HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը Մնացական Ալեքսանյանի ձերբակալության կապակցությամբ

Ազգային ժողովի պատգամավոր Մ.Գրիգորյանը Մնացական Ալեքսանյանի ձերբակալության կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Այն ներկայացնում ենք ստորեւ.   

«Դեռևս տաք են հունվարի 12-ի  ոճրագործության վերքերը:  Դեպքին հաջորդեցին գյումրեցիների հուզումներն ու բողոքի ցույցերը, քաղաքն իրարով էր անցել պատահածի անսպասելիությունից և ոճրի զազրելիությունից: Շատերը շատ ավելի դաժան հատուցման կոչեր էին հնչեցնում, քան ՌԴ հյուպատոսության շենքի վրա գրոհելը:  Իրավիճակը Գյումրիում դարձել էր անկառավարելի: Բոլոր այն մարդիկ, ում համար կարևոր են Գյումրու եւ գյումրեցիների անդորրը, ձեռքները ծալած չնստեցին, այլ փորձեցին խաղաղեցնել մարդկանց:  Միահամուռ ուժերով հաջողվեց վիճակը կայունացնել, կանխել հակաօրինական արարքները:

Ի  ցավ մեզ, բողոքի նոր առիթ է ծագել Շիրակի մարզում՝ կապված հունվարի 15-ի  ցույցի մասնակիցներից մեկի՝ սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանի ձերբակալության հետ: Որքան հայտնի է, ձերբակալվածին դեռևս մեղադրանք չի առաջադրվել, և,  բնականաբար, այս պահին ոչ ոք չգիտե, թե ինչ արարք է թույլ տվել նա:

Այսուհանդերձ, ինձ համար անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված, որ դատախազությունը ձերբակալության  սանկցիա է կիրառում  այն պարագայում, երբ քննչական կոմիտեն կտրականապես դեմ է արտահայտվել: Հուսամ, որ հանրությունն այս անհասկանալի իրավիճակի բացատրությունը կունենա հնարավորինս շուտ: Այնուամենայնիվ, ցանկանում եմ տարակուսանք հայտնել ձերբակալության կապակցությամբ և հարցնել. արդյո՞ք հնարավոր չէ իրարանցման, գյումրեցիներին ափերից դուրս գալու ևս մեկ առիթ չտալ, արդյո՞ք մեկ ամբողջ տարածաշրջանի անդորրը պակաս կարևոր է, արդյո՞ք հունվարի 15-ի դեպքերից անհրաժեշտ հետևություններ չենք արել, արդյո՞ք սա անհաջող փորձ չէ շեղելու հասարակության ուշադրությունը մեր հիմնական պահանջից:

Որպես պատգամավորի թույլ տվեք նկատել, որ հունվարի 12-ի դեպքը  բացառիկ էր և արժե, որ բոլորը,  այդ թվում իրավապահ օղակները բացառություններ անեն:  

Սիրելի հայրենակիցներ,  լինելով ձեր կողքին,  հույս ունեմ, որ բոլորս կկարևորենք  գյումրեցիների անդորրն ու հավատը արդարության նկատմամբ, կլինենք ներողամիտ և հանդուրժող»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter