HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Արմեն Հյուսնունց. «Ինձ համար հայ ազգը նման է գանձի, որը մամռակալել է և մասամբ է փայլում»

«Հետքի» հարցերին պատասխանում է  երաժիշտ, սաքսոֆոնահար, Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցը:

Ձեր հարցազրույցներից մեկում կարծիք էիք հայտնել, որ նվագախումբը միավորում է մարդկանց և սովորեցնում լինել համբերատար: Եթե հասարակությունը համեմատենք նվագախմբի հետ, ինչպիսի՞ն է այժմ մեր հասարակությունը:

Հասարակության մեջ կան տարբեր շերտավորումներ և խմբավորումներ: Բայց, ցավոք, չկա նվագախումբ: Կան շատ հակադիր, անհաշտ շերտավորումներ: Միանշանակ, մեր հասարակությունում փոխհարգանքի անհրաժեշտություն կա: Նկատվում է անձնական ամբիցիաների շղթա թե́ քաղաքական դաշտում, թե́ հասարակական կյանքում: Ինձ համար այդ ամբիցիան ամենակործանարար ու վատ հատկանիշն է: Այսօր շատ է տուրք տրվում ամբիցիային, ամեն կերպ հագուրդ է տրվում դրան, նույնիսկ քարոզվում որպես արդի ապրելակերպ: Կարծում եմ՝ մենք արժեհամակարգի, արժեքների խնդիր ունենք:

Սուբյեկտիվ կարծիքս եմ ասում, իրավունք չունեմ այն պարտադրել, բայց ինձ համար առաջնային են քրիստոնեական արժեքները, քրիստոնեական բարոյականությունը: Խորապես հավատացած եմ, որ եթե այդ արժեհամակարգն ավելի գնահատվի մեր հասարակությունում, շատ խնդիրներից ձերբազատված կլինենք, ավելի լիարժեք և առողջ կյանքով կապրենք: Բայց և վստահ եմ, որ այսօր իմ ասածը կարող է թվալ հնաոճ և ոչ արդիական, ցավոք:

Հասարակական այդ տարբեր շերտերում կան մարդիկ, ովքեր փողոց են դուրս գալիս և պայքարում: Կա՞ն պայքարող շերտեր, որոնց հաղթանակին հավատում եք:

Ինձ համար կան հարգարժան քաղաքական որոշ գործիչներ, բայց այսօր ներգրավվել որևէ կուսակցության կամ հասարական շարժման մեջ ես չեմ ցանկանում: Խրախուսելի էր Մաշտոցի պուրակի օրինակը հասրակական  համախմբման,  երիտասարդների համախմբման և պահանջի տեսանկյունից, բայց բոլոր դեպքերում պետքէ զգույշ լինել, որպեսզի շարժումը չվերածվի քաղաքական ուժի մանիպուլյացիայի: Ցանկացած նման շարժում ինձ մոտ կասկած է առաջացնում, որովհետև ամեն մի շարժման հետևում կանգնած են ինչ-որ ուժեր:

Ինքնաբուխ պայքար մենք արդեն ապրել ենք 1988-ին, երբ ես դեռ ուսանող էի: Ես մեծ հիացմունքով եմ հիշում այդ գաղափարական վերելքը: Բայց այն ընդհանուր հիասթափությունը և բարոյազրկությունը, որ տեղի ունեցավ դրանից անմիջապես հետո, ինձ համար մեծ դաս եղավ. պետք է շատ զգույշ լինել նման ընտրության մեջ, մանավանդ՝ երիտասարդները: Միանշանակ սխալ է էմոցիոնալ որոշումներ կայացնելը, էմոցիոնալ ալիքի վրա գործելը: Եթե դու որոշում ես կայացնում էմոցիոնալ դաշտի վրա, քեզ շատ հեշտ է կառավարել: Այսօր ամբողջ մարդկությունն է զանգվածային մանիպուլյացիայի ենթարկվում: Պետք է ներքուստ ազատ լինել, այդ ազատությունը օրենքով չէ: Եթե մարդ ներքուստ ստրուկ է, ոչինչ չի փոխվի, եթե անգամ ապրի «ազատության երկիր» համարվող ԱՄՆ-ում: Մենք շատ բարդ աշխարհում ենք ապրում, իսկ ներքին հասարակական կյանքում կրթության և դաստիարակության հարցերում շատ խեղաթյուրված պատկեր ունենք:

Այդ ներքին հասարակական կյանքում ինչի՞ կարիք կա:  

Ուղղորդման: Բայց անընդհատ ուզում ենք ամեն ինչ բարդել մեկ կամ մի քանի հոգու վրա: Սոցիալական ցանցերը հեղեղված են իրար դատող, քննադատող ստատուսներով: Բայց կարծում եմ, որ ամեն մեկը պետք է իր պատասխանատվությունը կրի, բոլորս անելիք ունենք: Ո՞րն է մեր ազգային ինքնատիպության հիմքը, որո՞նք են մեր ազգային, բարոյական արժեքները: Պետք չէ լինել ո́չ ռուսամետ, ո́չ արևմտամետ: Եթե լավ բան կա, կարող ես ռուսներից էլ, եվրոպացիներից էլ, չինացիներից էլ, հնդիկներից էլ վերցնել: Բայց այդ արժեքների մեջ ո՞րն է նախընտրելի, ո՞րն է առաջնայինը: Կարծես թե դա չգիտենք:

Այսօր մենք հոգևորից շատ հեռացած ենք: Նյութականացված կյանքով հեռու չենք գնա: Հոգևոր կյանքից տեղյակ չենք: Տգիտություն է. հոգևոր տարրական գիտելիքներ շատերը չունեն, այդ չափանիշները նրանց համար ոչինչ են: Մեդիայով ոչ ոք չի խոսում սրբությունից, փրկությունից, աղոթքից, ավետարանական կյանքից, անպայման չէ լինել «Շողակաթ» հեռուստաընկերություն: Հիմնականում բոլորի շարժառիթները մեր հասարակության մեջ նյութական են, բայց մոռանում ենք, որ  մահկանացուներ ենք` մեզ տրված աստվածատուր անմահ հոգիներով:

Հասարակական շերտերում համախմբող օղակ չկա՞:

Միախմբող բանը կարող էր լինել հավատքը, հայրենանվիրությունը, հայրենասիրությունը. շենացնել, ստեղծել երկիր, որտեղ կարելի է արժանապատիվ ապրել, որտեղ երիտասարդ սերունդը կարող է իրականացնել իրեն տրված ողջ տաղանդը և պոտենցիալը: Տաղանդավոր ժողովուրդ ենք, բայց այսօր, ցավոք, երիտասարդությունն ընտրում է երկրից գնալու ճանապարհը: Շատ տխուր երևույթ է: Բայց շատ չխոսենք, փոքր, բայց հետևողական քայլերով կարող ենք անել դա, կարելի է փոփոխություն անել ցանկացած ոլորտում:

Եթե հասարակությունը համեմատում ենք նվագախմբի հետ, ապա յուրաքանչյուր նվագախումբ դիրիժոր ունի: Մեզ մոտ ինչպիսի՞ պատկեր է:  

Անշուշտ, դիրիժորից շատ բան է կախված: Բայց երբեմն այդ դիրիժորի հնարավորությունները սահմանափակ են: Մենք էլ չգիտենք, թե որոնք են իրական հնարավորություններն ու գործելու ազատության սահմանները:

Մեր կյանքը ծառայություն է: Առանց այդ գիտակցության չի կարելի առաջ գնալ: Իսկ մեր ազգին պետք են նվիրյալ ծառայողներ: Ամեն տեղ այդ նվիրյալները կան: Եթե չլինեին, այս երկիրը վաղուց կործանված կլիներ: Պետք է նվիրյալ, պարկեշտ, կիրթ, ազնիվ մասնագետի առկայությունը ոչ թե զարմանաք առաջացնի, այլ դառնա նորմալ երևույթ: Այ, միգուցե այստեղ էլ խնդիր ունենք:  

Իսկ քննադատությունը հակառակ ազդեցությունն է թողնում: Հաճոյախոսելու մասին չէ խոսքը: Բայց քննադատելու փոխարեն ավելի լավ է քո կյանքի գործունեության օրինակով ճանապարհ ցույց տաս: Մեզ մոտ այսօր քննադատությունն այնքան շատ է, և չկա փոխըմբռնում, փոխհարգանք, ինչն անհրաժեշտ է լավ նվագախումբ ունենալու համար: Բայց այսօր մեր հասարակությունը նվագախմբի նման չէ:

Այդ դեպքում ինչի՞ է նման:

Ինձ համար հայ ազգը նման է գանձի, որը մամռակալել է և մասամբ է փայլում: Կամ մի քարի, որը պետք է լուսավորվի, որպեսզի իր հմայքը տեսնենք. ադամանդ` մթության մեջ: Մեր պոտենցիալը շատ մեծ է, բայց չենք իրագործում մեզ տրված աստվածատուր շնորհները: Քաղաքականությամբ զբաղվելը դարձել է պոկերի նման բան, ամեն մեկի բերանի փաթաթան, ամեն մեկն իրեն իրավունք է վերապահում դատել բոլորին: Բացասականը շատ է, և դա թունավորում է:

Ի՞նչ անենք, որ այդ ադամանդը փայլի:

Լուսավորվենք ներքին լույսով: Ամեն մեկս պետք է լինենք լուսավոր ու փայփայենք այդ ներքին լույսը: Կարող է ուտոպիստական է, բայց ուրիշ բանաձև չեմ կարող ասել: Պետք է ամեն ինչ անել, որ մարդկանց համար հեշտ լինի այդ լույսը գտնել,  ճանաչել: Տաղանդավոր, չարչարված ու փոքր ազգ ենք ու միայն մենք կարող ենք լինել այն, ինչ պետք է լինենք՝ ընտրյալ ու նվիրյալ ազգ, որն առաքելություն ունի: Մեզ դա տրված է, մենք ունենք այդ լիցքը: Թող մեծամտություն չթվա: Ես գիտեմ, որ այսօր մեր հասարակության մի մասը հիվանդ է, բայց և գիտեմ, որ մենք գանձ ենք, գանձեր ունենք ամեն դեպքում: Պարզապես պետք է բժշկվել և լուսավորել: 

Լուսանկարները` Արմեն Հյուսնունցի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

Միքայել Անանյան
Հրաշալի է, համաձայն եմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter