HY RU EN

«Մինչ օրս չեմ պատկերացնում, թե ինչի մեջ է ինձ փորձում մեղադրել ԱԱԾ-ն»,-ասում է «ԱրմենՏել»-ի նախկին ղեկավարը

«ԱրմենՏելի» նախկին գլխավոր գործադիր տնօրեն Իգոր Կլիմկոն չգիտի, թե ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ինչ մեղադրանքներ է վերագրում իրեն:

«Մինչ օրս ինքս չեմ պատկերացնում, թե ինչի մեջ է ինձ փորձում մեղադրել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը: Որևէ փաստաթուղթ իրենցից առայսօր չեմ կարողանում ստանալ: Պրն Աթանեսյանը փորձում է ինչ-որ փաստաթղթեր ստանալ, բայց առայժմ, ինչպես տեսնում ենք, ապարդյուն է»,-մեզ հետ նամակագրության ժամանակ գրում է  Իգոր Կլիմկոն:

Հայակական մամուլը, հղում կատարելով ԱԱԾ որոշ աղբյուրների վրա, գրում է, որ Իգոր Կլիմկոն կասկածվում է ֆինանսական չարաշահումների մեջ: Խոսվում է 10-15 մլրդ ՀՀ դրամի մասին: Մասնավորապես, 2009-ից 2012 թվականներին արտերկրից «ԱրմենՏելի» միջոցով Հայաստան կատարված զանգերի դիմաց փոխանցված գումարների մի զգալի մասը բացակայում է:  Եվրոպական երկրներից դեպի Հայաստան կատարվող զանգերի դիմաց ամսական փոխանցումները կազմել են մոտ 20 միլիոն դոլար: Այդ գումարները կամ դրանց մի զգալի մասը բավական երկար ժամանակ փոխանցվել են ոչ թե ընկերության հաշվին, այլ օֆշորում բացված ինչ-որ հաշիվների: Երեք տարվա ընթացքում «ԱրմենՏելից» այս ճանապարհով հափշտակվել է մոտ 500 միլիոն դոլար: Նախկին ղեկավարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Ֆեյսբուքյան իր էջում Իգոր Կլիմկոն հայաստանյան մամուլի նմանատիպ հրապարակումները զրպարտություն է որակել և սպառնացել դատի տալ այն լրատվամիջոցներին, որոնք իր և 2009-2013թթ. «ԱրմենՏելի» որոշ ռուս աշխատակիցների համբավն արատավորող հերյուրանքներ են հրապարակել: Կլիմկոն նշել է, որ նպատակային տեղեկատվական պատերազմ է տարվում ռուս քաղաքացիների նկատմամբ, որպես իրավախախտների, բացասական հասարակական կարծիք ձևավորելու ուղղությամբ, «գողերի» և «թալանչիների» կերպար ստեղծելով, քաղաքացիների ուշադրությունը խնդիրների իրական աղբյուրներից շեղելու նպատակով: «Իսկ ավելի ճիշտ՝ ծածկելու որոշ գործիչների «կեղտոտ գործերը» ինչպես «ԱրմենՏելի» շրջանակներում, այնպես էլ ընկերությունից դուրս»,-գրել է Իգոր Կլիմկոն: Թե ում նկատի ունի «ԱրմենՏելի» նախկին գլխավոր գործադիր տնօրենը, չի մանրամասնում:

Կլիմկոն պնդում է, որ շուրջ 5 ամիս է՝ հայ իրավապահները ապօրինի կերպով մերժում են իր պաշտպանության իրավունքի իրացումը և թույլ չեն տալիս փաստաբան Տիգրան Աթանեսյանին ներգրավվել գործում և ծանոթանալ նյութերին:

Երեկ նշանակված էր հերթական դատական նիստը՝ գործում Տիգրան Աթանեսյանին որպես Իգոր Կլիմկոյի պաշտպան ներգրավվելու վերաբերյալ ԱԱԾ-ի մերժման գործողության դեմ: Տիգրան Աթանեսյանը «Հետքին» հայտնեց, որ այն արդեն չորրորդ անգամ հետաձգվեց մինչև հունվարի 15-ը. Դատավոր Ա. Բեկթաշյանը պետք է ուսումնասիրի գործում առկա փաստաթղթերից մեկը:

«Իմ կարծիքով, բողոքը մերժվելու է ինչ-որ մի ձևական հիմքով: Ամբողջ իմաստն այն է, որ մեր դատարանները չեն կարող հակառակվել ԱԱԾ-ին: Իսկ թե ինչու ԱԱԾ-ն ունի նման դիրքորոշում, դժվար է ասել»,-նշում է փաստաբանը:

Տիգրան Աթանեսյանը պատրաստ է վերադաս ատյաններում բողոքարկել դատարանի մերժման վճիռը, նույնիսկ Եվրադատարան է դիմելու, սական նշում է, որ դա ժամանակատար է: «Ամեն դեպքում ցույց կտամ, որ Հայաստանի իրավապահ մարմինները կոպտորեն ոտնահարում են մարդու իրավունքները դեռ երբ այդ մարդն իրենց իրավասության ներքո չէ, պատկերացրեք ինչ վիճակում կլիներ, եթե հայտնվեր իրենց իրավասության ներքո»,-ասում է փաստաբանը:  

Իգոր Կլիմկոն մեզ հետ զրույցում նշում է, որ չի կարողանա այս գործի վերաբերյալ մեր հարցերին պատասխանել քանի դեռ չի հասկացել մեղադրանքի էությունը: «Առ այսօր ԱԱԾ-ն թույլ չի տալիս իմ փաստաբանին  գործին մոտենալ,-հիմնավորում է Իգոր Կլիմկոն,- ես հույս ունեմ, որ վաղ թե ուշ պաշտպանության իմ իրավունքը կիրականացվի: Այնուամենայնիվ, Հայաստանը քաղաքակիրթ երկիր է, եկեք սպասենք հաջորդ դատական նիստին»:  

Լուսանկարը՝ Ի. Կլիմկոյի ֆեյսբուքյան էջից