
Գյումրու քաղաքապետ. «Մեր պահանջն այն է, որ հանցագործը մնա հանրապետությունում, քննությունն իրականացնեն հայ իրավապահները»
Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքի եւ դրան հետեւած բողոքի ալիքի բարձրացման օրերին Գյումրիից բացակայում էր քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
«Պաշտոնական այցով հունվարի 9-ից գտնվում էի ԱՄՆ-ում՝ Գլենդելի քաղաքապետի հրավերով: Բացի այդ, նախատեսված էին նաեւ այլ պաշտոնական հանդիպումներ, որոնց նպատակը Գյումրի զարգացման ծրագրեր բերելն էր: Իսկ ինչ մնում է լրատվամիջոցներով տարածած լուրերին, թե արձակուրդ եմ վերցրել ու գնացել Դուբայ, ասեմ, որ ճշմարտությունն այն է, որ, իրոք, ես գտնվում եմ արձակուրդում եւ դա արվել է, որպեսզի պաշտանական այցի անվան տակ համայնքային բյուջեից մեկ լումա հանկարծ չծախսվի: Տոմսի գումարը եւս վճարվել է իմ գրպանից: Քանի որ ամռան ամիսներին սովորաբար աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չեմ կարողանում ինձ հասանելիք արձակուրդը վերցնել, դա թողնում եմ հունվար ամսին»,-հայտնեց Սամվել Բալասանյանը:
Գյումրիում ծավալվող իրադարձությունները Սամվել Բալասանյանին ստիպել են անավարտ թողնել այցն ու 27 ժամվա ընթացքում վերադառնալ Գյումրի: Հունվարի 15-ին, ժամը 23-ի սահմաններում նա արդեն քաղաքում էր եւ հասցրել էր լինել դատախազության շենքի մոտ, իսկ հետո այցելել Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ տեղափոխվել էին բախման հետեւանքով վիրավորված 14 ոստիկան ու 10 ակտիվիստ:
Սամվել Բալասանյանի վստահեցմամբ` ինքը մշտապես իր համաքաղաքացիների կողքին է: Բողոքի ինքնաբուխ հավաքներին դեմ չէ, միայն թե դրանք չվերածվեն բախումների: «Պետք է փառք տանք աստծուն, որ զոհեր չունեցանք»,-նկատեց քաղաքապետը: Գյումրիում կատարվածի կապակցությամբ սգո օր հայտարարելու վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան` քաղաքապետը նկատեց, որ իրենք այդ իրավասությունը չունեն: «Մերոնք նայել են, ճշտել ենք, որ անգամ ավագանու որոշումով դա չէինք կարող անել, եւ որ դրա իրավասությունը մենք չունենք, դա պետք է լինի պետական մակարդակով»,-նշեց քաղաքապետը;
Սամվել Բալասանյանը ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղափոխման անհրաժեշտություն չի տեսնում: «Պետք չէ դեպքը դիտարկել հայ-ռուսական հարաբերությունների հարթության վրա: Իսկ եթե սպանություն կատարողը ազգությամբ վրացի լիներ կամ այլ ազգի,- լրագրողի հարցին հարցով պատասխանեց քաղաքապետը,- կարծում եմ` պետք է հարցը դիտարկել հանցագործության տեսանկյունից: Մեր պահանջն այս պահին այն է, որ հանցագործը մնա հանրապետությունում, քննությունն իրականացնեն հայ իրավապահները, եւ որ պատիժը հանցագործը կրի մինչեւ վերջ: Եվ այդ բոլոր պրոցեսները լինեն թափանցիկ»:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել