
Ուսանողները սովորել են, վճարել վարձերը, ավարտել, բայց դիպլոմ չեն ստացել
Մոսկվայի բիզնեսի և իրավունքի ինստիտուտի երևանյան մասնաճյուղում 5 տարի սովորելուց հետո 2013 թ.-ի շրջանավարտները հանձնել են ավարտական քննությունները, պաշտպանել դիպլոմային աշխատանքները, սակայն չեն ստացել դիպլոմները: Խոսքը 55 ուսանողի մասին է (35-ը հեռակա, 20-ը՝ առկա): Այս մասին «Հետքի» հետ զրույցում պատմեցին դիպլոմ չստացած ուսանողների ծնողներից երկուսը: Բուհն այժմ փակ է: Հեռախոսահամարները, որոնք պահպանվել են տեղեկատուներում ու ծնողների մոտ, չեն պատասխանում: Իսկ երևանյան մասնաճյուղի ռեկտոր Աշոտ Առաքելյանին գտնելու՝ խաբված ուսանողների ծնողների բոլոր ջանքերը անհաջողությամբ են ավարտվում:
«Աշոտ Առաքելյանը վաճառել է անգամ բնակարանն ու հեռացել Հայաստանից: Սա է մեր ունեցած տեղեկությունը: Մենք հասկացանք մի բան, որ մասնաճյուղը փող կորզելու մեխանիզմ էր՝ հովանավորված Մոսկվայի կողմից: Փաստն այն է, որ կատարվել է հանցագործություն, քանի որ մենք 5 տարի շարունակ վճարել ենք 200.000 ապա 250.000-ական դրամներ, երեխաները սովորել են, հանձնել քննությունները, բայց վերջում դիպլոմ չեն ստացել: Ստացվում է, որ դատախազությունը կոծկում է հանցագործություն»,- ասաց բուհի շրջանավարտներից Տիգրան Բաղդասարյանի հայրը՝ Սեդրակ Բաղդասարյանը:
2005 թ-ից գործող բուհի երևանյան մասնաճյուղի աշխատանքները Մոսկվայի գլխամասային բուհի ղեկավարությունը դադարեցրել է 2014-ի մարտի 14-ից՝ հայտնաբերելով ուսումնական ծրագրի ու դասապրոցեսի կազմակերպչական բնույթի խախտումներ:
«Փաստորեն ընտանեկան բիզնես է եղել, մենք չենք իմացել»
Բիզնեսի և իրավունքի ինստիտուտի գլխամասային մասնաճյուղի (կայքում որևէ նշում չկա երևանյան մասնաճյուղի մասին) ռեկտորը նույնպես հայ է՝ պրոֆեսոր Էդվարդ Աբգարյանը, իսկ պրոռեկտորը՝ Արմեն Ստեփանյանը, ըստ ծնողների ունեցած տեղեկատվության, նրա փեսան է:
Էդվարդ Աբգարյանը և Արմեն Ստեփանյանը
«Փաստորեն ընտանեկան բիզնես է եղել, մենք չենք իմացել, այս պատմություններից հետո ենք պարզել, որ կա նման կապ»,-նշեց ուսանողներից Նարեկ Հովհաննիսյանի մայրը՝ տիկին Նունեն՝ պատմելով, որ պրոռեկտոր Ստեփայնանը անցյալ տարի եկել է Երևան ու հանդիպել ուսանողների ու ծնողների հետ:
«Ընդամենը ասում էր՝ եկեք հետ չնայենք, այսպես ասած՝ փորձում էր փափուկ բարձ դնել մեր գլխի տակ, որ չբողոքենք տարբեր ատյաններ: Հա, նաև ասում էր, որ բարի կամք են ցուցբերել հայ երեխաների համար, որ գիտելիք ստանան մեր երեխաները: Խոստացան, որ երեխաները մի քանի առարկաների քննություններ skype-ով կհանձնեն ու դիպլոմ կստանան: Իրենց հայտարարությամբ, մեր երեխաները 10 առարկա չէին անցել»,- պատմեց տիկին Նունեն:
Բուհի պրոռեկտորն իր հետ Մոսկվա է տարել դիպլոմ չստացած շրջանավարտների դիմումները, սակայն առաջ բերել դիպլոմայինը Մոսկվայում պաշտպանելու, նաև էլի գումարային հարցեր: Իսկ հետո ծնողները ՌԴ համապատասխան կառույցից ստացած գրությունից տեղեկացել են, որ նման հարցերը բուհերի իրավասության ներքո են: Այսինքն՝ բուհը կարող է ինքնուրույն որոշել հեռահար կազմակերպի դիպլոմայինի պաշտպանությունը, ինտերնետով, թե այլ կերպ: «Հասկացանք, որ պարզապես ժամանակ են փորձում շահել»,- պատմեց Սեդրակ Բաղդասարյանը՝ նկատելով, որ 2011 և 2012 թ-ի շրջանավարտները ստացել են դիպլոմները:
ՀՀ գլխավոր դատախազությունը հանցակազմ չի տեսնում
Ծնողները դիմել են Գլխավոր դատախազություն և ԿԳՆ: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել է, որ ուսանողները կարող են ցանկացած այլ մասնավոր բուհից դիպլոմ ստանալ. «Հետո, երբ գնացին երեխաները դիպլոմներ ստանալու, պատասխանեցին, որ միայն Եվրասիա միջազգային համալսարանից պիտի ստանան դիպլոմներ: Սակայն այնտեղից տալու էին բակալավրիատի դիպլոմներ, իսկ մեր բուհում երեխաները ավարտել էին 5 կուրս՝ մասնագիտական որոկավորումով դիպլոմ պիտի ստանային: Բայց դա էլ դնենք մի կողմ: Եվրասիա միջազգային համալսարանից էլ ասացին՝ թող կես տարի էլ սովորեն Ձեր երեխաները, գումար վճարեք նորից, նոր կտանք դիպլոմները»,- նշեց տիկին Նունեն:
ՀՀ գլխավոր դատախազին դիմելուց հետո, դիպլոմներ չստացած շրջանավարտների մի խումբ ծնողներ ստացել են պատասխան, որ խնդրո առարկան դուրս է դատախազության լիազորություններից, ենթակա է լուծել վարչական դատավարության կարգով: «Երբ զանգեցինք Երևան քաղաքի դատախազի տեղակալին, ով պատասխանել էր մեր նամակին, ասաց՝ հանցակազմ չկա: Փաստորեն դրամաշորթություն է եղել, բայց դատախազությունը հանցակազմ չի տեսնում»,-զարմանում է Սեդրակ Բաղդասարյանը՝ տեղեկացնելով, որ ստիպված դիմել են ՌԴ գլխավոր դատախազին. «Բայց Ռուսաստանի գլխավոր դատախազին մենք չպիտի գրեինք, այլ՝ Գևորգ Կոստանյանը»: Շրջանավարտ Նարեկ Հովհաննիսյանի անունով ստացվել է պատասխան նամակ Մոսկվայի դատախազությունից, որ նամակում բարձրացված հարցը քննարկվում է դատախազությունում:
Մինչ պետական մարմիններում շարունակում են փնտրել ստեղծված իրավիճակի պատասխանատուներին, պարզել իրավասուների շրջանակը, դիպլոմ չստացած շրջանավարտների իրավունքները մնում են խախտված: Նրանք բարոյական ու նյութական վնասի հատուցման պահանջով պատրաստվում են վիճարկել խախտված պայմանագիրը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել