
Հատուկ կենսաթոշակ՝ պաշտոնաթող նախագահի համար
ՀՀ կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու, ինչպես նաև «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծեր:
Կառավարություն առաջարկում է օրենքում ավելացնել դրույթ, ըստ որի՝ պաշտոնաթողությունից հետո ՀՀ նախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` ՀՀ նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 70%-ի չափով: Հանրապետության նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի չափը բարձրանալու դեպքում պաշտոնաթող նախագահի կենսաթոշակը համամասնորեն վերահաշվարկվելու է:
Նախատեսված է, որ հատուկ կենսաթոշակը չի վճարվի այն ամբողջ ժամանակահատվածում, որի ընթացքում պաշտոնաթող նախագահը կվարի որևէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն և կստանա ՀՀ նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 70%-ի չափը գերազանցող վարձատրություն, իսկ այդ չափից ցածր լինելու դեպքում նա կստանա հատուկ կենսաթոշակի և աշխատավարձի տարբերությունը:
Ներկայումս հանրապետության նախագահի օրենքով սահմանված աշխատավարձը 1.322.800 դրամ է, իսկ դրա 70%-ը կազմում է 925.960 դրամ:
Նշենք, որ գործող օրենքով՝ կառավարությունը պաշտոնաթող նախագահին ապահովում է բնակարանով, ավտոտրանսպորտով, ինչպես նաև վերջինիս ցանկությամբ` կահավորված գրասենյակով: Վերջինիս բնակարանը տրամադրվում է սեփականության իրավունքով, կահավորված գրասենյակը հատկացվում է օգտագործման իրավունքով` մինչև 70 տարին լրանալը, իսկ ավտոտրանսպորտը` ցմահ օգտագործման իրավունքով:
Կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է պաշտոնաթող նախագահին կահավորված գրասենյակով ապահովել ցմահ:
Բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ եզրակացության համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունելու դեպքում առաջ կգա պետական բյուջեից լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության, որը միայն 2015թ. համար տարեկան կտրվածքով կկազմի շուրջ 18 մլն դրամ: Սակայն, չգիտես ինչու հաշվարկը կատարվել է սահմանված աշխատավարձի 80%-ի չափով՝ 70-ի փոխարեն:
Նշենք, որ օրենքի նախագիծը դեռ ԱԺ օրակարգ չի մտել: Ամենայն հավանականությամբ, այդ հարցը կլուծվի առաջիկա քառօրյա նիստերի առաջին օրը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել