
Սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանը, ըստ փաստաբանի, անհիմն է ձերբակալվել
Երեկ երեկոյան ձերբակալված սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանի շահերը պաշտպանելու է գյումրեցի փաստաբան, Փաստաբանական պալատի անդամ Հայկ Հարությունյանը: «Ինձ դիմել են երեկոյան ժամը 21-ի սահմաններում, դիմել է Մնացականի հայրը՝ Մարտիրոս Ալեքսանյանը: Իմ տեղեկություններով` ոստիկանությունը փաստաբանի ծառայություն առաջարկել է, սակայն Մնացականը հրաժարվել է»,- նշեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Մնացական Մարտիրոսի Ալեքսանյանն երեկ երեկոյան ձերբակալվել է՝ հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած զանգվածային բողոք-ցույցերի ժամանակ ոստիկանների հետ ընդհարմանը մասնակցելու համար:
Փաստաբանի փոխանցմամբ` իր վստահորդի ձերբակալությունն այս պահի դրությամբ կարելի է համարել անհիմն, քանի որ գոյություն չունի որեւէ իրավական հիմք, իրեն ու իր վստահորդին չի տրամադրվել որեւէ փաստաթուղթ, որից հասկանալի կդառնար, թե ինչում են մեղադրում Մնացականին:
«Ես այսօր դիմում եմ գրելու, որ ինձ տրամադրեն բոլոր փաստաթղթերը, որ հասկանամ թե ինչի մեջ են կասկածում կամ մեղադրում Մնացական Ալեքսանյանին: Երբ դրանք կլինեն իմ ձեռքի տակ, ըստ այդմ էլ կորոշենք մեր հետագա քայլերը»,- ասաց Հայկ Հարությունյանը:
Երեկ երեկոյան Ախուրյանի ՁՊՎ-ում Մնացական Ալեքսանյանին փորձ է արվել հարցաքննել առանց փաստաբանի ներկայության, սակայն երիտասարդը հրաժարվել է պատասխանել հարցերին:
Փաստաբան Հայկ Հարությունյանը կարողացել է մուտք գործել վստահորդի մոտ միայն ժամը 23-ի հատվածում: «Երկու ժամից ավել սպասել ենք, մինչեւ որ թույլատրել են տեսնել իմ վստահորդին: Ասում էին սպասեք, մինչեւ քննիչը դուրս գա»,- նշեց փաստաբանը:
Հայկ Հարությունյանը «Հետք»-ին փոխանցեց, որ Մնացական Ալեքսանյանին ըստ օրենքի կարող են ձերբակալվածների պահման վայրում պահել 72 ժամ մինչև մեղադրանքի առաջադրումը: Եթե մեղադրանք չառաջադրվի, ապա իր վստահորդին բաց կթողնեն, սակայն իրենք փորձելու են ավելի արագ գործել՝ Մնացական Ալեքսանյանի կարգավիճակը հնարավորինս արագ հստակեցնելու համար:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել