Ջիմ Մորիսոն. ազատության մեջ ամենակարևորն է լինել այնպիսին, ինչպիսին իրականում կաս
Ջեյմս Դուգլաս Մորիսոն
Նա առաջին հերթին պոետ էր, փիլիսոփա, երբեմն՝ դերասան և ամենավերջում՝ երգիչ: Այդպես են մտածում շատերը, ովքեր փորձել են փոքր-ինչ, թեկուզ միայն երաժշտության միջոցով, մոտենալ նրա միստիկ, խորհրդավոր, ընդվզող էությանը: Նա, միևնույն ժամանակ, ռոքի պատմության մեջ ամենախարիզմատիկ կերպարն էր, ով բեմում համատեղում էր վայրի ազատությունն ու պոետիկ արտիստիզմը: Նա ռոքի ամենասկանդալային, բայց ամենաազդեցիկ Ջիմ Մորիսոնն էր, ով ընդամենը 27 տարեկան էր:
«Մողես արքա». այսպես էր հաճախ անվանում ինքն իրեն Ջիմը, մինչդեռ երկրպագուները կնքել էին «King of orgasmic rock» մականունով: Իր յուրահատուկ բանաստեղծական խոսքի, ձայնի, վայրի անհատականության և կատարման ոճի շնորհիվ Մորիսոնը թե՛ երկրպագուների, թե՛ ամենախիստ քննադատների կողմից համարվել է ռոքի պատմության մեջ առաջնորդող անուն: Նրանից խորապես ազդվել են բազմաթիվ հայտնի երաժիշտներ, նա շարունակում է մնալ կուռք-աստղ մինչ օրս:
Ընդամենը 23-24 տարեկանում այս երիտասարդն արդեն բուռն անհատականություն էր, որն իր անկանխատեսելի դրսևորումներով արտահայտվում էր նաև համերգների ժամանակ: Դրանք հիմնականում ուղեկցվում էին բանաստեղծական խոսքի իմպրովիզացիաներով, երբ բեմում կրկին հայտնվում էր պոետը: Մորիսոնի կենսագիրները նշում են բազմաթիվ փիլիսոփաների և գրողների անուններ, որոնք մեծ ազդեցություն են թողել նրա կյանքում. Արթյուր Ռեմբո, Ուիլյամ Բլեյք, Ֆրանց Կաֆկա, Շարլ Բոդլեր, Ջեք Քերուակ, Ալեն Գինսբերգ և ուրիշներ: Սակայն առավելապես գերիշխողը Ֆրիդրիխ Նիցշեն էր: Ջիմը հետաքրքրված էր նաև դիցաբանությամբ, հունական թատերգությամբ և, հատկապես, ամերիկյան բնիկների մշակույթով: Այս ամենը ձևավորել է ապագա լեգենդին, ով բանաստեղծություններ սկսեց գրել դեռևս վաղ տարիքից:
«Լսիր, իսկական պոեզիան ոչինչ չի ասում, այն ուղղակի հնարավորություններ է բացում: Բաց արա դռները. դու կարող ես ներս մտնել ցանկացած մեկից, որը համապատասխանում է քեզ…»,- գրում է Մորիսոնը:
1978 թ-ին ամերիկյան «The Doors» խմբի նախկին անդամները՝ Ջոն Դենսմորը, Ռեյ Մանզարեկը և Ռոբի Կրիգերը, ներկայացրին իրենց 9-րդ և վերջին ստուդիական ալբոմը` «An American Prayer» վերնագրով: Սկավառակը լույս տեսավ խմբի վոկալիստ և առաջնորդ Ջիմ Մորիսոնի ողբերգական մահից 7 տարի և «The Doors»-ի փլուզումից 5 տարի հետո: Այս հավաքածուն առանձնանում էր նրանով, որ ներկայացնում էր Ջիմի կատարմամբ սեփական բանաստեղծությունները՝ երաժշտության ուղեկցությամբ: Երգիչը դրանք ձայնագրել էր դեռևս 1969-70թթ.: Ալբոմում ընդգրկված են հատվածներ նրա պոեմներից, բանաստեղծություններ և գրառումներ: Ալբոմը հակասական կարծիքներ հնչեցրեց, և չնայած մինչ օրս քննադատները շարունակում են նրա հաջողվածությունը քննարկել, երաժշտասերները այն ոգևորված ընդունեցին: Ամենասուր քննադատողների թիմում էր խմբի երկարամյա պրոդուսեր Փոլ Ռոտշիլդը: Նա ալբոմն անվանեց «Ջիմ Մորիսոնի բռնաբարում»:
Մարկ Աշքենազի պատկերմամբ այս լուսանկարի վրա փորձեք գտնել «An American Prayer» ալբոմի մի քանի պոեմներ։
Նա պնդում էր, որ խմբի անդամները փչացրել են ամեն ինչ, նրանք չեն հասկացել Մորիսոնի յուրօրինակ մտադրությունը՝ պոեզիան ձայնային-երաժշտական ներկայացման վերածելու: Ռոտշիլդի վկայությամբ` Մորիսոնը նախատեսել էր այն իրականացնել առանց խմբի անդամների և որոշակիորեն հստակ գծագրել էր արդեն իր անելիքը՝ բոլորովին այլ երաժիշտների նկատի ունենալով: Եվ, այնուամենայնիվ, «An American Prayer»-ը ԱՄՆ-ում պլատինե ճանաչվեց: Այն վերաթողարկվեց նոր մշակմամբ 1995թ.: Ջիմ Մորիսոնի կատարմամբ «Bird of Prey» բանաստեղծությունը զետեղվել է «Fatboy Slim» խմբի «Sunset» երգի մեջ:
«Եթե իմ պոեզիան նպատակ ունի հասնել որևէ բանի, ապա դա մարդկանց ազատագրումն է ՝ տեսնելու և զգալու իրենց սահմանափակ ուղիներից»,-այսպես էր մտածում Ջիմը:
«All music»-ը գրում է. «Շատերը պարզապես անցնում են նրա պոեզիայի կողքով՝ համարելով այն պատահականորեն իրար կցված մտքեր, մինչդեռ Մորիսոնը տաղանդավոր պոետ էր՝ լի վառ երևակայությամբ: Այս ալբոմը ցույց է տալիս, թե ինչպես են խմբի երաժիշտները ստեղծում այն տրամադրությունը, որը կյանքի է կոչվում մորիսոնյան մութ ու ոլորուն տեսիլքների միջից…»:
Սյուրռեալիստական, սիմվոլիկ և մետամորֆոզներով լի բանաստեղծական շարքեր, պոեմներ և պարզապես գրառումներ: Նրա կենդանության օրոք սեփական միջոցներով տպագրվեցին «The Lords և The New Creatures» (1969թ.), «An American Prayer» (1970թ.) գրքերը, ապա հաջորդեցին վերահրատարակություններն ու նոր գործեր՝ «An American Prayer and other notes» (1987թ.), «Wilderness: The lost writings of Jim Morrison. Vol. 1.» (1988թ.), «Lyrics and Poem» (1989թ.), «American Night. The lost writings of Jim Morrison. Vol. 2. » (1990թ.): Դրանք հրատարակվել և թարգմանվել են տարբեր լեզուներով:
«Սա իմ իմացած ամենատարօրինակ կյանքն է …»
«Ազատության մեջ ամենակարևորն է լինել այն, ինչ կաս իրականում: Հանուն դերի դուք առևտուր եք անում իրականության մեջ: Դուք հրաժարվում եք զգալու ձեզ շնորհված հնարավորությունից և փոխարենը հագնում եք դիմակներ»:
Ջիմ Մորիսոն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել