HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Ինչո՞ւ չի կայանում Պոլսո պատրիարքի ընտրությունը

Պոլսահայ համայնքի կարծիքով, միայն մեկ պատճառ կա, որ պատրիարքի ընտրություններ չեն լինում. աթոռակից պատրիարք Արամ Աթեշյանը չի ցանկանում:

«Հազար ու մի մանր այլ պատճառներ էլ կան, բայց ամենամեծ պատճառն այն է, որ Արամ սրբազանը չի ուզում որպեսզի ընտրություններ լինեն, ժամանակ կար, որ ուզում էր՝ կարծելով, որ պիտի ընտրվի, հետո հասկացավ, որ չի ընտրվելու, դրա համար էլ չի ուզում»,-«Հետքին» ասում է պոլսահայ գործարար Տիգրան Ալթունը:

Երբ 2008թ. հուլիսին հայտնի դարձավ, որ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը տառապում է Ալցհեյմեր հիվանդությամբ, Պոլսո հայ համայնքը չկարողացավ նոր պատրիարք ընտրելու համար միասնական որոշում կայացնել: Համայնքի մի մասը  թուրքական կառավարությանը ժամանակին դիմում ներկայացրեց, թե քրիստոնյա լինելով՝ հավատում են հրաշքներին, որ Մութաֆյան պատրիարքը, հնարավոր է առողջանա, այսպիսով խոչընդոտելով ընտրությունների կայացման գործընթացին, որն այս օրերին նորից հրատապ է դարձել: Այն ժամանակ չորս թեկնածու կար, որից մեկն էլ Արամ արք. Աթեշյանն էր:

Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների ատենապետ Պետրոս Շիրինօղլուն, որ համայնքի ազդեցիկ անդամներից է, «Հետքին» ասում է, որ համայնքն այս հարցով դիմեց իրեն՝ ասելով, որ ինքը կարող է այս հարցը լուծել:

«Ես էլ Արամ սրբազանի հետ խոսեցի ու ասացի, որ ընտրություն պետք է անենք, նա էլ ասաց, որ մինչև փետրվար այդ հարցը կլուծենք, բայց փետրվարը վերջացավ՝ ձայն չկա»,- ասում է Պետրոս Շիրինօղլուն:

Ընտրություններ լինելու համար համայնքը պետք է դիմի կառավարությանը՝ ներկայացնելով պատրիարք Մութաֆյանի առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությունը, և այդ փաստաթղթից կա երկու օրինակ, որից մեկը պատրիարքարանում է, մյուսը՝ Ս.Փրկիչ հիվանդանոցում:

Պետրոս Շիրինօղլու. «Հիմա պրոտոկոլի հարց կա. այդ ռափորն ո՞վ պիտի ուղարկի պետությանը. ե՞ս, թե՞՝ Աթեշյանը: Ես պատրիարքի մորեն թույլտվություն վերցրի, նա էլ ասաց, թե ուղարկեք, ու ես էլ այս հարցը մի քանի անգամ մեջտեղ բերեցի, բայց տեսա, որ հետևումս մարդ չկա, ու այս հարցի շուրջ համայնքի կողմեն մենակ մնացի»:

Շիրինօղլուի խոսքով՝ եթե բժշկական եզրակացությունը պատկան մարմիններին ներկայացնի, Աթեշյանի կողմնակիցները, որոնց մի մասը նախկինում նրան ընդդիմադիր էին, իսկ հիմա արդեն՝ կողմնակից, պետք է հարձակվեն իր վրա:

«Պիտի ասեն, թե դուն ո՞վ ես, որ տարար տվիր ռափորը,- մեկնաբանում է նա,- անանկ է, որ միակ ձևն այս գործին այն է, որ համայնքը պետք է պատրիարքարանին վրա ուժ բանեցնե, որ իրենք պաշտոնապես տանեն տան, որովհետև պաշտոնական տեղը, որ պետք է տանե այս ռափորը, պատրիարքարանն է, ոչ թե Պետրոս մը, որ անհատ է, կամ էլ ատենապետ»:

Թեպետ պոլսեցիները խուսափում են Արամ սրբազանի մասին խոսել՝ հղում անելով, թե ուզում են ընտրված պատրիարք ունենալ, սակայն որոշակի պատճառներով նա համայնքում ժողովրդականություն չի վայելում:

Տիգրան Ալթունի խոսքով՝ պատճառներից մեկն այն է, որ ունենալով աշխարհիկ նիստ ու կաց և կենցաղ՝ նա չի մարմնավորում ժողովրդի պատկերացրած պատրիարքի աթոռին վայել հոգևորականի կերպարը:

Տիգրան Ալթուն. «Ժողովուրդին համար պատրիարքը սուրբի պես մի բան է, հոս տեղը կղերական լինելը արտասահմանից դժվար է՝ պիտի չծխե ու չխմե, փողկապն էլ պետք է տեղում լինի և իրավունք էլ չունի սպորտով զբաղվելու, որովհետև կղերական է»:

Ալթունի խոսքով, սակայն, առավել կարևոր է, այն, որ համայնքում ներքին պառկատում կա, ու նա չի կարողանում այդ վեճը հարթեցնել:

«Բոլորովին ինքնիշխան ու ինքնագլուխ եղած է, նույնիսկ որևէ մեկ նյութի շուրջ ոչ ոքից կարծիք չի հարցնում ու մինչև հիմա չլսեցինք, որ մեկին հարցնի, թե դուն այս գործին լավատեղյակ մարդն ես, ինչպե՞ս անենք այս գործը»,- մեկնաբանում է Ալթունը:

«Ակոսի» հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանն ասում է, որ շուտափույթ ընտրություն պետք է լինի: «Որովհետև համայնքը ներկայացնողը պատրիարքն է, և այս մարդը հեղինակություն չունի,- մեկնաբանում է նա,- Մենք նախապես վայելեցինք հեղինակություն ունեցող պատրիարքներ և անոնց իշխանության ժամանակ տեսանք, թե ինչպես ժողովրդի միասնությունը կարելի է ապահովել, իսկ այսօր պառակտում կտիրե համայնքում»:

Ալթունը նաև նշում է, որ պատրիարքարանը թափանցիկ չէ համայնքի համար, ու նյութական կացության վերաբերյալ ոչինչ հայտնի չէ:

«Մենք գաղափար չունենք, թե պատրիարքարանն ինչ է անում ու որքան փող կա կամ որտեղից է գալիս, ի դեպ, հավատացած եմ, որ չկա, այսինքն, որ դժվար է, բայց այդ դժվարությունն  էլ պետք է մեզ ասեն»,- ասում է Ալթունը:

Թուրքիայում բոլոր կրոնական փոքրամասնությունները գրանցված չեն և ստատուս չունեն: Ստմաբուլի Քումքափի թաղամասում գտնվող պատրիարքարանի շենքը Մայր եկեղեցու հիմնադրամին պատկանող գույք է, և դե ֆակտո այնտեղ գտնվելով հանդերձ՝ դե յուրե գոյություն չունի, որը նշանակում է, որ պատրիարքարանը չի կարող ոչ ինչք գնել, ոչ էլ՝ նվիրատվություն ընդունել:

Սակայն Ալթունի կարծիքով, Աթեշյանի ժողովրդականություն չվայելելու ամենագլխավոր պատճառներից մեկն այն է, որ համայնքը հավաստիացած է, թե վերջինս կառավարության կողմից օգտագործվում է:

Պոլսո Հայոց պատրիարքարանը

«Կառավարության հետ լավ հարաբերություն ունենալն, իհարկե, ճիշտ և լավ է, որ գնա և մեր դարդը հոգա, բայց ոչ թե իրենց կողմից օգտագործված և խամաճիկ ըլլա,- մեկնաբանում է նա,- աս վերջին տարիներին քիչ մը փոխվել է, բայց առաջին տարիներին հստակ կառավարության գիծը կտաներ»:

Տիգրան Ալթունն ասում է, որ հարցը Աթեշյանի անձը չէ, այլ այն, որ ժողովուրդն այդ աթոռին նրանից ավելի արժանի և համայնքի կարիքներին ծառայող առավել կարողունակ մեկին  է տեսնում:

Քադըքյոյցի Բրենդա Աքթաշն ասում է, որ «Մեսրոպ Մութաֆյանի պես մի մեկին իրեն պատրիարք ունեցած մարդը, հարկավ, նրան արժանի մի մեկին կուզենա տեսնել: Քանի որ պատրիարքը մեզ կկառավարե ու ընտրված պատրիարք կուզենք. չգիտենք, թե ով կլինի, բայց կուզենք ընտրված պատրիարք ունենալ»:

Նրա հետ համաձայնում  է մեկ այլ քադըքյոյցի՝ Զարդար Ղարաբաղցյանը. «Անիկա ուսյալ ու հավատացյալ մի մեկը պիտի ըլլա, այդ աթոռին արժանի մեկը, ժողովրդի ձայնը բարձրացնող, ժողովրդի ցավն իմացող մի մեկը»:

Պետրոս Շիրինօղլուն ասում է, որ ութ տարի այս ձևով են ապրել, ու այլևս հանդուրժելի չէ այսպես շարունակելը:

«Արամ սրբազանին դեմ բան մը չունեմ, բայց պետք է ընտրություն լինի ու ով ընտրվի, նա էլ թող նստի, և Արամն էլ կարող ա ասիկա լինել,- ասում է Պետրոս Շիրինօողլուն,- Համայնքը պառակտում ունի, և ամեն սրբազան իր կողմնակիցներն ունեն, ու քանի դեռ ընտրությունը չի եղել՝ այդ պառակտումը չի վերջանա, ու պետք է ընտրություն լինի, որ այս ամենը վերջանա»:

Շիրինօղլուն և Ալթունը հավաստիացնում են, որ ընտրությունների հետաձգումը կառավարության նախաձեռնությունը չէ, և այլ ենթատեքստեր չկան:

Իսկ Շիրինօղլուն նաև հավելում է, որ Աթեշյանի փոխարեն մեկ ուրիշը ևս այդպես կվարվեր:

«Աթեշյանին տեղը մյուս չորսին որ մեկն էլ այն ժամանակ, որ աթոռակից դառնար՝ ան ալ դեմ պիտի լիներ ընտրությանը, որովհետև աթոռն անուշ է»,- ասում է Պետրոս Շիրինօողլուն: 

Մեկնաբանություններ (2)

Միհրան
Ապուշ-ապուշ մի՛ խօսիր...մանաւանդ որ բնաւ գաղափար մ՛իսկ չունիս Պոլսոյ Պատրիարքարանին մասին եւ իր այժմու ռազմավարական նշանակութիւնը ներկայ Թուրքիոյ սհմաններէն ներս:
Karen
Ւսկ ինչու Պոլսում պատրիարքարան պետք է լինի՞ Լուծարել է պետք և վերջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter