HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմի ժամանակ ձեռքերն ու ոտնաթաթը կորցրած աղջիկ. «Ինձ համարում եմ Հայաստանի ամենաուժեղ մարդը»

1985 թ.-ին Կապանում ապրող Մեժլումյանների ընտանիքում է ծնվել մեր հոդվածի հերոսուհին՝ Մերի Մեժլումյանը: 8 տարի նա ապրել է բոլոր երեխաների նման: Իսկ 1990-ականների սկզբին, երբ ադրբեջանական օդուժը սկսել է ռմբակոծել Հայաստանի սահմանները, Մերին կորցրել է երկու ձեռքերն ու աջ ոտնաթաթը:

«Մանկական հիշողությանս մեջ այդ օրը՝ 1993 թ.-ի հուլիսի 23-ը, չսպիացող վերքի նման տպված է: Հիշում եմ, որ մեր բակում մի շուն կար, որին շատ էի սիրում, ուզում էի տուն բերել: Ամառային արձակուրդներն էին, պետք է տեխափոխվեի 2-րդ դասարան: Այդ օրը հորս, հորեղբորս ու նրա 3 երեխաների հետ բակում էինք: Նորից շանը սիրել էի ու մոտեցել աղբյուրին, որ ձեռքերս լվանամ: Հիշում եմ, որ ձեռքերս պարզել էի դեպի աղբյուրի ջուրը»,- պատմեց Մերին, ով ռումբի հարվածից ուշագնաց է եղել: Իսկ երբ ուշքի է եկել, տեսել է սարսափելի պատկեր. «Երկու ձեռքերս ու աջ ոտնաթաթս հալված էին»:

«Հետո իմացանք, որ դրանք կասետային ռումբներ են կոչվում: Հալեցնում են մարդու ամբողջ մարմինը»,- ասաց Մերիի հայրը՝ Կարո Մեժլումյանը, ով այս տարիներին եղել է Մերիի կողքին, նրան ուժ տվել դիմակայելու, ոտքի կանգնելու, պայքարելու, չնահանջելու (աղջկա մայրը արյան քաղցկեղից մահացել է 2001 թ.-ին):

Հաշմվելուց հետո Մերիին մեկ ու կես տարի դպրոց չի հաճախել, այնուհետև հոր ու բժիշկների ջանքերով կամաց-կամաց ապաքինվել, վերադարձել է կյանք, դպրոց: Իսկ դպրոցն ավարտելուց հետո ուսանել նաև բուհում՝ դառնալով տնտեսագետ:

«Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ հնարավորություն են տալիս ինքնադրսևորվելու, հավատում են իմ ուժերին, ինձ ընդունում են այնպիսին, ինչպիսին, որ կամ: Իրավաբան Լևոն Բաղդասարյանը ինձ շանս տվեց, 6 ամիս աշխատեցի «Լև Գրուպ» իրավաբանական գրասենյակում: Հիմա աշխատում եմ Կապանում: Համակարգչով նույնպես կարողանում եմ աշխատել, տեքստեր եմ հավաքում ձախ ոտքով: Ուզում եմ ասել՝ կապ չունի ձեռքեր ունես, թե ոչ, ոտքեր ունես, թե ոչ, կարևորը կամքի ուժն է ու ցանկությունը: Ու հիմա ես ինձ համարում եմ Հայաստանում ամենաուժեղ մարդը»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Մերի Մեժլումյանը:

Ինչպես Մերի Մեժլումյանը, այնպես էլ Արցախյան պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած շուրջ 50 երեխաները չեն համարվում պատերազմական գործողությունների հետևանքով հաշմանդամ դարձած քաղաքացիներ, քանի որ ո՛չ Հայստանում, ո՛չ Արցախում նման օրենք գոյություն չունի, որով կարգավորվի այս խնդիրը: Փոխարենը կա օրենք զինծառայողների, ազատամարտիկների մասին, բայց պատերազմական գործողությունների հետևանքով հաշմանդամ դարձած քաղաքացիների, երեխաների հարցերը որևէ իրավական ակտով առանձնացված չեն: Այսպիսով՝ մեր պետությունը Մերի Մեժլումյանին ճանաչում է պարզապես որպես մանկուց հաշմանդամ:

Մերին 1-ին կարգի հաշմանդամ է, ստանում է 21.500 դրամ կենսաթոշակ: «Ես պետական այրերին կտամ 43.000 դրամ, որ ինձ պահեն, տեսնեմ՝ կկարողանա՞ն»,- կեսկատակ-կեսլուրջ ասում է Մերին:

«Տարիներ շարունակ դիմել ենք տարբեր մարմիններ, անգամ Մերին, բերանի մեջ գրիչն առած, նամակ է գրել երկրի նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն ոչ մի փոփոխություն: Ասում են՝ հո զենքը ձեռքին դուրս չի՞ եկել պատերազմի: Հասկացանք, որ իմ երեխան կռվող չի եղել, բայց պատերազմական գոտում է եղել: Մենակ զենք վերցնո՞ղն է կռվողը: Քաղաքապետարանից գնում եմ թուղթ վերցնելու, ասում են՝ մեր մոտ պատերա՞զմ է եղել: Կասետային ռումբերը թափել են, երեխան դարձել է հաշմանդամ: Շենքից չի ընկել, ձեռքերն ու ոտքը կորցրել»,- ասաց Մերիի հայրը:

Մերին մոտ 15 տարի առաջ երկու անգամ գնացել է ԱՄՆ՝ պրոթեզավորման, սակայն հիմա հնարավորություն չունեն: Նրան պարբերաբար վիրահատում են՝ վերին վերջույթների մնացած մասերի աճող ոսկորները հանում: Դա է պատճառը, որ պրոթեզները պետք է պարբերաբար հարմարեցվեն: Ոտնաթաթի պրոթեզը փոխում են 3 տարին մեկ, իսկ ձեռքերինը վաղուց չեն փոխել: Ասում է, որ Հայաստանում պատրաստված ձեռքերի պրոթեզներ ունի, որոնք ծանր են, կախվում են իրենից ու կիրառական չեն:  

«Դրանք կոսմետիկ նպատակով եմ դնում, որ մարդիկ տեսնեն, թե, իբր, ձեռքեր ունեմ, բայց ոնց որ տիկնիկի ձեռքեր լինեն, չես կարող օգտագործել մարդու ձեռքերի պես: Միայն արմունկն է ծալվում ու բութ մատերը: Իսկ հիմա աշխարհում կան իմ ուզած պրոթեզներից, կոչվում են բիոէլեկտրոնային պրոթեզներ: Չեմ հավատում, որ մեկը կարձագանքի, որ օրենք կմշակեն, որ արտերկրում բիոպրոթեզավորման հարց կլուծեն: Բայց հույսս չեմ կորցնում»,- ասաց Մերին:

Մերին երազում է ամուսնանալ ու երեխաներ ունենալ, ինչպես մյուս բոլոր աղջիկները: Երազում է, որ ոչ մի երեխայի աչքերին արցունք չլինի: Ուզում է Հայաստանում ապրել, բայց գնացել, տեսել է, թե ինչպիսի սոցիալական քաղաքականություն են վարում ԱՄՆ-ում հաշմանդամների հանդեպ, թե ինչպես է պետությունը վերաբերում հաշմանդամներին ու զարմացել:

Մերիի հայրը պատմեց, որ գրեթե ամեն օր նույն միտքն է կրկնում. «Մերիիս ասում եմ՝ ես ու դու ուժեղ ենք: Ես չեմ ուզում բերեն մեզ հաց տան, այլ մարդկային օրենքներ մշակեն: Բայց պետական այրերի տեղը տաք ա, չեն ուզում մնացածի համար մտածեն: Խելքս չի կտրում, որ փոփոխություններ լինեն: Իրենք իրենց գրպանների, իրենց թագի մասին են առայժմ մտածում, էս էրեխեքին էլ թողել են էս վիճակով: Եղածին տիրություն չեն անում, հետո էլ մեծ-մեծ խոսում: Ինձ փող պետք չի: Ուղղակի երեխային կարողանանք բիոպրոթեզներ դնել: Հանգիստ, համեստ շարունակենք ապրել, մենակ, թե էրեխան չնեղվի»:

Իսկ վերջում Մերի Մեժլումյանն ասաց. «Չեմ ցանկանում որևէ մեկը՝ լինի ադրբեջանցի, ռուս, այլազգի, զգա այն, ինչ ես եմ զգացել ու զգում»:

Լուսանկարները՝ Մերի Մեժլումյանի ընտանեկան ալբոմից

Հ.Գ. Բիոպրոթեզավորման հարցում աջակցել ցանկացողները կարող են զանգահարել Մերիի հորը՝ Կարո Մեժլումյանին՝ հետևյալ հեռախոսահամարով՝ 093 22 39 28:

Մեկնաբանություններ (5)

ЖИРАЙР
ВОРОВАННЫЕ У НИЩЕГО НАРОДА МИЛЛИОНЫ ТРАТЯТ В ЮЖНОЙ КОРЕЕ НА СТВОЛОВЫЕ КЛЕТКИ ЧТОБЫ ОМОЛАЖИВАТЬСЯ,А ДЛЯ ТАКИХ МОЛОДЫХ КАК МЕРИ КОПЕЙКИ НЕ ПОТРАТЯТ.АЛЧНЫЕ И ЖАДНЫЕ СВОЛОЧИ.
Артур
Подскажите, пожалуйста, как можно связаться с Мери, может она есть в социальных сетях?
ՀԱՅՈՒՀԻ
Էս հոդվածը կարդացել եմ ու լացել, բայց ոչ թե խղճալուց, այս աղջիկը խղֆալու կարիք չունի, այլ մեր անզոր ժողովրդի համար, որի նախագահը միլիոններով գնում ցողունվում է, իսկ նման հրաշքներին թողնում է անտեր։ Ոչինչ, Մերի ջան, պինդ կաց։ Կրկին շնորհակալություն Զարուհի Մեջլումյանին
Զարուհի
Հարգելի, Արտակ Սերգոյան, կարող են զանգահարել Մերիի հորը՝ Կարո Մեժլումյանին՝ հետևյալ հեռախոսահամարով՝ 093 22 39 28:
Artak Sergoyan
Hargeliners inchpes karox em kapnvel Merii kam ir hayriki het. Snorhakalutyun

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter