HY RU EN

Հարստացվող ալյուրը դեռ 1 տարի «ջուր կքաշի». ԱՆ-ն պատասխանում է «Հետքի» հարցերին

Այսօր Ագգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը որոշել է մեկ տարով հետաձգել «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրինագծի քննարկումը: Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն առաջարկել է շարունակել ուսումնասիրությունները: Նա նշել է, որ հետագայում թեմայի վերաբերյալ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ, կհրավիրվեն մասնագետներ: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն էլ պատրաստակամություն է հայտնել շարունակել ուսումնասիություններն ու համատեղ աշխատանքը:

Հատկանշական է, որ չնայած օրինագծի քննարկումը հետաձգելուն, փոխնախարար Խաչատրյանը «Հետքին» վերջերս հայտնել է, որ 2012թ. արդեն Հայաստան են ներկրվել հարստացման համար նախատեսված սարքավորումները:

Հարստացված ալյուր. ի՞նչ գլոբալ ծրագրի է
միանում Հայաստանը

Հարստացվող ալյուր. օրենքը չընդունված` սարքավորումները ներկրել են

Եթե ԱԺ հանձնաժողովում քննարկումները հետաձգվել են 1 տարով, իսկ նախագծով օրենքն ուժի մեջ է մտնում ընդունվելուց 1 տարի անց, ապա կարող ենք ասել, որ 2017-ից շուտ այլուրը չի հարստացվի:

Ներկայացնում ենք թեմայի շուրջ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանի պատասխանները «Հետքի» գրավոր հարցերին: Պատասխանները ստացել ենք մինչեւ հանձանաժողովի նշված որոշումը:

-Ե՞րբ եւ ո՞ւմ կողմից է իրականացվել վերջին ուսումնասիրությունը հղիների եւ նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում սակավարյունության վերաբերյալ: Քանի՞ երեխա եւ հղի կին է ընդգրկվել այդ ուսումնասիրության մեջ:

-Հայաստանի ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտությունների (ՀԺԱՀՀ) շրջանակներում (ՀՀ բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքում) 2000 եւ 2005 թթ.-ին վերարտադրողական տարիքի կանանց (15-49 տարեկան) եւ նախադպրոցական տարիքի (6-59 ամսական) երեխաների շրջանում կատարվել են սակավարյունության վերաբերյալ հետազոտություններ: Արդյունքում 6-59 ամսական երեխաների մոտ որոշվել է հեմոգլոբինի մակարդակը. 2000՝ 1334 երեխա եւ 2005 թ.՝ 1106 երեխա, իսկ սակավարյունությունը 2000 թ. կազմել է 24 %, իսկ 2005 թ.` 37 %: Այսպիսով, 5 տարվա ընթացքում կրկնակի աճել է:  Հետազոտությունները կատարվել են սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, այսինքն՝ բերքառատ ժամանակաշրջանում, երբ ակնկալվում է սակավարյունության առավել թեթեւ մակարդակ:

Բացի այդ, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված հաշվետվական ձեւաթղթերի համաձայն, բժշական կազմակերպություններից բնակչության առողջությունը բնութագրող վիճակագրական տվյալներ են հավաքագրվում ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից՝ տարեկան կտրվածքով, որում ներառվում է նաեւ երեխաների եւ մեծահասակ բնակչության սակավարյունության վերաբերյալ տեղեկատվությունը, որոնք նույնպես փաստում են ցուցանիշի բարձր մակարդակի եւ աճի մասին:

-Հայաստանի քանի՞ լաբորատորիաներում են իրականացվել այդ ուսումնասիրությունները: Խնդրում եմ նշել դրանց անունները:

-Հայաստանի ժողովրագրության եւ առողջության հարցերի հետազոտության (ՀԺԱՀՀ) շրջանակներում կանանց եւ մինչեւ 5 տարեկան երեխաների մոտ սակավարյունության մակարդակը որոշվել է հատուկ ուսուցում անցած բուժաշխատողների կողմից՝ տնային տնտեսություններում: Չափվել է արյան հեմոգլոբինի մակարդակը, որի ցածր ցուցանիշը վկայում է սակավարյունության մասին: Հեմոգլոբինի չափման համար մատից վերցվել է մազանոթային արյուն, որը հետազոտվել է «ՀեմոՔյու» սարքի միջոցով (սարքը համապատասխանում է որոկավորման միջազգային ստանդարտ պահանջներին, ձեռք է բերվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից): Հետազոտության արդյունքների գնահատման ժամանակ հաշվի է առնվել նաեւ բնակավայրի բարձրությունը ծովի մակարդակից, խուսափելու համար «սխալ ախտորոշումից» (բարձրադիր բնակավայրերում օդում թթվածնի խտությունը ցածր է, ինչը լրացվում է օրգանիզմի կողմից հեմոգլոբինի գերարտադրությամբ):

Նշենք, որ ախտորոշման նպատակով ՀՀ բոլոր կլինիկական լաբորատոր հետազոտության հնարավորություններ ունեցող լաբորատորիաներում կատարվում է հեմոգլոբինի որոշում արյան մեջ:

-Ալյուրի որակի որեւէ հետազոտություն անցկացրե՞լ է ԱՆ-ն: Ե՞րբ է եղել վերջին անգամ ու կոնկրետ ինչի՞ շուրջ:

-2006 թ.-ից ի վեր Հայաստանում սննդամթերքի, այդ թվում՝ ալյուրի եւ դրանից պատրաստված արտադրանքի որակի հետազոտությունները եւ վերահսկողությունը (համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին») եւ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքների եւ 2014 թ. հունիսի 21-ին ընդունված նոր նույնանուն օրենքների) իրականացվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից:

-Ունե՞ք հետազոտություն, թե ներկայում Հայաստանում բարձր եւ առաջին կարգի ալյուրի 1 կգ-ում որքան է երկաթի, ֆոլաթթվի, ցինկի քանակը:

-Նման հետազոտություններ ՀՀ առողջապահության նախարարությունը չի իրականացնում:

-ՀՀ ԱՆ-ն տեղյա՞կ է, թե ինչ արհեստական բարելավիչներ (մասնավորապես դրոժի մեջ) են այսօր կիրառվում հացարտադրության մեջ: Եթե այո, խնդրում եմ նշել դրանց անուններն ու չափաքանակները:

-Հացարտադրության մեջ կիրառվող բարելավիչները, համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից ստացված տեղեկության, արտացոլված են ՀՀ կառավարության 2011 թ.-ի թիվ 933-Ն եւ 2014 թ. թիվ 12-41-Ն որոշումներով հաստատված ցանկերում:

-Ալյուրի հարստացման ծրագրի շրջանակներում ի՞նչ միկրոտարրեր եւ վիտամիններ են ավելացվելու ալյուրի մեջ: Խնդրում եմ նշել դրանց չափաքանակները ալյուրի 1 կգ-ում:

-Ալյուրի հարստացման ծրագրի շրջանակներում ալյուրի մեջ ավելացվելու են երկաթ եւ ֆոլաթթու, որոնց չափաքանակները, ըստ նախնական հաշիվների՝ ելնելով Առողջապահուիթյան համաշխարհային կազմակերպության ուղեցույցներից, ինչպես նաեւ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներից 1 կգ ալյուրի մեջ նախատեսված է մինչեւ 30 մգ երկաթի տարր (Ferrous Sulphate Dried) եւ ֆոլաթթու՝ 1 մգ (հաշվի է առնվում հացի սպառման քանակը): Այս ստանդարտները կընդունվեն օրենքի հաստատումից հետո, ինչը ենթադրում է, որ կվերանայվեն նշված չափաքանակների նորմերը՝ ելնելով առկա իրավիճակի վերաբերյալ վիճակագրական տվյալներից:

-ԱՆ-ն տեղեկություններ ունի՞, թե որ երկրներում որ ընկերություններն են արտադրում այդ հավելանյութերը:

-Հավելանյութեր արտադրող երկրների եւ ընկերությունների վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկություններ չունի:

-ՅՈւՆԻՍԵՖ-ի տրամադրելիք մեթոդաբանական գիտելիքներից ու սարքավորումներից զատ` ֆինանսական օգնություն տրամադրվե՞լ է կամ տրամադրվելու՞ է ՀՀ-ին: Եթե այո, ապա որքա՞ն եւ ո՞ր միջազգային կառույց(ներ)ի կողմից:

-ՀՀ առողջապահության նախարարությունը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից ֆինանսական միջոցներ չի ստացել, չի էլ նախատեսվում, միայն մեթոդաբանական գիտելիքներ, իսկ համապատասխան սարքավորումները ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը տրամադրելու է ալրաղացներին:

-2000, 2005, 2010 թթ. Հայաստանի ժողովրդագրական եւ առողջության հարցերով հետազոտություններից յուրաքանչյուրի համար որքա՞ն ֆինանսավորում է տրամադրվել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից:

-Հարցի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունը տվյալներ չունի: