HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Արթուր Ավանեսով. «Երիտասարդ կոմպոզիտորին ցույց են տալիս իր տեղը` նստիր, սուս մնա, լսիր մեծերին»

«Հետքի» հարցերին պատասխանում է դաշնակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Արթուր Ավանեսովը:

-Ունենք երիտասարդ կոմպոզիտորներ, ովքեր ավելի շատ հանդես են գալիս արտերկրում, քան այստեղ: Դա կապվա՞ծ է ընդհանուր միտման`արտերկիր գնալու հետ, թե՞ կան այլ պատճառներ:

-Այն, որ ունենք շատ լավ երիտասարդ կոմպոզիտորներ, ինձ համար միանշանակ է: Մեծ մասը, իհարկե, ապրում է դրսում: Ճիշտ է, կապը պահպանվում է, ժամանակ առ ժամանակ նրանց երաժշտությունն այստեղ հնչում է: Եկեք պարզենք, թե մենք ինչ ակնկալիքներ ունենք այս կոմպոզիտորներից: Անձամբ ինձ համար հերիք է, որ այդ մարդիկ լինեն պրոֆեսիոնալ, նրանց երաժշտությունը լինի հետաքրքիր` լինի դա նեղ մասնագիտական լսարանի, թե լայն լսարանի համար: Այն փաստը, որ կոմպոզիտորները, ովքեր կատարվում են դրսում, քիչ են կատարվում Հայաստանում, ես նորմալ եմ համարում, որովհետև Հայաստանն ու դուրսը մասշտաբներով համարժեք դաշտեր չեն: Ես շատ ուրախ եմ, որ դրսում ավելի շատ է այդ երաժշտությունը հնչում: Դա ևս ցուցանիշ է` ուրեմն երաժշտությունը հետաքրքիր է: 

Բայց այստեղ ուրիշ հարց կա: Եթե ասում ենք կոմպոզիտորի ճանաչման մասին, պետք է հաշվի նստենք այն փաստի հետ, որ ժամանակակից կոմպոզիտորի ճանաչումը այսպես թե այնպես կլինի բավականին սահմանափակ: Ժամանակակից երաժշտության բնույթն ինքնին շատ դեպքերում բացառում է այդ լայն ժողովրդականություն ասածը: Անգամ Տիգրան Մանսուրյանը, ում Հայաստանում բոլորը ճանաչում են, եթե նա չգրեր իր կինոերաժշտությունը, ես Ձեզ հավատացնում եմ, որ իր ակադեմիական գործերով, որոնք կազմում են նրա երաժշտության հիմնամասը, շատ քչերը կճանաչեին: Նույնը` նաև ուրիշ կոմպոզիտորների դեպքում: Ամեն դեպքում, ես չեմ ակնկալում որևէ կոմպոզիտորից` հայ, թե ոչ հայ, համաշխարհային ճանաչում, ինչպես, օրինակ, փոփ-աստղերի մոտ կարող է լինել:

-Եթե ժամանակակից կոմպոզիտորների մասին խոսենք, ապա փողոցում պատահական հարցման դեպքում մեծ մասը Տիգրան Մանսուրյանի և ևս մի քանի անուն կնշի: Շատ անուններ չգիտենք: Արդյո՞ք այս դաշտում կա սերնդափոխություն:

-Մեզանում այնքանով է լավ, որ այդ հարցը մենք տալիս ենք, որովհետև ես չեմ պատկերացնում, որ, օրինակ, Գերմանիայում որևէ մեկը փողոց դուրս գա ու մարդկանց սկսի հարցուփորձ անել` ինչ կոմպոզիտորներ գիտեք: Իսկ Գերմանիան երաժշտական մշակույթի տեսակետից երևի թե ամենաառաջատար երկիրն է: Չեմ կարծում, որ այդ սերնդափոխության հարցը այնտեղ կհնչեցվի, համենայն դեպս, մասնագիտական շրջանակից դուրս: Քիչ անուններ կտրվեն: Հազիվ թե ինչ-որ մեկը կասի Շթոկհաուզենից հետո եկած կոմպոզիտորների անուններ:

-Բայց մեր և Գերմանիայի խնդիրները տարբեր են, դժվար է համեմատել այդ երկրները:

-Ո՞րն է մեր խնդիրը:

-Փոքր երկիր է, քիչ ենք, մի մասն էլ անընդհատ դուրս է գնում: Մենք խնդիր ունենք մեր մասին հիշեցնելու, որ մենք կանք: Դրա համար մենք ուզում ենք տեսնել, որ անուն ունենք, տաղանդ ունենք:

-Ճիշտ է: Բայց ես կարծում եմ, որ սա փակ շրջան է: Մարդիկ դուրս են գնում, որովհետև մենք ունենք խնդիր, և մարդկանց դուրս գնալը դառնում է խնդիր: Ես տեսնում եմ, թե մարդիկ ինչպես են չվում թռչունների պես. ոչ թե որովհետև նրանց այնտեղ ավելի մեծ հաջողություն է սպասում, այլ որովհետև դրսում նրանք կարող են ստանալ առնվազն ավելի լավ կրթություն: Եկեք ճիշտը խոսենք, կոնսերվատորիան չի տալիս այդ կրթությունը: Կոնսերվատորիայում աշխատելով` կարող եմ ստորագրել այդ ասածի տակ և կետ առ կետ բացատրել, թե ինչու: Երիտասարդ կոմպոզիտորն ավարտեց կոնսերվատորիան, ունի ինչ-որ գիտելիք և պատրաստ է պայքարի: Ի՞նչ պետք է անի նա: Մտնի կոմպոզիտորների միությո՞ւն (ժպտում է),  կոմպոզիտորների միության երիտասարդական սեկցիա՞, որտեղ անհասականալի է, թե մինչև որ տարիքն են մարդիկ մնում: Վերջերս պարզեցի` մինչև 36 տարեկանը: Գուցե այդ անհասկանալի թիվը բխում է Մոցարտի չբոլորած տարիների՞ց: Այդ դեպքում դա գոնե ցինիկ զավեշտ հնարավոր կլիներ անվանել: Եվ միանգամից պարզ է դառնում` երիտասարդ կոմպոզիտորին ցույց են տալիս իր տեղը` նստիր, սուս մնա, լսիր մեծերին: Մոցարտին ու Շուբերտին էլ ցույց կտային իրենց տեղը: Եվ ի՞նչ պետք է անի այդ մարդը: Բնականաբար, առնվազն պետք է մտածի գնալու մասին: Հիմա ինձ համար հարցը հետևյալն է. արդյոք ղեկավարները ուզո՞ւմ են, որ մարդիկ գնան, թե՞ չեն ուզում: Իմ եզրակացությունը` ուզում են: Չգիտեմ, թե ինչի համար:

-Այդ դեպքում ո՞րն է կոնսերվատորիայի ֆունկցիան:

-Կոնսերվատորիայի ֆունկցիան կրթություն տալն է, որը տրվում է ինչ-որ ձևով:

-Բայց Դուք նշեցիք, որ կոնսերվատորիան այդ լիարժեք կրթությունը չի տալիս: 

-Կոնսերվատորիան չի կարող լիարժեք կրթություն տալ, որովհետև այն մեթոդները, որոնցով իրականանում է այդ կրթությունը, անկատար են: Կոնսերվատորիան երբեք դասախոսներին չի հավաքել մեկ տեղում, որպեսզի պարզի, թե մենք ինչ ենք դասավանդում, և որն է այդ դասավանդման վերջնական նպատակը: Միասնական որևէ ծրագիր մշակված չէ: Երաժշտության պատմության դասընթացը տրոհված է տարբեր կետերի, և այդ տարբեր կետերն իրար հետ որևէ առնչություն չունեն:

Ասում են`արևմտաեվրոպական երաժշտության պատմություն, ռուսական երաժշտության պատմություն, հայ երաժշտության պատմություն, կարծես թե հայ երաժշտությունը լուսնից է իջել: Տարբեր երաժշտության պատմություններ, որոնց միջև պատճառահետևանքային կապ մենք չենք փորձել գտնել: Կոնսերվատորիա ընդունվելիս շատ դեպքերում ավելի հաջող են նվագում, քան ավարտելիս, որովհետև ուսման ընթացքում ուսանողին պարզ է դառնում, որ գիտելիքը որոշիչ դեր չունի: Լավագույն դեպքում, ուսանողի մոտիվացիան արտասահման գնալն է, որով մենք պարծենում ենք և ամեն առիթով մատնացույց անում այն փաստը, որ մեր լավագույն ուսանողները չեն մերժվում արևմտյան կոնսերվատորիաների կողմից, թեպետ այնտեղ շատ հաճախ ստիպված են ուսումը զրոյից սկսելու: Կոնսերվատորիան չունի մեթոդներ դասերին չհաճախող ուսանողներին համապատասխան ձևով գնահատելու համար: Դասի չի՞ գալիս ուսանողը: Ոչինչ, ուրեմն զբաղված է: Կամ էլ` գիտե՞ս, թե ով է նրա հայրը կամ մորաքույրը: Կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը կազմված է ոչ թե լավագույն, ամենաօժտված ուսանողներից, այլ հնազանդ կամակատարներից, որոնք երբևիցէ կրթության խնդիրների հարց չեն բարձրացրել, որովհետև դա նրանց քիչ է հուզում:

-Իսկ հնարավոր չէ՞ փոխել այդ վիճակը:

-Հնարավոր է: Եզրակացություն` ինչ-որ մեկին պետք չէ դա փոխել:

-Այսպես էլ պետք է շարունակվի՞: Հաստատ այդ ուսանողների մեջ կան երեխաներ, որոնք ուզում են սովորել, և այստեղ սովորելը նրանց միակ հնարավորությունն է:

-Հրաշալի երեխաներ կան: Ուսանողին գնահատելու ոչ մի չափանիշ չկա: Սա իմ ուսանողն է, ես ուզում եմ ինքը ստանա 20, և նա ստանում է 20. սա իմ ընկերոջ ուսանողն է, ինքն էլ պետք է ստանա 20: Գնահատականներն առհասարակ ամենաամոթալի երևույթն են: Արդյունքում հավասարեցում է տեղի ունենում. լավն ու վատը իրարից զատելու միջոցներ չկան:

-Իսկ գուցե երիտասարդ դասախոսներով հնարավոր լինի որևէ բան փոխել:

-Իսկ որտե՞ղ են երիտասարդ դասախոսները: Մեր ամբիոնում ինձանից հետո երկրորդ երիտասարդը 60-նն անց է:

-Այստեղ չկա՞ սերնդափոխություն:

-Այստեղ չի կարող սերնդափոխություն լինել: Ճիշտ է, կսկսեն բացատրել, որ մեզ մոտ չափազանց շատ են աշխատողները, որի հետ ես համաձայն եմ. հիմա ո՞ւմ գործից ազատեն, որ մեկ ուրիշին ընդունեն: Երևի սպասում են, որ բոլորը բնական մահով հեռանան:

-Իսկ երաժշտագետներ ունե՞նք: Կա՞ն երիտասարդներ, ովքեր պոտենցիալ ունեն զբաղվելու այդ մասանգիտությամբ:

-Պոտենցիալ, իհարկե, ունեն: Ուրիշ հարց է` պոտենցիալն ինչպես պետք է դրսևորվի, ինչ գիտելիքի հիման վրա: Այսօրվա երաժշտագիտությունը մեզանում կայացել է ռուսալեզու տեքստերի հիման վրա, այստեղից էլ` մտածողության տեսակը: Առ այսօր այն կայանում է նույն հիմքերով, որոնք դեռ 1960-ականներին Ստրավինսկին էր անխնա հեգնում: Նոր ժամանակներում անգլերենով, գերմաներենով կամ ֆրանսերենով անհամեմատ ավելի արժեքավոր գրականություն կա: Մեզանում անգամ ջանք չի թափվում, որ երաժշտագետը սովորի օտար լեզու, կարողանա հաղորդակցվի, շփվի և տեղեկանա, դուրս գա կաղապարից: Որովհետև դա ձեռնտու չէ. կարծես մեզանում մեկ պարտականություն կատարեն` այնպես անել, որպեսզի երիտասարդ մասնագետը ոչ մի դեպքում ավելի գիտակ չլինի` տարիքավորի համեմատ:

-Իսկ եթե այդ տեքստերը ուղղակի թարգմանվե՞ն:

-Ո՞վ թարգմանի, ինչի՞ համար: Օրինակ` ֆիզիկայի, քիմիայի ոլորտում չի թարգամնվում, չէ՞: Մարդիկ կարդում են ուրիշ տեղ գրված աշխատատությունները և կարողանում են միմյանց հետ հաղորդակցվել: Մեր ասպարեզում գոյություն չունի նման բան: Ժամանակակից միտումներից մեզ մոտ բացարձակապես անտեղյակ են, որովհետև չեն կարողանում կարդալ: Գրադարանը ե՞րբ է վերջին անգամ օտարալեզու երաժշտագիտական աշխատանք ստացել: Մեր գրադարանը գրեթե չի համալրվում գրքերով: Հիմա կասեն` փող չկա: Փող չկա` մի առաջարկեք կրթություն: Եթե տեսնեք գրադարանում գրքերի և նոտաների վիճակը, ձեր լացը կգա:

-Բայց այնպես չէ, որ այստեղ վարձը էժան է:

-Հայաստանում բարձրագույն երաժշտական կրթություն առաջարկող այլ բուհ չկա: Ու ստիպված են բավարարվել:

-Երաժշտության ոլորտում լավ ավանդույթներ ունենք, բայց կարծես թե այսօր ոլորտը դեռ կարգավորված չէ:

-Կոմիտասն այնքան տարբեր էր բոլորից ոչ միայն իր երաժշտական մտածողությամբ, այլև կիրթ և զգայուն անհատ լինելով: Ուրիշ կերպ ես կոմպոզիտոր չեմ պատկերացնում: Մեզանում անցյալ դարի կեսերին առաջացավ կոմպոզիտորի բոլորովին այլ կերպար` «լավ տղա», և այդ կերպարով մենք ապրում ենք առ այսօր: Մենք մոռացանք, որ կոմպոզիտորը պետք է զգայուն լինի, մոռացանք, որ կոմպոզիտորը պետք է լինի փիլիսոփա, մոռացանք, որ կոմպոզիտոր լինելը չի նշանակում ծանոթով բարիքներ դասավորել և այլն: Իրականում կոմպոզիտորի ֆունկցիան երաժշտություն գրելն է և իրականությունը վերապրելը ուրույն ձևով, իր իմացածի և իր ներաշխարհի հիման վրա: Կոմպոզիտորները հավաքվում են և դեբատներ են ունենում` ում երաժշտությունը պետք է կատարվի, ում ինչքան փող տվեցին ինչ-որ պատվերի համար և այլն: Մենք մոռանում ենք, որ կոմպոզիտորը նախ և առաջ ներաշխարհ է:

-Ստեղծված իրավիճակում ի՞նչ է հնարավոր փոխել իրականում:

-Իմ ցանկությունը կլիներ հնարավորություն ստեղծել, որ այն մարդիկ, ովքեր իրենցից արժեք են ներկայացնում, ովքեր գնացին, վերադառնան, աշխատանքով ապահովվեն կամ թեկուզ հրավիրվեն ժամանակավոր դասավանդման: Մի բան լինի, որպեսզի միջավայր և մթնոլորտ ստեղծվի: Բոչելիին կամ Դոմինգոյին համերգի հրավիրելով` մենք երաժշտական կյանքի պատրանքներ ենք ստեղծում: Իրականում մեր ապագան մեր ձեռքերում է` միայն թե կարողանանք մեր ունեցածից խելամիտ կերպով օգտվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter