HY RU EN

Երևանում կկայանա Մարիամ Մերաբովայի առաջին մենահամերգը

Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ` ապրիլի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ծագումով հայ, Մոսկվայում ապրող և ստեղծագործող ջազզային հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովայի երկար սպասված մենահամերգը: Համերգի կազմակերպիչներն են «Իվենթ գրուփ» ընկերությունը և «Էմիլ Կարատ» ստուդիան:

Սիրված երգչուհին արդեն հնարավորություն է ունեցել իր անկրկնելի կատարումներով գերել հայ հանդիսատեսին, սակայն այս համերգը յուրահատուկ է նրանով, որ Մարիամ Մերաբովան իր հայրենի քաղաքում առաջին անգամ է մեծ բեմից հանդես գալու մենահամերգով:

«Երևանյան իմ յուրաքանչյուր համերգին ես սպասում եմ անբացատրելի հուզմունքով: Կանգնել լեգենդար դահլիճի բեմի վրա, որտեղ անցել է իմ մանկությունը, իսկապես մեծ երջանկություն է, երգել հանդիսատեսի համար, ով առանձնահատուկ սեր ունի և միանգամայն այլ կերպ է ընկալում ջազզը և որակյալ երաժշտությունը, միշտ հուզիչ է»,- նշում է Մարիամ Մերաբովան:

Ինչպես նշում են կազմակերպիչները և հենց ինքը երգչուհին, համերգը բոլոր ներկաներին և ջազզային արվեստի սիրահարներին հրաշալի հնարավորություն կտա առնչակից դառնալ բարձր արվեստին և վայելել հիանալի գործիքավորման ուղեկցությամբ հնչող երգչուհու անզուգական և կենդանի ձայնով կատարումները: Այդ օրը Մարիամ Մերաբովան բեմի վրա միայնակ չի լինելու: Նա հանդես է գալու «Miraif project»-ի նվագակցությամբ: Մարիամը այդ խմբի մեներգչուհին է, իսկ խումբը ստեղծվել է նրա ամուսնու, միաժամանակ երաժշտական պրոդյուսերի, երգերի մեծամասնության հեղինակ Արմեն Մերաբովի կողմից:

Ինչպես նշում է Մարիամ Մերաբովան, Հայաստանի հետ հանդիպումը յուրահատուկ տեղ է գրավում նրա և իր ամուսնու` Արմեն Մերաբովի կյանքում. «Իմ մանկության քաղաքում գտնվելը ինձ վերադարձնում է ոչ միայն իմ կյանքի ակունքներին, այլև իմ ժողովրդի: Չէ որ դա իմ Հայրենիքն է, արյան կանչը, սրտի զարկը»:

Մարիամը իր հայ երկրպագուների համար գեղեցիկ անակնկալ է պատրաստել և առաջին անգամ կատարելու է հայերեն երգեր, որոնք հատուկ մշակվել են երևանյան մենահամերգի համար: Համերգին կհնչեն ինչպես արդեն շատ սիրված և հայտնի երգեր, այնպես էլ նոր երգեր, որոնք, անշուշտ, կսիրվեն և կգնահատվեն հանդիսատեսի կողմից:

Երգչուհու կատարումները վայելելու հնարավորություն կունենա նաև արցախահայությունը: Մինչ երևանյան մենահամերգը, ապրիլի 1-ին նախատեսված է Մարիամ Մերաբովայի համերգը Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում, որը կկրի բարեգործական բնույթ:

«Մենք անհամբերությամբ սպասում ենք Հայաստանի, Երևանի և Ստեփանակերտի հետ հանդիպմանը, որպեսզի հանդիսատեսին նվիրենք մեր երաժշտությունը, մեզ, մեր ձայնը և մեր սրտերը»,- ասում է Մարիամ Մերաբովան:

***

Մարիամի հայրենի քաղաքը Երևանն է, որտեղից էլ սկսվել է նրա երաժշտական կարիեարան: Ավարտելով երևանյան երաժշտական դպրոցներից մեկը` նա ընտանիքով տեղափոխվում է Մոսկվա, որտեղ էլ շարունակում է երաժշտական բարձրագույն կրթություն ստանալ:

Առաջին անգամ մեծ բեմ Մարիամ Մերաբովան բարձրացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Բրիլի հետ համատեղ: Արտիստը իսկապես հիացած էր Մարիամի երաժշտական տաղանդով և կատարողական արվեստով:

Մարիամ Մերաբովան և «Miraif project»-ը իրենց համատեղ գործունեության ընթացքում թողարկել են 3 ալբոմ, որոնք մեծ հաջողություն են ունեցել:

Իր կարիերայի ընթացքում Մարիամը աշխատել է համաշխարհային հայտնության այնպիսի անունների հետ, ինչպիսիք են  Վյաչեսլավ Գորսկին, Ֆիլլ Պերին, Էրիկ Մորիենտալը, Գրիգորի Ֆայնը և այլք: «Queen» խմբի հիմնադիրներ Բրայան Մեյը, Մոսկվայում լսելով «We will Rock you» մյուզիքլում Մարիամ Մերաբովայի` «Killer Queen» դերակատարումը, հիացմունքով ասել է, որ ռուսական բոլոր երգչուհիներից միայն Մարիամին է հաջողվել անթերի կատարել այնպիսի բարդ ստեղծագործություն, ինչպիսին «Killer Queen»-ն է:

Մարիամ Մերաբովա անունը լայն հանրությանը առավել հայտնի դարձավ այն բանից հետո, երբ նա մասնակցեց ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող Գոլոս միջազգային մրցույթին և դարձավ 3-րդ եթերաշրջանի ֆինալիստներից մեկը: «Georgia On My Mind» համաշխարհային հիթի կատարումով նա միանգամից և ընդմիշտ գերեց ոչ միայն մրցույթի մարզիչների սրտերը, այլև որակյալ երաժշտություն նախընտրող հանդիսատեսի: Ինչպես նկատել է մրցույթի մարզիչներից մեկը` Մարիամ ամբողջ աշխարհ է, Մարիամի աշխարհը ջազզի աշխարհն է, որը սպասում իր իրական գնահատողներին:

Որպես բեք-վոկալիստ Մարիամը մեկ անգամ չէ, որ ելույթ է ունեցել Եվրատեսիլի բեմում: Նրա ձայնը զարդարել է Դմիտրի Բիլանի, Անի Լորակի, Եվա Ռիվասի, Գոռ Սուջյանի և այլ արտիստների եվրատեսիլյան կատարումները:

Մարիամ Մերաբովան ամուսնացած է: Ինչպես նշել ենք վերևում, նրա ամուսինը Արմեն Մերաբովն է, ում ազգանունն էլ այժմ կրում է նա (Մարիամի հայրական ազգանունը Ալավերդյան է):