
«Ես արջին բուժել եմ, դրա համար ինձ տուգանում են»
Հալաբյան փողոցից հայտնաբերված Անդրկովկասյան գորշ արջը նյարդային, լարված վիճակում է: Կատարում է կենդանու տվյալ տեսակին ոչ բնորոշ շարժումներ: Հաշվի առնելով, որ կենդանին կերակրվել է մարդու կողմից, սովորել է մարդու ներկայությանը և հաշվի առնելով համաշխարհային փորձը, արջին վայրի բնության բաց թողնելը հակացուցված է:
Բնապահպանական պետական տեսչության Կենսաբազմազանության վերահսկողության բաժնի պետի տեղակալ Արթուր Բեգլարյանն այսօր դատարան էր ներկայացրել Կովկասյան գորշ արջի մասին Երևանի կենդանաբանական այգուց ստացած գրությունը: Հիշեցնենք, որ արջը հայտնաբերվելուց հետո հանձնվել էր Երևանի կենդանաբանական այգուն:
Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում արջը կերակրող Հրաչյա Ավետիսյանի բողոքի քննությունն էր: Հալաբյան փողոցում հայտնաբերված արջի գործով դատապարտված Հրաչյա Ավետիսյանը բողոքարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը, որով իրեն մեղավոր են ճանաչել և դատապարտել տուգանքի 400 հազար դրամի չափով: Բացի դրանից, Հրաչյա Ավետիսյանից հօգուտ պետբյուջե պետք է բռնագանձվի նաև 500 հազար դրամ՝ որպես բնությանը պատճառած վնասի փոխհատուցում: Հրաչյան Ավետիսյանն ուզում է, որ վերաքննիչի մեղմի դատավճիռը և գումարը նվազեցվի, քանի որ ինքը վճարունակ չէ: Նախագահող դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանը ասաց, որ օրենքի նախատեսած նվազագույն տուգանքի չափն է սահմանվել նրա համար:
Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը Հրաչյա Ավետիսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, չունենալով գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, ինչպես նաև արհեստական և բնական պայմաններում` դրանց վերարտադրության նպատակներով` կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմնի թույլտվություն, 2014 թվականի ապրիլ ամսվա կեսերին Սպիտակ-Երևան ավտոճանապահի 6-րդ կիլոմետրի` Լոռու մարզի Ջրաշեն գյուղի վարչական տարածքից տիրացել` որսացել է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջ` կենդանական և բուսական աշխարհին պատճառելով խոշոր` 1 միլիոն ՀՀ դրամի վնաս:
Այս մեղադրանքի հետ Հրաչյա Ավետիսյանը համաձայն չէ: «Ես արջին բուժել եմ, դրա համար ինձ տուգանում են, փոխանակ ինձ պարգևատրեն»,-այսօր դատարանում հայտարարեց Հրաչյա Ավետիսյանը:
Դատարանի հարցին, թե ինչպե՞ս է բուժել, հասկացե՞լ է՝ ինչ հիվանդություն ուներ արջը, պատասխանեց, որ կիսասատկած կենդանուն բերել է տուն ու խնամել է, չի թողել, որ սատկի:
Այսօր ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը հրապարակեց որոշումը, որով օրինական ուժի մեջ թողեց Լոռու մարզի ընհանուր իրավասության դատարանի դատավճիռը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել