
Led Zeppelin-ի ճռռոցով գլուխգործոցը՝ գրագողության մեղադրանքով
Նաիրա Հայրապետյան
«Ութ րոպեանոց այս բլյուզ-ստանդարտը ակնհայտորեն բարձրակետ է «Led Zeppelin III» ալբոմում, թեկուզև Ջոն Բոնհեմի բասի ոտնակը մեծ մասամբ ճռռում է երգի ընթացքում: Ջիմի Փեյջն այստեղ ներկայացել է իր լավագույն կատարումներից մեկով, սակայն նույնիսկ պատահական ունկնդրի համար էլ ակնհայտ է, որ նրանք որոշ հատվածներ պարտքով վերցրել էին «Moby Grape»-ի 1968թ. ստեղծված «Never»-ի մեղեդուց»- գրում է «Rolling Stone» ամսագիրը:
Խոսքը լեգենդար «Led Zeppelin-ի լեգենդար «Since I've Been Loving You» երգի մասին է: Այն թողարկվեց 1970թ.՝ «Led Zeppelin III» ալբոմի կազմում, որը չնայած երաժիշտների մեծ սպասումներին՝ բուռն ու քննադատական արձագանքներ ևս ունեցավ: Խումբը երգի վրա աշխատել էր դեռևս նախորդ ալբոմին՝ «Led Zeppelin II»-ին նախապատրաստվելիս, սակայն «Whole Lotta Love»-ի գերլարված աշխատանքը ստիպեց հետաձգել: Ուստի նոր ալբոմի ամենաառաջին գործերից մեկը եղավ «Since I've Been Loving You» –ն, այսպես ասած, գլուխ բերելը:
Հավանաբար հենց այս արտահայտությունն է ամենահարմար բնորոշումը, քանի որ երգը չափազանց բարդ ճանապարհ անցավ: Կատարման դժվարություններին ու դրանցով պայմանավորված ձայնագրման անհարմարություններին գումարվում էր նաև երաժիշտների բծախնդիր մոտեցումը: Ջիմի Փեյջի դիտարկմամբ՝ ալբոմի բոլոր երգերից ամենադժվարը «Since I’ve Been Loving You»-ն ձայնագրվեց: Այս երաժշտի կատարման մասին, սակայն, հնչյունային ռեժիսորը՝ Թերի Մենինգը, խոստովանեց, որ ռոք-կիթառային բոլոր ժամանակների լավագույն սոլոն է: Եվ դա շատերն են փաստում:
Մինչ խմբի անդամները փորձում էին տեղավորվել իրենց համար դեռևս անսովոր, բայց չափազանց գրավիչ բլյուզի տարածքում, Փեյջը հաջողությամբ ձայնագրեց կիթառի իր հայտնի սոլո- պարտիան, ընդ որում՝ ընդամենը մեկ փորձով: Երգն իսկապես բարդ էր կատարելը, հատկապես վոկալի մասով: Ռոբերտ Փլանթը (ում ձայնային հնարավորությունները թվում է թե որևէ արգելքի չպետք է հանդիպեին) «Mojo» երաժշտական ամսագրին տված հարցազրույցներից մեկում պատմել է, որ այն բարդ գործ է առհասարակ երգելու համար: Երգը պահանջում էր վոկալի հզոր հնչողություն և էմոցիոնալ նրբերանգներ, որոնց լեգենդար երգիչը հասել է բազմաթիվ անհաջող փորձերից, իմպրովիզացիոն մեծ հնարքներից հետո:
Ալբոմը, որից մեծ ակնկալիքներ ունեին երաժիշտները, բազմաթիվ ոգևորված գնահատականներին զուգահեռ՝ քննադատություններ ևս հավաքեց, ոչ միայն մասնագետներից, այլև հենց երկրպագուներից: Նրանք հայտնաբերել էին կրկնության հասնող զուգահեռներ 60-ականներին ակտիվ գործող ամերիկյան «Moby Grape» ռոք խմբի «Never» երգի հետ: Ահա թե ինչի մասին էր ակնարկում «Rolling Stone» ամսագիրը «պարտքով վերցրել էին»արտահայտությամբ: Եվ զարմանալիորեն նմանություններն իսկապես շատ էին ու տեղին: Հենց սկզբից, «Since» -ն առաջին իսկ վայրկյաններից, կիթառի առաջին հնչյուններից, որին հաջորդում է բլյուզային հարվածային ռիթմը, այնպիսի տպավորություն է, որ երգը, ժամանակակից լեզվով ասած, copy-past է՝ լավագույն օրինակով: Նմանություններն առկա են նաև երգի խոսքում՝ առաջին իսկ տողերում՝
Երգի այլ տողերում ևս որոշ արտահայտություններ համընկնում են ՝ «the best of fools», «I love you» և այլն, նրանք նման էին միմյանց ողջ տրամադրության մեջ:
Շատերը այս կրկնօրինակումը կամ զուգադիպությունը բնական էին համարում, քանի որ ինչ-որ տեղից լսել էին, թե Ռոբերտ Փլանթը «Moby Grape»-ի երկրպագուներից է եղել, իսկ «Led Zeppelin»-ը իր գործունեության վաղ շրջանում նույնիսկ կրել է որոշակի ազդեցություն խմբից: Թերևս միակ առանձնահատկությունը Ջոն Բոնհեմի ոտնակի ճռռոցն էր, որից, բարեբախտաբար, անմասն էր «Never»-ը:
«Since»-ի ձայնագրության ժամանակ, ինչպես ալբոմի մի քանի երգերում, այստեղ էլ օգտագործվեց Ջոն Բոնհեմի հանրահայտ «Ludwig Speed King model #201»-ը. այս բաս-ոտնակը (bass pedals), որը չափից ավել ճռռալու համար հայտնի էր «Squeak King» մականունով, նա գործածեց իր ողջ կարիերայի ընթացքում: Եվ ահա երգի սահուն, փափուկ ու խաղաղ սկիզբն արդեն «նշանավորվում» է ճռռոցով: Ալբոմի և երգի միակ խնդիրը այս ողջ պատմության մեջ Ջ. Փեյջը տեսնում է հենց այստեղ՝ Բոնհեմի ոտքից դեպի բաս- ոտնակն ընկած ճանապարհին: «Ամեն անգամ լսելիս՝ այն ավելի ու ավելի բարձր է ականջիս հնչում,- կատակով նա նշել է հարցազրույցներից մեկում,- ցավոք, սա մի բան էր, որն ակնհայտորեն անտեսվեց այն ժամանակ»: (“Guitar World”, 1993թ. )
Կիթառի հնչյունները ոմանց հիշողություններում նմանություններ գտան անգլիական «The Yardbirds խմբի 1965թ. թողարկված «New York City Blues»-ի հետ: Հիշեցնենք՝ Ջ. Փեյջը նախքան «Led Zeppelin» –ի հիմնումը հանդես է եկել «The Yardbirds»-ի կազմում, բայց 1966թ-ից: Այսպիսով՝ խմբին սկսեցին մեղադրել գրագողության մեջ: Սակայն հայտնի երաժշտական քննադատներից ոմանք հետագայում էլ տարբեր տեսանկյուններով փորձել են բացառել գրագողությունը՝ վկայակոչելով խմբի մեծությունը բոլոր առումներով, որի ֆոնին «Moby Grape»-ի կարճատև փայլատակումը նույնիսկ կարող էր երաժիշտներին անծանոթ լինել (Այս տեսակետը պնդում է խմբի կենսագիր Միք Ուոլը «When Giants Walked the Earth: A Biography of Led Zeppelin», գրքում ):
Հետաքրքիրն այն է, որ խմբի կամ երաժիշտների կողմից պաշտոնապես որևէ անդրադարձ այդպես էլ չեղավ: Փաստերը երկուստեք խոսուն էին, տեսակետները՝ տարբեր ու բազմազան, սակայն բոլորը մի բանում համակարծիք էին՝ «Since I’ve Been Loving You»-ն, անկասկած, խմբի գլուխգործոցներից էր: Այն մինչ օրս մնումէ «Led Zeppelin»-ի ամենահայտնի երգերից մեկը, որը սիրված է հատկապես բլյուզի երկրպագուների կողմից: Սա հենց այն երգն է, որում ամբողջովին արտահայտված է խմբի հնարավորությունները բլյուզի ժանրում: «Since»-ը դարձավ ամենասիրելի գործը նաև խմբի անդամների համար. բլյուզի տարածքում հայտնվելով՝ երաժիշտներից յուրաքանչյուրը տրվում էր իմպրովիզացիային և տարածվում նրա լայն հնարավորությունների մեջ՝ ամեն մեկն իրեն հատուկ երաժշտության խաղում:
Երգը խմբի կենդանի համերգների ամենասպասված կատարումներից էր՝ սկսած 1970թ-ից մինչև 1980թ-ը, համաշխարհային շրջագայությունների ընթացքում, այնուհետև՝ Ջիմի Փեյջի և Ռոբերտ Փլանթի առանձին ալբոմներում և համերգային համատեղ ծրագրերում՝ («No Quarter: Jimmy Page and Robert Plant Unledded». 1994թ. և Ռ. Փլանթ՝ «White, Clean, and Neat».1988թ.):
Եվ ամեն անգամ Փեյջ-կիթառահարը, Փլանթ-երգիչը բացահայտվում էին նորովի: Խումբը «Since» –ը կատարեց նաև 2007թ. Լոնդոնի «O2 Arena»-ում կայացած համերգի ընթացքում, ինչպես նաև «Celebration day» խորագրով նախագծում, ընդգրկվեց համանուն պտմական երաժշտաֆիլմում:
Երաժշտական աշխարհի կարևորագույն ամսագրերից մեկը իր մեկ այլ համարում հավելում է՝ «Այս դանդաղ բլյուզը զեփըլինյան ամենահոգևոր պահերից մեկի վկայությունն է՝ ազատ տարածության մեջ Փեյջի հնչյունների շրջապտույտով, Ջոնսի բոցավառված ստեղնաշարով և Փլանթի՝ ցավի անկեղծ, սիրտ ծակող աղաղակով»:
Մեկնաբանել