HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչո՞ւ ծառայողական քննություն և ոչ քրեական գործի հարուցում

Բերձորում տեղի ունեցած միջադեպի հետ կապված երեկ խորհրդակցություն է անցկացրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Ինչպես հայտնի է դառնում ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունից՝ դեպքի կապակցությամբ զեկույցներով են հանդես եկել ԼՂՀ ԿԱ ԱԱԾ  տնօրեն Արշավիր Ղարամյանը և ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը:

Բակո Սահակյանն իր խոսքում գրեթե կրկնել է ԼՂՀ ոստիկանության կողմից ավելի վաղ տարածված հաղորդագրության բովանդակությունը՝ նշելով, թե ոստիկանությունը ստիպված է եղել իրականացնել  համապատասխան միջոցառումներ՝ հասարակական կարգը պահպանելու և հնարավոր բացասական զարգացումները կանխելու նպատակով, քանի որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների կողմից դեպի Արցախ ավտոերթ կազմակերպելու նախաձեռնությունը դժգոհություն է առաջացրել Արցախի հասարակությունում, և հարյուրավոր մարդիկ մեկնել են Քաշաթաղի շրջան՝ երթը կասեցնելու նպատակով: Եվ քանի որ, ըստ ԼՂՀ նախագահի ձևակերպումների, այդ գործողություններն իրականացնելիս «հնարավոր չի եղել խուսափել անկարգություններից և բախումներից», նա հանձնարարել է մանրակրկիտ ծառայողական քննություն անցկացնել և անհրաժեշտ եզրահանգումների համար արդյունքների մասին զեկուցել իրեն:

Բերձորում «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ավտորեթի մասնակիցների նկատմամբ բռնություններ կիրառելուց միայն 4 օր անց, փաստորեն, պաշտոնական Ստեփանակերտը հարկ համարեց միջադեպի հանգամանքների բացահայտման և քննության անցկացմանն ուղղված քայլ կատարել: Ինչպես ասում են, ավելի լավ է ուշ, քան երբեք:

Հաշվի առնելով փաստը, որ այդ միջադեպի և դրա ընթացքում ԼՂՀ ոստիկանների ու քաղաքացիական անձանց գործողություններից ոչ միայն ավտոերթի ավտոմեքենաներին է վնաս հասցվել, այլև մարդիկ են մարմնական վնասվածքներ ստացել՝ քրեական գործի հարուցումը ոչ միայն ավելի տրամաբանական, այլև ամենաադեկվատ վերաբերմունքի դրսևորումը կլիներ: Եվ այստեղ որևէ նշանակություն չունի այն հանգամանքը՝ վնասվածքներ ստացած անձինք բողոք ներկայացրե՞լ են, թե՞ ոչ. էականը կատարվածի հանրային վտանգավորության աստիճանն է և մասշտաբները:

Բայց խնդիրը միայն մարդկանց հասցված վնասվածքների չափերը չեն: Նախ՝  դրանք հասցվել են ոստիկանների գործողությունների արդյունքում, և դատելով մինչև այժմ բացառապես տուժող կողմի հրապարակած տեսագրություններից, այդ գործողությունները, ինչպես ասում են, մղոններով հեռու են իրավաչափ լինելուց: Հրապարակված և մեծ հասարակական ռեզոնանսի տեղիք տված տեսագրությունները չեն տալիս այն հիմնական հարցի պատասխանը, թե ինչով էր բացատրվում հատկապես ոստիկանների կողմից երթի մասնակիցների և հետ դարձող ավտոմեքենաների նկատմամբ դրսևորած առանձնակի դաժանությունը, արդյոք այն, ինչ ներկայացվում է, արտացոլու՞մ է ողջ իրականությունը, և եթե ոչ, ապա ինչու ներկայումս քննադատության ենթարկվող ԼՂՀ ոստիկանությունը հակառակ ապացույցները չի բերում: Այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխաններ կարող էին տրվել հարուցված քրեական գործի շրջանակներում, իհարկե, քննության օբյեկտիվության ապահովման պարագայում: Մյուս կողմից՝ քրեական գործը և դրա հետևանքները ավելի մեծ հրապարակայնություն են ենթադրում, ինչը նաև օբյեկտիվության ապահովման նախադրյալ է:

Սակայն ԼՂՀ իշխանություններն ընտրեցին ծառայողական քննության անցկացման ճանապարհը, որն իրականում կիսաքայլ է կամ էլ ընդամենը հանրային ցասմանը ձևականորեն արձագանքելու փորձ: Այսուհանդերձ, սա ոչինչ չանելուց, իհարկե, ավելի լավ է:

Այս միջադեպը՝ անկախ դրանում ներգրավված կողմերի պատասխանատվության աստիճանից, ավերեց ԼՂՀ-ի՝ իբրև տարածաշրջանում ամենակայացած ժողովրդավարական համակարգն ունեցող երկրի համարումը, որը չափազանց կարևոր գործոն էր տոտալիտար Ադրբեջանի ֆոնին շահեկանորեն տարբերվելու հանգամանքը քաղաքական կապիտալի վերածելու տեսանկյունից:

Միջադեպի հանգամանքները բացահայտելու առումով որևէ քայլ չձեռնարկելը նշանակելու էր, որ ԼՂՀ-ն ոչ թե ոստիկանական համակարգ ունի, այլ պատժիչ ինչ-որ խմաբավորումների հավաքածու, այսինքն, որպես պետություն, գոյություն չունի: Դա առնվազն կարճամտություն կլիներ նաև միջադեպի պատճառով խաթարված իմիջը վերականգնելու կարևորությունը գիտակցելու իմաստով: Ընդամենը երեք ամսից ԼՂՀ-ում տեղի են ունենալու համապետական ընտրություններ, որի համատեքստում այս միջադեպն անհետևանք թողնելն Ադրբեջանի և նրա շահերը պաշտպանող միջազգային խաղացողների համար ակնհայտորեն քաղաքական շահարկումների մեծ դաշտ էր ստեղծելու: Այս տեսակետից Սահակյանի հրահանգը պետք է ավելի խիստ լիներ, նույնիսկ ուշացած էր. այն պետք է միջադեպին հաջորդեր ակնթարթորեն:

Երկրորդ՝ հայաստանյան և ղարաբաղյան հանրությունը պաշտոնական Ստեփանակերտի արձագանքին սպասում էին երկու հայկական պետությունների հասարակությունների միջև օտարման հերթական ալիքը կանխելու նկատառումով, որը հատկապես սահմանային լարվածության կտրուկ աճի այս օրերին ստրատեգիական արժեք ունի:

Այստեղ զուտ քննության անցկացման մասին ուղերձը բավարար լինել չի կարող: Հասարակությունն սպասելու է օբյեկտիվ քննության: Եվ այս իմաստով ուղակի տարակուսանք հարուցեց Բակո Սահակյանի կողմից ծառայողական քննություն անցկացնելու հրահանգ տալուն զուգահեռ ի սկզբանե ոստիկանության գործողություններին որոշակի կանխակալ որակումներ տալը: Նրա այն պնդումները, թե ոստիկանության ձեռնարկած գործողությունների արդյունքում «հնարավոր չի եղել խուսափել անկարգություններից և բախումներից», կարող են ընկալվել որպես քննության ուղղորդման և ոստիկանների գործողություններն արդարացնելու կանխակալ փորձ:

Նախ պետք է ապացուցվի, որ իրոք բախումներ են եղել, այլ ոչ թե միակողմանի ծեծ, ինչից հետո միայն հասկանալի կդառնար՝ կատարվածի համար որ կողմը, կոնկրետ ովքեր և ինչ չափով են պատախանատու: Հակառակ դեպքում քննության իմիտացիա ստեղծելը կարող է բացարձակապես հակառակ էֆեկտն ունենալ: 

Մեկնաբանություններ (1)

hrach
Եթե նախախորուրդարանը քնադատում է հայկական բոլոր իշխանություները որ իրենք օտարի ծարաներն են դառել ապա իրենց կարքախոսից, իրենց այս վերչին ժամանկվա կազմակերպած գորցերից ակնհայտ երեվում ե որ իրենց մեչել օտար ուժեր են տապանցել ու իրենց տանումեն oտարի շահերին ծարայելու ուղությամբ, հետեւաբար եթե ցանկանում են oգտակար լինել ապա նախ պիտի իրենց ներսում մաքրվեն այդ ուժերից ինչկանել դժվար չլինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter