
Սահմանամերձ գյուղում սխալ են համարում աշակերտի թվով դպրոցի ֆինանսավորումը
Տավուշի մարզի Դեբեդավան գյուղի դպրոցում աշակերտների թիվը տարեցտարի նվազում է: Դպրոցի տնօրեն Մարինե Հարությունյանն ասում է, որ տարիներ առաջ աշակերտների թիվը միջինը հասնում էր 150-ի, իսկ հիմա դպրոցն ունի 102 աշակերտ:
Դպրոցի տնօրենը ձեռքբերում է համարում այն հանգամանքը, որ մյուս ուսումնական տարում իրենք ունենալու են 12 առաջին դասարանցի: Այս տարի առաջին դասարանցիները 10-ն են: Չնայած աշակերտների թիվը նվազում է, բայց տնօրենն ուրախ է, որ դեռևս չի հասել այն ծայրահեղ թվին, որ ստիպված լինի կոմպլեկտավորված դասարաններ ունենալ:
Դպրոցում շահագրգռված են, որ երեխաների թիվը մեծ լինի, քանի որ ֆինանսավորումը կատարվում է ըստ աշակերտների քանակի: Տնօրենը խոստովանում է, որ ստիպված են լինում մինչև ավարտական՝ 12-րդ դասարանը «պահել» անգամ ամենաթույլ աշակերտին, որպեսզի ֆինանսավորումը չպակասի:
«Երեխան չի ուզում սովորել, ասում է՝ վկայականս վերցնում եմ, գնամ, ինձ պետք չի: Բայց քանի որ դպրոցը ֆինանսավորվում է աշակերտի քանակով, ստիպված ամենաթույլին բերում ես, նա էլ ասում է՝ դե, որ բերել ես, 3 տարի հանդուրժի, - ասում է Մ. Հարությունյանը: - Դասի չեն գալիս` պատճառաբանելով, թե մի օր դաշտում գործ ունեն, մի օր փայտ պետք է բերեն և այլն: Ոչ էն ա հանես, ոչ էն ա պահես: Շատ մեծ սխալ եմ համարում կոնկրետ այս՝ ծայրամասային գյուղերում աշակերտի թվով ֆինանսավորումը»:
Տնօրենը դժգոհ է, որ թույլ աշակերտը չուզենալով գալիս է դպրոց, միաժամանակ խանգարում սովորել ցանկացող աշակերտներին: Բայց եթե դպրոցի ֆինանսավորումն այլ կերպ լիներ, մինչև ավարտական դասարան կգային միայն այն աշակերտները, ովքեր իսկապես ցանկանում են կրթություն ստանալ: Ամբողջ տարվա ընթացքում, հատկապես, ավագ դասարանների աշակերտներն օգնում են ծնողներին գյուղատնտեսական գործերում, իսկ ամռանն ամբողջ օրն են աշխատում: Հետո՝ սեպտեմբերին, իրենց վաստակած գումարով նրանք կարողանում են գնել իրենց հագուստը, գրենական պիտույքներն ու վճարել դասագրքերի գումարը:
Մ. Հարությունյանն անհանգստանում է, որ գյուղում շատերը մտածում են երեխայի միայն ֆիզիկական պատրաստվածության մասին, որպեսզի վերջինս կարողանա կատարել գյուղի աշխատանքը: «Ամեն դասարանում 1-2 հոգի է, որ շահագրգռված գալիս է դպրոց: Դրանք էլ այն երեխաներն են, որոնց ընտանիքներում դրվածք կա, նպատակ ունեն երեխային սովորեցնել բուհում: Բայց 80 %-ի մոտ այդ ցանկությունը չկա»,- ասում է տնօրենը:
Դեբեդավանից տարեկան 6-7 շրջանավարտ շարունակում է կրթություն ստանալ ուսումնական այլ հաստատություններում: Տղաների հիմնական մասն ուսումը շարունակում է ռազմական ոլորտում, որովհետև գիտեն, որ կայուն գործ են ունենալու: Իսկ աղջիկների մեծ մասը նախընտրում է ուսումն ավարտելուց հետո գյուղ չվերադառնալ: Դպրոցի երիտասարդ ուսուցչուհիներից Մարիամ Քևխայանն ասում է, որ մի կողմից լավ է, որ գոնե դպրոցում աշխատատեղ կա, սակայն ինքը ևս չի նախատեսում այստեղ երկար մնալ. հնարավորության դեպքում տեղափոխվելու է գյուղից:
Գյուղի մանկապարտեզը հունվարին լուծարվել է: Գյուղապետարանը չունի համապատասխան ֆինանսական միջոցներ, որպեսզի այն պահի: Նախկինում մանկապարտեզը գործում էր դպրոցի այժմյան երկհարկանի շենքում, կար 4 խումբ՝ մոտ 20 երեխաներով: Տարիների ընթացքում նվազեց թե երեխաների, թե աշխատողների թիվը: Մ. Հարությունյանը ցավում է, որ մանկապարտեզը փակվել է, քանի որ մանկապարտեզից երեխաներն ավելի պատրաստված էին գալիս դպրոց: Այս դեպքում, ըստ նրա, ճիշտ կլիներ, որ պետությունն իր վրա վերցներ մանկապարտեզների ֆինանսավորումը, որովհետև փոքր համայնքների համար դա մեծ դժվարություններ է ստեղծում:
լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
առաջին լուսանկարում` Դեբեդավանի դպրոցի տնօրեն Մարինե Հարությունյանը
Մեկնաբանել