին աշխատավարձով, ոնց կարող ենք դա անել: Աշխատողների մեծ մասը վարձով է ապրում, հիվանդ է պահում, այսօր արդեն անգործ ենք մնացել, ոնց ենք անելու»,-նշում է Լիանա Ալոյանը:
Բողոքավորներից Սուսաննա Մուրադյանն էլ ասաց, որ ընկերության տնօրինությունն ասել է, որ նոր չափումներ կանեն, ըստ դրա էլ կորոշեն աշխատավարձի չափը:
«Տարիներ շարունակ աշխատել ենք, տարածքի չափման խնդիր չի առաջացել, հիմա ինչի որոշեցին, որ խնդիր կա: Թող չափագրումներ անեն, տուժողն իրենք են լինելու: Մենք ավելի շատ տարածք ենք մաքրում, քան դրա դիմաց գումար ենք ստանում: Լավ, ընկերությունն են մրցույթով շահել, հո մարդկանց էլ մրցույթով չեն շահել: Այնպիսի պայմաններ են առաջադրում, որ մարդիկ ստիպված դուրս գան աշխատանքից»,-ասաց Ս. Մուրադյանը:
Տիկնոջ ասելով՝ մեկ ամիս աշխատել են առանց պայմանագրի, որի իրավունքը «Սանիտեք» ընկերությունը չի ունեցել: Նրա խոսքերով` այժմ էլ Չարենցավանից մարդիկ են աշխատում ընկերությունում, որոնք գրանցված չեն:
Կառավարությունից աշխատակիցներին պատասխան չտրվեց: Նրանք ոտքով շարժվեցին դեպի նախագահական նստավայր:
«Սանիտեք» ընկերությունից պարզաբանում ստանալ չհաջողվեց: Հեռախոսազանգերին չէին պատասխանում:
Հիշեցնենք, որ լիբանանյան այս ընկերությանն է հանձնվել Երևանի որոշ հատվածների աղբահանություն եւ սանմաքրում կազմակերպելու աշխատանքները:
Մեկնաբանել