HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբան Արա Զաքարյան. «Այն դատավորը, ով կհանդգնի պաշտպանել իրավունքի շահերը, կստորագրի իր դատավճիռը»

Շանթ Հարությունյանն ու 10 քաղաքացիները կշարունակեն մնալ բանտում: Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց նրանց նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռներ: Նախագահող դատավոր Արշակ Խաչատրյանն ընթերցեց միայն դատավճռի եզրափակիչ մասը ու հեռացավ դատարանի դահլիճում հավաքված քաղաքացիների ամոթանքների ներքո: Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը և 13 այլ քաղաքացիներ մեղադրվել են 2013թ. նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի ժամանակ խուլիգանություն կատարելու մեջ: Անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը կայացրել էր 14 մեղադրական դատավճիռ:

Դատարանի բակում 14 քաղաքացիներին սատարողները, նրանց ընտանիքների անդամները, փաստաբաններ, պատասխանելով «Հետքի» հարցերին, նշում էին, որ սպասելիքներ չունեն Հայաստանի արդարադատությունից: Իսկ եռաստիճան դատական համակարգով անցնելը զուտ ֆորմալ բնույթ է կրում, որպեսզի բողոք կարողանան ներկայացնել ՄԻ եվրոպական դատարան:

4 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված, Հանրային խորհրդի անդամ Հայկ Հարությունյանի հայրը՝ Հակոբ Հարությունյանը, նկատեց. «Մենք չենք վստահում Հայաստանի դատարաններին, դատավորներին, քանի որ կոռուպցիայի մեջ թաթախված են»:

1 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված Սևակ Համբարձումյանի մոր՝ Նորա Զաքևոսյանի կարծիքով, իշխանությունը պարզապես վախենում է իրենց տղաների հայացքներից, ովքեր ուզում են պարզապես արժեքների հեղափոխություն, արժանապատիվ կյանք:

Այս գործով 2 քաղաքացիների պաշտպան Արա Զաքարյանը նկատեց.
«Վճռաբեկ դատարանից էլ որևէ հույս չունենք, թեպետ պիտի դիմենք, որ գանգատ տանենք ԵԴ: Բանն այն է, որ որոշում կայացնողը ոչ թե դատարանն է, այլ իշխանությունը, տվյալ դեպքում դատարանը միայն պատվեր կատարողն է: Այսպիսի դատավճիռները սպասելի են, քանի որ իշխանությունն արդեն իր դիրքորոշումը հայտնել էր: Իսկ մեր դատարանը չունի նվազագույն անկախություն, որպեսզի կարողանա քաղաքական հնչեղություն ստացած գործերով կայացնել արդարադատություն: Եթե լինում են դեպքեր, երբ դատավորը կայացնում է արդարադատություն, նրա նկատմամբ սանկցիաներ են կիրառվում, վարույթներ են հարուցվում, և այդ դատավորների լիազորությունները դադարեցվում են: Նման 1-2 դեպքը խիստ բացասական անդրադարձան ամբողջ դատական համակարգի վրա և հիմա, ցավոք, ոչ միայն ես եմ ասում, այլ բոլորն են կրկնում, մեր դատական համակարգին ոչ մեկը չի վստահում, հավատ չկա: Առավել ևս քաղաքական այսպիսի գործով ակնկալել, որ դատրանը կարող էր ինքնուրույն որոշում կայացնել, միամտություն կլիներ: Այն դատավորը, որը կհանդգնի պաշտպանել իրավունքի շահերը, կստորագրի իր դատավճիռը»,- ասաց փաստաբան Արա Զաքարյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter