HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ցեղասպանության կենդանի վկաները

Ալիս Կասարյանը ծնվել է 1909 թ. Արեւմտյան Հայաստանում: Այժմ նա ապրում է Արմավիրի մարզի Նորպատ գյուղում' դստեր տանը: Երբ այցելեցինք նրան, Ալիս տատը բավականին աշխույժ էր, թեեւ արդեն մեկ տարուց ավել է չի կարողանում ինքնուրույն քայլել:

Նա նույնիսկ այդ տարիքում սիրում է աշխատել: Բակը մաքրելու ժամանակ վայր է ընկել ու ոտքը վնասել:

Աղջիկը' Հռիփսիկը, պատմեց, որ 101- ամյա մայրը մինչեւ ընկնելը երբեք առողջությունից չի դժգոհել: Հիմա էլ գանգատներ չունի, մեկ-մեկ սիրտն է վատանում, բայց դա Ալիս տատին չի զրկում աշխուժությունից:

Նա նույնիսկ կատակում է' ասելով, որ եթե փեսան չլիներ, աղջիկն իրեն այսքան տարի չէր պահի: «Ես փեսայիս շատ եմ սիրում: Ինքն իմ տղան է, ինքը չլիներ' ես այսքան երկար չէի ապրի»,- ասում է Ալիս տատը:

Նա շատ հետաքրքրասեր էր եւ ամեն գնով փորձում էր իմանալ, թե ինչու են տնեցիները արագ-արագ սենյակում գնում-գալիս, ինչու՞ ենք մենք եկել, ի՞նչ նպատակով եւ այլն:

«Հռիփսիկ, էս ի՞նչ հաշիվ ա»,- անընդհատ հարցնում էր Ալիս տատը: Քիչ անց նա մեզ ցույց տվեց Ցեղասպանությունը վերապրածի վկայականը: Ապա ցույց տվեց իր գործած ժանյակները, սեղանի ծածկոցները: Շատերին է նվիրել իր ձեռագործները:

Ձեռագործություն սովորել է Հունաստանում, որտեղ մոր ու եղբոր հետ հայտնվել է Ցեղասպանությունից հետո: 101 տարեկան կինը արդեն շատ բան չի հիշում, անգամ' թե իրենց գերդաստանից քանիսն են կոտորվել: Աղջկա օգնությամբ միայն կարողացավ հիշել, որ հորը' Հակոբ Բերբերյանին, դաժանորեն սպանել են, երբ ինքն ընդամենը 6 ամսական է եղել:

Սպանել են նաեւ վարդապետ հորեղբորը: Թուրքերը նրան մաշկազերծ են արել: Հետո մոր, եղբոր ու մի քանի հարազատների հետ տեղափոխվել են Հունաստան' տատի մոտ: Այդտեղ էլ մահացել է մայրը: Ալիս տատը մոր մասին նույնպես ոչինչ չի հիշում, տպավորվել է միայն նրա անունը' Զարուհի:

 «Որ գնացինք Հունաստան, ես 11 տարեկան էի, քեռիս մի սենյակ էր տվել, այնտեղ ապրում էինք: Ձեռագործություն էի սովորում դպրոցում: Գնում էի դասի ու տուն էի գալիս: Տնից ընդհանրապես դուրս չէի գալիս, մարդկանց հետ շատ չէի շփվում: Մինչեւ գիշերվա ժամը 12-ը ձեռագործ էի անում, քեռիս բարկանում էր, որ աչքերս կփչացնեմ, բայց էլի գործում էի»,- պատմում է Ալիս տատը:

Հետագայում ապրուստի միջոցը հենց ձեռագործությունն է դարձել: Տատը հիշեց իր առաջին ձեռագործ աշխատանքը: Թեեւ այն անթերի չի եղել, բայց Ալիսին դրա համար վարձատրել են: Նա Հունաստանում ամուսնացել է, երեխա է ունեցել, սակայն ամուսինը գնացել է պատերազմ ու չի վերադարձել:

Որպես հայրենադարձ' ամուսնու ազգականների հետ 1947 թ. եկել է Հայաստան: Հայրենադարձների ցուցակում չի եղել Ալիսի եղբոր անունը, ու նա չի կարողացել գալ Հայաստան, մնացել է Հունաստանում: Հետագայում նրանից մի քանի նամակ է ստացել, ու կապը կտվրել է' քույր ու եղբայր այդպես էլ իրար չեն գտել:

Ալիս Կասարյանին մինչ օրս հանգիստ չի տալիս այն միտքը, թե որտեղ է մնացել այն ձեռագիրը, որտեղ գրառումներ կային իր գերդաստանի անդամներին կոտորելու, հայկական ջարդերի եւ իրենց ապրած ծանր տարիների մասին: Հիմա էլ մեկ-մեկ աղջկան հարցնում է, թե ի՞նչ է եղել այդ «գիրքը»:

 Եպրաքսյա Գեւորգյանը 103 տարեկան է, բայց շատերը կնախանձեն նրան' եռանդի համար: Նրա արտաքինից անհնար է գուշակել տարիքը, առավել եւս, երբ նա սկսում է առանց դադարի, հատուկ առոգանությամբ արտասանել Հովհաննես Թումանյանի «Անուշը» եւ շատ այլ ստեղծագործություններ' հետն էլ անգլերեն բառեր օգտագործելով:

Եպրաքսյա տատը ունեցել է 5 երեխա' 4 աղջիկ, մեկ տղա: Որդին արդեն մահացել է, Եպրաքսյա տատը Արմավիր քաղաքում ապրում է հարսի ու թոռան հետ: Մեր այցելության պահին նա միջանցքում նստած ջերմ զրուցում էր մի տարեց կնոջ հետ: Եպրաքսյա տատը չգիտեր, թե ինչու ենք իրեն այցելել:

Մեզ տեսնելով' ոտքի կանգնեց, բարեւեց եւ քայլելով առաջ եկավ: Մտածեցի, որ 103-ամյա տատիկը դժվար կարողանա առանց օգնության քայլել, բայց սխալվեցի:

Նա հրաժարվեց օգնության իմ առաջարկից եւ հաստատ քայլերով եկավ հյուրասենյակ: Տանը Եպրաքսյա տատն ունի իր համար նախատեսված «տարածքները»:

Միշտ նստում է բազմոցի անկյունին, իսկ սուրճ խմելիս բազկաթոռն է իր տեղը: Եպրաքսյա տատի ասելով' ուտում է ամեն ինչ, բայց սուրճը «թունդ» չի խմում, անպայման պետք է սուրճի գույնը «բաց լինի»:

Մինչ օրս նա ձեռքից վայր չի դրել նաեւ շերեփը եւ հաճախ է խոհանոցում լինում: Հարսը պատմեց, որ սկեսուրն այնպիսի համեղ սպաս է եփում, որ «ուտողը մատներն էլ հետը կուտի»:

Տատն ասաց, որ հատուկ մեզ համար սպաս կեփեր, եթե իմանար, որ իրեն այցելելու ենք: Սակայն, նրա դեմքի ուրախությունն անմիջապես անհետացավ, երբ սկսեց վերհիշել մանկությունը:

«Երանի ձեզ, երանի որ դուք չեք տեսել, թե ինչպես է թուրքը կոտորել հային: Ահավոր էր, մայրն իր բարուր երեխուն գցում-փախնում էր: Թուրքերը խշտիկը մտցնում էին երեխու փորը ու օդի մեջ խաղացնում: Մենք էլ ձորերում թաքնվում էինք, որ մեզ չտեսնեին: Իմ աչքով եմ տեսել, թե ինչեր են արել: Մենք թաքնվում էինք' մինչեւ թուրքերը գնում էին, նորից ճանապարհ էինք ընկնում: Եկանք հասանք Արազ. ջուրը լրիվ արյուն էր, մի տեղ զուլալ ջուր չտեսանք: Լոդկեքով ենք Արազն անցել: Քոռանար իմ աչքերը, չտենայի, թե ինչեր էին անում: Էլի եմ ասում' հազար երանի ձեզ, որ դուք չեք տեսել»,- պատմում է Եպրաքսյա Գեւորգյանը:

Նա 9 տարեկան էր, երբ գաղթել են հայրենի Կարսի գավառի Մառվակ գյուղից: Եպրաքսյա տատը մինչ օրս չի հաշտվում այն մտքի հետ, որ Կարսն արդեն հայերինը չէ:

Նա զրույցի ընթացքում մի քանի անգամ նշեց, որ Կարսը թուրքերինը չէ եւ այնտեղ ապրել են բացառապես հայեր:

Եպրաքսյա տատը պատմում է, որ երբ թուրքերը սկսել են հայերին կոտորել, իրենց տան բակում մի քանի մեծ հոր են փորել, ամբողջ ունեցվածքը լցրել են հորերի մեջ' հույս ունենալով, որ ետ են գալու եւ տեր են կանգնելու իրենց ունեցվածքին:

Գաղթելիս իրենց հետ վերցրել են միայն փող եւ ոսկի: Տատը հիշում է, որ իրենց ունեցած ոսկին ընդամենը մի քանի օրվա հացի խնդիր է լուծել, քանի որ մեկ հացը մեկ ոսկով են գնել:

Եպրաքսյա տատը հայտնվել է Գյումրու մանկատանը: Նա այնպես էր նկարագրում Կարսի իրենց տունը, կարծես հենց նոր է այնտեղից վերադարձել:

«Եթե քանդած կամ փոխած չլինեն, որ գնամ Կարս' մեր տունը կհիշեմ: Սկզբից հորեղբորս տունն էր, հետո' մեր տունը: Մեր տներից վերեւ հորքուրիս տներն էին, իրա ամուսինը աշուղ էր, երկու աչքից կույր մարդ էր: Իրանց տներից մի քիչ այն կողմ էլ պապուս տներն էին: Հետո' Վարդան անունով մի մարդ կար, խանութ ուներ, իրանք էլ էին մեր փողոցի վրա ապրում: Գյուղում մեր բարեկամները 15 տուն էին, ամբողջը կոտորվեցին, միայն քեռիս էր կենդանի մնացել»,- պատմում է Եպրաքսյա տատը:

Նա հերթով սկսեց թվարկել նաեւ, թե իրենց մեծ գոմում ինչ անասուններ են պահել:

«4 կով էինք կթում, 20 հատ ոչխար, 2 լուծ եզ ունեինք: Հիշում եմ' փոքր երեխա էինք, աթարը տանում էինք, մեր գյուղի Վարդանի խանութից աճառ էինք առնում, բերում եփում ուտում էինք»,- ավելացրեց Եպրաքսյա տատը:

Նրա հորը թուրքերը սպանել են գաղթի ճանապարհին, իսկ հորեղբայրներից մեկին գերի են վերցրել, մյուսին էլ բանակում են սպանել: Եպրաքսյա տատը պատմում է, որ իրենց գյուղում երբեք թուրք չի ապրել:

Նա մանրամասն նկարագրում էր Արաքս գետի այն հատվածը, որտեղով Հայաստան են անցել' «կայարանի մոտից ենք գետն անցել»:

«Հիշում եմ, որ գետն անցանք, բոշի գյուղ էր, բանջար, սինձ էինք հավաքում, ուտում ապրում էինք: Հետո մեր ամբողջ գյուղով գնացինք Լենինական, մեզ մոտեցավ մի մարդ, ասեցին, որ Ասքանազ Մռավյանն է: Մեզ տարավ մի մեծ շենք, ասեց' ստեղ ապրեք այնքան, մինչեւ երկրի վիճակը կլավանա: Իջնում էինք հաց առնելու, բանակայինները պոպոլոզ գլխարկ էին դնում, որ իրանց փողոցում տեսնում էինք, վախեցած փախնում էինք: Մի անգամ էլ մեզ բռնեցին, տարան կերակրեցին, հաց տվեցին, նոր ճանապարհեցին»,- վերհիշում է Եպրաքսյա տատը: Ապա «մի ամերիկացի է եկել Լենինական, հավաքել է բոլոր անտեր երեխաներին ու տարել «կազաչի պոստի» մանկատուն»:

Տատի ասելով' ամերիկացին իրենց լավ է պահել' օրը 4 անգամ կերակրել է, երեխաներին դպրոց է ուղղարկել, իսկ շաբաթը 3 անգամ բաղնիք է տարել:

Դպրոցում սովորել են հայերեն, ռուսերեն ու անգլերեն: «Հիմա անգլերեն այնքան էլ լավ չեմ հիշում: Մենակ հիշում եմ' «օփըն դը դոր», «քլոզ դը դոր», «գուդ բայ», դրանք հիշում եմ:

Հիմա որ տելեվիզրով ամերիկացի են ցույց տալիս, ես ըտենց ամերիկացի չեմ տեսել: Հիմակվանները նեգր են, իմ տեսած ամերիկացիները շատ սիրուն էին»,- ասում է 104 ամյա կինը:

Եպրաքսյա տատի մայրը սովից մահացել է գաղթի ճանապարհին, 2 եղբայրներից մեկին էլ ճանապարհին կորցրել են: Երբ հասել են Լենինական, նոր է նկատել, որ իր ազգականներից կենդանի են մնացել միայն քեռին ու եղբայրներից մեկը:

Տարիներ անց նոր են տեղեկացել, որ ճանապարհին կորած ավագ եղբայրը հայտնվել է Ամերիկայում: Դա եղել է եղբոր մասին ունեցած միակ տեղեկությունը:

«Մի եղբորս էլ Լենինականում նոքյար վերցրին: Մի ընտանիք կար, տղա չունեին, եղբորս վերցրին ու պահեցին: Հետո իրանք էլ ամուսնացրել էին: Որ ես որբանոցից ամուսնացա, այդ ժամանակ նոր իրար գտել ենք, ինքը Եղվարդում տնփեսա էր գնացել»,- պատմում է Եպրաքսյա տատը: Նա սկսեց հուզվել, երբ հիշեց, թե ինչ ծանր օրեր են ունեցել նաեւ Լենինականում' մինչեւ որբանոցում հայտնվելը: «Ընենց եմ հիշում, որ Լենինականում էինք ապրում, երեխեքով գնացինք մի հարուստի տուն, նվագի ձայն էր գալիս, ուտում-խմում էին: Դուռը խփեցինք, հաց էինք ուզում, դուռը փակեցին վրեքներս, թողեցինք ետ եկանք, մեզ հաց չտվին»,- հիշում է Եպրաքսյա տատը:

Եպրաքսյա տատիկից հետաքրքրվեցինք' եթե պահպանված լինի Կարսի իրենց տունը, կցանկանա՞ հիմա այնտեղ ապրել: «Վայ, վայ, չէ: Հաց կհավաքեմ, մուրացկանություն կանեմ, բայց Թուրքիա չեմ գնա: Ի՞նչ խելք են անում, որ Թուրքիայի հետ սահման են բացում, որ իրար հետ ճամփա էթան: Ասում են' շան հետ ընկերություն արա, փետը ձեռքիցդ մի գցի, դրանք անաղուհաց շուն են: Թուրքերը չեն փոխվել, դրանց կաթի մեջ արդեն կա: Հիմա ի՞նչը պիտի փոխվի իրանց մոտ: Ժողովրդի կոտորած դիակները հավաքում պատի պես շարում էին ու զուռնա էին խփում»,- պատասխանում է Եպրաքսյա տատը:

 Գյուլե Հովհաննիսյանը ապրում է Արաքս գյուղում: Մեր այցելության պահին վառարանն էր վառում: Գյուլի տատը շատ բան չէր հիշում: Նա ապրել է Բիթլիսի Խանըկ գյուղում: Նրա եւ հորական եւ մորական կողմի ազգականների մի մասը հոգեւորականներ են եղել:

Գյուլե տատը մեզ շատ բան փոխանցեց մոր պատմածով: Ինքն այդ ժամանակ փոքր է եղել եւ մանրամասները չի հիշում: Պապը գյուղի քահանան էր: Հենց նա է զգացել մոտալուտ վտանգը:

Թուրքերը սկսել են հայերի ձեռքից զենքերը հավաքել, ու դա կասկած է առաջացրել հոգեւորական պապի մոտ, սակայն չեն հասցրել ոչինչ ձեռնարկել: Կարճ ժամանակ անց թուրք ոստիկանները ձերբակալել են նրան ու էլի շատերին:

«Պապիս ասել են, որ կրոնը փոխի ու մահմեդականություն ընդունի, որպեսզի չսպանեն: Պապս հրաժարվել է, բայց թուրքերն ասել են, թե ափսոսում են, որ մեկ փամփուշտ օգտագործեն նրան սպանելու համար: Պապիս գցել են մի փոքր սենյակի մեջ ու մի քանի օր հետո նորից եկել, հարցրել են, թե մտքափոխ չի եղե՞լ ու չի ուզու՞մ մահմեդականություն ընդունել: Շատ են տանջել, 2 թեւերը կտրել են: Որ ժողովրդին սկսեցին կոտորել, 100 տեղ ենք փախել: Երբ մի քիչ մեծացա, արդեն ոչ մի բարեկամ կենդանի չէր մնացել»,- պատմում է Գյուլե Հովհաննիսյանը:

Թուրքերը սպանել են ազգականներին, մորական կողմից կենդանի է մնացել միայն մորեղբայրը: Գյուլե տատը եղբոր, քեռու ու ծնողների հետ փախել է Սիրիա' 1920-ական թվականներին:

Նա չի հիշում, թե գաղթի ժամանակ ինքը քանի տարեկան է եղել: Միայն հիշում է, որ փախչելու ժամանակ իրեն ու եղբորը գցել են ավանակի մեջքին դրած խուրջինի մեջ:

Գյուլե տատն ավելի ծանր է եղել, եւ եղբոր խուրջինի մեջ նաեւ քար են դրել, որ ավանակը հավասարակշռված գնա: Մայրը մահացել է Սիրիայում, ինքն այդ ժամանակ եղել է 10 տարեկան: Հայրը նորից է ամուսնացել:

Գյուլե տատը տառաճանաչ չէ, դպրոց չի հաճախել: Նա պատմում է, որ Սիրիայում ապրել են բանջարով ու կերել այն ամենը, ինչ ձեռքները կընկներ:

«Սիրիայում հայերն ուրախացան այն ժամանակ, երբ ֆրանսիացիները եկան: Ով հագուստ, ուտելիք չուներ, բոլորին բաժանում էին: 5 տարի ֆրանսիացիները մեզ պահել են: Մենք իրանց հետ ուզում էինք գնալ Ֆրանսիա, բայց նրանք չթողեցին, ասեցին' պիտի վերադառնաք Հայաստան: 1947 թ. Սիրիայից գնացել են Բեյրութ, այնտեղից էլ նավով' Բաթումի ու Հայաստան:

 «00.00.1910 թ.». այսպես է գրված 100-ամյա Օվսաննա Սաֆարյանի անձնագրում: Նա արդեն մի քանի տարի է գամված է անկողնուն, կորցրել է հիշողությունը եւ գրեթե բան չի հիշում իր անցյալից:

Ապրում է Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում, գտնվում է թոռնուհու խնամակալության տակ: Օվսաննա տատի հետ մեր զրույցը շատ դժվար ստացվեց:

Ստիպված խնդրեցինք, որ թոռնուհին' Քրիստինեն, միջամտի զրույցին եւ փորձի թարմացնել տատի հիշողությունը, քանի որ վերջինիս հիշողության մեջ վառ տպավորվել էր միայն այն փաստը, որ 15 տարեկանում է ամուսնացել:

«Իմ հերն ու մերը դակումենտով են եկել Հայաստան ու Վարդենիկ գյուղում են ապրել: Հերս ձկների վրա է աշխատել. լավ էլ ապրում էինք»,- փորձեց անցյալը վերհիշել Օվսաննա տատը:

«Տատի, դու ասում էիր, որ 6 տարեկան երեխա ես եղել, որ Թուրքիայից եկել եք, աղբերներիդ էլ դու ես պահել-մեծացրել, դրա մասին պատմիր»,- միջամտեց թոռնուհին:

«4 աղբերներիս ես եմ պահել, հերս ու մերս էլ են եկել, իրանք էլ էին կենդանի»,- ավելացրեց Օվսաննա տատը: «Տատ, բա դու ասում էիր, որ հորդ նավի վրա թուրքերը սպանել են»,- նորից միջամտեց Քրիստինեն:

«Այ աղջի, հորս չեն սպանել, իմ հերը պատվով մեռել ա, Վարդենիկում էլ թաղել են»,- բարկացավ Օվսաննա տատը: Փորձեցինք հնարավորինս շատ հարցեր տալ Օվսաննա տատին, որպեսզի որոշ տեղեկություններ ստանանք նրա ապրած կյանքի մասին, բայց ապարդյուն, նա գրեթե ոչինչ չէր հիշում:

«Մեզ կպատմե՞ք, թե ինչպես եք հասել Հայաստան»,- հարցրինք նրան: «Մեռնիմ քեզ, ինձ Վարդենիկից են ուզել, բերել են ստեղ»: «Իսկ որտե՞ղ եք ապրել մինչեւ էստեղ գալը»,- նորից հարցրի:

«Ես շատ գիտեմ, թե որտեղ ենք ապրել: Հա~, Սուրենավան»,- պատասխանեց նա: «Տատ, բա ասում էիր Ալաշկերտ եք մնացել»,- նորից միջամտեց թոռնուհին:

Այստեղ Օվսաննա տատի հիշողությունը դարձյալ մթագնեց ու սկսեց պատմել բոլորովին այլ պատմություն:

«Հա, Ալաշկերտ ենք ապրել, 4 աղբեր ունեի, չորսն էլ մեռան, իրանց կնանիք գել ու գազան էին, բալա ջան: Ընենց բան եք ասում, ես շատ գիտե՞մ, թե Թուրքիայից ոնց ենք եկել: Երեխա եմ եղել, 15 տարեկանում պսակվել եմ: Պետությունը մեզ պահեստից ամեն ինչով օգնեց, իմ հերը գրագետ, կրթված մարդ էր, հո հասարակ մարդ չէր»,- ասաց Օվսաննա տատը:

Թոռնուհին' Քրիստինեն, փոխանցեց տատի պատմածները. «Մեզ միշտ պատմել է, որ 6 տարեկան է եղել, ծնողների հետ նավով եկել է Հայաստան: Ասում էր, որ նավի վրա թուրքերը սպանել են հորը: Մոր ու 4 եղբայրների հետ եկել է Հայաստան: Ապրել են Վարդենիկ գյուղում, այնտեղ էլ մայրն է մահացել, ու 5 երեխաները մնացել են որբ: Տատը պատմում էր, որ ինքն է իր եղբայրներին պահել, մեծացրել»:

Տատը պատմել էր, որ ծնողները հարուստ են եղել Ալաշկերտում, ու թուրքերը մի քանի անգամ թալանել են: Տատի ասելով' ունեցած ոսկիները թաղել են իրենց տան պատերի տակ' հույս ունենալով, որ ետ են վերադառնալու:

Հոդվածն առաջին անգամ հրապարակվել է 2010թ. ապրիլի 22-ին «Հետք» շաբաթաթերթում 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter