HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրոնակա՞ն, թե՞ ազգային խնդիր Ջավախքում. ուկրաինացի հոգևորականը թաղման նախօրեին փակել է գյուղի եկեղեցին

Սամցխե-Ջավախքի Ծղալթբիլա (Նորշեն) գյուղում հունվարի վերջին մահացել է տեղացիներից մեկը՝ Սարգիս Հովհաննիսյանը: Նրա հարազատները, սակայն, չեն կարողացել հանգուցյալի դին եկեղեցում դնել և հոգեհանգստի արարողություն կատարել: Ազգությամբ ուկրաինացի վարդապետ Հայր Անատոլին փակել է եկեղեցին, գյուղից հեռացել և թույլ չի տվել, որ հանգուցյալին եկեղեցի մտցնեն:

Հանգուցյալի հարազատները որոնել են բանալին, խնդրել եկեղեցու աշխատողներին, որպեսզի բացեն եկեղեցու դուռը, սակայն՝ ապարդյուն: Արարողությունը եկեղեցու բակում՝ փակ դռան մոտ են արել և հուղարկավորել Սարգիս Հովհաննիսյանին:

Հանգուցյալի եղբայրը` Վիկտոր Հովհաննիսյանը պատմում է, որ օտարազգի հոգևորական Հայր Անատոլիի հետ հակադրությունը սկսվել է դեռևս այն ժամանակ, երբ նա 25 տարի առաջ իրենց գյուղ եկավ:

Ծղալթբիլան հայկական ամենամեծ գյուղն է Ախալցխայի շրջանում՝ նաև ամենամեծ կաթոլիկ գյուղը: 25 տարի առաջ հոգևոր ծառայություն մատուցելու համար գյուղ եկած ազգությամբ ուկրանիացի Հայր Անատոլին, ինչպես պատմում է Վիկտոր Հովհաննիսյանը, չի հանդուրժել Մխիթարյան միաբանության ներկայացուցիչ տեղացի Հայր Վահան Հովհաննիսյանի նկատմամբ ժողովրդի ունեցած հարգանքը (Հայր Վահանը տեղափոխվել է Վենետիկ):  Գյուղացիներն էլ սկսել են հակադրվել նրան: Գյուղը կիսվել է՝ մի մասը Հայր Անատոլիի թիկունքին է կանգնել, մյուս մասը՝ ընդդեմ նրա: Հայր Անատոլին, ըստ Վիկտոր Հովհաննիսյանի, գյուղի այդ մասի սիրտը սիրաշահում է դրսից ստացված օգնությունների հաշվին: Իսկ մյուս մասը դրանք չի ստանում և չի հանդուրժում նրա պահվածքը:

Հովհաննիսյանները հանգուցյալ Սարգսի հոգեհանգիստը կատարելու համար նախընտրել են հարևան կաթոլիկ գյուղի հայ քահանային հրավիրել՝ Տեր Պողոսին:  Հայր Անատոլին այդ օրը գյուղում չի եղել: Փոխարենը գյուղ է ուղարկել Ախալքալաքի շրջանի Տուրցխ գյուղի հոգևոր սպասավոր Հայր Անդրեին: Եկեղեցին Հայր Անդրեն չի բացել՝ պատճառաբանելով, որ բանալին մոտը չէ: Թույլ չեն տվել նաև զանգերը հնչեցնել՝ պատճառաբանելով, որ թույլտվություն պետք է տա Հայր Անատոլին: 

Տեսանյութը տրամադրել է Վիկտոր Հովհաննիսյանը

«Թաղման առավոտը Տեր Պողոսն ասում է, որ Գյումրիից արգելել են արարողություն անել: Ես կապվեցի Վենետիկի հետ, Հայր Մեսրոպի հետ, ով տեղափապահն է Քանաքեռում: Նա հրամայեց Տեր Պողոսին կատարել հուղարկավորությունը: Իջանք եկեղեցի, որպեսզի մտնենք, եկեղեցին կողպել էին,-պատմում է Վ. Հովհաննիսյանը: -Հայր Անատոլին, որը եկեղեցու ստորին օղակում ծառայող է, կարողանում է խառնել և անել այն, ինչ ինքը ցանկանում է, անգամ այն, որ ես հայ կաթոլիկին չեմ կարողանում բերել հարևանությամբ գտնվող գյուղից, որ կատարի հուղարկավորություն: Այսինքն՝ Անատոլու թշնամանքը գալիս է ոչ թե անձնական՝ իմ նկատամաբ, այլ ազգի նկատմամբ»:

Վերջինս նշում է, որ անթիվ դեպքեր են եղել, երբ եկեղեցու դուռը Հայր Անատոլին փակել է, դուրս է արել մարդկանց եկեղեցուց: «Ամենասարսափելին այն է, որ մի անգամ եկեղեցու սրահում քարոզի ժամանակ, երբ մեկը աղմկել, խոսել է, բեմից ասել է՝ ձեզ քիչ են կոտորել, բոլորիդ պիտի կոտորեին 1915-ին»,-պատմում է Վիկտոր Հովհաննիսյանը:

Որպես Հայր Անատոլիի հակահայ գործունեության վկայություն Վիկտոր Հովհաննիսյանը նշում է, որ նա գյուղացիներին ստիպել է տներից հանել Վազգեն Վեհափառի լուսանկարը: Գյուղը, սակայն, չնայած կաթոլիկ է, բայց Էջմիածինը սիրող ու պաշտող է եղել: Հիմա գնում է հակառակ ուղղությամբ՝ դեպի լատինացում:

«Ի սկբանե, հայ կաթոլիկությունը լատին կաթոլիկություն չէ: Հայերը՝ հայ կաթոլիկ են: Անգամ եթե դու Մխիթարյան բառը չես օգտագործում, հայ կաթոլիկության ներկայացուցիչը Վենետիկ Սուրբ Ղազարում է՝ աբբահոր առաջնորդությամբ»,-կաթոլիկությունը ազգություններով տարանջատելը այսպես է մեկնաբանում Վիկտոր Հովհաննիսյանը:

Նա նշում է, որ իր պայքարը գյուղի հայության համար է, որոնք հետզհետե հեռանում են հայ եկեղեցուց: Փոխարենը թշնամանք է սերմանվում հայ առաքելական եկեղեցու և կաթողիկոսի նկատմամբ. «Իմ պապը, որ կաթոլիկ էր, ասում էր՝ տարբերություն մի դիր հայ առաքելականի և կաթոլիկի միջև, որովհետև նրանք երկուսն էլ հայ եկեղեցի են: Իսկ հիմա հայտնվում է ոչ թե հայ կրոնավորը, այլ օտար կրոնավորը՝ մեր երկուսի միջև»:

« 25 տարի առաջ մենք պաշտում էինք Էջմիածինը, լինելով կաթոլիկ՝ Էջմիածինը սրբությամբ ընդունում էինք, կաթողիկոսին սրբությամբ ընդունում էինք: Երբ նա եկավ, այդ մասի կապն ամբողջությամբ կտրվեց, որովհետև Անատոլին արգելեց այցելել Էջմիածին: Եթե որևէ քահանա ինձ ասում է, որ ես առաքելական եկեղեցի մտնելու իրավունք չունեմ, դա իմ իրավունքն է, ոչ թե նրա իրավունքը: Ես կարող եմ մտնել բոլոր քրիստոնյա եկեղեցիները, դա իմ ցանկությունն է, և ոչ ոք ինձ չի կարող արգելել»,-ասում է Վ. Հովհաննիսյանը:

Տարաձայնությունը հարթելու, հաշտություն և խաղաղություն կայացնելու համար տարիներ առաջ Գյումրիից Ներսես Սրբազանին են հրավիրել Ծղալթբիլա, սակայն դա էլ չի օգնել: Հակադրությունը մինչ օրս շարունակվում է: Ախալցխայի շրջանում օտարազգի հոգևորականի խնդիրը առաջին անգամ չէ, որ տեղացիները բարձրաձայնում են: «Հետքը» տարիներ առաջ անդրադարձել էր նաև Սուխլիսի գյուղացիների դժգոհություններին

Վիկտոր Հովհաննիսյանը մտահոգվում է, որ հայկական գյուղերը սպասարկում են տարբեր ազգությամբ կրոնավորներ՝ լատին, ուկրաինացի և այլն, ինչը վտանգավոր երևույթ է Ջավախքի համար: Նա կոչ է անում հայությանը՝ տեր կանգնել այլազգի կրոնավորների ոտքի տակ տրորվող հայ ժողովրդի մի հատվածին: Նրա կարծիքով՝ «հայ» բառը հանվել է «հայ կաթոլիկ եկեղեցու» բառակապակցությունից, և որպես «անմշակ տարածք» Ջավախքի հայաբնակ գյուղերում են հայտնվել օտարները՝ հայ հոգևորականից բացի:

Գյումրիի առաջնորդարանից Տեր Գրիգորը մեզ հետ զրույցում ասում է, որ Ջավախքում կաթոլիկ եկեղեցում ծառայող 5 հոգևորական կա, որից երկուսը՝ օտարազգի են: Ըստ նրա՝ Ծղալթբիլայում հոգևոր խնդիր չկա, այլ ներանձնական է: Իսկ թե ինչու է այդ դեպքում Ծղալթբիլայի եկեղեցին փակ եղել հանգուցյալի առջև, խորհուրդ տվեց զրուցել անձամբ Հայր Անատոլիի հետ:  

Հայր Անատոլին «Հետքի» հետ զրույցում ասաց, որ եկեղեցում կարգ կա, և ըստ կարգի այնտեղ քահանա կա, և իր փոխարեն այդ օրը մնացել էր Հայր Անդրեն: Նա պետք է թաղման արարողությունը կատարեր: Մինչդեռ Հովհաննիսյանները չեն ուզեցել, որ նա ծառայություն մատացի: «Եթե ես չեմ լինում եկեղեցում, իմ փոխարեն ուրիշ քահանա է գալիս պատարագ մատուցելու կամ ուրիշ արարողություն անելու: Ախալքալաքից ուրիշ քահանա եկավ՝ չնայած եպիսկոպոսը հրամայեց կամ ես, կամ այն քահանան, որին ես խնդրեցի գալ ու կատարել թաղման արարողությունը: Հովհաննիսյանները եպիսկոպոսի կամքին հակառակ են ամեն ինչ արել,-ասաց Հայր Անատոլին,-եկեղեցական օրենք կա՝ կամ ժողովրդապետ պահել կամ քահանա, որին ժողովրդապետը նշանակեց»:

«Եկեղեցական որ օրենքի կամ կարգի համաձայն է եկեղեցին փակվում մարդկանց և հանգուցյալի առջև» մեր հարցադրմանը, Հայր Անատոլին պատասխանեց. «Որովհետև իրենք ուզեցին քահանա տանել, այնտեղ պատրաստ էր՝ քահանա ունեինք, որը պիտի թաղումն աներ: Եկեղեցին փողոցը չէ, եկեղեցու մեջ օրենք կա, ոչ թե ամեն մարդ ինչ ուզե անել, եկեղեցու մեջ տեր կա և օրենք կա»:

Հայր Անատոլին խորհուրդ տվեց գնալ Երևանի որևէ եկեղեցի և ուրիշ տեղից ինքնակամ քահանա տանել, տեսնել՝ արդյոք նրան կթողնե՞ն արարողություն կատարել: «Նրանք կարգի հակառակ արել էին, դրա համար եկեղեցին չբացվեցավ»,-եղավ Հայր Անատոլիի պատասխանը:

Հայր Անատոլին ասում է, որ ինքը հակասություններ չունի Հովհաննիսյանների հետ, առավել ևս՝ բոլոր Հովհաննիսյաններն «այդպիսին» չեն: Գյուղում շատ Հովհաննիսյաններ կան, և միայն այս ընտանիքն է իր նկատմամբ «այդպես» տրամադրված: «Ի՞նչ պիտի պատահի՝ ինձի դատ պիտի բանան, ինձի պաշտոնե պիտի հանեն, թող բանան: Նրանք առաջին անգամ չբացին, «Յություբի» մեջ իրենց սուտ վկայությունով բաներ արել են, էլ ի՞նչ պիտի անեն»,-ասում է Հայր Անատոլին:

Մեր դիտարկմանը, թե մեզ հետ զրույցում, բացի Հովնաննիսյաններից, այլ գյուղացիներ ևս իր հետ ունեցած հակասությունների մասին պատմեցին,  Հայր Անատոլին վկայակոչեց Ջավախքում հայտնի ասացվածքներից մեկը՝ «Գյուղ չկա, որը շուն չլինի»:  

Մեկնաբանություններ (13)

Վահե Բեգոյան
Հայր Անատոլին իմ ճանաչած ամենասրբակենցաղ, մաքուր, իրական նվիրյալ հոգևորական է, որը պիտի օրինակ լինի շատ շաըերի համար: Անձամբ ճանաչում եմ Հայր Սուրբին, և ապշել էի օտարազգի այդ մարդու նվիրվածությանը ոչ միայն իրեն վստահված համայնքին ու իր հոգածության տակ գտնվող եկեղեցուն, որ պարզապես ծաղկում է վայելչությամբ, այլ նաև հայ ազգին ու մշակույթին !!! Ես ամենայն պատասխանատվությամբ վկայում եմ Հայր Սուրբի օրինակելի հոգևորական լինելու մասին, երան ազգությամբ հայ շատ ու շատ հոգևորականներ իր պես հայերեն, գրաբար, եկեղեցու և հայ ժողովրդի պատմություն իմանային և իր պես սրբակենցաղ ու նվիրյալ լինեյին: Նաև նշեմ, որ իր կամքից անկախ 25 տարի առաջ նշանակվելով այդ հայկական գյուղ, մեծ հոժարությամբ այդ օտաչականը ստանձնել է իրեն վստահված Քրիստոսի ժողովրդի խնամակալությունը, և դարձլ ցանկացած հայից ավելի հայ... ասլօր նրա մասին խոսելիս օտարական, այլազգի կամ ոչ հայ ասելը պարզապես անբարոյականություն է !!! Չգիտեմ ինչպես կոնկրետ այդ մեկ ընտանիքը, բայց անձամբ եմ տեսել այդ գյուղի հարգանքն ու ակնածանքը հանդեպ իրենց վարդապետը !
Frieda
Дорогие священники! Только то, что Вы погружаетесь в суетливое обсуждение, говорит о том, что нет никакого смирения в ваших сердцах. И поэтому не удивительно, что Вы не нашли в себе достаточно любви и верований позволить христианину оставлять этот мир по-Христиански. Вы создавали: закрывали двери церкви, плели ненужные интриги относительно панихиды. Единственное, что вам нужно было сделать, это позволить человеку уйти с миром. Это - факт. И это произошло. Теперь же вам нужно не доказывать вашу точку зрения другим людям (особенно родственникам покойного), а следовало бы обратиться к Богу за прощением.
Вардан карапетавич
Прадай свой ленд крузар 200, и верни оригинал чудесной иконы в церков!!!
Արշակ Արզիկյան
Ցավն այն է որ և Վ,Հովհաննիսյանը և հոդվածագիր Ք.Աղալարյանը ըստ էության հավատացյալներ չեն ...այլ շարքային պրովակատորներ....դուք հո հեթանոս չէք , որ Քրիստոնեության մեջ ազգություն էք տարբերակում.....առավել ևս որ Հայր Անատոլին արդեն 25 տարի հայ կաթողիկե է , անկախ ազգությունից , և հայերենին ու հայ հոգևոր , բարոյական արժեքներին ձեզանից լավ է տիրապետում....Նրան ճանաչում և սիրում են ոչ միայն Ծղալթբիլաում , այլև Երևանի Հայ Կաթողիկե Եկեղեցում...ինքս լինելով Երևանաբնակ Ալաստանցի, տեսնելով Հայր Անատոլիի նվիրվածությունը եկեղեցուն և ժողովրդապետությանը պարզապես կերազեի նրա նման հոգևորական լիներ նաև իմ ծննդավայրում...բայց իմանալով հոգևորականների թվաքանակի պակասությունը , պետք է գնահատել , որ անձնուրաց այլազգիները գալիս են , համալրում այդ պակասը և շնորհակալության փոխարեն բանսարկություններ անելը առնվազն երախտամոռություն է ....Իսկ ը առաջին անգամ չէ , որ փորձում է խառնակչություն մտցնել Հայ Կաթողիկե Եկեղեցում > սկզբունքով.....Բայց դա ձեզ չի հաջողվի....Համայնքը իր ճնշող մեծամասնությամբ հավատարիմ է իր հոգևոր արժեքներին....
Սամվել Հովհաննիսյան
Տեսահոլովակը դիտելուց մի այնպիսի տեսարանի ականատես եղա որից հետո անկեղծ ասած իմ մեջ ինչ-որ բան կոտրվեց, ինչ-որ բան մեռավ: Մեռնողը իմ երկար տարիների հարգանքն էր ուղղված հոգևորականին, ուղղված այն մարդուն որին իմ կարծիքով մենք պետք է հետևեինք: Հանկարծ հայտնվեց մի հոգևորական որի մասին ես բավականին բացասական կարծիքներ էի լսել, բայց երբեք առիթ չէի ունեցել այդ կարծիքների ճշմարտացիությունը ստուգելու համար: Չեմ կարող խոսել այդպիսի պահվածք դրսևորելու դրթապատճառը, սակայն եթե դուք նույպես տեսնեք տեսահոլովակը, ապա դուք իհարկե կհասկանաք, որ ես միակը չեմ, որ հիասթափություն ապրեցի: Իհարկե բարոյական չի լինի մեկի պատճառով խոսել բոլոր հոգևորականների մասին, բայց նման դեպքերը մարդուն քայլ առ քայլ մղում են դեպի անհավատություն։ Իմ համար այնքան տարօրինակ է նման բան տեսնելը, այնքան անբարո է այս արարքը… Իմ պատկերացմամբ, սարսափելի տգեղ բան է կատարվել և դա առաջին հերթին անարգանք է եկեղեցու նկատմամբ: Ըստ քրիստոնեական կանոնների, Աստծո տունը` եկեղեցին, պետք է բաց լինի բոլորի համար, ուստի եկեղեցականներն իրավունք չունեն որեւէ հանգուցյալի մուտքը որեւէ եկեղեցի սահմանափակել: Հին քրիստոնեական ավանդույթ է քրիստոնյա աշխարհում՝ երբ մարդը մահանում էր, մի քանի ժամ տանն են դնում, այնուհետեւ երեկոյան տեղափոխում եկեղեցի, որտեղ հաջորդ օրը՝ առավոտյան, կատարում են եկեղեցու կարգ եւ տանում գերեզման՝ հողին հանձնելու: Թե ինչքան ու ինչքան նմանատիպ մարդիկ կան որոնք արատավորում են եկեղեցին և հոգևոր սպասավորի շիտակ անունը, այնուհանդերձ ես մաքուր եմ պահում իմ հավատը առ Քրիստոս և առ Եկեղեցի:
Լևոն Գալստյան
Այս հրապարակման մեջ արծարծվող խնդրի առնչությամբ կարող եք ծանոթանալ Հայ Կաթողիկէ Եկեղեցու պաշտոնական պարզաբանումը հետևյալ հասցեում՝ http://hetq.am/arm/news/58502/hay-katoxike-ekexecin-parzabanum-e.html
Վիկտոր Հովհաննիսյան
Պարոն Բեգոյան, Դուք մի մտեք ուրիշի տարածք և զբաղվեք ձեր գործերով:
Манас
Вардан карапетавич чиштес
an
Տեսանյութը նայելուց հետո երկար ժամանար չէի կարողանում կողմնորոշվել, ում մեղադրելու մեջ. գյուղի մի խումբ կանա՞նց, որոնք Անատոլիի վախից կուրացած ու խլացած չեն ուզում հասկանալ,որ արդեն վաղուց խամաճիկ են դարձել իրենց վադապետի ձեռքերում,թե՞ դավեր նյութող, բամբասանքով ու ասեկոսով Անատոլիին:Թող ինձ ների Աստված,սակայն այս ամենից հետո ի՞նչ հնչերանգ պիտի ունենա Աստծո ճշմարիտ խոսքն այդ մադու շուրթերից, կամ թե ո՞րը պիտի լինի աստծուն,եկեղեցուն ու ժողովրդին ծառայելու նրա հավատքի գրավականը:
Վերոնիկա
Պարոն Արշակ Արզիկյան, գուցե Հայր Անատոլուն տանեք Ալաստա՞ն: Շնորհակալ կլինենք, մեզ կփրկեք:
Фрида
Уважаемые служители церкви села Норшен! Если вы читаете этот комментарий, сделайте паузу и услышьте, пожалуйста. В вас не хватило любви, терпимости и веры для того, чтобы позволить христианину покинуть этот мир по-христиански. Вы чинили этому отнюдь не христианские препятствия: закрывали двери церкви, не подавали колокольный звон, плели недостойные вас и вашему статусу интриги.Сейчас вам надо не армию сочувствующих собирать, а молиться о прощении, ибо вы не сделали того, для чего были поставлены Богом.
Frieda
ՄեկնաբանություDear priests! Only that you plunge into fussy discussion, says that there is no humility in your hearts. And therefore it isn't surprising that you didn't find in yourself enough love and beliefs to allow the Christian to leave this world Christianly. You made difficulties: closed doors of the church, then spun some unnecessary intrigues concerning burial service. The only thing that was necessary to do is to allow the person to leave this world in peace. This is the fact. And it happened. Now it is necessary for you not to prove your point of view to other people (specifically to the deceased's relatives), you'd better address to God for forgiveness.նը...
Фрида
Уважаемые служители церкви! Только то, что вы погружаетесь в суетливое обсуждение, говорит о том, что нет смиренности в ваших сердцах. И поэтому не удивительно, что вы не нашли в себе достаточно любви и веры, чтобы позволить христианину покинуть этот мир по-христиански. Вы чинили препятствия: закрывали двери церкви, плели какие-то ненужные интриги по поводу отпевания. А всего-то надо было дать человеку уйти с миром. Это факт. И это случилось. Теперь же вам надо не людям (а конкретно родственникам усопшего) доказывать свою точку зрения (на ваш запрет!!!), а обращаться к Богу за прощением.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter