
Կարտոֆիլի առևտուր. Հայաստանը ներմուծում է Նիդեռլանդներից, արտահանում՝ Վրաստան
Վերջին երկու տարիներին Հայաստանից արտահանվող կարտոֆիլի ծավալներն էականորեն աճել են:
Ազգային վիճակագրական ծառայության՝ «Հետքին» տրամադրած տվյալների համաձայն՝ 2007 թվականից մինչ օրս կարտոֆիլի արտահանման ամենամեծ ծավալը գրանցվել է 2013-ին. արտահանվել է 23.500 տոննայից ավելի կարտոֆիլ՝ 6.6 մլն դոլար արժողությամբ: 2014թ. ցուցանիշը գրեթե չի զիջում. 11 ամիսների տվյալներով՝ մոտ 21 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել՝ 4.6 մլն դոլար արժողությամբ: Անցյալ տարվա վերջին ամսվա ցուցանիշները դեռ ամփոփված չեն:
Կարտոֆիլի արտահանման ծավալները՝ տոննաներով
Եթե մինչև 2010թ. Հայաստանը կարտոֆիլ արտահանում էր միայն Վրաստան և Ռուսաստան, ապա 2010-ից սկսած արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է՝ հասնելով Իրան, Իրաք, Ղազախստան և Թուրքմենստան: Օրինակ՝ հենց 2013-ին ամենաշատը Իրաք է արտահանվել՝ մոտ 5000 տոննա: Այդուհանդերձ, կարտոֆիլի արտահանման հիմնական շուկան Վրաստանն է:
Կարտոֆիլի արտահանումն ըստ տարիների և երկրների (հազար տոննա միավորով)
Ավելի շատ արտահանվում է, քան ներմուծվում
Մինչ վերջին երկու տարիները՝ Հայաստանն ավելի շատ կարտոֆիլ ներմուծել է, քան արտահանել: Սակայն վերջին երկու տարիներին պատկերը փոխվել է՝ Հայաստանը ավելի շատ կարտոֆիլ արտահանում է, քան ներմուծում:
2007-ից մինչ օրս, գումարային հաշվարկով, Հայաստանն արտահանել է ավելի քան 60 հազար տոննա կարտոֆիլ, իսկ ներմուծել է՝ 38 հազար տոննա: Արտահանման ցուցանիշները, մինչդեռ, մեծացել են վերջին երկու տարիների տվյալների հաշվին:
Կարտոֆիլի ներմուծման ծավալները՝ տոննաներով
2007թ. ցայսօր կարտոֆիլ ներմուծվում է ամենաշատը Նիդեռլանդներից: Նիդեռլանդներից հետո մեծ ծավալներ ներկրվում է նաև Վրաստանից, Իրանից և Գերմանիայից, որոշ տարիների նաև մի քանի այլ երկրներից (տես գրաֆիկան): 2013թ. մեծ ծավալի կարտոֆիլ է ներմուծվել անհայտ երկրից: ԱՎԾ-ն չի նշել, թե որն է այդ «անհայտ երկիրը»:
Կարտոֆիլի ներմուծման ծավալներն ըստ տարիների և երկրների ( հազար տոննա միավորով)
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել