HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանտային մաքուր պատերը բավարար պայման չեն մարդուն ուղղելու համար

Ի՞նչ ծրագրեր է իրագործում քրեակատարողական ծառայությունը, որ հասարակություն վերադառնա հոգեպես ու ֆիզիկապես առողջ քաղաքացի: Ի՞նչ վերականգնողական, կրթական, մշակութային, ժամանցային ծրագրեր են գործելու «Արմավիր» նորաբաց  ՔԿՀ-ում: Արդյոք նման ծրագրերի համար պետությունը գումարներ հատկացնո՞ւմ է: Այս հարցերի պատասխանները լսելու նպատակով «Հետքը» եղավ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որտեղ արդեն պատիժ է կրում 54 դատապարտյալ՝ դատապարտված ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների համար (հիմնականում նոր են կայացվել դատավճիռները):

Դատապարտյալների հետ զրուցել մեզ չթույլատրեցին, փոխարենը զրուցեցինք սոցիալ- հոգեբանական, իրավաբանական գծով պետի տեղակալ նշանակված Գևորգ Սիմոնյանի հետ: Մասնագիտությամբ ռադիոֆիզիկ և հոգեբան պաշտոնյան 12-րդ տարին է` աշխատում է քրեակատարողական համակարգում: Ասում է, որ պետությունն այսօր նոր բանտի կառուցմամբ լուծել է առաջնային խնդիր՝ դատապարտյալների պահման պայմանների խնդիրը: Անցյալ տարի` նոյեմբերի 29-ին բացվել է ՔԿՀ-ի առաջին մասնաշենքը՝ նախատեսված 400 դատապարտյալի համար: Սանհանգույցով և լողանալու պայմաններով ապահովված 16 քմ-անոց խցերում պահվում է 4 դատապարտյալ:


- Պարոն Սիմոնյան, արդյո՞ք բանտային գեղեցիկ, սպիտակ, մաքուր պատերը բավարար պայման են, որ տեղի ունենա դատապարտյալի ուղղում, վերականգնում:

- Առանց համապատասխան ծրագրերի հնարավոր չէ հասնել անձի վերականգնման, վերափոխման: Բայց, համաձայնեք, որ արդեն մեծ առաջընթաց է նման մակարդակի բանտ ունենալը: Երկրում է՛լ ավելի մեծ խնդիրներ կան, բայց մենք այսպիսի բանտ ենք կառուցում: Իսկ ճաքած պատերով բանտում, վատ պայմաններում հնարավոր չէ խոսել վերականգնումից: 

- Բրազիլական բանտերում դատապարտյալի պատժի ժամկետը կրճատվում է ըստ գիրք կարդալու քանակի: Նման մոտիվացիոն ծրագրերը արդյո՞ք խցային պայմանների հետ կապ ունեն:

- Ես հասկանում եմ, թե ինչ եք ուզում ասել: Այո՛, միգուցե այսօր այն աշխատանքները, որոնք տարվում են բանտերում այն մակարդակին չեն, որն ուզում ենք տեսնել թե՛ մենք, թե՛ Դուք: Բայց, միևնույն է, շատ հարցեր կախված են և՛ մարդկային, և՛ ֆինանսական ռեսուրսից:  

- Մի՞թե պետությունը չի հատկացնում այդ ռեսուրսները: Եվ ի՞նչ է առաջարկում ՔԿ ծառայությունը դատապարտյալին, որ հետո պահանջի:

- Դրսում՝ արտերկրում, նման վերականգնողական, կրթական ծրագրերը ֆինանսավորում է պետությունը: Օրինակ` շատ ցանկալի է տարբեր դասընթացներ կազմակերպել: Բայց նախ անհրաժեշտ են ուսուցիչներ: Մենք դեռևս այդ հնարավորությունը չունենք՝ ուսուցիչ վարձել և այլն: Սակայն, ունենք հասարակական կազմակերպությունների հետ աշխատելու փորձ: Օրինակ՝ «Էրեբունի» ՔԿՀ-ում ՀԿ-ների հետ համատեղ կազմակերպել ենք հաշվապահական, ռուսերենի, անգլերենի դասընթացներ: Հարցն այն չէ, որ դատապարտյալները կդառնան հաշվապահներ: Մեր խնդիրն այն չէ, որ իրենց դարձնենք մրցունակ, այլ այն, որ դատապարտյալների մեջ հավատ ներշնչենք դեպի սեփական ուժերը: Նորից ենք դիմելու ՀԿ-ներին, որպեսզի նոր ծրագրեր կազմակերպենք միասնական ուժերով:

- Խոսեցիք նաև անհրաժեշտ կադրերից: Բավարա՞ր են որակյալ կադրերը: Քանի՞ հոգեբան է աշխատելու այստեղ:

- Երկու տարի առաջ եղել եմ ԱՄՆ-ում` Վիսկոնսին նահանգում: Այնտեղի բանտում սոցիալական աշխատողը վերապատրաստվում էր ու  տիրապետում միանգամից բժշկական, իրավաբանական, հոգեբանական հմտությունների: Եվ կար մեկ նեղ մասնագիտությամբ հոգեբան, ով սպասարկում էր 300 դատապարտյալի: Մասնագետների վարձատրությունը ժամավճարով է ԱՄՆ-ում: Պատկերացրեք՝ բժիշկը, հոգեբանը, սոցիալական աշխատողը ավելի բարձր են վարձատրվում, քան բանտի պետը: Մեզ պատրաստված մասնագետներ են պետք: Ավելի լավ է ունենալ 1 որակյալ մասնագետ, քան 2 անորակ: Իսկ եթե առանձնացնելու լինենք, ապա կուզեի ունենալ 8 հոգեբան, 8 սոցիալական աշխատող, 8 իրավաբան: Բայց, կարծում եմ, իսկապես արդարացված չէ 400 դատապարտյալի համար այդքան մեծ աշխատակազմ պահել:

- Եթե հատուկ ծրագրեր չկան, ապա ի՞նչ չափորոշիչներով է կատարվում դատապարտյալի գնահատումը:

- Այո՛, կարիք ունենք անձի գնահատման չափորոշիչների հստակ սահմանման: Դա պիտի սկսել օրենսդրությունից: Շուտով կլինեն համապատասխան փոփոխություններ: Դա, առաջին հերթին, մեզ է պետք, որպեսզի կարողանանք ճիշտ գնահատել դատապարտյալի վարքագիծը: Չնայած աշխարհի որևէ երկրում չկա պատրաստի դեղատոմս, թե որ դատապարտյալին կարելի է համարել լիարժեք վերականգնված: Կան ուղղակի թեստային որոշակի լուծումներ, որոնք կատարելու միջոցով դատապարտյալը միավորներ է հավաքում և ըստ այդ միավորների գումարի համարվում վերականգնված կամ ոչ:

- Օրինակ` փակ ռեժիմի դատապարտյալը հարազատի հետ կարող է երկարատև տեսակցել տարեկան առնվազն 1 անգամ մինչև 3 օրով: Հնարավո՞ր է այս պարագայում խոսել ընտանեկան կապի պահպանման և վերականգնման մասին:

- Առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտվածների պարագայում օրենքում հստակ նշված է առնվածն 1 անգամ ձևակերպումը: Նշանակում է՝ սահմանված է տեսակցության նվազագույն շեմը միայն: Օրինակ՝ դատապարտյալ կա, որ աշխատում է, փորձում է ներգրավվել տարբեր միջոցառումների մեջ, հանրօգուտ աշխատանքով է զբաղվում: Հիմա եթե նա ցանկանում է հանդիպել իր հարազատների հետ, իսկ ես մերժեմ նրան, դրակա՞ն կլինի, թե՞ բացասական:

- Արդյո՞ք բանտը մեծ իմաստով մարդուն կարող է դարձնել լավը:

- Երբ սահմանափակում ենք մարդու ցանկացած իրավունք, նա դառնում է նեգատիվ: Կարող է զարգանալ նաև ագրեսիա: Բայց մյուս կողմից՝ երբ ուզում ենք մի նպատակի հասնել, սահմանում ենք ռեժիմ՝ ժամանակ, կարգապահություն, ծրագիր: Եթե չլինի ռեժիմ, չենք կարող հասնել ցանկալի արդյունքի:

- Իսկ միայն ռեժիմ սահմանելը կարո՞ղ է հանգեցնել ցանկալի արդյունքի:

- Ո՛չ, անհրաժեշտ բաղադրիչների մասին արդեն ասացի՝ վերականգնում, զբաղվածություն, աշխատանք: Բոլոր դատապարտյալները վաղ թե ուշ վերադառնալու են հասարակություն: Հարցն այն է, թե ինչպիսին ենք մենք նրանց վերադարձնում՝ նեգատի՞վ, թե՞ պոզիտիվ:

- Եվրոպական որոշ երկրներում փակվում են բանտեր այն պարզ պատճառով, որ դատապարտյալներ չունեն: Իսկ մենք նոր բանտեր ենք կառուցում: Հնարավոր համարո՞ւմ եք, որ բանտը մի օր իսպառ կվերանա:

-Չեմ կարծում, որ բանտը մի օր կվերանա, քանի որ ոչ մի հասարակություն, պետություն չի կարող վերահսկել բոլոր ընտանիքների հոգևոր զարգացումը, հետևաբար կանխատեսել բոլոր ռիսկերն ու կանխարգելել հանցագործությունները:

 

Վերջում ՔԿՀ պաշտոնյայի հետ շրջեցինք բանտում, տեսանք համակարգչային սենյակը, որտեղ դեռ հայտնի չէ, թե ով է դասավանդելու դատապարտյալներին համակարգչային հմտություններ:

Տեսանք նաև գրադարանը, որտեղ գրքերը դեռ դասավորված չէին: Դրանք բերվել են «Էրեբունի» ՔԿՀ-ից: Հիմնականում դպրոցականների նվիրատվություններն են, ովքեր արձագանքել են բանտի գրադարանը համալրելու խնդրանքին: Գևորգ Սիմոնյանը վստահեցրեց, որ աշխատելու է գրադարանավար, կազմվելու է գրքերի համակարգչային քարտադարան: 

Լեռ Կամսարի գրքերը՝ նվեր բանտային գրադարանին

 

Երգիծաբան Լեռ Կամսարի թոռնուհին՝ Վանուհի Թովմասյանը «Հետքին» էր փոխանցել Կամսարի գրքերից՝ ցանկություն հայտնելով դրանք նվիրել բանտային գրադարանին: Կամսարի գրքերը նրա թոռնուհու անունից նվիրեցինք «Արմավիր» ՔԿՀ-ի գրադարանին:   

Շախմատային միաժամանակյա սեանս դատապարտյալների հետ

Մեր այցելությունը «Արմավիր» ՔԿՀ համընկել էր ՀՀ Շախմատի ֆեդերացիայի և ԱՆ ՔԿՎ համատեղ նախաձեռնության հետ: Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը ՔԿՀ-ում 8 դատապարտյալի հետ միաժամանակյա խաղ ունեցավ և խաղատախտակներ նվիրեց բանտին:

«Հետքի» հարցին, թե նման միջոցառումներն, օրինակ, շախմատային դասընթացներով փոխարինելն ավելի արդյունավետ չի՞ լինի, Սմբատ Լպուտյանը պատասխանեց. «Հնարավոր է` հետաքրքրությունը շախմատի հանդեպ այնքան մեծանա, որ այն դառնա ավելի պահանջված, այդ ժամանակ էլ միգուցե մտածենք այդ ուղղությամբ: Բայց հիմա դրա ժամանակը չէ»:

 

Նույն հարցով դիմեցինք Արդարադատության նախարարության ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանին. «Դա կարող է ավելի արդյունավետ լինել, կարող ենք մտածել, կարևոր գաղափար է»,- ասաց նա:

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter